Անցած շաբաթ, երբ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Գյումրիում էր, տեղի ունեցավ հետաքրքիր մի դիպված, որը չվրիպեց շատերի ուշադրությունից: Շենքը, որտեղ նա հանդիպում էր գերիների հարազատների հետ, բազմաթիվ ոստիկաններ, ԱԱԾ աշխատողներ ու դիպուկահարներ էին հսկում: Թե ինչ խոստումներ էր տալիս կամ սփոփանքի ինչ խոսքեր էր ասում վարչապետ աշխատող անձը տարաբախտ ծնողներին, քչերը կարող են իմանալ, քանի որ հանդիպումը փակ էր: Միայն բակում հավաքվածները նկատեցին, թե ինչպես հանդիպումն ավարտած Փաշինյանը մուտքի դռնից դուրս գալուն պես հայտնվեց անվտանգության աշխատակիցները կիպ օղակում: «Օղակը» հապճեպորեն նրան նստեցրեց վարչապետական լիմուզինը, եւ ուղեկցող ավտոշարասյունը արագասլաց հեռացավ:
Նիկոլն այդպես էլ «չնկատեց» դրսում իրեն սպասող քաղաքացիներին՝ այդ թվում մի խումբ ուսուցիչների, ովքեր ասելիք ունեին: Փոխարենը շատ լավ նկատեց մայրուղուն հարող մի քանի գյուղական համայնքներից ճամփեզրին հավաքված մարդկանց, որոնց, ինչպես պարզվեց հետո, նախապես պատրաստել էին վարչապետի հետ հանդիպմանը: Փաշինյանը իջավ մեքենայից, երկու ոստիկանի ուղեկցությամբ մոտեցավ նրանց, բարեւ տվեց, բարեւ առավ, եւ գյուղացիները՝ խմբվելով շուրջը, հավաստիացրին, որ միշտ նրա կողքին են լինելու, հորդորեցին՝ ոչ մի դեպքում հրաժարական չտալ, փակել «թավշի» էջը, նախկին թալանչիներին ու դավաճաններին բանտարկել եւ այդպես շարունակ: Հաջորդ 2-3 «կանգառներին» եւս ներկայացումները պատրաստված էին գրեթե նույն դիպաշարով ու անգիր սովորած տեքստորով՝ անթիվ հոգսեր ունեցող մարդիկ մեկ խնդրանք ունեին կառավարության ղեկավարից՝ հրաժարական չտալ եւ խստորեն պատժել «ռոբասերժական կլանին», այլապես իրենք ստիպված կլինեն արտագաղթել:
Այցի օրը՝ փետրվարի 17-ին, Գյումրիում հրավիրված խորհրդակցության, ինչպես նաեւ հետդարձի ճանապարհին գյուղացիների խմբերի հետ հանդիպումների տեսարաններն «անմահացնող» մի քանի լուսանկար էր տարածել վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը՝ մակագրելով, որ Գյումրիից վերադարձի ճանապարհին Նիկոլ Փաշինյանը, իբր, ստիպված էր ավտոշարասյունը կանգնեցնել՝ հանդիպելու մարդկանց, ովքեր դեմը փակել ու խնդրում էին, որ շարունակի պաշտոնավարել, չլքի իրենց: Հետաքրքիրն այն է, որ թե՛ իրական կյանքում, երբ թատերականացվում է սովորական միջոցառումը, եւ թե՛ այցի լուսաբանման մեջ պարզ երեւում է «Նորին մեծություն» կեղծիքը: Շեշտադրվում է հատկապես այն միտքը, որ վարչապետը կանգնեցրել է շարասյունը եւ մոտեցել մարդկանց: Այդ պահն է այսօր վարչակարգի համար ամենակարեւորը՝ մարդկանց մոտենալու եւ նրանց հետ անկաշկանդ շփվելու պահը: Այսինքն՝ կեղծիքը:
Իրականում պարտված, ձախողված, տասնյակ հազարավոր մարդկային ճակատագրեր խեղած եւ հայրենիքի տարածքները թշնամուն զիջած անձը, ինչպես ցույց են տալիս մի շարք մեծ ու փոքր հարցումներ, չի ընդունվում հասարակության մեծամասնության կողմից: «Նիկոլը վախենում է Երեւանում զբոսնել, մարդկանցից փախեփախ է ման գալիս, ԱԺ իր թիմի՝ «Իմ քայլի» հետ հարցուպատասխանին գնում է զրահաբաճկոնով, բայց ճանապարհին «պատահականորեն» տեսնում է «պատահական» հավաքված մարդկանց ու կանգնեցնում ավտոմեքենա՞ն»,- հեգնանքով նկատում է քաղաքական վերլուծաբան Սեւակ Հակոբյանը: Այն դեպքերից հետո, երբ ժողովուրդը նրա առջեւ փակեց Սյունիքի, Եռաբլուրի, անգամ Կառավարական շենքի ճանապարհը, երբ հոգեւորականին մեկնած նրա ձեռքը մնաց օդում, Փաշինյանը հասկացավ, որ այլեւս «ժողովրդի վարչապետը» չէ: Հասկացավ, բայց հետեւություններ չարեց՝ ծանր է հրաժեշտ տալ պաշտոնին ու զրկվել բոլոր այն վայելքներից ու բարիքներից, որ նրան լիաբուռն տալիս է վարչապետությունը:
