26.11.2024

Аналитика

Հայերը ջարդում են թուրք-ադրբեջանական տանդեմի ժանիքները

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Սեպտեմբերի 27-ին վաղ առավոտյան` ժամը 07:15-ին Ադրբեջանի զինված ուժերը հրթիռահրետանային միջոցների եւ օդուժի կիրառմամբ լայնածավալ հարձակման են անցել արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով` թիրախավորելով Արցախի պաշտպանության բանակի մարտական դիրքերն ու խաղաղ բնակավայրերը` ներառյալ մայրաքաղաք Ստեփանակերտը: Կառավարությունը ռազմական դրություն մտցնելու եւ պահեստազորայինների համընդհանուր զորահավաք հայտարարելու շտապ որոշում է կայացրել: Մի շարք պետություններ եւ միջազգային կառույցներ, արդեն որերորդ անգամ, կողմերին կոչ են անում անհապաղ դադարեցնել կրակը եւ վերադառնալ բանակցային սեղանի շուրջ:

«Կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները մասնակից զինված ուժերի միջեւ: Մենք նաեւ կոչ ենք անում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին անհապաղ պարտավորություններ ստանձնել` բարեխղճորեն եւ առանց նախապայմանների վերսկսելու խնդրի կարգավորման շուրջ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ»,- ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` հոկտեմբերի 1-ի համատեղ հայտարարության մեջ: Եռանախագահները խստորեն դատապարտում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում տեղի ունեցող բռնության սրացումը:

Արդեն պատերազմի վերսկսման յոթերորդ օրն է, իսկ կողմերը` մասնավորապես թուրք-ադրբեջանական տանդեմը, դեռ համառում են: Վերջինս շատ մեծ խաղադրույք է դրել «կայծակնային» հաղթանակի համար, բայց հաջողությունը, կարծես թե, նորից երես է թեքել Ադրբեջանից: Նրան չօգնեցին ո´չ «ավագ եղբոր» ծանրակշիռ ռազմական ներկայությունը, ո´չ Սիրիայից բերած իսլամիստ վարձկանները, եւ Իլհամ Ալիեւը դարձյալ ստիպված է լինելու մարտադաշտը լքել գլխահակ: Բայց մինչ այդ փորձենք անդրադառնալ պատերազմին նախորդած ժամանակաշրջանի կամ, այլ կերպ ասած, դրա նախապատրաստական փուլի համառոտ նկարագրությանը: Եվ այսպես` ինչպիսի՞ն էր նախապատերազմական իրավիճակը հակամարտության գոտում:

Պարզ է, որ թուրք-ադրբեջանական տանդեմի համատեղ հղացած նոր ագրեսիան դատարկ տեղում չծագեց: Այն, որ Ադրբեջանը պատրաստվում է լայնածավալ պատերազմի, շատերի համար ակնհայտ էր դեռ ամիսներ առաջ: Հենց միայն սեպտեմբերի վերջին տասնօրյակը հագեցած էր ադրբեջանաթուրքական ճակատում առկա սրացումներով եւ հայության դեմ երկու թշնամի պետությունների աննախադեպ տեղեկատվական գրոհներով: Ադրբեջանական մամուլը ողողված էր հայերի հանդեպ ատելության, թշնամանքի ու չարակամության քարոզով, իսկ պատերազմի նախօրեին հայտնում էր, որ երկրում պահեստազորայինների զորակոչ է սկսվել, փողոցներում ոստիկաններն առգրավում են քաղաքացիների անձնական ամենագնաց մեքենաները եւ ուղարկում առանձին կայանատեղի` բանակի կարիքների համար: Ավելի ուշ ոլորտի պատասխանատուները պարզաբանում էին, թե խոսքը պահեստային զինապարտների սովորական երկամսյա զորավարժանքների մասին է։ Զուգահեռաբար` ԶԼՄ-ներում շրջանառվում էին լուրեր, թե 1.000-ի չափ սիրիացի ջիհադականներ կազմակերպված տեղափոխվել են Ադրբեջան եւ օգտագործվելու են Հայաստանի դեմ պատերազմում:

