26.11.2024

Аналитика

Գնում ենք դեպի ոստիկանապետություն

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Մի քանի օր առաջ երեք երիտասարդ Ազատության հրապարակից բերման էին ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին: Երեքն էլ՝ իրենց հանդեպ անհամաչափ ուժ կիրառելու պատճառով, մարմնական տարբեր վնասվածքներով էին, տղաներից մեկի վերնաշապիկը պատռոտված էր, մյուսը, որ 44-օրյա պատերազմից ողնաշարի խնդիր էր հետը բերել, ուժեղ հարվածներից չէր կարողանում ուղղել մեջքը: Ո՞րն էր բերման ենթարկվածների մեղքը, ինչո՞ւ ոստիկանները դիմեցին բիրտ ուժի: Ականատեսների պատմելով՝ երիտասարդները հասարակական կարգ չէին խախտել եւ չէին ընդդիմացել կամ վիրավորել օրենքի պահապաններին:

«Ստարմուս» միջազգային փառատոնի շրջանակում կազմակերպված համերգից նոր-նոր դուրս եկած՝ նրանք իրենց տներն էին վերադառնում: Ժամը 23-ի մոտերքն էր: Հրապարակը բավական մարդաշատ էր. մարդիկ հաճելի երեկո էին անցկացնում: Տղաների ու աղջիկների մի ուրախ խումբ՝ շուրջպար բռնած, ազգային-հայրենասիրական երգեր էր երգում ու զվարճանում: Երիտասարդները, որ 5 րոպե չանցած՝ պիտի բերման ենթարկվեին, միանում են խմբին եւ խրոխտահունչ ձայնակցում «Հայե՛ր, միացեք» երգին: Խմբի հանպատրաստից կատարմանը մարդիկ արձագանքում էին համերաշխ ծափողջույններով:

Ոստիկանները խմբին մոտեցան ճիշտ այն պահին, երբ երգողները հասել էին «Արցախն է մեզ կանչում, օգնության հասեք» տողին: Զուգադիպությո՞ւն էր, թե՞ պատահականություն՝ հավաքվածների մեջ անհասկանալի հրմշտոց սկսվեց, ոստիկանները, ըստ ՖԲ օգտատեր Տաթեւ Հովհաննիսյանի, փոխանակ կարգ հաստատելու, երգող երիտասարդներից մի քանիսին կոպտորեն դուրս հրավիրեցին շարքից ու քաշքշելով, «ասֆալտին փռելու» բոլոր կանոններով խցկեցին ոստիկանական մեքենայի մեջ եւ տարան բաժին՝ խափանելով ինքնաբուխ «համերգը», թե՝ «լռության ժամ է, մարդկանց անդորրը խանգարում եք»:

Իսկ «Օպերային» հարող սրճարաններից մինչեւ կեսգիշեր հնչող արաբաթուրքական «բայաթին» մարդկանց հանգիստը չի՞ խանգարում արդյոք: Ոստիկաններն այս հարցին նախընտրում են չպատասխանել: Ինչ որ է: Բերման ենթարկվածներից Գագիկ անունով օգտատերն էլ ՖԲ իր գրառման մեջ համոզմունք է հայտնում, որ ոստիկաններին հրահանգված է հանրային զվարճանքի վայրերում արգելել ազգային ոգու, հայոց մեծերի ու հերոսական անցյալի պանծացում քարոզող հոգեւոր-մշակութային միջոցառումները:

«Ես հարգալից ձեւով փորձում էի հասկանալ, թե ինչ իրարանցում է, ինչ է կատարվում շուրջս: Ինքս էլ ծառայել եմ, լավ գիտեմ ծառայության հարգը, բայց ոստիկանության փոխգնդապետը կոպիտ հակադարձեց ինձ՝ ասելով. «շատ ես երկարացնում», եւ հենց առաջինը ինձ բերման ենթարկեցին»,- գրում է Գագիկը եւ գրառումն ավարտում սրամտությամբ. «Երեւի երգս նրանց դուր չեկավ»: Սա այսօրվա թեմայի շրջանակում ընդամենը մի դրվագ է ոստիկանական առօրյայից:

Ժամանակին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ ՀՀԿ-ական իշխանությանը սուր քննադատության էր ենթարկում միահեծանության եւ ՀՀ-ն ոստիկանապետության վերածելու համար: Իհարկե՝ քննադատությունն անհիմն չէր, Ազատիչն իր իշխանավարման օրոք ուզում էր ավագ դպրոցներում ոստիկաններ կարգել, ինչի մասին դեռ 2014թ. մարտին հայտարարել էր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ անշուշտ ոչ առանց Բաղրամյան 26-ի «դաբրոյի»: Դպրոցներում ոստիկանների հայտնվելը նպատակ ուներ ընդլայնել ուժային կառույցների վերահսկողությունը բոլոր ոլորտների վրա։ Սա ոստիկանական պետություն կառուցելու քայլ էր, որը ինձ անհայտ պատճառներով մնաց կիսավարտ։

Այժմ, կարծես թե, Փաշինյանը պինդ մտադրվել է շարունակել այն գործը, որին մի ժամանակ դեմ էր: Եվ դա հասկանալի է՝ այն ժամանակներից ի վեր շատ ջրեր են հոսել. ինքը հիմա պետության գլուխ է, եւ ձախողված իշխանությունը պահելու խնդիր ունի: Ոստիկանությունն էլ այն կառույցն է, որի միջոցով հնարավոր է ուժեղացնել ուզածդ ավտորիտար համակարգ: Ի դեպ, ԽՍՀՄ-ն ուներ այդօրինակ փորձ՝ ոստիկանությանը եւ ուժային մյուս կառույցներին դարձնել իշխանության հենարան ու այդկերպ տոտալ վերահսկողություն հաստատել հասարակական-քաղաքական կյանքի ողջ անցուդարձի նկատմամբ։ Ջորջ Օրուելը «1984» վեպում նկարագրել է, թե ինչպես են դպրոցահասակ երեխաներն ամբողջատիրական համակարգի պայմաններում իրենց ծնողներին մատնում «Մտքի ոստիկանությանը»։