Եվ նա գերադասեց պաշտոնավարումը շարունակել իր վիրտուալ աշխարհում՝ փույթ չէ, որ հարկադրված է լինելու ժամանակ առ ժամանակ դիմել թատրոնի ու շոուի ժանրին՝ ցույց տալու համար, որ ժողովուրդն իր հետ է: Կարեւորը, որ էպիզոդիկ «դերերի» համար միշտ գտնվում են անձինք, որոնք պատրաստ են մտնելու նման խաղերի մեջ՝ երբեմն չգիտակցելով անգամ, որ դրանով աղճատում են իրականությունը: Ցավալի է, որ տանը մի կտոր հաց չունեցող, ունեզրկության եզրին հասցված մարդիկ պահանջատեր լինելու փոխարեն մասնակից են դառնում մեծ թատերախաղին, նույնիսկ ծափերով են դիմավորում եւ ճանապարհում իրենց թշվառ ու ստորացված գոյության թիվ մեկ մեղավորին: Գորշ, անհեռանկար իրականությանը զուգահեռ՝ ծաղկում է մեկ այլ իրականություն՝ վիրտուալ, «ֆեյքային» կյանքը, որը «հանդիսատեսի» համար երբեմն շատ ավելի տեսանելի ու շոշափելի է պատկերանում, քան՝ իրականը:
Իրականի ու պատրանքայինի միջեւ անջրպետը բոլոր ժամանակներում խանգարել է հասարակությանը՝ ճիշտ կողմնորոշվել ներքաղաքական ու ներհայաստանյան գործընթացներում, զանազանել չորը թացից: Այդ անջրպետն ավելի ցցուն է դարձել վերջին տարիներին, երբ սուտը, մանիպուլյացիաները, ցանկալին իրականության տեղ մատուցելու դրսեւորումները խոր արմատներ ձգեցին կյանքի բոլոր ոլորտներում եւ, հատկապես, պետական կառավարման համակարգում: Արդյունքում այդ համակարգի կառավարումը սկսեց իրականացվել առավելապես «ֆեյքային» եղանակով, իսկ թիվ մեկ կառավարիչի հիմնական «բնակատեղին» դարձավ Ֆեյսբուքը՝ բազմահազար «ֆեյքերի» իր աջակիցներով: Վերջիններս հաստատուն կերպով ամրապնդվեցին որպես Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի ամենակարեւոր քաղաքական հենարաններից մեկը՝ ուժային կառույցներից ու «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցությունից հետո:
Այդպիսով, իրական կյանքը հետզհետե հեռացավ, մղվեց երկրորդական պլան՝ տեղը զիջելով այն կեղծ իրականությանը, որի բարձրակետը 44-օրյա պատերազմն էր: Այդ օրերի ընթացում, ինչպես պարզվեց նոյեմբերի 10-ից հետո, երկու Հայաստան ունեինք, մեկը՝ վիրտուալ, որտեղ մենք հաղթում էինք, մյուսն՝ իրական, որտեղ պարտվեցինք: Իրականությունից կտրվածությունն իրեն զգալ է տալիս նաեւ հետպատերազմյան շրջանում՝ կառավարության եւ թիվ մեկ պատասխանատուի կոշտ բացթողումներում, որոնք իրենց արտահայտությունն են գտնում թե՛ կյանքում, թե՛ գործադիրի ընդունած որոշումներում եւ ԱԺ ներկայացրած օրենսդրական նախաձեռնություններում: Կառավարության եւ խորհրդարանի ողջ գործունեությունն ու ջանքերը պատերազմով պայմանավորված եւ ցայսօր շարունակվող աղետալի հետեւանքների վերացմանն ուղղելու փոխարեն, ինչից ավելի կարեւոր խնդիր լինել չի կարող, մեր պետական այրերը զբաղված են կեղծ, մանրաթեմա օրակարգերի առաջադրումներով:
Մերկապարանոց չլինելու համար կներկայացնենք մի քանի փաստեր: Սկսենք նրանից, որ Ադրբեջանի հետ Արցախի ու Սյունիքի սահմանների շատ հատվածներում վիճակն օրհասական է: Սահմանամերձ համայնքների բնակիչները կորցրել եւ կորցնում են ոչ միայն այգիներ, արոտավայրեր ու վարելահողեր, այլեւ իրենց տներն ու տնամերձերը: Պետության կողմից ուշադրությունը զրոյական է: Գյուղացին մենակ է մնացել զենքով ու GPS-ներով զինված ադրբեջանցի «սահմանազատողների» դեմ եւ անկարող է որեւէ բան փոխել: Իրավիճակը հղի է հարյուրավոր սահմանամերձ բնակավայրերի հայաթափման վտանգով: Օգտվելով հայկական կողմի կրավորական, վախվորած պահվածքից, թշնամին անհագ ախորժակով եւ անարգել տիրանում է մեր շահեկան դիրքերին, ճանապարհներին, քաղաքացիների ինչքին՝ որքան ուզում է: Սա է իրականությունը:
Իսկ ինչո՞վ են զբաղված հայոց կառավարությունն ու խորհրդարանը: Պարզվում է՝ այս խառնակ ժամանակներում նրանք ի վիճակի չեն ծավալել ավելի արդյունավետ որեւէ գործունեություն, քան «Տեղական տուրքերի եւ վճարների մասին», «Հանրային խորհրդի մասին», «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարների մասին», «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելը, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի, լիազորությունները դադարեցնելը, ԲԴԽ կազմում վարչապետի եւ իմքայլականների «սրտի» դատավորներ Գագիկ Ջհանգիրյանին ու Դավիթ Խաչատուրյանին ընդգրկելը եւ իրականության հետ կապ չունեցող այլեւայլ հարցեր արծարծելը:
Եվս մեկ օրինակ՝ թերեւս ամենատիպականը, որը ցույց է տալիս, թե որքան խորն է գործող իշխանությունը խճճվել իր իսկ հյուսած կեղծիքի սարդոստայնում եւ կորցրել իրականության զգացումը: Հոկտեմբերի կեսերին՝ 44-օրյա պատերազմի ամենաթեժ պահին, ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել՝ բացահայտելու հակաիշխանական նյութեր տարածող «Գագիկ Սողոմոնյան» ֆեյսբուքյան օգտատիրոջ իրական տնօրինողներին: Այս մասին մամուլը գրել է՝ շեշտելով, որ չորս ամիս շարունակ այս քրգործը քննվում է, կատարվում են խուզարկություններ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, բերման են ենթարկվում եւ ձերբակալվում բազմաթիվ անձինք, բայց գործը տեղից չի շարժվում: Այսինքն՝ մի ամբողջ պետական ծառայություն պատերազմական իրադրության պայմաններում երկրի անվտանգության ապահովման իր հիմնական առաքելության մասին մոռացած՝ փնտրում է ֆեյսբուքյան մի կեղծ օգտատիրոջ, որին այդպես էլ չի կարողանում կամ, միգուցե, չի ուզում հայտնաբերել:
Եվ շարունակում է այդ պատրվակով բռնել-բաց թողնել հիմնականում իշխանության քիմքին անհաճո մտավորականների, որպես պարտադիր բաղադրատարր, տանելով նրանց համակարգիչները՝ դրանցում վարկաբեկիչ նյութեր, տեղեկություններ գտնելու ակնկալիքով: Պարզ ասած՝ իրական վտանգը սահմանին է, իսկ ԱԱԾ-ն մարդկանց համակարգիչներում է այն փնտրում՝ ինչ-որ շինծու «Գագիկ Սողոմոնյան» ֆեյք օգտատիրոջ անվան տակ:
Փետրվարի 20-ին տվյալ քրեական գործի շրջանակում ԱԱԾ-ն ձերբակալեց եւս մի քանի ճանաչված գործիչների՝ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին, «Քառյակ մեդիա» ՓԲԸ համահիմնադիր, փորձագետ-վերլուծաբան Կարեն Բեքարյանին, ադրբեջանագետ Անժելա Էլիբեկովային, ՎԵՏՕ հակասորոսական կազմակերպության ղեկավար Նարեկ Մալյանին, ընդ որում՝ վերջինիս հանդեպ ցուցադրաբար բռնություն գործադրելու միջոցով: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնականում ոչ իրավաչափ է ճանաչել այդ ձերբակալությունները: Բայց, երեւում է, վարչակարգի համար էականը դա չէ: Էականն իշխանությանը քննադատող ընդդիմադիրներին վախի մեջ պահելն է, նրանց գործողությունները սահմանափակելը:
Ամենահետաքրքիրն այն է, որ մինչ ԱԱԾ-ն մտմտում է, թե ով է լինելու հաջորդ «Գագիկ Սողոմոնյանը», վերջինս անվրդով շարունակում է իր ֆեյսբուքյան գրառումների շարքը եւ, հավանաբար, մտքում ծիծաղում բոլոր այս անհեթեթությունների վրա։
Գեւորգ Բրուտենց