Ռազմաճակատային ամփոփագրեր հիշեցնող նման հաղորդումներ մամուլը եւ սոցցանցերը տարածում էին գրեթե ամենօրյա ռեժիմով: Ակներեւ էր, որ Ադրբեջանը չի կարողանում հաշտվել 2016-ի ապրիլյան Քառօրյայում եւ 2020-ի հուլիսյան մարտական գործողություններում կրած անհաջողությունների հետ: Այս անգամ Իլհամ Ալիեւն ավելի ինքնավստահ էր, որ ետ կբերի «կորցրած հողերը»` չէ որ ավագ եղբայր Թուրքիան է կանգնած թիկունքին` պատրաստ ամեն կերպ աջակցելու իրեն: Հատուկ նպատակով լայնորեն տիրաժավորվող տեղեկատվական վայնասունը թուրք-ադրբեջանական տանդեմն արտահանում էր նաեւ միջազգային ասպարեզ, եւ ոչ միայն մամուլի, այլեւ ամենաբարձր ատյանների մակարդակով:

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած 75-րդ նստաշրջանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը մեղադրեց Հայաստանին, որը, ըստ նրա, Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գլխավոր արգելքն է։ «Հուլիսին Ադրբեջանի տարածքի վրա հարձակում գործած Հայաստանը եւս մեկ անգամ ապացուցեց, որ Հարավային Կովկասում հաստատուն խաղաղության եւ կայունության ամենամեծ խոչընդոտն է»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը: Նույն ամբիոնից Հայաստանի եւ Արցախի հասցեին մտացածին մեղադրանքներ հնչեցնելու առիթը բաց չթողեց նաեւ կրտսեր եղբայրը` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Նա Հայաստանին մեղադրեց «կրոնական, պատմամշակութային հուշարձանների ոչնչացման, էթնիկ զտման» եւ մի շարք այլ հանցանքներում, ինչպես նաեւ միջազգային հանրությանը կոչ արեց «ետ պահել Հայաստանին ռազմական ագրեսիայի մտքից»:

Ալիեւի հերյուրանքները, որոնք, ըստ էության, պատերազմի նախապատրաստության եզրափակիչ ակորդներից էին, որոշ փորձագետների գնահատմամբ, ՄԱԿ-ում չստացան համարժեք պատասխան, եւ նա հերթական անգամ կարողացավ հակահայկական քարոզչության թեզերն անարգել դուրս բերել միջազգային հարթակ: ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ի պատասխան այդ առնչությամբ լրագրողների հարցերին, որեւէ մեկնաբանություն չուներ, իսկ ԱԳՆ մամուլի խոսնակն ընդամենը նշեց, որ «խորապես հիասթափված են Ադրբեջանի նախագահի հայտարարություններից»: Որ դրանից երկու օր անց Ադրբեջանը` Թուրքիայի ակտիվ մասնակցությամբ, պիտի մտներ Արցախ, դեռ ոչ ոք չգիտեր: Ալիեւ-Էրդողան տանդեմը նպատակ ուներ «կայծակնային» գրոհով ծնկի բերել «30 տարի Ադրբեջանի տարածքները գրաված» արցախցիներին:

Իրավիճակի սրացման հետ կապված վերջին զարգացումները, ըստ դիտորդների, սկսվել էին այն բանից հետո, երբ սահմանը հատելու փորձի ժամանակ ադրբեջանցի զինվոր սպանվեց, իսկ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի նախագահը հայտարարեց, թե Հայաստանը պատրաստվում է նոր պատերազմի` «ուժեր կենտրոնացնելով շփման գծից ոչ հեռու»։ Ալիեւի պնդումներին, թերեւս, չհավատաց ոչ ոք, այդ թվում ինքը` Ալիեւը, քանզի բոլորը գիտեին, որ Հայաստանն իր պատերազմն ավարտել է դեռեւս 1994-ին` փայլուն հաղթանակով, եւ Արցախի շուրջ անվտանգության հուսալի գոտու ստեղծմամբ, ուրեմն եւ այլեւս որեւէ դրդապատճառ, շահագրգռություն չունի պատերազմելու: Ի դեպ, այս պարզ տրամաբանությունը շատ հաճախ չեն հասկանում կամ չեն ուզում հասկանալ նաեւ կողմերի գործողությունները գնահատելիս երկակի չափանիշներով առաջնորդվող միջազգային մի շարք կառույցներ, գործիչներ եւ ռազմական փորձագետներ:

Կողմերի միջեւ միշտ հավասարության նշան դնելու, երկակի չափանիշներ կիրառելու` միջազգային հանրության այդ բացից էլ հմտորեն օգտվում են Էրդողանը եւ Ալիեւը, որոնք վաղուց սովորություն են դարձրել փաստերը ներկայացնել գլխիվայր: Առաջինը` լինելով Մեծ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանի խաղաղության ու կայունության թիվ մեկ խոչընդոտը, Հայաստանին է բնորոշում իբրեւ այդպիսին, որն իրականում Հարավային Կովկասի տարածագոտու ամենախաղաղասեր երկիրն է, իսկ երկրորդը` Ալիեւը, ով  հայկական «պատմամշակութային հուշարձանների ոչնչացման» եւ «էթնիկ զտումների» ձեռնարկման կնքահայրերից է, իր «փեշակը» հայկական կողմին է վերահասցեագրում: Եվ, ինչպես վկայում են տեղական ու միջազգային դիտորդները, հակահայկական քարոզչության ծավալման հիմք էր դարձել Ալիեւի ստահոդ հայտարարություններից մեկը, թե պաշտոնական Երեւանը պատրաստվում է նոր պատերազմի: Ավելի վաղ նա հայտարարել էր, թե Ադրբեջանը դուրս է գալիս ԼՂ բանակցային գործընթացից, քանի որ Հայաստանի ղեկավարությունը որդեգրել է ապակառուցողական դիրքորոշում, եւ բանակցելն, ըստ նրա, անիմաստ է:

Սա պատերազմին նախորդող ընդամենը 10-12 օրերի իրադարձությունների ամփոփ նկարագրությունն է, սակայն գործընթացը շատ ավելի վաղուց էր սկսվել, երբ Ալիեւն ու Էրդողանը իրենց հաճախացած շփումներում քննարկում էին ինչ-որ կասկածելի նախագծեր, երբ երկու երկրները Նախիջեւանում` Երեւանի «քթի տակ» աննախադեպ խոշորածավալ զորավարժություններ էին անցկացնում, երբ Թուրքիայի կողմից ռազմական հրահանգիչներ ու հազարավոր զինյալներ էին գործուղվում Ադրբեջան եւ, վերջապես, երբ պատերազմի առաջին օրերին Թուրքիայից ամենաարդիական զենք-զինամթերքով բեռնված ռազմական ինքնաթիռներ էին իրար հետեւից վայրէջք կատարում Բաքվի եւ Ադրբեջանի այլ քաղաքների օդանավակայաններում: Համացանցում այդ կադրերը մի քանի անգամ հանգամանորեն ցուցադրվել ու մեկնաբանվել են:

Բազմաթիվ անկախ դիտորդներ տեղի ունեցածը գնահատում են որպես հայկական երկու պետությունների դեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի լավ նախապատրաստած ու համատեղ կազմակերպած ագրեսիայի գործողություն: Թուրքիան չի թաքցնում Ադրբեջանին ամեն կերպ աջակցելու իր պատրաստակամությունը: «Մարտի դաշտում լինի, թե բանակցությունների սեղանի շուրջ, մենք Ադրբեջանի կողքին ենք, հայկական զորքերը պետք է հեռանան Ադրբեջանի գրավյալ տարածքներից, քանի դեռ ուշ չէ»,- տեղի-անտեղի սիրում են կրկնել Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները: Ավելին` նախագահ Էրդողանը, ԱԳ նախարար Չավուշօղլին եւ այդ կարգի էլի մի քանի խելացնորներ երբեմն-երբեմն անցնում են բացահայտ սպառնալիքների` ակնարկելով օսմանյան սահմռկեցուցիչ անցյալը: «Հայերը մեր սրի մնացուկն են, եւ հայերի հետ մեր գործը տակավին ավարտված չէ»,- մի առիթով հերթական իր սպառնալիքն է հնչեցրել Թուրքիայի ոչուփուչ նախագահը:

Ադրբեջանն էլ` կապկելով «ավագ եղբորը» եւ օգտվելով նրա հովանավորչությունից, անընդհատ ազատություն է տալիս լեզվին ու ձեռքերին, փորձում է ժանիքներ ցույց տալ` առանց մտածելու, որ մի գեղեցիկ օր կարող են ջարդել ժանիքները: Այդ օրը, կարծես թե հեռու չէ: Ե´վ Թուրքիան, ե´ւ նրա պուճուր եղբայրը շուտով կհամոզվեն, որ հայերը ոչ թե «սրի մնացուկներ» են, այլ թշնամուն «սրընկեց» անողներ:

 

Գեւորգ Բրուտենց

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.