26.11.2024

Аналитика

Խորհրդարանական ձեռնամարտեր. ընդդիմությունը կուլ տվեց խայծը

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Մեր նախորդ վերլուծականում, որն առաջինն էր աշխատանքային արձակուրդից «Հայացքի» խմբագրակազմի վերադառնալուց հետո, լուսաբանել էինք օգոստոսին տեղի ունեցած սահմանային լարվածության թեման, խոստանալով հաջորդիվ անդրադառնալ նույն ամսվա մեկ այլ կարեւոր իրադարձության՝ օգոստոսի 2-ին մեկնարկած 8-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստերի ընթացքում ծավալված բուռն անցքերին՝ մասնավորապես քաղաքական մեծամասնություն-ընդդիմություն աննախադեպ առճակատմանը, ինչը հանրային դժգոհության մեծ ալիք էր առաջացրել:

Եվ իսկապես, առաջին օրերի տպավորությունը բավական ծանր էր: Ակնհայտ էր, որ կողմերից յուրաքանչյուրը, թերեւս իներցիայի ուժով, խորհրդարանական հարթակ էր բերել նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սղության պատճառով չասված կամ, միգուցե, կիսատ մնացած իր հռետորաբանությունը. իշխանությունը՝ կոշտ ագրեսիան ու բոլոր ձախողումները նախկիններին վերագրելու մանիպուլյատիվ հնարքը, ընդդիմությունը՝ խստագույն, բայց ոչ անհիմն քննադատությունը, որն, ի դեպ, անհարկի՝ երբեմն «համեմվում» էր «հողատու», «դավաճան» բնորոշումներով: Ու սրան գումարած երկուստեք անհանդուրժողությունը: Սակայն մարդիկ հոգնել են այդ ամենից, նրանք ուզում են տեսնել ապագայի ծրագրեր, ռազմավարական հայեցակարգեր ու դրանց իրականացման ուղիներ, անվտանգային երաշխիքներ, այլ ոչ թե անպտուղ լեզվակռիվ կամ, առավել եւս, մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններ:

Փաստորեն սնանկ դուրս եկան ՔՊ-ական իշխանության պնդումները, թե քաղաքական ճգնաժամն ավարտված է, բոլոր հարցերը տրված են, պատասխանները՝ ստացված: «Հպարտ եմ, որ թավշյա հեղափոխությունը եւ դրան հաջորդած արդար ընտրությունները վերջնականապես փակել են իշխանության լեգիտիմության հարցը եւ ընդդիմությանն ու իշխանությանը հնարավորություն տվել ծավալել կոշտ, բայց հանդուրժող բանավեճեր»,- նոր խորհրդարանի ձեւավորման երկրորդ օրը հայտարարել էր ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրված Ռուբեն Ռուբինյանը: Իրականում հասարակական-քաղաքական ճգնաժամը, որի մասին շատ էր խոսվում, ոչ միայն չհաղթահարվեց, այլեւ ավելի խորացավ, իսկ բազմաթիվ հարցեր՝ ավելի խճճվեցին: Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունը, այդպիսով, ի զորու չեղավ իրականացնել հանրության սպասելիքները: Քաղաքացու կյանքում, ըստ էության, ոչինչ չփոխվեց:

ՀՀ ընտրողների ընդամենը քառորդ մասի՝ 24-25 տոկոսի քվեներով վերընտրված իշխանությունը՝ շահարկելով ժողովրդի անունն ու, իբր, նրանից ստացած «պողպատե մանդատը», շարունակում է պարտության տանել երկիրը: Փորձագիտական բազմաթիվ շրջանակների գնահատմամբ՝ ընտրակեղծիքներով պետության ղեկին վերատիրացած անձը պատրաստվում է նույն ժողովրդի թիկունքում նոր նվաստացուցիչ փաստաթղթեր ստորագրել հօգուտ թուրք-ադրբեջանական տանդեմի՝ վտանգի ենթարկելով հայոց պետականության բուն գոյությունը եւ սերունդների ապագան: Օրենքի եւ իրավունքի դիկտատուրայի սուտ հավաստիացումների շղարշի տակ ներհայաստանյան կյանքում հաստատվել է ուժային կառույցները «բռի մեջ» հավաքած մեկ մարդու դիկտատուրա:

