Երեւանի ավագանու՝ սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած ընտրությունները, ինչպես նաեւ հետընտրական զարգացումները ՀՀ գործող իշխանության վարքագծի, մտածելակերպի եւ, առհասարակ, «Քաղպայմանագիր» առեղծվածային երեւույթի քաղաքական որակի ծանրաչափը դարձան: Փաստացի՝ ընտրությունների պաշտոնական մեկնարկից դեռ մեկ տարի առաջ իշխանությունը՝ ապագա քաղաքապետի իր թեկնածուին հետեւողականորեն պատրաստելով «մեծ թռիչքի», վարչական ու պետական միջոցներ չէր խնայում, ամեն կերպ ջանում էր աղմկահույզ «ֆուրոր» ստեղծել նրա կերպարի շուրջ, ինչը առհավատչյան էր այն բանի, որ մայրաքաղաքում իշխանական դիրքերի ամրապնդումը ՔՊ-ի համար կենացմահու խնդիր է:
Ըստ երեւույթին՝ այս հանգամանքով էր պայմանավորված թիմի «օդիոզ» դեմքերից մեկի՝ Տիգրան Ավինյանի կադրային տեղաշարժի վերաբերյալ ՔՊ-ի կայացրած որոշումը: Ճարպիկ, աչքաբաց եւ, ինչու չէ, նաեւ մեծապես աթոռամոլ երիտասարդը, որ 2018-2021-ը Փաշինյանի կաբինետում զբաղեցնում էր փոխվարչապետի բարձր պաշտոն, 2022-ից փոխքաղաքապետի կարգավիճակով տեղափոխվեց Երեւանի քաղաքապետարան: Ավելի ցածր պաշտոնի տեղափոխությունը հեռահար նպատակ ուներ. մտադրություն կար այդ «հավակնոտ տիպին» հեռու պահել գործադիրից իսկ ավագանու՝ 2023-ին նախատեսված ընտրություններում առաջադրել քաղաքապետի թեկնածու: Այդ պաշտոնում կադրերն արագ վարկաբեկվում են:
Իշխանությունը վստահ էր, որ հաջորդ քայլով Ավինյանը թիմի աջակցությամբ կհաղթի ընտրություններում, ինչը թույլ կտա «մի կրակոցով երկու նապաստակ խփել»՝ վերջինիս մեկուսացնել Կառավարությունից եւ երկրորդ՝ լուծել մայրաքաղաքի ՔՊ-ացման հարցը: Բայց սպասումները չարդարացան՝ իշխանությունը տարավ «պյուռոսյան» հաղթանակ, որը մեծ հաշվով հավասարազոր էր պարտության: Բանն այն է, որ ընտրողների աննախադեպ ցածր մասնակցության (28,44%) պայմաններում ՔՊ-ն ստացավ երեւանցիների ձայների միայն 32,57%-ը: Դրանով իշխող քաղաքական ուժը կորցրեց ինքնուրույն քաղաքապետ ընտրելու հնարավորությունը: Երեւանը, փաստորեն, ՔՊ-ին ու նրա առաջնորդին, մեղմ ասած, ուղարկեց գրողի ծոցը:
Բնակչության թվով Երեւանը Հայաստանի կեսն է, այստեղ են կենտրոնացված երկրի բոլոր կառավարչական գերատեսչությունները, գիտամշակութային օջախները, բիզնես-կենտրոնները, ֆինանսական հոսքերը եւ այլն: ՏԻՄ ընտրություններում մեր «վարդագույն գեղեցկուհին» միշտ կռվախնձոր է եղել իշխանության եւ ընդդիմության մրցապայքարում: Տարածված տեսակետ կար նույնիսկ՝ քաղաքական այն ուժը, որին հաջողվում է հաղթել Երեւանի մակարդակով, հաղթում է նաեւ հանրապետության մակարդակով: Երեւանում հաղթելը հույժ անհրաժեշտություն է հատկապես վարկանիշի աղքատիկ պաշար ունեցող այսօրվա իշխանության համար, որն ապաշնորհ կառավարման պատճառով 5 տարվա մեջ մսխեց երբեմնի քաղաքական կապիտալը:
Ամենաթարմ ապացույցը հենց սեպտեմբերի 17-ի ընտրություններն են, որտեղ իշխող ուժին բաժին հասավ քվեարկությանը մասնակցած 234.436 քաղաքացիների ձայների 32,57 տոկոսը կամ ընդամենը 75.463 քվե: Համեմատության համար նշենք, որ հինգ տարի առաջ՝ 2018թ. սեպտեմբերին «թավշյա» կոչվող իշխանափոխության էյֆորիայի հենքին կայացած մայրաքաղաքային ընտրություններում ՔՊ-ն ստացել էր 294.109 ձայն, որը կազմում էր քվեարկությանը մասնակցած ընտրողների ձայների 81,06 տոկոսը: Համեմատության եզրեր անգամ չկան՝ ընտրական աջակցության ցուցիչը, ուրեմն եւ կառավարող ուժի հանդեպ ժողովրդի վստահությունը նվազել է շուրջ երկուսուկես անգամ։
