25.11.2024

Аналитика

Ժողովրդավարությունը մնաց «Մարիոթ» հյուրանոցում

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Հնարավոր չէ պատկերացնել ավելի մեծ զավեշտախաղ, քան Freedom House միջազգային կառույցի կազմակերպած այն միջոցառումը, որը «Ժողովրդավարության հայկական ֆորում» հավակնոտ վերտառության ներքո մայիսի 20-ին տեղի ունեցավ «Մարիոթ» հյուրանոցում՝ պաշարված գույնզգույն բերետավոր ոստիկանների կուռ շարքերով: Հասարակական կարգի պահապանների առաքելությունը հյուրանոցի դիմաց հավաքված «Դիմադրություն» շարժման գործողությունները զսպելն էր, իսկ ընթացիկ պահի հիմնական խնդիրը՝ քննարկման սրահ ընդդիմադիր պատգամավորների եւ լրագրողների մուտքը չթույլատրելը:

Կազմակերպիչների կողմից նախօրոք տրամադրվել էր հրավիրյալների ցուցակ, որտեղ միայն իշխանական պատգամավորների անուններն էին: «Ուզում են, որ այստեղ այլ կարծիք չհնչի: Թող Շվեդիայում, Նորվեգիայում իմանան՝ ինչ բան է ժողովրդավարությունը,- սրամտորեն նկատեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը: Ֆորումին նախատեսված էր Նիկոլ Փաշինյանի ելույթը, ներկաների թվում էին ԵՄ եւ ԱՄՆ դեսպանները,  իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ այլք։ Փաշինյանը «Մարիոթ» ժամանեց ոչ թե կենտրոնական մուտքից, այլ հետնամուտքից եւ, թիկնապահներով վահանված, իրեն արագ ներս գցեց, որպեսզի չլսի ընդդիմադիրների՝ «Նիկո՛լ, դավաճան» եւ «Ամո՛թ» վանկարկումները:

Քիչ անց ֆորումը մեկնարկեց աշխատանքը, եւ Նիկոլ Փաշինյանը փարիսեցիաբար ելույթը սկսեց ՀՀ քաղաքացու փառաբանմամբ՝ որպես երկրում «որոշում կայացնող հիմնական եւ առանցքային սուբյեկտի»: Այն քաղաքացու, որից խլել է ոչ միայն անվտանգ, արժանապատիվ ապրելու իրավունքը, այլեւ քաղաքացիական ազատությունները՝ նրան «փռելով ասֆալտին» կամ քաղաքական հայացքների համար ուղարկելով քրեակատարողական հիմնարկներ: Այն քաղաքացու, որին դարձրել է «տուգանքի մատերիալ» կամ անձամբ իր եւ ՔՊ-ական իր թիմի անձեռնհասության պատճառով մատնել թշվառ, անապագա եւ անտերունչ գոյության:

Հետո ամբիոն բարձրացան միջազգային գործընկերները՝ Հայաստանում ԵՄ եւ ԱՄՆ դեսպանները, Լիտվայի նախագահը, որոնց հանձնառությունը, դատելով նրանց ելույթներից, Փաշինյանի համար այս դժվար պահին նրա կողքին կանգնելն էր, բոլորիս հավաստիացնելը, թե ժողովրդավարության ճակատում ՀՀ-ն փայլուն ձեռքբերումներ ունի: Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան ողջունեց Հայաստանի ջանքերը, «հատկապես՝ արդարադատության ոլորտում», ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին հպարտացավ, որ իր երկիրը «լավ գործընկեր է գտել՝ ի դեմս Հայաստանի կառավարության», իսկ ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը ֆորումի մասնակիցներին բացատրեց, թե ինչ են ժողովրդավարությունը եւ խոսքի ազատությունը, որոնց կարեւորությունը, ըստ նրա, ՀՀ կառավարությունը լավ է գիտակցում։

Այնքա՛ն լավ, որ արգելել է լրագրողների մուտքը դահլիճ՝ կոպտորեն ոտնահարելով խոսքի ազատության իրավունքը: Այնքա՛ն լավ, որ ֆորումին նախորդող օրերին ոստիկանությունը՝ ծեծուջարդ տալով, բողոքի խաղաղ ակցիաներից օրական 4-5 հարյուր քաղաքացիներ էր բերման ենթարկում՝ այդ թվում անձեռնմխելիության մանդատով օժտված պատգամավորներ: Այդ թվում՝ մայթով անցնող կամ պուրակում զբոսնող պատահական քաղաքացիներ, քանի որ դաժան վարմունքի հետ մեկտեղ՝ նաեւ որոշակի թվաքանակի պատվեր ունի վերադասից:

Տպավորությունը ցնցող էր. մինչ սրահում ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը եւ նրա միջազգային գործընկերները ճամարտակում էին ժողովրդավարության անանց արժեքների մասին, մուտքի մոտ լրագրողներն անհաջող ջիգեր էին գործադրում համոզելու ոստիկաններին, որ հարգեն ազատ խոսքի իրավունքը, թույլ տան ներս մտել, քանի որ պետք է լուսաբանեն միջոցառումը։ Բայց՝ զուր ջանքեր: Բերանացի ժողովրդավարությունն այդ օրը «Մարիոթի» ներսում հորդում էր, ինչպես առատության եղջյուրից, սակայն դրանից խոսքի ազատության իրական շահառուներին կաթիլներ անգամ չէին հասնում։

Ներսը եւ դուրսը տարբեր իրականություններ էին. եթե ներսում առատ «ժողովրդավարություն» էր բխում ամբիոնից, ապա դրսում քամահրված իրավունքներով լրագրողներն էին, որոնց այդպես էլ չհաջողվեց տարհամոզել «քոքված» ուղեղներով ոստիկաններին՝ հնարավորություն տալ կատարելու իրենց մասնագիտական պարտքը, իրացնելու հազարավոր ընթերցողների ու հեռուստադիտողների տեղեկացված լինելու իրավունքը: «Մենք փոխոստիկանապետին խնդրեցինք փոխանցել մեր պահանջը, սակայն լրագրողներին արգելեցին ներս մտել եւ մասնակցել միջոցառմանը։ Սա լրագրողների համար շատ կարեւոր ֆորում է, քանի որ այնտեղ քննարկվում են խոսքի ազատությանը, ոստիկանությանը վերաբերող հարցեր»,- ասաց լրագրող Անի Գեւորգյանը։

Ոստիկանների անդրդվելիությունը կոտրել չհաջողվեց նաեւ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Թադեւոս Ավետիսյանին, Ագնեսա Խամոյանին եւ Աննա Մկրտչյանին, ովքեր ցանկանում էին՝ օգտվելով դահլիճում միջազգային հանրության միանգամից մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությունից, ֆորումի օրակարգի շրջանակներում բարձրացնել 20-ի չափ քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը: ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանն ուղղակի խոչընդոտեց նաեւ պատգամավորների մուտքը՝ ասելով, որ կարող է միայն իրենց պահանջը նամակով փոխանցել կառավարությանը, եթե ուզում են:

Պատգամավորները ստիպված հեռացան անհյուրընկալ «Մարիոթ»-ի կեղծ իրականությունից եւ միացան դրսի իսկական իրականությանը, որտեղ իրենց համախոհներն էին՝ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարները: Իսկ «ժողովրդավարությունը» բանտված մնաց հյուրանոցում՝ որպես 21-րդ քաղկալանավոր: Փոխարենը Նիկոլ Փաշինյանն առիթ ունեցավ բազմացնելու ժողովրդավարության մասին իր հնչեղ ստերը, թե «ժողովրդավարությունը ՀՀ-ի միջազգային հիմնական բրենդն է», «ՀՀ-ն ժողովրդավարության երկրորդ կամ առաջին լիգայից անցում է կատարել դեպի ժողովրդավարության բարձրագույն լիգա» եւ այլ կարգի փչոցներ: Իր «սրտի» լսարանում նա իրեն միշտ լավ է զգում, իսկ ժողովրդից, որի անունը քանիցս շահարկել է, այսօր բաժանված է ոստիկանական բազմաշերտ արգելափակոցով:

Միջոցառումից դժգոհ չմնացին նաեւ Փաշինյանին աջակցելու հանձնարարությամբ ՀՀ-ում ժողովրդավարության վերաբերյալ հատուկ ֆորում ձեռնարկած եւ անձամբ դրան մասնակցած՝ Արեւմուտքի մունետիկները: Նաուսեդայի համար դա լավ առիթ էր ընդգծելու իր երկրի կարեւորությունը՝ հիշեցնելով, որ 1991-ին Լիտվան առաջին երկիրն էր, որը ճանաչեց ՀՀ-ի անկախությունը: ԵՄ դեսպանը թեմայի համատեքստում արծարծեց իշխանությունների ճյուղերի տարանջատման, անկախ դատական համակարգի, կուսակցությունների, անկախ ԶԼՄ-ների, բազմակարծության խնդիրները՝ փորձելով մեղմել ՀՀ-ում դրանց հետ կապված լուրջ հետընթացը: «Դա (նկատի ունի ժողովրդավարությունը-Գ.Բ.) միանգամից տեղի չի ունենում, այլ պահանջում է երկարաժամկետ ջանքեր»,- ասաց դեսպան Վիկտորինը:

Մեզանում ժողովրդավարությանը ոչ վայել գործողությունները լղոզելու յուրատեսակ ձեւ էր ընտրել նաեւ ԱՄՆ տիկին դեսպանը, որն, անշուշտ, լավատեղյակ էր ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջով խաղաղ ակցիաներ անցկացնող ցուցարարների նկատմամբ ոստիկանական բռնություններին: Իր խոսքում նա պնդում էր, որ ԱՄՆ-ը նույնպես բախվում է ոստիկանների վարքագծով պայմանավորված մարտահրավերների: «Դա բնորոշ է ոչ միայն Հայաստանին»,- հայ ոստիկանների՝ անհամաչափ ուժի կիրառումն այսպես փորձեց մեղմել Լին Թրեյսին: Տիկին դեսպանն, ի դեպ, օրեր առաջ խոստովանել էր, որ ԱՄՆ-ը հանձնառու է օգնել հայ ժողովրդին կառուցելու այնպիսի ապագա, «որի հիմքում ժողովրդավարական արժեքներն են ու այն ճանապարհը, որ հայ ժողովուրդն ընտրեց 2018 թվականին եւ մեկ անգամ եւս վերահաստատեց 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ»:

Մի իմաստուն ասել է. «Ժողովրդավարության ոխերիմ թշնամին երկակի ստանդարտներն են»: Կարելի է համարել, որ Հայաստանը որոշ առումով երկակի չափանիշների երկիր է՝ թեեւ երկակի չափանիշները սփռված են ամենուր եւ մարդկային բոլոր հարաբերություններում՝ կենցաղայինից մինչեւ միջազգային: Դա նույն դեպքի, վարքագծի, գործողության կամ խնդրի հանդեպ երկու հակադիր մոտեցում կիրառելու արատավոր պրակտիկան է: Բայց Հայաստանի «երկակին» ուրիշ է. այն շատ ավելի լայն համատեքստ ունի:

Դատեցեք ինքներդ. կարմիր բերետավորները բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում 77-ամյա ծերունազարդ տղամարդուն՝ արցախյան բոլոր պատերազմների մասնակից Գեորգի Արիստակեսյանին, որին բոլորը Ժորա պապիկ են կոչում: Ընդդիմադիրների ավտոերթերին նա սովորաբար մասնակցում է իր հեծանվով: Ուրեմն՝ 5-6 ոստիկան, առանց բացատրություն տալու, բերման են ենթարկում նրան, եւ այդ ընթացքում կարմիր բերետավորները,- դա շատ պարզ երեւում է տեսանյութում,- հարվածներ են հասցնում տարեց մարդու գլխին, մարմնի տարբեր մասերին, ապա գետնին տապալելով, սկսում են հարվածել ոտքերով:

Պապիկը մարմնական վնասվածքներ է ստանում, ինչը հաստատվում է դատաբժշկական զննությամբ: Ցանկացած կարգին երկրում ոստիկանության նման ծառայողին առնվազն կհեռացնեին համակարգից, համապատասխան պատժամիջոցներ կձեռնարկեին, ավելի կազմակերպված երկրում դատական գործ կբացեին: Հայաստանում՝ դե, քանի որ մերն ուրիշ է, այդպիսի բախումներում արդարը օրվա իշխանության հովանավորությունը վայելող կողմն է: Եվ, այդպիսով, Ժորա պապիկը ձերբակալվում է՝ մեղադրվելով, ուշադրությո՛ւն, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածով: Այստեղ են ասել՝ «Տերդ խնդա, Բաղդասար»:

Հ.Գ. Հրապարակման ծավալը թույլ տար՝ կարելի էր բերել երկակի, նույնիսկ «եռակի» չափանիշների կիրառման տասնյակ օրինակներ: Բայց եզրահանգումը մեկն է՝ մի երկրում, որտեղ օրենքն ու արդարադատությունը մեկ մարդու բերանից դուրս եկող հրահանգն է, ժողովրդավարություն չի կարող լինել:

 

Գեւորգ Բրուտենց

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.