Օրեօր ամրացող իրավական կամայականությունների, ամենաթողության մթնոլորտում քաղաքական հետապնդումների թիրախ են դարձել ընդդիմադիր շատ գործիչներ, իշխանության քիմքին անհաճո անձինք, մինչեւիսկ՝ ԱԺ պատգամավորներ, որոնք նույն օրենքի ու իրավունքի ոտնահարմամբ հայտնվել են կամ ցանկացած պահի կարող են հայտնվել ճաղերի հետեւում: Խոսքի արժեքը կտրուկ ընկել է, ստի սահմանը՝ կտրուկ ընդլայնվել: Մարդու աչքը ընտելացել է կորստին՝ հայրենիքի, անգամ հարազատ զավակի կորստին: Խաթարվել է իրավիճակի համարժեք ընկալումը: Հերոսն արհամարհվում է, վախկոտն ու ստախոսը՝ մեծարվում: Քենը շատացել է, գութը՝ նվազել: Տեղի ունեցողը կարելի է ձեւակերպել հետեւյալ կերպ՝ արժեքների վերաիմաստավորում «ծուռ հայելու» մեջ: Հասարակությունը զրկվել է շատ թանկագին մի բանից, որին չգիտես էլ ինչ անվանել՝ հոտառությո՞ւն, բնա՞զդ, ոգեղենությո՞ւն…

Ահա այսպիսի իրադրության հենքին ձեւավորվեց նոր խորհրդարանը՝ անջրպետված հին ու նոր դեմքերով, հին ու նոր հայացքներով, յուրաքանչյուրը մեղքի իր «օժիտով», մյուսին ուղղված մեղադրանքի իր շարժառիթով: Ու բախումը, բնականաբար, անխուսափելի էր: Առաջին նիստի հակիրճ նկարագրությունը բավական է՝ ցույց տալու համար, թե ինչպես էին խմորվում զարգացումները: «Հայաստան» խմբակցությունը, ի նշան բողոքի, նիստին ներկայացել էր միանման շապիկներով, որոնց վրա դաջված էին դաշինքի ապօրինաբար կալանավորված պատգամավորների՝ Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանի եւ Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի դիմապատկերները: Խորհրդարանի նոր անդամներին գրանցելուց հետո նիստը շարունակվեց ընդդիմություն-իշխանություն փոխբացասող ելույթներով:

«Հայաստան» դաշինքի անունից խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը պահանջեց ապահովել երկու պատգամավոր գործընկերների ներկայությունը, որպեսզի կարողանան կատարել իրենց սահմանադրական պարտականությունները: Նույն խմբակցությունից Արմեն Ռուստամյանն էլ հավելեց. «Եթե մենք ձեւացնում ենք, որ ոչինչ չի եղել, հանգիստ կարելի է այսպես սկսել ու անցնել օրակարգին, անտեսել այն ամենը, ինչ կատարվել է, ապա նման սկիզբը մեզ լավ տեղ չի հասցնի»: Զաքարյանին եւ Սարգսյանին կալանքից ազատ արձակելու՝ «Հայաստան»-ի պահանջին միացավ նաեւ խորհրդարանական մյուս ընդդիմադիր բեւեռը՝ Արթուր Վանեցյանի գլխավորած «Պատիվ ունեմ» դաշինքը, որին մաս է կազմում Հանրապետականը:

«Խոսքի տակ» չմնացին նաեւ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները: Նախ ՀՀ կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանն ակնարկեց, որ ընդդիմության կողմից առաջադրված՝ ԱԺ փոխխոսնակի թեկնածությունը չի կարող անցնել առանց ՔՊ-ից «ձայներ մուրալու», ապա պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ անդրադառնալով ստերի մեջ իրենց թիմին ուղղված մեղադրանքներին, նշեց, որ ստելն իրենք «նախկիններից» են սովորել: ՔՊ-ական գործընկերների ելույթներն ամփոփեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի վերընտրված նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ առաջարկելով նախ ձեւավորել ԱԺ մարմինները, որից հետո կքննարկեն մյուս հարցերը: «Տվյալ պարագայում մենք գործ ունենք իրավիճակի հետ, երբ արարքները, որոնք վերագրվում են պատգամավորական մանդատ ստացած անձանց, տեղի են ունեցել մինչեւ մանդատ ստանալը եւ որպես թեկնածու՝ նրանց անձեռնմխելիությունը հաղթահարվել է ԿԸՀ-ի որոշումներով»,- նշեց Վարդանյանը:

Նիստը նախագահող ավագագույն պատգամավոր Կնյազ Հասանովը երկար ժամանակ չէր կարողանում կարգի հրավիրել պատգամավորներին եւ անցնել օրակարգի հարցերի քննարկմանը՝ հաշվիչ հանձնախմբի ստեղծում, մշտական հանձնաժողովների ձեւավորում եւ այլն: «Հայաստան» խմբակցության պատգամավորները վարման կարգի վերաբերյալ իրենց խոսքի իրավունքը սահմանափակելու համար սկսեցին բռունցքներով հարվածել սեղաններին ու աղմկել՝ ասես փորձելով ՔՊ-ականների դեմ գործածել ՔՊ-ական ամբոխավարությանը հատուկ տարրեր: «Դա ձերը չէ, տղերք, մեկ է՝ պարտվելու եք իշխանության էժանագին պուպուլիզմի առաջ… Եթե ուզում եք հեղինակություն ունենալ, ապացուցեք ժողովրդին, որ իշխանության ձգտող հերթական քաղաքական կառույցը չեք»,- այդ օրը ֆեյսբուքյան իր էջում գրեց մեդիափորձագետ, լրագրող Նաիրի Հոխիկյանը: [Հոխիկյանը նկատի ուներ, որ «Հայաստան» դաշինքի պարագայում պոպուլիստական մարտավարությունը չի աշխատի, քանի որ Քոչարյանի քաղաքական թիմը չի կարող այնքան բնական խաղալ, ինչպես ՔՊ-ականները]:

Ութերորդ գումարման խորհրդարանի մեկնարկն իսկապես անհաջող ստացվեց: Փորձառու Ռուստամյանի կանխագուշակման իրականացումը, թե «նման սկիզբը մեզ լավ տեղ չի հասցնի», շատ չուշացավ: Օգոստոսի 3-ին «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Աննա Մկրտչյանը կոշտ քննադատության ենթարկեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի թեկնածության առաջադրումը՝ նշելով, որ նա որոշակի ժամանակահատված անցկացրել է Թուրքիայում, ինչը խնամքով թաքցված է կենսագրությունից: Մկրտչյանը չբացառեց, որ «Օմեգա» մականվամբ թուրքի լրտես-նախագահ ունեցած խորհրդարանում այս անգամ էլ իշխող ուժը կարող է առաջարկել թուրքի լրտես-փոխնախագահի: ՀՀԿ-ական պատգամավորն այնուհետեւ մի քանի տիպական արտահայտություններ «բաց թողեց» վարչապետի աթոռը զբաղեցրած անձի հասցեին, ինչից հետո նա ԱԺ նախագահի կողմից մեկ նիստի սահմանում զրկվեց խոսքի իրավունքից: Դահլիճում աղմուկը խտացավ, հնչեցին բուռն արձագանքներ, փոխադարձ մեղադրանքներ, վիրավորանքներ:

ԱԺ-ում գնալով թեժանում էր իշխանություն-ընդդիմություն դիմակայությունը, որն իր գագաթնակետին հասավ արդեն օգոստոսի 24-25-ի նիստերի ընթացքում, երբ Փաշինյանը խորհրդարան քննարկման էր բերել Կառավարության հնգամյա ծրագիրը: Նիստերի դահլիճում երկու օր շարունակ կրքերը չէին հանդարտվում, եւ բազմաչարչար հայ հասարակությունը ականատես եղավ խայտառակ մի տուրուդմփոցի՝ «անօդաչու թռչող շշերի» կիրառմամբ: Դիտորդների, ինչպեսեւ սոցցանցերում տարածված տեսանյութերի վկայությամբ՝ երկօրյա խորհրդարանական ձեռնամարտերը սադրել էր իշխանությունը՝ հետապնդելով երկու հստակ նպատակ՝ ա/ քաղաքացիների ուշադրությունը շեղել երկրի իրական խնդիրներից ու մարտահրավերներից, բ/ ԱԺ ընդդիմության հետզհետե աճող ակտիվությունը մաշեցնել ծեծկռտուքների, քաշքշուկների, մանր վիճաբանությունների, մեջ՝ միաժամանակ ընտրողների աչքի առջեւ վարկաբեկել ընդդիմադիր գործիչներին, ամեն ինչ անել նրանց բովանդակային ելույթները լռեցնելու համար:

Իշխանությունները, թերեւս, հիմնավոր մտավախություն ունեն, որ խորհրդարանական հարթակին տիրապետող ընդդիմությունը կարող է հեռուն գնալ: Նա «կարմիր գծեր» չի ճանաչում, գործարքի չի գնում եւ, դրանով իսկ, խիստ վտանգավոր է դառնում երեք տարվա ընթացքում մեղքերի ու ձախողումների ահռելի բեռ կուտակած, պարտության համաձայնագիր ստորագրած իշխանության համար: ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների մի շարք ներկայացուցիչներ եռանդագին նյութեր են հավաքում, քրքրում ինչ-որ պահոցներ, վերհանում թեմաներ՝ այդ թվում «5 միլիարդի», պետական դավաճանության թեմաները: Իշխանությանն անգամ չի հաջողվում արգելել այդ նզովյալ «կապիտուլյանտ» արտահայտությունը, որից ՔՊ-ական բոմոնդը ամենաշատն է խորշում: Նրան մնում էր լավ նախապատրաստված դիպաշարով սադրանք հրահրել ԱԺ նիստերի դահլիճում, եւ ընդդիմությունը, կարծես թե, խայծը կուլ տվեց:

Նույնիսկ Սեյրան Օհանյանի նման հավասարակշռված, ամուր ջղերով մարդը դուրս եկավ հունից, երբ «Շիշ բռնող» մականունով մեկը, որը բանակի մասին մոտավոր պատկերացում ունի, ԱԺ ամբիոնից հարգված զորավարին ու Արցախի հերոսին դիմեց նվաստացուցիչ «արա»-ով: Դա գագաթնակետն էր, որին հետեւեց առաջին պոռթկումը եւ առաջին օդ թռած շիշը դիպավ ամբիոնին ու ցած ընկավ: Դրանից հետո դահլիճում երկու ճամբարի բաժանված պատգամավորների միջեւ զանգվածային «շշանետումների» մի ամոթալի իրարանցում սկսվեց, որի ընթացքում մի քանի մարդ վնասվածք ստացավ: Ավելի վաղ տարբեր վնասվածքներ էին ստացել ընդդիմադիր պատգամավորներ Աննա Մկրտչյանը, որին՝ «կապիտուլյանտ Նիկոլ» ասելու համար ՊՊԾ աշխատակիցները բիրտ ուժի կիրառմամբ դուրս էին հանում նիստերի դահլիճից, Արծվիկ Մինասյանը, որը փորձում էր պաշտպանել բռնության ենթարկվող կին պատգամավորին, Վահե Հակոբյանը, որի վրա՝ հենց ելույթի պահին, հարձակվեցին մեկ տասնյակի չափ ՔՊ-ականներ ու նրան «դաս տվեցին», եւ էլի ուրիշներ:

«Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի գնահատականով՝ Փաշինյանի անմիջական ուղղորդմամբ եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրահանգով խորհրդարանի դահլիճում ՊՊԾ աշխատակիցների կատարած գործողություններում առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ: ՊԶՄԿ-ն գրում է. «Առավել զարհուրելին այն էր, որ նշված հանցագործության եւ պառլամենտարիզմի խարխլման հերթական դեպքից հետո Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից ուղղակի քաջալերեց Պետական պահպանության ծառայության աշխատակիցների գործած հանրորեն վտանգավոր արարքները եւ շնորհակալություն հայտնեց լավ ծառայության համար»:

Միջադեպին անդրադարձել էին նաեւ պետական ու ոչ պետական մի շարք այլ կառույցներ, հասարակական-քաղաքական գործիչներ, քաղաքագետ-վերլուծաբաններ: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խիստ դատապարտելի է համարում ԱԺ ընդդիմադիր խմբակցության կին պատգամավոր Աննա Մկրտչյանի նկատմամբ «մեծաքանակ զինվորականների ներգրավմամբ գործադրված բռնությունը»: «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր դաշինքների տարածած համատեղ հայտարարության մեջ ասված է. «Հայաստանում բռնության քարոզն ու ատելության մթնոլորտն ունեն մեկ աղբյուր՝ դա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»:

Եվ վերջում հատկանշական մի նրբերանգ, ու ավարտենք. երբ այս գզվռտոցներից առաջ լրագրողները ԱԺ ժամանած Փաշինյանից հետաքրքրվել էին, թե չի՞ նեղվում արդյոք ընդդիմադիրների ելույթներին իր թիմակիցների կոշտ արձագանքներից: Վերջինս սառնասրտորեն պատասխանել է. «Իմ թիմակիցները բավական մեղմ են արձագանքում»։ Սա, ըստ երեւույթին, թիմակիցներին ուղղված մեսիջ էր, որը նշանակում է՝ ժամանակն է անցնելու ավելի «ակտիվ» գործողությունների: Ինչը եւ պահանջվում էր ապացուցել:

 

Գեւորգ Բրուտենց

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.