26.11.2024

Аналитика

Փաշինյանը եւ անկախությունը անհամատեղելի են

Рейтинг: 5 / 5

Звезда активнаЗвезда активнаЗвезда активнаЗвезда активнаЗвезда активна
 

Մինչ Հանրապետության հրապարակը մեկ շաբթից ավելի թնդում էր Արցախը թշնամուն հանձնած ու մեր տարածքներն աճուրդի հանած թիվ մեկ դավաճանին պաշտոնազրկելու եւ անհապաղ կալանավորելու կոչերից, վերջինս սեպտեմբերի 24-ին,- ասես ոչինչ տեղի չի ունեցել,- հանդես է գալիս ուղերձով եւ հայտարարում ՀՀ անկախությանը սպառնացող վտանգի մասին, ապա պատրաստակամություն հայտնում նախաձեռնելու անկախության պաշտպանության շարժում եւ, որպես վարչապետ, առաջնորդելու այն: «Եթե չլինեի վարչապետ, որպես քաղաքացի կգնայի Հայաստանի անկախության պաշտպանության շարժումն առաջնորդող վարչապետի հետեւից՝ իմանալով, որ հեշտ չի լինելու, բայց լինելու է…»,- մասնավորապես ասված է ուղերձում:

Ժողովրդին ուղղված խոսքը սկսելով երկրի անվտանգային ոլորտի անհուսալիության եւ դրա պատճառների վերարծարծումից, նա գտնում է, որ արտաքին անվտանգության այն համակարգերը, որոնցում ներգրավված ենք, պաշտպանունակության ու ՀՀ պետական շահերի առումով արդյունավետ չեն: Ուղերձում, որպես դրա հիմնավորում, բերված են ՔՊ-ական իշխանավարման վերջին 5 տարվա աղետալի հետեւանքները՝ տանուլ տրված 44-օրյա պատերազմ, 2020թ. դեկտեմբերին ԼՂ Խծաբերդի, Հին Թաղերի գրավում ու դիրքերից ավելի քան 60 հայ զինծառայողների գերեվարում, Փառուխի դեպքեր, 2021թ. մայիսին ու նոյեմբերին ներթափանցումներ ՀՀ ինքնիշխան տարածք եւ, ի վերջո, Բերձորի միջանցքի ապօրինի շրջափակում ու Արցախի հայաթափում:

Ուղերձի տողատակերում երկու խորքային գաղափար է դրված, որը տեսանելի է անգամ անզեն աչքով՝ հակառուսականություն եւ ինքնարդարացում: Փորձենք դրանք վերածել թեզերի. ա/ ՀՀ-ի եւ Արցախի դեմ Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունները Ռուսաստանի թողտվության հետեւանք են; բ/ Եթե ԼՂ հայերը ստիպված լինեն հեռանալ իրենց հայրենիքից (ուղերձի հրապարակման պահին դրա նախանշաններն արդեն կային-Գ.Բ.), ամբողջ պատասխանատվությունը կընկնի Ադրբեջանի եւ ԼՂ-ում տեղակայված ռուս խաղաղապահ զորախմբի վրա; գ/ Մեր դաշնակիցները վտանգում են Հայաստանի ոչ միայն արտաքին, այլեւ ներքին կայունությունը; դ/ Այն, ինչ կատարվում է Հայաստանի շուրջը, դավադրություն է, որի դեմը պիտի առնենք:

Ինչպես տեսնում ենք, առաջին երկու թեզերը Ռուսաստանի ու ռուս խաղաղապահ ուժերի մասին են՝ բացասական լույսով, իսկ վերջին երկուսում շոշափվում է ներքաղաքական սրացումների խնդիրը՝ դարձյալ շաղախված հակառուսականության ոգով: Ակնհայտ է, որ վերջին շրջանում իշխանական քարոզչամեքենան կրկին սկսել է ակտիվորեն տարածել «5-րդ շարասյան» թեման՝ նկատի ունենալով ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքի բողոքի գործողությունների կազմակերպիչներին ու հանրահավաքներին մասնակցող բազմահազար քաղաքացիներին, որոնց «դեմն առնելու» համար ՀՀ վարչապետի աթոռին տիրացած անձը որոշել է ձեւավորել անկախության պաշտպանության համահայկական շարժում եւ անձամբ առաջնորդել այն:

Դժվար է պատկերացնել, բայց փաստ է՝ հինգ տարի անկախության, ժողովրդավարության, ինքնիշխանության, ազատության եւ իրավունքի «հերն անիծած» մարդը այսօր անկախության պաշտպանի քղամիդ հագած՝ պայքարի դաշտ է դուրս գալիս, որպեսզի, իբր, Հայաստանը չմնա «վախվորած ծայրագավառի» կարգավիճակում, այլ լինի «ազատ, ժողովրդավար ու ինքնիշխան» պետություն: Ա՛յն մարդը, որը պետական կառավարման բոլոր կառույցները, հաստատությունները դարձրեց «գրպանային»՝ սկսած ՍԴ-ից ու դատաիրավական համակարգից, վերջացրած ԿԸՀ-ով եւ ՄԻՊ-ով: Ոստիկանությունն էլ՝ վրադիր:

Ամենավառ երեւակայության դեպքում անգամ դժվար է Փաշինյանին անկախության եւ ժողովրդավարության հետ առնչակցել: Նա ավելի շուտ փոքր բռնապետիկ է, որը կարող է ժամանակի հետ փոխվել մեծ, անզգա հրեշի: Ուշադրություն դարձրեք ընդդիմության հանրահավաքների ժամանակ «բերետների» գազանաբարո վարքագծին, ամենադաժան ծեծողների նկատմամբ Փաշինյանի լռելյայն քաջալերանքին, եւ նրա ներքին էության տեսլականը կամբողջանա: Հիշեք այդ մարդու սառնասրտությունը, երբ փողոցն անցնելիս՝ նրա ավտոշարասյան անիվների տակ մնաց հղի կինը: Մի խոսքով՝ Փաշինյան երեւույթը եւ ժողովրդավարական արժեքներ հասկացությունը անհամատեղելի են, ինչի մասին վկայող փաստերը բազմաթիվ են:

Բուն անկախության մասին նրա վերաբերմունքը նույնպես միշտ բացասական է եղել, եթե չասենք արհամարհական, որքան էլ այսօր ցանկանում է խնամքով թաքցնել: Օգոստոսի 23-ին ՀՀ անկախության հռչակագրի ընդունման 33-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական իր ուղերձում գրում է. «…մենք ընտրել ենք այնպիսի խոսույթ եւ բովանդակություն, որի հիմքում դրված է մեզ ԽՍՀՄ-ի մաս դարձրած բանաձեւը. խոսքը տարածաշրջանային միջավայրի հետ կոնֆրոնտացիոն խոսույթի մասին է, որ մեզ անընդհատ կոնֆլիկտների մեջ է պահելու մեր հարեւանների հետ»: Այսպիսով՝ փորձում է պարտակել ժողովրդի գլխին բերած իր աղետները՝ այդ ամենի համար մեղադրելով անկախությանը, նրա նվիրյալներին:

Իրական կյանքում Անկախության հռչակագիրը հետանկախական շրջանի մեր բոլոր հաղթանակների հիմքը, ոգին ու ներշնչանքն է։ «Մեր ժողովրդի պատմությունը ավելի կատարյալ փաստաթուղթ չունի, քան անկախության հռչակագիրն է»,- համոզված է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը, որը 1990-ին ամբիոնից առաջինն ընթերցեց հռչակագրի տեքստը։ «Անկախության օրը Փաշինյանը Արցախն ամբողջությամբ հանձնեց Ադրբեջանին ու մեր անկախության վրա մի մեծ քար դրեց»,- սա էլ անկախության պաշտպանության ակունքներում խիզախաբար մարտնչած ռազմաքաղաքական գործիչ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի համոզմունքն է։ Մարդիկ ափսոսանք են հայտնում, որ Փաշինյանը զրոյացրեց հայության նորագույն պատմության նվաճումները:

Եվ երբ նման հետագիծ ունեցող տխրահամբավ անձն է անկախության պաշտպանի հայտ ներկայացնում, միանգամից հարց է առաջանում՝ ո՞րն է նրա ուզածը: Որոշ շրջանակներ չեն բացառում, որ ՀՀ անկախության հռչակագրի մասին հայտարարությունը կարող է արտաքին այն ուժերի պատվերը լինել, որոնք ավելի վաղ պահանջում էին փոխել ՀՀ անկախության խորհրդանիշները՝ հիմնը, զինանշանը, հռչակագիրը, սահմանադրությունը եւ այլն: Այս տրամաբանության շրջանակներում է նաեւ ամիսներ առաջ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հռետորական հարցը, թե «մեր զինանշանը 1991 թվականին հիմնադրած մեր պետության հետ ի՞նչ կապ ունի»: Կարծես թե պարզ է՝ «առակս զինչ կցուցանէ»:

Ուղերձի եզրափակիչ հատվածում անկախության նորահայտ ջատագովը հուսադրում է, որ Հայաստանը դառնալու է խաղաղ, զարգացած, երջանիկ, ազատ եւ ժողովրդավարական պետություն: Բայց այս ճանապարհին, ըստ նրա, անհրաժեշտ է վերահաստատել ազատ եւ ինքնիշխան պետություն լինելու մեր կամքը: «Վերջին տարիներին եւ այսօր էլ մեզ հետ տեղի ունեցող իրադարձությունների խորքային իմաստը հենց սա է՝ Հայաստանը լինելու է ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետությո՞ւն, թե՞ վախվորած ծայրագավառ»,- գրեթե բաց եւ թափանցիկ այս երկընտրանքն է Փաշինյանը բերում ՀՀ ներքաղաքական դաշտ:

Եվ ամեն քաղաքացու մնում է ընտրություն կատարել՝ ինքն արդյոք անկախությա՞ն պաշտպանության շարժման մասնակից է, թե՞ ծայրագավառային հնազանդության: Հասարակության մեջ նոր ջրբաժանի հերթական չափաբաժինը նետված է: Ինչպես ասվում է դասականի խոսքի մի չնչին վերաձեւակերպմամբ՝ «Արածե՛ք կովեր, կյանքը կարճ է»:

 

Գեւորգ Բրուտենց

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.