26.11.2024

Аналитика

Նիկոլն Անդոյի քննիչ հանձնաժողովի հույսին է մնացել

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Տեւական լռությունից հետո մայիսի 2-ին իր մասին կրկին հիշեցրեց Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը, որի գործունեության ժամկետը վեց ամսով երկարաձգելու վերաբերյալ նախագիծն այդ օրը խորհրդարանն ընդունեց պատգամավորների ձայների 59 կողմ, 29 դեմ եւ 1 ձեռնպահ հարաբերակցությամբ: Ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը վեց ամիս է, որը կարող է երկու անգամ երկարացվել 6-ական ամսով: Սա երկրորդ երկարացումն է, ինչը նշանակում է, որ հոկտեմբերին հանձնաժողովի վերջնական զեկույցը պետք է արդեն պատրաստ լինի՝ ներկայացվելու ԱԺ քննարկմանը:

Հիշեցնենք, որ 2022 թվականի փետրվարի 10-ին ստեղծված Քննիչ հանձնաժողովում միայն իշխանության ներկայացուցիչներ են ընդգրկված: Ընդդիմությունն ի սկզբանե բոյկոտել էր իր անդամակցությունը՝ վստահեցնելով, որ այս իշխանության պարագայում փորձելու են պատասխանատվության հարցը դուրս բերել իշխանակարգի վերին էշելոններից եւ մեղքը բարդել բանակի, «նախկինների», բոլորի վրա, բացառությամբ քաղաքական վերնախավում գտնվողների: «Ավելին՝ այս իշխանության առաջին դեմքն արդեն պարտության մեղավորներ ու պատասխանատուներ է նշանակել, եւ ակնհայտ է, թե Քննիչ հանձնաժողովն այստեղ ինչ դերակատարում է ունենալու»,- ասել է ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Մայիսի 2-ին ԱԺ ներկայացված նախագիծը, բնականաբար, ընդունվեց բացառապես իշխող ՔՊ-ական պատգամավորների ձայներով, քանի որ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները սկզբունքորեն դեմ էին «իշխանական» հանձնաժողովի կազմին, մասնավորապես՝ Անդրանիկ Քոչարյանի նման խորշելի, աչառու դեմքի նախագահությանը: ԶԼՄ-ների հարցերին պատասխանելիս նա փորձում էր վստահեցնել, թե հանձնաժողովում ամեն ինչ «օքեյ» է. բնականոն կերպով շարունակվում են «փաստաթղթերի մանրակրկիտ ուսումնասիրության աշխատանքները»: Անցած վեց ամսվա ընթացքում, ըստ նրա, ստացվել են 4.154 գաղտնի եւ հույժ գաղտնի տեքստային, գրաֆիկական փաստաթղթեր՝ ծավալը 14 հազար էջից ավելի:

Ինչպիսի՜ հսկայածավալ աշխատանք… բայց սա դեռ բոլորը չէ. «Հրավիրվում են գործող եւ նախկին զինվորական ու քաղաքական բարձրաստիճան պաշտոնյաներ։ Հանձնաժողովին են դիմել պատերազմի բազմաթիվ մասնակիցներ եւ զոհվածների հարազատներ, որոնք եւս անհատական կարգով ներկայացնում են մեծաքանակ տեղեկություններ ու տեսաձայնային նյութեր»,- ավելի վաղ լրագրողներին պատմում էր Քոչարյանը՝ ափսոսանք հայտնելով, որ ընդդիմադիր դաշտը ներկայացնողները շարունակ բացակայում են 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստերից։ Իրականում նրա ափսոսանքի շարժառիթն այլ է՝ ընդդիմության բացակայությունը կասկածի տակ է դնում հանձնաժողովի օրինակարգությունը:

Ընդդիմությունը հասկանում է, որ Քննիչ հանձնաժողովում իր մասնակցությունն անիմաստ է՝ 2-3 անդամի ներկայությունը չի կարող «եղանակ ստեղծել» 2 տասնյակի չափ իշխանական պատգամավորների ու արտախորհրդարանական ուժերի հարաբերակցության հենքին: Ընդդիմությունը հասկանում է նաեւ, որ իշխանությունն՝ ի դեմս Քոչարյանի, ուզում է իրեն օգտագործել՝ իբրեւ «ցուցանակ», կամ ուղղակի մասնակից դարձնել իր անմաքուր խաղերին: Անդոն, ինչպես նրան հաճախ կոչում են, հանրության կողմից մերժված ու վարկաբեկված դեմք է, որն իշխանության «գրպանային զեղծարարների» շարքում հավասարը չունի եւ միշտ այնտեղ է, որտեղ իշխանության օգտին «կրուտիտների» ճեղք է բացվում: Մոտավորապես՝ Գագիկ Ջհանգիրյանի մի տարատեսակը:

Այն, որ խնդրո առարկա հանձնաժողովի ծածուկ մտադրությունը պատերազմի մասին ճշմարտությունը ծածկադմփոց անելն է, շատերին է հայտնի եւ առաջին հերթին՝ նրանց, ովքեր փոքրիշատե հետեւում են Քոչարյանի հռետորաբանությանը, ֆեյսբուքյան գրառումներին եւ, առհասարակ, նրա քաղաքական խոսույթին: Դրանց բովանդակությունը գրեթե նույնությամբ 44-օրյա պատերազմի, արցախյան բանակցությունների, «նախկինների» թեմաներով Փաշինյանի մտքերի ու ձեւակերպումների արտացոլանքն է: Տպավորություն է, թե վերջինս ՔՊ-ական պատգամավորին հատ-հատ փոխանցում է այն շեշտադրումներն ու հայեցակետերը, որոնք պետք է դրվեն հանձնաժողովի ուսումնասիրության առանցքում:

Քննիչ հանձնաժողովի ղեկավարի շուրթերից նույնիսկ մերթընդմերթ ակնարկներ են հնչում առ այն, որ 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունների շրջանակում մանրակրկիտ անդրադարձ է լինելու նախապատերազմյան 20-30 տարիների կարեւոր դրվագներին, արցախյան բանակցային գործընթացի հանգրվաններին, Զինված ուժերի խնդիրներին եւ այլն: Փաստորեն՝ իշխանությունները չեն թաքցնում 44-օրյա պատերազմի խայտառակ պարտության, ցավագին կորուստների ու հետպատերազմյան ձախողումների մեղքերը մեծապես «նախկիններին» ու բանակին վերագրելու իրենց մտադրությունները՝ փորձելով հանրությանը դարձյալ մոլորության մեջ գցել, որպեսզի իրենք «ջրից չոր դուրս գան»:

Հազիվ թե դա իշխանություններին հաջողվի, քանզի չափից դուրս համոզիչ եւ չափից դուրս շատ են հակառակի մասին վկայող փաստերն ու փորձագիտական դիտարկումները, որոնց մասին «Հայացքը» մեկ անգամ չէ, որ գրել է, ուստի ձեռնպահ կմնանք սույն հրապարակումը անհարկի դատողություններով ծանրաբեռնելուց: Բացի դրանից, ռազմաքաղաքական ղեկավարության «անմեղության» օգտին ժամանակ առ ժամանակ բերվող տեղեկանյութերը, բանակում բազմաթիվ դավաճան զինվորականների, մատնիչների, 11 հազար դասալիքների, «5-րդ, 6-րդ շարասյուների» առկայության մասին կեղծ տվյալները եւ անհիմն պնդումները ոչ մի քննադատության չեն դիմանում:

Պատերազմի մասին ճշմարտությունը ծածկադմփոց անելու մտադրության ճանապարհին լրջագույն խոչընդոտ է նաեւ հասարակության աճած տեղեկացվածությունը: Այսօր մարդիկ բազմապատիկ անգամ ավելի շատ բան գիտեն 2020-ի սեպտեմբեր-նոյեմբերյան 44 դժնդակ օրերի մասին, քան երկու-երկուեւկես տարի առաջ: Դրա պերճախոս ապացույցը ամերիկյան Միջազգային հանրապետական կենտրոնի՝ մայիսի 5-ին անցկացրած սոցհարցումների արդյունքներն են, համաձայն որոնց՝ եթե 5 տարի առաջ Փաշինյանի հանդեպ հանրության վստահությունը կազմում էր շուրջ 80 տոկոս, ապա այժմ այն 14 տոկոս է: Ըստ սոցիոլոգ Գեւորգ Պողոսյանի, սա վարկանիշի կտրուկ գահավիժում, եւ այն դեռ շարունակվելու միտում ունի։

Հասարակության դժգոհությունը մոտենում է գագաթնակետին, եւ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձնավորության հույսը Անդրանիկ Քոչարյանի Քննիչ հանձնաժողովն է, իսկ ակնկալիքը՝ Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահների գործունեության տարիներին բանակցված փաստաթղթերից վարկաբեկիչ նյութեր հայթայթելը, ինչը փրկօղակ կլիներ իր համար: Սակայն հանձնաժողովի նախագահի ջանքերը, ամենայն հավանականությամբ, ի դերեւ կելնեն: Արդեն տրտունջներ են հնչում, որ Քոչարյանի ու Սարգսյանի օրոք եղած բանակցային փաստաթղթերում իրենց ուզածը չի հաջողվում գտնել եւ պարզ չէ, թե ինչի մասին են նրանք խոսել Ադրբեջանի հետ վարված բանակցությունների ընթացքում:

Տրտունջներ ունի նաեւ ինքը՝ Անդրանիկ Քոչարյանը: Մարտի 15-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա գանգատվում էր, թե Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը, ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը հրաժարվում են ներկայանալ Քննիչ հանձնաժողովի նիստերին եւ որոշ պարզաբանումներ տալ: Դժվար է կանխագուշակել, թե ինչն է հատկապես հետաքրքրում Քննիչ հանձնաժողովի ղեկավարին 44-օրյա պատերազմից տարիներ ու տասնամյակներ առաջ կատարված դեպքերից կամ բանակցված նյութից:

Սա նման է «մութ սենյակում սեւ կատու փնտրելու» (որն այնտեղ չկա էլ) մասին տարածված արտահայտությանը: Նույնիսկ ամենավառ երեւակայության դեպքում հնարավոր չէ որեւէ կապ տեսնել 44-օրյա պատերազմի հանգամանքների եւ 1998-2008թթ.-ին ՀՀ ԱԳ նախարար աշխատած Օսկանյանի գործունեության կամ 2007-2015թթ.-ին ԼՂՀ Պնախարար, իսկ մինչեւ 2018 թվականը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ աշխատած Մովսես Հակոբյանի գործունեության միջեւ: Ինչ վերաբերում է հանձնաժողովի նիստերին վերը նշված անձանց չներկայանալուն, պատճառն ամենալավը պետք է որ Անդո-Անդրանիկն իմանա: Եթե չի իմանում, կհուշենք՝ պատճառն իր խիստ կասկածելի անաչառությունն է:

Իսկ ավելի խորքային պատճառի շուրջ թե՛ ընդդիմությունը, թե՛ հասարակության մտածող հատվածը վաղուց իրենց կարծիքը հայտնել են՝ այս իշխանությունների հետ երկխոսության եւ կոնսենսուսի հիմք չկա. 44-օրյա պատերազմի համապարփակ քննություն կարող է իրականացվել միմիայն իշխանափոխությունից հետո: Եվ այդ ժամանակը սարերի հետեւում չէ:

 

Գեւորգ Բրուտենց

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.