Հայաստանն այսօր ոստիկանական պետություն դառնալու ճանապարհին է: Որո՞նք են դրա նախանշանները: Փաստերը բազմաթիվ են, բայց կանդրադառնանք դրանցից մի քանիսին՝ սկսելով ամենասկզբից՝ 2018-ի ապրիլի կեսերից: Շատերը, հավանաբար, նկատած կլինեն ՔՊ առաջնորդի նկատմամբ ոստիկանության չափից դուրս հանդուրժողական պահվածքը, երբ վերջինս մի դեպքում էլեկտրասյունից պոկում է տեսանկարահանող սարքը, մյուս դեպքում կազմակերպում ռադիոտան մուտքի դռան ջարդումն ու ներխուժումը շենքից ներս, ինչը քրեորեն պատժելի արարք է, երրորդ դեպքում արգելափակում, կաթվածահար է անում Երեւանի ամենաբանուկ փողոցների տրանսպորտային երթեւեկը եւ միշտ մնում անպատիժ:

Ըստ 2018թ. ապրիլի 16-ի թվակիր մի տեսանյութի, փշալարերի առջեւ կանգնած Փաշինյանը ոստիկաններին աշխատավարձի բարձրացում է խոստանում: Թերեւս սա այն սակավաթիվ խոստումներից է, որ վարչապետությունը ստանձնելուց ամիսներ անց նա ի կատար ածեց՝ ոստիկանների աշխատավարձը բարձրացնելով միջինը 20%-ով: Եվ, բացի դրանից, նրա նախաձեռնությամբ առաջիններից մեկը հենց ուժային կառույցներում ներդրվեց գրեթե ամենամսյա պարգեւավճարների դուրսգրման արատավոր պրակտիկան, որը, փաստորեն, օրինականացված կաշառատվություն է իշխանությանը եւ անձամբ Նիկոլ Փաշինյանին հավատարմորեն ծառայելու համար:

Ըստ այդմ՝ ոստիկանության, դատախազության, ԱԱԾ-ի, քննչական ծառայությունների եւ ուժային այլ ատյանների առանցքային աշխատողները տարվա մեջ պարբերաբար ստանում են իրենց աշխատավարձը կրկնակի, երբեմն նաեւ եռակի գերազանցող պարգեւավճարներ: Մի խոսքով՝ կարելի է արձանագրել, որ Փաշինյան-ուժայիններ փոխհարաբերություններն ի սկզբանե բարեհաջող էին դասավորվել, իսկ 2020 թվականի հունիսի 8-ից հետո, երբ Փաշինյանի առաջադրմամբ ՀՀ ոստիկանապետ նշանակվեց նրա մտերիմներից Վահե Ղազարյանը, որի հետ դասընկերներ են եղել, այդ հարաբերություններն ավելի «ջերմացան»:

Ոստիկանությունը՝ որպես Փաշինյանի իշխանության, ինչու չէ, նաեւ անվտանգության ինքնահռչակ երաշխավոր, այս ընթացքում լիովին արդարացրեց նրա սպասելիքներն ու իրեն «լավ» դրսեւորեց հատկապես ընդդիմադիր՝ Հայրենիքի փրկության եւ Դիմադրության շարժումների բողոքի գործողությունների ժամանակ՝ թույլ չտալով անցնել «կարմիր գծերը», հակառակ դեպքում կիրառել «պատժիչ մեքենայի» կարողունակությունը: Այդ առումով հիշատակելի են, օրինակ, այս տարվա հունիսի 3-ին Դիմադրության շարժման բողոքի ակցիայի ժամանակ Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած բախումները մեծաթիվ ոստիկանական ուժերի հետ:

Կառավարական ամառանոցից ոչ հեռու, ԵԽ երեւանյան գրասենյակի դիմաց տեղի ունեցած անագորույն այդ միջադեպը, թերեւս, Հայաստանը ոստիկանական պետություն դարձնելու ամենախոսուն վկայություններից էր, որտեղ համակարգը փայլեց իր ողջ պերճանքով ու թշվառությամբ: Քաղաքացիների դեմ կիրառվեցին հատուկ միջոցներ՝ ծխանռնակներ եւ լուսաձայնային նռնակներ. հավանաբար քիչ համարվեց սեւ եւ կարմիր բերետավորների տված աննախադեպ ծեծուջարդը: Մի քանի տասնյակ տուժածներ՝ այդ թվում ոստիկան, շտապօգնության մեքենաներով տեղափոխվեցին հիվանդանոց: Բերման ենթարկվածների թվաքանակը եռանիշ թվերով էր հաշվվում:

Հունիսի 3-ի դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, նախաքննություն էր կատարվում, որի արդյունքը եւս ոստիկանապետությանը բնորոշ կանոնների շրջանակում է: Այսինքն՝ մեղավորը «վերեւից» նշանակովի է: Կարծեմ՝ Մուսոլինի սկզբունքներից է. «Յուրայիններին ամեն ինչ թույլատրվում է, իսկ հակառակորդների համար կան օրենքներ»։ Հայաստանում այս սկզբունքը միշտ հարգի է եղել, բայց վերջին շրջանում ամենաարդիականն է դարձել: Չէ՞ որ մեզ ազգովին տանում են դեպի ոստիկանապետություն:

 

Գեւորգ Բրուտենց

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.