26.11.2024

Аналитика

Քրդերը եւ մենք

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Մարտի 18-ին Սիրիայի հյուսիսում թուրքական կանոնավոր զորամիավորումների եւ սիրիական ընդդիմադիր ռազմական խմբավորումների ձեռքով ընկավ քրդական դիմադրության հանգուցային քաղաքներից մեկը՝ Աֆրինը։ Վերջինս, ինչպես եւ ընդհանրապես Աֆրինի քրդաբնակ ողջ շրջանը, քուրդ ժողովրդի համար դիտվում էր ազգային-ազատագրական պայքարի առանցքային հենակետերից մեկը։ Տասնամյակներ տեւող թուրք-քրդական ռազմաքաղաքական դիմակայության հենքին նրա անկումը շատ մեծ հոգեբանական ազդեցություն գործեց հանուն ազատության պայքարի ելած քրդական հանրության վրա։ Դա իր հերթին հանգեցրեց նրան, որ տարածաշրջանում իր տեղն ու նշանակությունը գտնելու հարցում քուրդ ժողովրդի մեջ ապագայի նկատմամբ ի հայտ եկան խորը կասկածներ ու հոռետեսական տրամադրություններ։

Աֆրինի կորուստը հոգեբանական այդքան մեծ ազդեցություն չէր գործի քրդերի վրա, եթե չլիներ այն կորստաբեր դիպաշարը, որն արդեն կես տարի է` ուղեկցում է այդ ժողովրդին իր պայքարի ընթացքում։ Անկախության ու ազատության համար տարիներ տեւող պայքարից ու վայրիվերումներից հետո, ի վերջո, 2017թ․ սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում անցկացվեց անկախության հանրաքվե, որը խոստանում էր ամենամեծ նվաճումը դառնալ քրդերի կյանքում։ Սակայն նախորդ տարիներին Սիրիայում ու Իրաքում արձանագրված ռազմաքաղաքական հաջողությունները նույնքան արագ փորձանքի վերածվեցին քառասուն միլիոնանոց ժողովրդի կյանքում՝ հաղթանակները գլխապտույտ արագությամբ վերափոխելով ռազմական ու քաղաքական պարտությունների։

Քուրդ ժողովուրդը հոծ բնակվում է Մերձավոր Արեւելքի երեք պետականաստեղծ հանրությունների՝ թուրքերի, արաբների ու իրանական ժողովուրդների աքցանի մեջ՝ չունենալով ելք դեպի ծով։ Պատահական չէ, որ Իրաքյան Քրդստանում անկախության հանրաքվեից հետո քրդերն անմիջապես թիրախավորվեցին Իրանի ու Իրաքի կառավարությունների կողմից եւ մի քանի շաբաթվա ընթացքում կորցրեցին բոլոր «վիճելի տարածքները», որոնց թվում եւ Քիրքուքը՝ նավթարդյունաբերության խոշորագույն կենտրոններից մեկն աշխարհում։ Նմանապես ընդամենը երկու ամիս տեւեց թուրքերի եւ նրանց հովանավորությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման հարձակումների դեմ Աֆրինի շրջանի քրդերի ինքնապաշտպանությունը։ Այսօր շատերն են փորձում գտնել բացատրություններ, թե ինչու քրդերը` չնայած պատկառելի թվաքանակին ու հնարավորություններին, ազգային-ազատագրական պայքարում չեն կարողանում էական հաջողություններ արձանագրել։

Տվյալ հարցը հայ հանրության համար ոչ միայն կարեւոր է այն տեսանկյունից, որ քրդերի ազգային-ազատագրական պայքարը վերաբերում է առավելապես Թուրքիայից եկող վտանգները դիմագրավելու խնդրին (խնդիր, որը նույնքան արդիական է հայերիս դեպքում), այլ նաեւ այն առումով, որ հայերը վերջին հարյուրամյակներում հոծ բնակվել են երեք պետականաստեղծ հանրությունների՝ թուրքերի, ռուսների ու իրանական ժողովուրդների աքցանի մեջ, եւ այժմ Հայաստանի Հանրապետությունը նմանապես չունի ելք դեպի ծով։

