26.11.2024

Аналитика

Հռչակագիր եւ պատասխանատվություն

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Կիրակի օրը` օգոստոսի 23-ին, նշվեց Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 30-րդ տարեդարձը, որը կարեւոր իրադարձություն է հայ ժողովրդի քաղաքական-հասարակական կյանքում եւ նրա պատմության մեջ: Փաստաթուղթը նշանավորեց ՀՀ անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը` մասնավորապես արձանագրելով. «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է՝ օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ»: Անկախության հռչակումից հետո 47 պետություն ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը:

Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի` 1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունած Անկախության հռչակագիրը ոչ միայն հայոց անկախ պետությունը վերականգնելու` մեր ժողովրդի դարավոր երազանքի արտահայտությունն էր, այլեւ նրա երկու հատվածների՝ Հայաստանի ու Արցախի միավորման փաստացի իրողությանն իրավական տեսք տալու փորձ։ Այսինքն` անկախության հիմքերն ի սկզբանե դրվեցին միաժամանակ երկու «հենասյուների» վրա, ինչը ԼՂԻՄ-ին թույլ տվեց մեկ տարի անց հռչակել իր անկախությունը, իսկ Հայաստանն իրական անկախությունը ձեռք բերեց 1991 թվականի սեպտեմբերի 23-ին` Գերագույն խորհրդի որոշմամբ: Դրան նախորդել էր ԽՍՀՄ կազմից դուրս գալու եւ անկախ պետականություն հաստատելու մասին սեպտեմբերի 21-ին անցկացված հանրաքվեն, որին կողմ էր քվեարկել ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների գրեթե 95%-ը:

Այդպիսով` ծնվեց Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, որն ինչ-որ առումով պայմանավորված էր արցախյան խնդրի արդարացի լուծման հրամայականով, քանզի հասարակությունը համոզվել էր, որ Ղարաբաղյան շարժման առանցք հանդիսացող այդ հարցը Խորհրդային Միության շրջանակներում երբեք չի հանգուցալուծվելու: «Ոչ ոք քեզ քո ազատությունը չի տա: Այդ ազատությունը նվաճել է պետք՝ ունենալով քո ձեռքին հզոր զենք, որպիսին ազգային պետությունն է»,- մամուլին ասել է Հռչակագրի տակ ստորագրած Արա Սահակյանը, ով 1990-ին Գերագույն խորհրդի քարտուղարն էր: Զենքն այդ իսկապես հզոր է, սակայն ըստ արժանվույնս չի գնահատվում: Ոմանք նույնիսկ փորձում են ազգային-ժողովրդավարական անկախ պետության վերածննդի հիմքը բերել-հասցնել մինչեւ 2018 թվականի «թավշյա» ապրիլ ամիսը:

Այն հանգամանքը, որ անկախության իրական արժեքը մեզանում հանիրավի անտեսված է, շատերին է մտահոգում: «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, քաղաքագետ Նարեկ Սամսոնյանը համոզված է, որ անկախության սերունդն այդ ուղղությամբ մեծ անելիքներ ունի: Նա վստահ է, որ Հռչակագիրը երբեք գնահատված չի եղել: «Քաղաքական այն առաջնորդները, որոնք` ժամանակին մեծ պատասխանատվություն ստանձնելով, փորձել են իրենց վրա վերցնել Հռչակագրի ընդունման, ստեղծման պարտականությունը, իրենց ուսերին չեն վերցրել դրա կատարման պարտականությունը»,- ասում է Սամսոնյանը: Խնդրին մի փոքր այլ տեսանկյունից է մոտենում իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը` հնչեցնելով հետեւյալ հարցադրումը. «Արդյո՞ք հռչակագիրն ընդունողները գիտակցում էին, թե ինչ է նշանակում անկախություն»:

Հիրավի, անկախության մասին ով ասես` մեծադղորդ խոսքեր է շռայլում, սակայն գործնականում շատ քչերն են խորապես ընկալում նրա խորհուրդը` որպես արժեք: Այդ չընկալվածությունն է թերեւս պատճառը, որ ցայժմ մինչեւ վերջ իրացված չեն փաստաթղթում ներառված մի շարք կարեւոր ուղերձներ: Հակիրճ դիտարկենք ՀՀ անկախության հռչակագրի 12 հոդվածներից մի քանիսը, որոնցում ամրագրված կետերը` լինելով խիստ արդիական ու կենսունակ, կառավարող քաղաքական ուժի անձեռնհասության պատճառով այսօր էլ մնում են իբրեւ «ձայն բարբառո անապատի»: Ավելին` այդ ուժի կողմից պետականակերտման գործընթացը հաճախ ուղղորդվում է դեպի Անկախության հռչակագրի սկզբունքներին, ոգուն եւ փիլիսոփայությանը ներհակ հուն:

Այսպես` Հռչակագրի 6-րդ կետով սահմանված է, որ ՀՀ-ն, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, վարում է անկախ արտաքին քաղաքականություն, անմիջական հարաբերություններ է հաստատում այլ երկրների հետ, մասնակցում միջազգային կառույցների գործունեությանը եւ այլն: Իրականում Հայաստանի վարած արտաքին քաղաքականության, ինչպեսեւ այլ պետությունների հետ փոխհարաբերությունների վիճակը, մեղմ ասած, անմխիթարական է: Միջազգային հարթակներում հայկական դիվանագիտությունն առայժմ միայն պարտություններ է արձանագրում, որոնց քանիցս անդրադարձել ենք, ուստի դրանց թվարկումը, կարծում ենք, միտք չունի: Կամ վերցնենք 7-րդ կետը, համաձայն որի ազգային հարստությունը` հողը, ընդերքը, ջրային եւ այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր ու մշակութային ներուժը, նրա ժողովրդի սեփականությունն է: Սա նշանակում է, որ Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի օրինական ակցիա իրականացնող բնապահպանները ոտքի են ելել` պաշտպանելու ժողովրդի սեփականության իրավունքը, մինչդեռ իշխանությունները ինչ-ինչ նկատառումներով, ոստիկանական ուժի գործադրմամբ, խոչընդոտում են ՀՀ «հպարտ քաղաքացիներին»` սպասարկելով օտարի շահը:

Նույն` օտարի շահին ծառայելու օրինակի հետ գործ ունենք նաեւ Հռչակագրի 11-րդ հոդվածի տրամաբանության համատեքստում: Հակառակ սույն հոդվածի, որի սահմանմամբ` «ՀՀ-ն սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին», այս օրերին ԿԳՄՍ նախարարության լուռ համաձայնությամբ դպրոցական որոշ առարկաներ վերախմբագրվում են թուրքերի քիմքին հաճո ձեւակերպումներով: Ի մասնավորի` «Հայոց պատմություն», «Հասարակագիտություն», «Համաշխարհային պատմություն» դասագրքերի առարկայական չափորոշիչները ներմուծվում են թուրքական հայտնի հայեցակարգից, որը ենթադրում է Հայոց ցեղասպանության, Մեծ հայրենազրկման, պահանջատիրության եւ հատուցման ժխտում: Այստեղ տեղին է հիշեցնել նաեւ, որ Թուրքիայի կողմից ուղղորդվող դրամաշնորհային ծրագրերի քննարկումներին պարբերաբար մասնակցել են հայաստանցի փորձագետներ` այդ թվում Երիտասարդ պատմաբանների ասոցացիայի ղեկավար Լիլիթ Մկրտչյանը, ԿԳՄՍ նախարարության ձեւավորած թիմի անդամ Կարեն Գասպարյանը, ԱԺ իմքայլական պատգամավորներ Սոս Ավետիսյանը, Մարիա Կարապետյանը եւ այլք:

Բայց թեմայից չշեղվելով` դիտարկենք Հռչակագրի եւս մեկ հոդված` 9-րդը, որտեղ ամրագրված է` ՀՀ-ն ապահովում է «խոսքի, մամուլի, խղճի ազատություն, օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների իրավահավասարություն, իրավապահ մարմինների եւ զինված ուժերի ապաքաղաքականացում»: Թե որքանով է գործող վարչակարգն ապահովում խոսքի եւ մամուլի ազատությունը` ծավալուն թեմա է, որին կանդրադառնանք մեկ այլ առիթով: Միայն երկու խոսքով նկատենք, որ ԶԼՄ-ների աշխատանքին տեղի-անտեղի խոչընդոտելը, հեռուստաընկերությունների խմբագրություններ դիմակավորված ոստիկաններ ուղարկելը, լրատվամիջոցների քննադատությունը ֆեյսբուքյան վարձու ֆեյքերի հայհոյախոսություներով լռեցնելը կամ բողոքի օրինական գործողություններն «ասֆալտին փռելու», բռնի ուժով բերման ենթարկելու միջոցով ցրելը, անգամ իշխանությունների հանդեպ մեծ բարեհաճության դեպքում, դժվար է խոսքի ու մամուլի ազատություն համարել:

Նույն եզրակացության ես հանգում նաեւ իրավապահ մարմինների ու զինված ուժերի ապաքաղաքականացվածության հարցում, քանի դեռ ուժայինների «սանձերը» շարունակում են մնալ մեկ մարդու ձեռքում: Բավական է հիշեցնել ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանի, ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի, Զինված ուժերի միանգամից երեք բարձրաստիճան պաշտոնյաների նշանակումները` ելնելով զուտ այդ «մեկ մարդու» նկատմամբ անձնական հավատարմության հատկանիշներից:

Այս ամենը այլ կերպ, քան քամահրանք պետության ծանրակշիռ ուղենիշներից մեկի հանդեպ, չես անվանի: Անկախության հռչակագիր եւ ՀՀ սահմանադրություն: Երկու հիմնարար փաստաթղթեր, որոնք հայկական պետականության երաշխավորն ու իրավական զարգացման հիմքն են: Նմանատիպ արժեքների «վրայով անցնել»` կնշանակի սեփական պետության անվտանգությունը թողնել բախտի քմահաճույքին եւ մեկընդմիշտ կորցնել գործչի ու ղեկավարի ամենակարեւոր զգացումը, առանց որի երկիրը երկիր չի դառնա` պատասխանատվությունը:

 

Գեւորգ Բրուտենց

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.