26.11.2024

Аналитика

Ինչ է թաքցված խոսքի ազատության ծխածածկույթում

Рейтинг: 5 / 5

Звезда активнаЗвезда активнаЗвезда активнаЗвезда активнаЗвезда активна
 

Նախորդ շաբաթավերջին ՀՀ-ում գրանցվեց ժողովրդավարության կարեւորագույն սկզբունքներից մեկի` խոսքի ազատության կոպիտ ոտնահարման դեպք: Ուրբաթ երեկոյան` աշխատանքային ժամի ավարտին, ոստիկանությունն այցելեց «Արմնյուզ» հեռուստաընկերություն` պատճառաբանելով, որ ոստիկանության կողմից հարուցվել է վարչական վարույթ եթերի ընթացքում դիմակ չկրելու հիմքով: Ավելի վաղ նույն հիմքով ոստիկաններ էին այցելել նաեւ «5-րդ ալիք»-ի խմբագրություն, սակայն գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը հրաժարվել էր ստորագրել եւ ընդունել վարչական վարույթ բացելու ծանուցագիրը:

Դիմակ կրելու մասով օրեր առաջ հայտարարություն էր տարածել Հայաստանի ժուռնալիստների միությունը` մասնավորապես նշելով, որ եթերային տաղավարներում տեխնիկական անձնակազմը ստանդարտին համապատասխան հաղորդավարից գտնվում է նվազագույնը 1,5-2 մետր հեռավորության վրա, հետեւաբար` դիմակ կրելու նորմի նպատակն ինքնին համարվում է իրացված:

Միանգամից երկու ընդդիմադիր հեռուստաալիքների թիրախավորումը բավական մեծ աղմուկ էր հանել: Շատերն այն դիտարկում էին որպես «Արմնյուզ»-ը եւ «5-րդ ալիք»-ը փակելու գործընթացի նախապատրաստություն, որի նախանշանները, կարծես թե, ակներեւ են` արդեն մեկ ամսից ավելի Արցախում դադարեցված է «5-րդ ալիք»-ի հեռարձակումը: Ճիշտ է, հնարամիտ արցախցի ձեւը գտել է եւ «5-րդի» հաղորդումները նայում է «Յութուբ» սոցցանցի միջոցով, սակայն ուղիղ հեռուստասփռումը, ուստիեւ ավելի լայն լսարանի ընգրկման հնարավորությունը կասեցված է: Եվ մարդիկ ոչ անհիմն մտավախություններ ունեն, որ հաջորդիվ ընդդիմադիր ալիքներն արգելվելու են նաեւ Երեւանում: Ահա թե ինչու ոստիկանների «շնորհքով ներխուժումը», որին, ի դեպ, անդրադարձել է նաեւ միջազգային մամուլը, սուր արձագանքների տեղիք տվեց:

Ընդդիմադիր ուղղվածություն ունեցող լրատվամիջոցների գործունեության կոշտ քննադատությամբ էր հանդես եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ հունիսի 25-ի նիստում` 2019 թվականի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության հաստատման ժամանակ իր եզրափակիչ ելույթում: Վարչապետն ամեն ինչի մասին խոսեց` ընդ որում իրեն հատուկ պաթոսով ու բառամթերքով, բացի օրակարգային հարցից` անցած տարվա բյուջեի կատարողականից: «Այսօր,- նշել է նա,- խոսում են խոսքի ազատության սահմանափակումներից: Ցույց տվեք Երրորդ Հանրապետության պատմությունում մի իրավիճակ, երբ առնվազն 3-4, եթե ոչ 4-5, եթե ոչ 6-7 ալիք է եղել, որոնցով առավոտից իրիկուն ինչքան, կներեք արտահայտությանս, քաղաքական դիակ կա, գարշահոտություն է տարածում երկրով մեկ»:

Վարչապետը զղջում է, որ արտակարգ դրության պայմաններում` ականջալուր լինելով Կառավարության անդամների, ժողովրդավարական հաստատությունների ներսի ու դրսի ներկայացուցիչների հորդորներին, հանել է կորոնավիրուսի հետ կապված` խոսքի ազատության սահմանափակումները: Փաշինյանի համոզմամբ` դա Կառավարության մեծագույն սխալներից էր, որի դառն պտուղները այսօր քաղում ենք: Մամուլին, սոցցանցերին լայն ազատությունների ընձեռումը, նրա կարծիքով, բերել է ամենաթողության, որն օր օրի ահագնանում է այդ նույն «գարշահոտություն տարածող» ուժերի ֆինանսավորմամբ: «Մենք ասել ենք եւ ասում ենք,- այնուհետեւ շարունակել է վարչապետը,- ՀՀ-ում կուսակցությունները, լրատվամիջոցները, ՀԿ-ները պետք է լինեն 100 տոկոսով թափանցիկ, որպեսզի էդ ձեր ասած նախկին նախագահ կոչվածներն իրենց թալանած փողերով չբերեն ֆինանսավորեն ֆեյքերի դասակներ, գումարտակներ եւ լրատվամիջոցներ` Հայաստանի ժողովրդի դեմ հիբրիդային պատերազմ մղելու համար»:

Այս ելույթից 10 օր չանցած` տեղի ունեցան ոստիկանների այցելությունները վերը նշված հեռուստաընկերություններ: Բիրտ ուժի գործադրում, բարեբախտաբար, չեղավ, բայց ոստիկանների առաքելությունը նաեւ քաղաքավարության այց չես անվանի: «Ինձ համար, անկախ այցելության պատճառներից, տհաճ է, երբ ոստիկանությունն այցելում է ցանկացած հեռարձակողի գրասենյակ: Լավ կլիներ այդպիսի այցելություններ չլինեին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանը եւ հավելել, որ ավելի տհաճ է, երբ նման այցերը քաղաքական շահարկման առիթ են դառնում։ Նա ակնարկում էր «Արմնյուզ» ռադիոկայանի տնօրեն եւ «Առավոտյան լուրեր»-ի հաղորդավար Լիլիթ Թումանյանի այն մեկնությունը, թե հարցազրույցներից մեկում հենց Հակոբյանն էր ասել, որ եթերում դիմակ կրելու պարտադրանք չկա։ «Ինքս էլ համոզված չէի, որ պարետի որոշումները պարտադրում են հաղորդավարին եթերում մենակ լինելով` դիմակ կրել»,- նշել է Հակոբյանը:

Խնդրի էության իր հայեցակետն ունի «Քառյակ մեդիա» ընկերության գլխավոր տնօրեն Արամ Անտինյանը, որի պարզաբանմամբ` «Արմնյուզ»-ի հաղորդավարներն ամեն դեպքում հունիսի 3-ից հետո եթեր էին մտնում դիմակներով` չնայած պարետի որոշումից հստակ չէր` հեռուստաընկերության գրասենյակային տարածքը հանրային վա՞յր է համարվում է, թե` ոչ: Միայն ՀՌԱՀ նախագահի պնդումներից հետո էր, որ «Արմնյուզի» հաղորդավարները, ըստ Անտինյանի, սկսեցին եթերում դիմակներ չկրել։ Տեղի ունեցածը «Քառյակ մեդիա»-ի ղեկավարը բնորոշում է մի կարճ արտահայտությամբ. «Սա փնթիության արդյունք է` պետական մակարդակով»:

Անտինյանի բնորոշումը` փնթիությունը, կարելի է առանց վերապահումների տարածել կորոնավիրուսի դեմ պետական մարմինների պայքարի ողջ գործընթացի վրա, երբ մի կողմից առողջապահության նախարարն ասում է` ինքնաշեն դիմակներ չկրել, մյուս կողմից` կառավարությունը հոլովակ է թողարկում, թե ինչպես տնային պայմաններում պատրաստել ինքնաշեն դիմակներ: Երկրորդ` մի կողմից ասվում է, թե սրճարան մի գնացեք, մյուս կողմից պարետի երաշխավորությամբ սրճարաններից նկարահանված տեսանյութեր են ակտիվորեն դրվում շրջանառության մեջ։ Պակաս «փնթիություն» չէ, երբ Կառավարությունն իր ապիկարությունն արդարացնելու համար փորձում է վարակի արագ տարածման մեղքը բարդել քաղաքացիների վրա։ Գործող իշխանության առաքելությունն, ի դեպ, փողոցներում դիմակներ բաժանելը չէ, այլ հստակ հայեցակարգի հիման վրա մշակված ռազմավարությունը եւ դրա անթերի կիրառումը:

Վերադառնալով խոսքի եւ մամուլի ազատության թեմային, որից սկսել էինք, հարկ է վերստին ամրագրել, որ խոսքի ազատությունը համամարդկային ամենակարեւոր արժեքներից մեկն է: Տվյալ չափանիշով է մեծապես որոշվում տվյալ պետության ժողովրդավարության աստիճանը: Հունիսի 25-ին ԱԺ-ում վերոնշյալ իր ելույթը Նիկոլ Փաշինյանը եւս սկսել էր ժողովրդավարությունից` բերելով ուշագրավ մի փաստ, որն արժե ներկայացնել: Նա ասել է. «Ընդամենը մեկ ամիս առաջ ամենահեղինակավոր միջազգային կազմակերպությունը, որը հետեւում է ազատությունների իրավիճակին, արձանագրեց, որ իր զեկույցների ո´ղջ պատմության ընթացքում Հայաստանն արձանագրել է երկամյա ամենաբարձր առաջընթացը ժողովրդավարության, մարդու իրավունքների, խոսքի ազատության ոլորտում: Եվ, ընդհանրապես, սա ամբողջ աշխարհի բոլոր կազմակերպությունների արձանագրումն է»:

Վարչապետը խիստ չափազանցում է: Նա իր վկայաբերած «ամենահեղինակավոր միջազգային կազմակերպության» անվանումը չի տալիս, բայց խոսքը, ինչպես հաջողվեց պարզել, Freedom House-ի հունիսի 5-ին հրապարակած «Ազատություն եւ մեդիա-2019» զեկույցի մասին է, որտեղ Հայաստանը նշված է ժողովրդավարության «ոգեւորիչ առաջընթաց» արձանագրած երկրների հնգյակում: Եվ գիտե՞ք, թե որ երկրների շարքում է Հայաստանը «ոգեւորիչ առաջընթացի» հասել` Եթովպիայի, Մալայզիայի, Էկվադորի ու Գամբիայի: Ընդ որում` նշվում է, որ այս երկրներից «միայն Հայաստանն է, որ չի կարողացել ապահովել մամուլի ազատության բարելավումը, ինչպես քաղաքական փոփոխությունների դեպքում»: Այսպիսով` պարզվում է, որ մամուլի ազատության բարելավման մասով մեր վարչապետը, մեղմ ասած, անկեղծ չէ:

Ինչ վերաբերում է քաղաքական փոփոխություններին, որոնց մասով, ըստ զեկույցի, Հայաստանում մեծ առաջընթաց է արձանագրվել, ապա խոսքն այստեղ 2018-ի ապրիլ-մայիս ամիսների իրադարձությունների մասին է, թեպետ զեկույցը պատրաստված է 2019 թվականի արդյունքներով: Նրանում, ի մասնավորի, ասված է. «Անցած տարում (իմա` 2018թ.-ին-Գ.Բ.) Հայաստանն ավելի մեծ առաջընթացի է հասել ժողովրդավարական վերափոխումների ոլորտում: Բողոքի ակցիաները հանգեցրեցին նոր ընտրությունների եւ բարեփոխական նոր կառավարության, բայց հեռուստաալիքների մեծ մասը սկզբնական շրջանում խուսափում էին լուսաբանել զանգվածային հանրահավաքները»: Զեկույցում հիշատակվող վերափոխումների գլխավոր հերոսը, ըստ էության, ժողովուրդն էր, իսկ «բարեփոխական նոր կառավարության» վաստակը կերեւա, երբ կկենսակոչվեն ժողովրդի ակնկալած բարեփոխումները: Այսօրվա դրությամբ չենք տեսնում ոչ մի բարեփոխում:

Դրա փոխարեն առայժմ լսում ենք «գարշահոտություն տարածող քաղաքական դիակներ», «բացիլներ», «նախագահ կոչվածներ», «վնգստացող դուրսպրծուկներ» եւ նման այլ կարգի արտահայտություններ ու քաղաքական ընդդիմախոսներին «պատերով տալու», «ասֆալտին փռելու» կոչեր: Վենդետաների ու հալածանքների ենթարկելու փորձերի մասին էլ ավելի լավ է չխոսենք: Եվ մի՞թե այս ամենից ժողովրդավարության, մարդու իրավունքների կամ խոսքի ազատության հոտ է գալիս: Բայց Freedom House-ի զեկույցում, այնուամենայնիվ, կա մի փոքրիկ հատված, որը, կարծես թե, հոգեպես ավելի մոտ կլիներ ՀՀ իշխանությունների նկարագրության մեջ: Ահավասիկ` «Վերջին տարիներին ի հայտ են եկել նոր գործիքներ, որոնց միջոցով ոչ ազատական առաջնորդները փխրուն ժողովրդավար համակարգերում փորձում են վերահսկել մամուլը` ապահովելու իրենց իշխանությունը»:

 

Գեւորգ Բրուտենց

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.