Անցած օգոստոս ամսում, որի ընթացքում «Հայացքի» խմբագրակազմն աշխատանքային արձակուրդում էր, ՀՀ ներքաղաքական զարգացումները հիմնականում ծավալվում էին երկու կարեւոր իրադարձության շուրջ, որոնց էլ շարունակաբար կանդրադառնանք: Դրանք՝ առաջին, հայ-ադրբեջանական սահմանային սրացումներն են, որոնք ակնհայտ դարձան դեռեւս նախորդ ամիսներին, եւ երկրորդ՝ օգոստոսի 2-ին մեկնարկած 8-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստերը, որտեղ իշխանություն-ընդդիմություն ներհակությունը մերթընդմերթ հատում էր «կարմիր գծերը»՝ հասնելով ձեռնամարտի: Բայց ամեն ինչի մասին՝ իր հերթին:
Քանի որ մեր նյութի առաջին թեման սահմանային լարվածությունն է՝ հարկ է հակիրճ վերադառնալ դրա ակունքին՝ մայիսի 12-ին ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական զինուժի ներխուժմանը, երբ թշնամին մեծաթիվ զինվորականներով ու զինտեխնիկայով անարգել հատեց ՀՀ սահմանն ու հարմար դիրքավորվեց Սյունիքի մարզի Սեւ լճի, ապաեւ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա եւ Կութ բնակավայրերի տարածքներում, որտեղից հեռանալու մտադրություն մինչ օրս չունի: Հետագայում սահմանի Սոթք-Վերին Շորժա հատվածում հակառակորդի սադրած մարտական գործողությունների արդյունքում զոհվեց երեք հայ զինծառայող, երկուսը՝ վիրավորվեց, իսկ ադրբեջանական կողմը հաղորդեց իր երկու վիրավորի մասին, ըստ երեւույթին, թաքցնելով կորուստները:
Անունակ լինելով սեփական տարածքները սեփական միջոցներով ազատել մի քանի հարյուր «անկոչ հյուրերից» կամ, որպես դիվերսանտների, ուղղակի կալանավորել նրանց, ինչն ավելի տրամաբանական կլիներ, պաշտոնական Երեւանը նախընտրեց ռազմական օգնություն խնդրել ռազմավարական գործընկեր Ռուսաստանից, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ից, որի անդամ է կազմակերպության հիմնադրումից ի վեր՝ 1994 թվականից: Վերջինիս արձագանքը համարժեք չէր, իսկ Ռուսաստանն առաջարկեց մի գործընթաց, որը ներկա պահին ամենավտանգավորն է Հայաստանի համար՝ սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների իրականացում՝ ըստ Ադրբեջանի ներկայացրած քարտեզի: Փոխարենը ՀՀ-ին ռազմական օգնություն առաջարկեցին Ֆրանսիան՝ հայտնելով, որ պատրաստ է հարցը տեղափոխել ՄԱԿ-ի ԱԽ, եւ ԱՄՆ-ն ու Հնդկաստանը, որոնք Ադրբեջանին կոչ արեցին անհապաղ զորքերը դուրս բերել ՀՀ տարածքից:
Օգոստոսի 9-10-ը, թերեւս իր անտարբերության դիմաց փոխհատուցելու նպատակով, աշխատանքային այցով Երեւան էր ժամանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, որը եղավ զորամասերում, ծանոթացավ իրավիճակին եւ զրուցեց զինծառայողների հետ: Արարատի զորամաս կատարած այցի ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կարծիք հայտնեց, որ հայ-ադրբեջանական սահմանային առճակատման քաղաքական կարգավորման հնարավորությունները սպառված չեն, «եւ անհրաժեշտ է շարունակել աշխատանքներն այդ ուղղությամբ՝ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան ձեւաչափով»: Նրա խոսքով՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը մշտապես գտնվում է ՀԱՊԿ-ի տեսադաշտում: «Մենք լրջորեն անհանգստացած ենք նրանով, որ սահմանային բախումները շատացել են: Դա, իհարկե, դժվարացնում է պայմանավորվածությունների կատարումը, որոնք ձեռք են բերվել ՀՀ-ի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների միջեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության դադարեցման եւ այս տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղիներ փնտրելու վերաբերյալ»,- նշել է Զասը:
Որոշ դիտորդների կարծիքով՝ ՀԱՊԿ-ը, որտեղ որոշումն, ըստ էության, ընդունում են երեք պետություն՝ Ռուսաստանը, Ղազախստանը եւ Բելառուսը, խտրական մոտեցում ունի Պայմանագրի անդամ երկրների նկատմամբ: Այսպես՝ տաջիկական-աֆղանական սահմանային լարվածության համատեքստում Ռուսաստանն իր պաշտպանության նախարարի շուրթերով հայտարարել էր Տաջիկստանին անհատույց զենք-զինամթերքի օգնություն ցուցաբերելու եւ տաջիկական բանակը համալրելու մասին: Սա, իհարկե, չի նշանակում, որ Ռուսաստանը Տաջիկստանին սիրում է, իսկ Հայաստանին՝ ոչ: Ուղղակի Ռուսաստանը Աֆղանստանից ավելի մեծ սպառնալիք է տեսնում, քան Ադրբեջանից, դրա համար էլ առաջինին փորձում է զսպել, իսկ երկրորդին անտեսում է: Պետությունների երկակի չափորոշիչների կիրառման առանցքում միշտ էլ եղել են սեփական շահերը:
Լավ-վատ՝ այսօր ՀԱՊԿ-ն է մեր անվտանգության ու սահմանների անձեռնմխելիության երաշխավորը: Նրանք, ովքեր առաջարկում են դուրս գալ ՀԱՊԿ-ից ու մտնել ՆԱՏՕ, պետք է հաշվի առնեն դրա հնարավոր ռիսկերը՝ մասնավորապես այն հանգամանքը, որ ՆԱՏՕ-ում ռազմական ներուժով երկրորդ պետությունը Թուրքիան է, հետեւաբար մեծ է վտանգը, որ ռուս խաղաղապահներին փոխարինելու կգան թուրքերը եւ ընդմիշտ կմնան մեր տարածագոտում՝ Կիպրոսի օրինակը դրա վառ ապացույցն է: Թե ինչպիսի գլխացավանք կարող է լինել հարավկովկասյան տարածաշրջանում մշտապես հաստատված Թուրքիան մեզ համար, դժվար չէ պատկերացնել: Կարճ ասած՝ անձրեւից կազատվենք, կարկուտի տակ կընկնենք:
Հանուն արդարության պետք է ասել, որ Հայաստանի տարածքից ադրբեջանական զինուժի դուրսբերման թեմայով տեղի են ունեցել մի քանի բանակցություններ, որոնք Ադրբեջանի հետ վարում էր Արցախում ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը: Սակայն այդ բանակցություններն արդյունք չեն տվել։ Վերին Շորժայի ուղղությամբ Ադրբեջանի զինված հարձակման հետեւանքով զոհվեց եւս մեկ հայ պայմանագրային զինծառայող, եղան վիրավորներ: Ավելի վաղ՝ մայիսի 27-ին, ադրբեջանցիները Գեղարքունիքի տարածքից գերեվարել էին ՀՀ զինված ուժերի 6 զինծառայողի, որոնք կահավորման աշխատանք էին կատարում մեր սահմանային գոտում: Նույն օրը Կառավարության նիստում միջադեպին անդրադարձել էր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով. «Մենք անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկելու ենք։ Հստակ է մեր պահանջը՝ Ադրբեջանի զինված ուժերը պետք է դուրս գան ՀՀ տարածքից, եւ երկրորդ՝ մենք բոլոր իրավիճակներում լինելու ենք սթափ ու սադրանքների կառավարումն իրականացնելու ենք շրջահայացորեն»:
Այս հայտարարությունից շուրջ 100 օր անց ոչինչ չի փոխվել՝ ադրբեջանական զինուժը շարունակում է մնալ ապօրինաբար ամրացված իր դիրքերում եւ ՀՀ ինքնիշխան տարածքում պարբերաբար հրահրում սադրանքներ, սպառնում, առեւանգում մեր քաղաքացիներին, զբաղվում անասնագողությամբ, իսկ «սադրանքների կառավարումը շրջահայացորեն իրականացնող» մեր իշխանություններն անկարող են որեւէ իրական հակաքայլ ձեռնարկել: Իր հերթին՝ մեր ռազմավարական դաշնակիցը, կարծես թե, ի զորու չէ իրենից թոթափել թուրք-ադրբեջանական ճնշումները: Եվ քանի որ այդպես է, Ադրբեջանն այս ընթացքում լարվածության օջախը մի քանի անգամ տեղափոխել է սահմանի մեկ այլ հատված՝ Երասխում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որտեղ թշնամին ամրաշինական աշխատանքներ էր իրագործում՝ փորձելով մարտական դիրքերն առաջ բերել։