Պետք է նկատի ունենալ նաեւ, որ պաշտոնապես հրապարակված չոր ու ցամաք թվերն ամեն ինչ չէ, որ արտահայտում են: Փոքր-ինչ ձեւափոխելով հայտնի ասույթը՝ կարելի է այն վերաշարադրել հետեւյալ կերպ. «սատանան պաշտոնական թվերի ենթաշերտերի մեջ է»: Հիմա եկեք ուշադրություն դարձնենք երեւանյան ընտրություններին չմասնակցածների բարձր ցուցանիշին՝ դա կազմում է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 71,56 տոկոսը կամ 584.880 մարդ: Ճիշտ այդքան ընտրող չի գնացել քվեարկելու Երեւանի քաղաքապետի իր նախընտրելի թեկնածուի օգտին: Եվ, բնականաբար, չի գնացել, որովհետեւ քաղաքական ուժերի ցուցակում ընդգրկված 14 հավակնորդից ոչ մեկին չի վստահել՝ այդ թվում իշխող ուժին:
Դիտարկենք եւս մեկ «ենթաշերտ». ՔՊ-ի ակտիվում, ինչպես նշվեց վերը, 32,57 տոկոս պաշտոնական արդյունք է գրանցվել: Բայց ո՞վ չգիտի, որ այդ արդյունքը զուտ «մաքուր» ձայներ չեն: Դրանցում արտացոլված է նաեւ օրվա իշխանության վարչական ռեսուրսը, որը սովորաբար համարվում է 20 տոկոս, երբեմն՝ ավելի: Այսինքն՝ ցանկացած իշխանություն ընտրության գնում է՝ արդեն ունենալով 20 տոկոս «բոնուս», որը գոյանում է պետական-կառավարչական լծակների քողարկված կամ անթաքույց օգտագործման արդյունքում: Պատկերը կամբողջանա, եթե հավելենք այն տարաբնույթ ընտրախախտումները, ինչի փորձը Հայաստանն ունի, իսկ ներկա իշխանությունների օրոք այն ավելի է բյուրեղացել:
Բայց ընտրակեղծարարությունների թեմային մենք դեռ կանդրադառնանք, դրանից առաջ ամփոփենք «ենթաշերտերի» վերաբերյալ մեր նախորդ միտքը: Այսպիսով՝ խնդրո առարկա 32,57 տոկոսից վարչական ռեսուրսի բաժինը՝ 20 տոկոսը, հանելու դեպքում ՔՊ-ի իրական ձայները կամ, որ նույնն է, վարչապետի այս պահի վարկանիշը չի անցնում 12,5 տոկոսի սահմանագիծը: Եզրակացություն. մայրաքաղաքի ավելի քան կես միլիոն քաղաքացի չի վստահում ՔՊ-ին ու նրա ազգակործան առաջնորդին: Վերջինս այլեւս օրինակարգ կամ, եթե ուզում եք, լեգիտիմ չէ: Հետեւաբար՝ իրավունք չունի ժողովրդի անունից խոսելու, բանակցելու, որեւէ հայտարարություն անելու, պաշտոնական փաստաթուղթ ստորագրելու: Առավել եւս՝ Արցախի անունից:
Այժմ գալով ընտրազեղծարարություններին, խորհուրդ կտայի ծանոթանալ «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ներկայացուցիչ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի խմբի ներկայացրած դիտարկման միջանկյալ արդյունքները, որոնք հանգամանորեն շարադրված են մամուլում: Թույլ տված խախտումների թվով («տասովշչիկների» հակաօրինական միջամտություններ, վարչական ռեսուրսի չարաշահումներ, ընտրողների ուղղորդումներ, ընտրացուցակներում տեղ գտած անճշտություններ, կազմակերպչական բացեր եւ բազմաթիվ այլ դրվագներ), ՔՊ-ն բացարձակ առաջատարն է:
Հատուկ ուշադրության են արժանի մեկ հասցեում մինչեւ 80-100 մարդկանց, այդ թվում այլազգիների՝ Երեւանում ժամանակավորապես աշխատող կամ սովորող հնդիկների, պակիստանցիների, պարսիկների գրանցումները եւ քվեարկությանը նրանց մասնակցության փաստը: Չգիտեմ՝ Նիկոլ Փաշինյանը գիտի՞, օրինակ, Զեյթունի հանրակացարաններում բնակվող մեծաթիվ հնդիկ ուսանողների եւ աշխատանքային միգրանտների մասին: Լավ է, որ չիմանա, այլապես Զեյթունի հանրակացարանները կարող է ճանաչել Հնդկաստանի մաս…
Գեւորգ Բրուտենց