Օգոստոսի 2-ին մեկնարկած՝ ութերորդ գումարման Ազգային ժողովում արտասովոր իրավիճակ է ստեղծվել: Խորհրդարանի ամենաառանցքային օղակներից մեկը՝ Պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովը, ավելի քան երկու ամիս չի կարողանում հանձնաժողովի փոխնախագահ ընտրել: Բանն այն է, որ տվյալ պաշտոնը բաշխվում է խորհրդարանական ընդդիմությանը հասանելիք քվոտայով՝ համաձայն Դոնթի բանաձեւի, եւ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն այդ տեղի համար առաջադրեց մասնագիտությամբ իրավաբան Արթուր Ղազինյանի թեկնածությունը: Սակայն ընդդիմության թեկնածուն այնքան էլ հանձնաժողովի ՔՊ-ական անդամների եւ, հատկապես, նախագահ Անդրանիկ Քոչարյանի սրտովը չէր, եւ առաջին իսկ նիստում մի քանի ձեւական հարցերից, տրտունջներից հետո նրա թեկնածությունը մերժվեց: Այդ օրվանից էլ սկսեց Ղազինյանի գողգոթան: Բայց ամեն ինչի մասին՝ հերթով:
Օրենքի պահանջը հետեւյալն է. իր թեկնածուի չհաստատվելու դեպքում խմբակցությունը հնգօրյա ժամկետում առաջադրում է նոր թեկնածու կամ՝ դարձյալ նույն թեկնածուին: «Հայաստան» դաշինքը գնաց երկրորդ տարբերակին՝ հաջորդ նիստի քննարկմանը նոր թեկնածու չներկայացրեց, Ղազինյանի թեկնածությունը թողեց ուժի մեջ: Քաղաքական մեծամասնությունը նույնպես չփոխեց իր որոշումը՝ ընդդիմությանը խորհուրդ տալով խմբակցությունից մեկ այլ թեկնածուի ներկայացնել եւ չխոչընդոտել հանձնաժողովի բնականոն գործունեությանը: «Հայաստան» դաշինքը, իհարկե, չօգտվեց Անդրանիկ Քոչարյանի խորհրդից եւ արդեն երրորդ անգամ հանձնաժողովի փոխնախագահի՝ օրենքով ընդդիմությանը հատկացված պաշտոնում առաջադրեց նույն թեկնածուին՝ հասկացնելով, որ չի տրվելու ՔՊ-ականների ճնշումներին եւ երբեք հետքայլ չի կատարելու: Իշխանությունն, իր հերթին, «դեմ» քվեարկությամբ հասկացրեց, որ ինքն է դրության տերը, հետեւաբար՝ կստիպի ընդունել խաղի իր կանոնները:
Սակայն ընդդիմադիր խմբակցությունը պակաս «կողահաստը» չէր՝ հետագա եւս երեք «հնգօրյա» ժամկետների շրջանակում դաշինքը պնդեց Ղազինյանի թեկնածությունը, բայց վերջինիս չորրորդ-հինգերորդ-վեցերորդ փորձերը դարձյալ չհաջողեցին՝ ԱԺ քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները շարունակում էին իրավաբան պատգամավորից անառիկ պահել հանձնաժողովի նախագահի տեղակալի աթոռը: Երանի նույնպիսի համառությամբ ու հետեւողականությամբ անառիկ պահվեին մեր պետական սահմանները, որտեղ ներթափանցած թշնամին արդեն շուրջ 5 ամիս մակաղել է Սեւ լճի մերձակայքում եւ այնտեղից դուրս գալու միտք չունի: Պետության ինքնիշխանությունը վտանգված է, անվտանգությունը՝ լրջորեն խաթարված, իսկ պաշտպանության համակարգի խորհրդարանական հանձնաժողովը եւ նրա նախագահը ձայն-ծպտուն չեն հանում…
Բայց չշեղվենք բուն թեմայից՝ փորձենք հասկանալ, թե ինչով է Արթուր Ղազինյանի կերպարն անընդունելի Անդրանիկ Քոչարյանի ու մյուս ՔՊ-ականների համար եւ մինչեւ ո՞ւր է հասնելու շատ պարզ մի հարցի շուրջ վերը նկարագրված անհամաչափ առճակատումը: Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովին մեղադրում է անգործության մեջ: «Երկու ամսվա ընթացքում միակ հարցը, որ ամեն անգամ քննարկվում է, եւ եզրակացության չենք հանգում, դարձել է պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրությունը: Այդ ընթացքում հանձնաժողովում օրակարգ չի բերվել պաշտպանական, անվտանգային բնույթի որեւէ նախագիծ, որեւէ օրենսդրական նախաձեռնություն»,- ասել է Մանուկյանը:
Լրագրողների հարցին ի պատասխան՝ նույն թեման շոշափել է նաեւ Արթուր Ղազինյանն ինքը՝ հաստատելով գործընկերոջ տեսակետը: Ըստ նրա, զուտ արարողակարգային հարց քննարկելու համար հոկտեմբերի 4-ի դրությամբ արդեն 6-րդ նիստն են անցկացրել «եւ խնդիր, որ կապված լինի երկրի պաշտպանության ու անվտանգության հետ, չենք ունեցել»: Ի դեպ, նախորդ՝ սեպտեմբերի 28-ի նիստում Ղազինյանը նպատակահարմար էր գտնում հանձնաժողովի նիստի օրակարգում ներառել եւս մեկ հարց: Այն վերաբերում էր օրեր առաջ ակտիվորեն շրջանառվող եւ ցայսօր չհերքված այն տեղեկությանը, որ պատերազմի 10-րդ օրը՝ հոկտեմբերի 7-ին, ՌԴ-ն առաջարկել էր կռիվը կանգնեցնել, բայց ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը չէր համաձայնվել: Պատգամավորն ուշագրավ տվյալ էր ներկայացրել՝ հիմնավորելով հարցի կարեւորությունը: Ըստ այդմ՝ հոկտեմբերի 7-ին մեր զոհերի թիվը 356 էր, այսինքն՝ ներկայում պաշտոնապես հայտարարված թվից ավելի քան 10-ն անգամ պակաս:
Ղազինյանն առաջարկում էր պաշտպանության հանձնաժողովի կազմում ստեղծել ենթահանձնաժողով՝ պարզելու համար հոկտեմբերի 7-ին պատերազմը չկանգնեցնելու հանգամանքները, դրդապատճառները, որոշմանը մասնակցած սուբյեկտների շրջանակը, նրանց իրավասության մակարդակը եւ այլն: «Մեր ժողովուրդն իրավունք ունի իմանալու՝ հանուն ում եւ հանուն ինչի են զոհվել 3.600-ից ավելի մեր զինվորները»,- ասել է նա: Անդրանիկ Քոչարյանը մերժեց այդ հարցն օրակարգ ներառելու՝ պատգամավորի նախաձեռնությունը՝ փոխարենն առաջարկելով այն քննարկել արտահերթ նիստով: Անշուշտ, նիստով ավելի ապահով է՝ յուրայինների մեծամասնության քվեարկությամբ ցանկացած հարց հեշտ է փակել, իսկ խայտաբղետ կազմով անկանխատեսելի ենթահանձնաժողովը կարող է գլխացավանք դառնալ: Տարօրինակ է, որ իշխանությանը չի հետաքրքրում, թե ինչու Գերագույն գլխավոր հրամանատարը մերժեց ՌԴ-ի հոկտեմբերի 7-ի առաջարկը, ինչը երեքուկես հազարից ավելի հայ զինծառայողի կյանք արժեցավ:
Կարծես թե հստակություն է մտցվում նաեւ այն հարցում, թե ինչու իշխանությունն Արթուր Ղազինյանին ոչ մի կերպ մոտ չի թողնում պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնին: Ապիկար իշխանության դիրքերը սասանելու առումով վտանգավոր հղացումներով է ընդդիմադիր պատգամավորը պատրաստվում անդամակցել այդ հանձնաժողովին եւ չի էլ թաքցնում, թե երկրի անվտանգությանն առնչվող ինչպիսի հանցավոր բացթողումներ է մտադիր հանել ջրի երես: Բնականաբար, իշխանությունը չի կարող այդպիսի «շռայլություն» թույլ տալ իրեն եւ արդեն ծրագրել է անելիքը. «Եթե առաջիկա մեկ ամսվա ընթացքում հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում կրկին առաջադրվի նույն թեկնածուն եւ կրկին չընտրվի, հարկադրված կլինենք առաջարկել ՔՊ խմբակցությանը՝ հանդես գալ նախաձեռնությամբ եւ հարցը կարգավորել իրավական ճանապարհով. այն հաշվով, որպեսզի նույն անձը երկու անգամ չընտրվելու դեպքում իրավասու խմբակցությունը առաջադրի նոր թեկնածու»,- հայտարարել է Անդրանիկ Քոչարյանը:
Փաստորեն խորհրդարանական մեծամասնությունը հանձնաժողովի նախագահի շուրթերով զգուշացնում է՝ եթե ընդդիմությունը եւս մեկ անգամ առաջադրի Արթուր Ղազինյանին, եւ նա դարձյալ չընտրվի, ապա ՔՊ-ն կարող է ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ նախաձեռնելու միջոցով սահմանափակել նույն անձի առաջադրումը երկու կամ երեք անգամվա շրջանակում, որից հետո օրենքը իրավասու խմբակցությանն արդեն կստիպի հաստատման ներկայացնել նոր թեկնածուի: Պարզ ասած՝ ուզածին հասնելու համար իշխանությունը պատրաստ է անգամ օրենք փոխել՝ այն հարմարեցնելով իր քիմքին: Սա ՔՊ-ական իշխանակարգին յուրահատուկ գործելակերպ է, որը հաճախ է կիրառության մեջ դրվում անհաճո անձանցից ձերբազատվելու կամ նրանց պատժի ենթարկելու համար:
Վերջին նմանօրինակ «օրենսդրական» ձեռնարկին հանրությունն ականատես եղավ այս տարվա մարտի 24-ին, երբ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց խորհրդարանի այն ժամանակվա փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած՝ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով եռակի բարձրացվեցին վիրավորանքի ու զրպարտության համար նախատեսված նյութական վնասի հատուցման չափերը. վիրավորանքի համար՝ մինչեւ 3 միլիոն դրամ, գործող 1 միլիոնի փոխարեն, իսկ զրպարտության դեպքում՝ մինչեւ 6 միլիոն դրամ, գործող 2 միլիոնի փոխարեն։ Նախագծի հեղինակը հիմնավորել էր, որ փաստաթուղթը «անձանց համար կապահովի լրացուցիչ երաշխիքներ արժանապատվությունը կամ գործարար համբավը ոչ միայն ֆիզիկական անձի, այլեւ զանգվածային լրատվական միջոցների կեղծ կամ վիրավորական ոտնձգություններից պաշտպանելու համար»:
Շատերի համար, սակայն, ակնհայտ էր, որ օրինագծի գլխավոր շահառուն գործող իշխանությունն է եւ, մասնավորապես, ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը, որի հասցեին տեղեկատվական մի շարք խողովակներով ամեն օր ցասում ու հայհոյախոսություն է գեներացվում: Քաղաքացիական հասարակությունն իրավացիորեն քննադատել է օրենքը՝ մտավախություն հայտնելով, որ այն կարող է չարաշահվել մեծ տուգանքներ գանձելու եւ անկախ մեդիա կազմակերպությունների վրա քաղաքական ճնշում բանեցնելու նպատակով։ Տեղեկատվության ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը վստահ էր, որ փոփոխությունները մահակ են դառնալու լրատվամիջոցների դեմ, իսկ զրպարտանքը շարունակելու է տարածվել սոցցանցերի անանուն պրոֆիլներից. «Մենք հայտարարել ենք, որ սա զուտ քաղաքական նկատառումներով առաջ քաշված եւ շրջանառված նախագիծ է, որը որեւէ կերպ չի կարող նպաստել անպատասխանատու լրագրության, ապատեղեկատվության կամ զրպարտության եւ վիրավորանքի դեմ պայքարին»,- նշել է Դոյդոյանը:
Նախագիծն ԱԺ-ում ընդունվելուց որոշ ժամանակ անց հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանությունը փնտրում է սոցիալական ցանցերից մեկի՝ «Հրանտ Ավետիսյան» անունով օգտատիրոջը, որը Ֆեյսբուքում Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ վիրավորական մեկնաբանություն էր գրել։ Այս դիպվածին անդրադարձել է նաեւ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը՝ ՀՀ իշխանություններին հորդորելով չեղարկել զրպարտության եւ վիրավորանքի համար փոխհատուցման չափը բարձրացնող օրենքը: Հեղինակավոր իրավապաշտպան կառույցը մեր իշխանություններին հիշեցնում է երկրում մամուլի ազատությունն ու, ընդհանրապես, ազատ կամարտահայտության իրավունքը պաշտպանելու՝ նրա հանձնառությունը։ «Ցավալի է, որ Հայաստանի կառավարությունն աջակցում է տուգանքների պրակտիկային, որոնք ճնշում են ազատ կամարտահայտումն ու սպառնում երկրի լրատվամիջոցների ֆինանսական կենսունակությանը»,- ասված է Freedom House-ի հայտարարությունում։
Խոսեցինք երկու դրվագի մասին՝ առաջին հայացքից միմյանց հետ ոչ մի առնչություն չունեցող: Առաջին դրվագում իշխանությունն օրենսդրորեն ամրապնդում է սեփական դիրքերը՝ զսպելով քաղաքական ընդդիմախոսների հավակնությունները, իսկ երկրորդում օրենքն օգտագործում է քննադատություններից, կշտամբանքներից, ինչու չէ, նաեւ հայհոյանքից իրեն ապահովագրելու համար: Մի դեպքում օրենքն իշխանությանը ծառայեցվում է որպես ուղեփակոց, մյուս դեպքում՝ որպես պատվար: Բռնապետական հակումներ ունեցող իշխանության ամենասիրած զբաղմունքը անընդհատ օրենքներ փոխելն է ի նպաստ անձնական բարեհարմարության: Իշխանությունը չպետք է նզովքից ու հայհոյանքից պատսպարվի խստացվող օրենքի հետեւում: Նա պետք է ջանա այնպես դրսեւորվել կյանքում եւ աշխատանքում, որպեսզի քաղաքացին հպարտանա իր ընտրած իշխանությամբ, այլ ոչ թե հայհոյի նրան: Կարճ բանաձեւմամբ՝ իշխանությո՛ւնը պետք է ծառայի օրենքին, այլ ոչ թե հակառակը:
Գեւորգ Բրուտենց