Ընդհանրապես՝ Երասխի թիրախավորումը պատահական չէ. այն ոչ միայն Հայաստանի հյուսիսն ու հարավը՝ այդ թվում հատկապես Հայաստանն ու Արցախը միմյանց կապող տրանսպորտային կարեւոր հանգույց է, այլեւ միջպետական ավտոճանապարհ, որով Երեւանը դուրս է գալիս իրանական սահման, այնտեղից էլ՝ Միջին Արեւելքի երկրներ: Երասխի ուղղությամբ Ադրբեջանը հիմնական նպատակ է հետապնդում՝ արգելափակել Հայաստանի ելքը ինչպես դեպի Սյունիք ու Արցախ, այնպես էլ դեպի արտաքին աշխարհ: Այդ նպատակին է Ադրբեջանը ցանկանում ծառայեցնել նաեւ անկլավային Տիգրանաշենը (Քյարքի)՝ համարելով, որ այն արդեն իր գրպանում է, եւ վատ չէր լինի «իրենով անել» նաեւ Երասխը՝ իբրեւ պահեստային տարբերակ: Չէ՞ որ ախորժակն ուտելիս է բացվում:
Զուգահեռաբար՝ թշնամին ուժեղացնում է Արցախի դեմ ճնշումները: Օգոստոսի 12-ին Ռուսաստանի ՊՆ-ը հաստատել է Ադրբեջանի զինված пւժերի կпղմից հայկական դիրքերի пւղղпւթյամբ հարվածային անօդաչпւ թռչпղ սարքեր կիրառելпւ վերաբերյալ Արցախի ՊԲ-ի նախօրեին տարածած հաղորդագրությունը։ ՌԴ պաշտպանական գերատեսչության փաստաթղթում մասնավորապես ասված է. «Ադրբեջանի զինված пւժերը հարվածային տեսակի ԱԹՍ-ների կիրառմամբ երկпւ հարված են հասցրել ԼՂ զինված կազմավпրпւմների դիրքերի пւղղпւթյամբ։ Ռпւսական խաղաղապահ զпրախմբի հրամանատարпւթյпւնը միջпցներ է ձեռնարկել իրավիճակի հետագա էսկալացիան թпւյլ չտալпւ համար: Անցկացվпւմ է հետաքննпւթյпւն»: Այդ օրերին ադրբեջանական զինուժը՝ խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, տարբեր տրամաչափի հրազենային զինատեսակներից, այդ թվում՝ հաստոցավոր հակատանկային նռնականետից (ՀՀՆ-9) կրակ է բացել Արցախի Շոշ-Մխիթարաշեն հատվածի ուղղությամբ: Օգոստոսի կեսերից սկսած՝ Ադրբեջանը Հայաստանում եւ Արցախում հարձակումների թիրախը դիրքերից փոխադրել է հայկական սահմանամերձ բնակավայրերի կողմը:
Սակայն ռազմական գործողությունները բոլորը չեն: Հատկապես Արցախի նկատմամբ Ադրբեջանը կիրառում է նաեւ գոյութենական եւ այլ բնույթի ներգործության միջոցներ, օրինակ՝ Ստեփանակերտում ջրի, էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատումներ, մարդկանց առեւանգման, նրանց տեղաշարժի սահմանափակման փորձեր: Նպատակը մի դեպքում հայ ազգաբնակչության համար կենսագործունեության անտանելիության, վախի մթնոլորտի ստեղծումն է, մյուս դեպքում արցախցիների ու ռուս խաղաղապահների միջեւ փոխադարձ անվստահության սերմանումը, երրորդ դեպքում խուճապի ու արտագաղթի գեներացումը եւ, որպես հետեւանք, Արցախի հայաթափումը: Պատահական չէ, որ Իլհամ Ալիեւը բազմիցս հայտարարել է, թե ԼՂ հակամարտությունն այլեւս հանգուցալուծված է, իսկ Ղարաբաղի կարգավիճակի օրակարգը՝ մեկընդմիշտ փակված:
Սահմանին հակառակորդի ամենօրյա սադրանքներով պայմանավորված ծանրագույն իրավիճակում, երբ Հայաստանն ու Արցախը, կարծես թե, հայտնվել են ադրբեջանա-թուրքական աքցանում, եւ թունելի վերջում չի նշմարվում լույսի ոչ մի շող, տեղի ունեցավ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարի փոփոխություն՝ ՊՆ գործող նախարար Վաղարշակ Հարությունյանին փոխարինեց ԳՇ պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանը: Օրեր առաջ 3-րդ բանակային կորպուսի ղեկավար կազմի առջեւ այդ զորամիավորման նորանշանակ հրամանատարին ներկայացնելիս նախարարը խստորեն հրահանգեց կասեցնել սահմանը հատելու՝ թշնամու բոլոր փորձերը: «Հակառակորդը չպետք է ոչ մի ձեւ նույնիսկ մտածի ներթափանցել մեր տարածք: Մենք չենք ուզում ոչ մի ուղղության վրա սրացումներ, բայց եթե փորձեցին ներթափանցել մեր տարածք, ես բոլորիդ հրամայում եմ՝ կիրառել բոլոր միջոցները, որ այդ միտումները հաջողության չհասնեն»,- ասել է Կարապետյանը՝ հարուցելով Ադրբեջանի ղեկավարի զայրույթը:
Ալիեւը խորքային համոզմունք ունի, որ ադրբեջանցի զինծառայողն առանձնաշնորհյալ է եւ կարող է՝ որտեղ խելքին փչի, անխոչընդոտ մուտք գործել Հայաստանի պետական սահմանից ներս: Նորանշանակ նախարարի «հանդուգն» հրահանգը Իլհամի համար սառը ցնցուղ էր, իսկ մեզ համար՝ իրավիճակի փոփոխության որոշակի հույսեր. նրա նախորդի օրոք սահմանի մի շարք հատվածներում նույնիսկ չէր թույլատրվում զենք կրել, ինչը, անշուշտ, չէր կարող լինել առանց ՀՀ Գերագույն գլխավորի իմացության: Այդպիսի իրադրությունում էր թշնամին մի քանի կիլոմետր խորացել Սեւ լճի, Սոթքի ու սահմանի մի շարք այլ հատվածներում եւ զբաղեցրել գերիշխող դիրքեր, այդպիսի իրադրությունում էին մայիսի 27-ին Գեղարքունիքի մարզից առեւանգվել մեր 6 զինծառայողները, որոնցից երկուսը, ի դեպ, մինչեւ հիմա չեն վերադարձվել: Այս անգամ՝ Կարապետյանի անսովոր հայտարարությունից շատ չանցած, ադրբեջանական կողմն ավելի հեռուն գնաց՝ օգոստոսի 26-27-ը արգելափակելով Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը (այդ մասին ավելի մանրամասն՝ տես թողարկման «Շաբաթվա անցուդարձը» խորագրի ներքո):
Հավանաբար՝ այն, ինչը չստացվեց Երասխում, հակառակորդը որոշել էր գլուխ բերել Գորիս-Կապան ավտոմայրուղու Կարմրաքարի եւ Շուռնուխի վիճարկելի համարվող մի քանի հատվածներում, որտեղ ճանապարհը՝ զիգզագներ տալով, տեղ-տեղ մտնում է սահմանային չեզոք գոտի, ու դրանով պայմանավորված՝ ավելի խոցելի է: Միայն ռուս սահմանապահների վճռական միջամտության շնորհիվ հաջողվեց դադարեցնել մայրուղու՝ 40 ժամ տեւած «ակցիան»: Այդպիսով՝ մայրուղու արգելափակումը վերացվեց, սակայն վտանգը մնաց, եւ Ադրբեջանը ցանկացած պահի կարող է այն կրկին փակել: Խնդիրը, անտարակույս, հիմնավոր լուծում է պահանջում:
Տարածաշրջանում եւ, մասնավորապես, ՀՀ-ում «խաղաղ զարգացման դարաշրջան» բացելու հավակնություններ փայփայող եւ այդ մասին անընդհատ թմբկահարող Նիկոլ Փաշինյանը Կառավարության օգոստոսի 27-ի նիստում անդրադարձել է Սյունիքի հարավային շրջաններ տանող ճանապարհի խնդրին: Նա ասել է. «Քաղաքական առումով ինձ համար միանշանակ է, որ այդ ակցիան արվել է մեր առաջ քաշած խաղաղության օրակարգին հարվածելու, այդ օրակարգը վարկաբեկելու համար… Մեզ ամուր նյարդեր են պետք։ Եվ մենք մեր ռազմավարական գիծը՝ խաղաղության օրակարգը, պիտի զարգացնենք, առաջ տանենք»։
Լավ է ասված: Մնում է հավելել. տո՛ հեր օրհնած, ինքնուրույն չես կարողանում 50-60 հոգու կողմից փակված մի ճանապարհ բացել, ինչպե՞ս ես պատրաստվում բացել «խաղաղության մի ողջ դարաշրջան»:
Գեւորգ Բրուտենց
(Շարունակելի)