Շատերը հարցի պատասխանը տեսնում են նրանում, որ քրդերն իրենց կլանային (ցեղային՝ աշիրեթական) սոցիալական կառուցվածքով հեռու են պետականաստեղծ հանրություն դառնալու հնարավորությունից։ Եփրատի ու Տիգրիսի վերին հոսանքներում գտնվող ափամերձ դղյակներից աշխարհին հայացք ձգելիս` առայժմ միայն սարսափն է, որ քաղաքական գործոնի է վերածվում։ «Աշխարհի ուժեղներից» սպասվող մշտական վախերը նրանց դարձնում են այն մտքի գերին, որ սեփական պետության ու իրավունքների ճանաչման գործում «ուժն է ծնում իրավունք»։ Իսկ այդ «ուժը», քանի որ առավելապես գտնվում է ուրիշների ձեռքում, տարածաշրջանի ուժային կենտրոնների դեմ կարելի է հանդես գալ ու սեփական իրավունքները ճանաչել տալ միմիայն այն դեպքում, եթե քեզ սատարեն տարածաշրջանային կամ աշխարհաքաղաքական այլ ուժեր։ Այս կենսափիլիսոփայության քայքայիչ ազդեցությունը սկսում է գործել հենց այն պահից, երբ պայքարի ինչ-որ մի կետում առանձին գործիչներ (էությամբ՝ աշիրեթների ղեկավարներ) կասկածի են ենթարկում տարածաշրջանում ստեղծված ուժային հավասարակշռության մասին մյուսների պատկերացումները եւ գտնում, որ ստեղծված վիճակում հակընդդեմ ինչ-որ այլ ուժի հաղթանակի գրավականն այնքան մեծ է, որ հենց նրա հետ է պետք պայմանավորվել՝ գոնե առավելագույն շահ իր «երկրի» կամ խմբի (աշիրեթի) համար կորզելով։

Հենց այս ավերիչ մեխանիզմը գործեց 2017թ․ սեպտեմբերի 25-ին անցկացված հանրաքվեից հետո: Չնայած բնակչության 92 տոկոսն «այո» ասաց անկախությանը, Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին, որպես քաղաքական ամբողջ վերնախավի վախերի հանրագումար, խոստացավ միանգամից անկախություն չհայտարարել՝ իր դեմ կոալիցիա կազմած հարեւաններին առաջարկելով օգնել իրեն պաշտոնական Բաղդադի հետ երկխոսություն հաստատելու եւ երկրամասի կարգավիճակի շուրջ քննարկումներ անցկացնելու հարցերում։ Օրեր անց Քրդստանի անկախության գործընթացն արդեն լիակատար տապալվեց, երբ հայտնի դարձավ, որ երկրի հարավը ներկայացնող քրդական հզոր «Թալաբանիների» կլանը սեպարատ պայմանագիր է կնքել Իրաքի ղեկավարության հետ՝ դավաճանելով համաքրդական պայքարին։ Այդուհետ Իրաքի նախկին նախագահ, Քրդստանի հայրենասիրական միության նախկին ղեկավար Ջալալ Թալաբանիի որդին՝ Բաֆել Թալաբանին, ամեն կերպ փորձում էր հերքել այն մեղադրանքները, որ դավաճանել է եւ իրաքյան ուժերին ու շիական աշխարհազորին թույլ է տվել գրավել Քիրքուքը։ Վերջինս նշում էր, որ իր գլխավորած ուժերը ետ են քաշվել, որպեսզի խուսափեն մեծ կորուստներից՝ միաժամանակ Իրաքյան Քրդստանի համար ապահովելով ավելի մեծ իրավունքներ ու հնարավորություններ՝ ամրագրված պաշտոնական Բաղդադի հետ համաձայնությամբ։

Վերջին ամիսներին մեր աչքի առջեւ Աֆրինի շուրջ ծավալվող իրադարձությունների ընթացքում քրդերի շրջանում կրկին ի հայտ եկավ «դավաճանություն» երեւույթը։ Սակայն այս դեպքում դավաճանել էին ոչ թե յուրայինները, այլ Ռուսաստանը՝ արտաքին այն ուժը, որը, ըստ քրդերի, պարտավոր էր սատարել քրդերին` նրանց սեփական իրավունքների ու ազատությունների պաշտպանությունն իրականացնելու ժամանակ։

Անկախ նրանից, թե «դավաճանությունը» ներքին կամ արտաքին հասցեատերեր ունի, ինչպես նաեւ անկախ այն հանգամանքից՝ իրականում կա դավաճանություն, թե դա ընդամենը քրդերի՝ սեփական պարտություններն արդարացնելու ճանապարհ է դարձել, մեզանում խնդիր կա տեսնելու, որ գործ ունենք մի երեւույթի հետ, որը նույնքան բնորոշ է հայերիս։ Չէ որ, ինչպես քրդերը, մենք եւս նայում ենք արտաքին աշխարհին գրեթե նույնկերպ՝ այնտեղ հարաբերվող սուբյեկտներին ճանաչելով որպես ուժի բացարձակ կենտրոնների, որոնցից են կախված մեր իրավունքների ճանաչումը։

Քրդերի անհաջողություններն ու հուսախաբությունը մեկ հիմք ունեն։ Դա քրդերի գիտակցության մեջ խորն արմատներ ձգած այն համոզումն է, որ իրենց փրկությունն արտաքին աշխարհից է կախված։ Ըստ այդ փիլիսոփայության՝ սեփական պետական իշխանությունը կազմավորելու ճանապարհին ընկած են տարածաշրջանի ու աշխարհի ուժային կենտրոնները, որոնց համոզելով ու նրանց հետ պայմանավորվելով է հնարավոր իրավունքներ ձեռք բերել։ Ինքնիշխանության ուժն, այսպիսով, արտաքին ուժերից ստացած էներգիայի արգասիքն է։ Իսկ դա հնարավոր է միայն, երբ սեփական շահերը կարողանում ես զուգակցել այլոց քաղաքական շահերին ու ստանալ կոնկրետ արդյունք՝ պետականության տեսքով։

Այս արատավոր փիլիսոփայությունը դեռեւս շատ քաղաքներ ու երկրամասեր կխլի քրդերից։ Ռուսաստանից զատ, քրդական հարցը մանրադրամի կվերածեն բոլորը` այդ թվում ԱՄՆ-ը, մինչեւ որ քրդական քաղաքական միտքը հանգի ճշմարտության, որ չկա ավելի մեծ ուժ ու էներգիայի աղբյուր, որքան հաստատակամորեն կայացված ինքնորոշումն է։ Ինքնորոշում սեփական օջախում սեփական օրենքներով ապրելու եւ դրանք զենքի ուժով պաշտպանելու մասին։ Սուբյեկտային որոշում, որի ժամանակ քրդերը կարհամարհեն սեփական վախերը, հարեւանների կարծիքը, միջոցների սղության մասին հաշվարկները, արտաքին աշխարհում դաշնակիցների բացակայությունը, երբեւէ գցված ու դավաճանված լինելու մտահոգությունները։

Քրդական ազգային-ազատագրական պայքարին իրենց «ղարաբաղյան շարժումն» է պետք` շարժում, որի փիլիսոփայությունն անցյալում ուրվագծել էր Արցախի ազատության ճանապարհը, բայց որը ներկայում անհեթեթություն են որակում կամ չեն կարողանում ընկալել անգամ մեր քաղաքական ապասուբյեկտային «գործիչները»։ Ի տարբերություն «գիտակցված իրավունքն է ծնում ուժ» բանաձեւի՝ «ուժն է ծնում իրավունք» բանաձեւը թե՛ մեզանում, թե՛ քրդերի մոտ հազարամյակների պատմություն ունի։ Միգուցե խնդիրն այն է, որ ծերացած ազգերը, կարծես թե, չունեն երիտասարդանալու ներուժ։ Ինչու ազատ ապրել, եթե կարելի է վաճառել ինքնիշխանության տարրերը եւ այլոց տանիքի տակ ապրել հեշտ ու ապահով։ Պաշտոնական Բաղդադի հետ Բաֆել Թալաբանիի համաձայնության արդյունքում քրդական վերահսկողության տակ գտնվող տարածքներ իրաքյան զորքեր մուտք գործելու փաստից մինչեւ Գյումրիում ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանումների կազմավորման փաստը մեկ քայլ է։ Արտաքին աշխարհում ուժ փնտրելու մտայնությունն է այսօր միավորում հայերին ու քրդերին։

 

Սարո Սարոյան

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.