Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի թեման առաջինը բացել էր ընդդիմությունը 2020թ. նոյեմբերի 9-ից հետո, երբ հայկական կողմի համար խիստ անբարենպաստ՝ մոսկովյան եռակողմ հայտարարությամբ պայմանավորված, հանրահավաքային պայքարի էր դուրս եկել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժումը»՝ նրան մեղադրելով դավաճանության մեջ: Այնուհետեւ քննիչ հանձնաժողովի գաղափարն ընդդիմության կողմից շրջանառության մեջ դրվեց հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից մի քանի օր անց: Սակայն այս անգամ իշխանությունը՝ լավ հասկանալով նախաձեռնությունն ընդդիմության կամքին թողնելու վտանգը, կարելի է ասել, «թռցրեց» գաղափարն ընդդիմության ձեռքից ու հանձն առավ դրանով զբաղվել անձամբ ինքը: Ընդդիմությունը, ի զարմանս շատերի, որեւէ կերպ չընդդիմացավ իշխանության ակնհայտ «գրագողությանը», եւ վերջինս սկսեց անշտապ, կշռադատված քայլերով ձեռնամուխ լինել հանձնաժողովի կազմավորման նախապատրաստական փուլին:
Այն ժամանակ,- դա հուլիսի 9-ին էր,- տակավին վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակում Նիկոլ Փաշինյանը հանդիպում ձեռնարկեց արտախորհրդարանական շուրջ մեկ տասնյակ քաղաքական ուժերի ղեկավարների հետ, որոնց մեկ ընդհանուր գիծ էր միավորում՝ իշխանության հանդեպ լոյալ տրամադրվածությունը: Առանց պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովի մասին որեւէ բառ արտաբերելու՝ Փաշինյանը հայտնեց, որ իրենց այդ օրվա հավաքվելու առիթը հետագա անելիքների մասին պայմանավորվածություն ձեռք բերելն է, եւ որ վարչապետ-արտախորհրդարանական ուժեր ձեւաչափով առաջին հանդիպումը լինելու է զուտ կազմակերպչական բնույթի. «Մենք սա դիտարկում ենք որպես, այսպես ասած, մեր հանրային կյանքի, քաղաքական կյանքի, տնտեսական կյանքի օրակարգային հարցերի քննարկման հարթակ ու, եթե կարելի է այսպես ասել, մտագրոհի տեղ, որտեղ կարող ենք բոլոր հնարավոր հարցերը քննարկել»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:
Արտախորհրդարանական իր «սրտի» ուժերի հետ հաջորդ հանդիպման ընթացքում Փաշինյանն արդեն բացել է «խաղաքարտերը»՝ առաջարկելով համագործակցել տարբեր ոլորտներում՝ այդ թվում ներկայացվածություն ունենալ քննիչ հանձնաժողովի կազմում։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հանդիպման ժամանակ հստակեցվել էր հանձնաժողովի հավանական անդամների ցանկը՝ չնայած ի սկզբանե ասվել էր, որ կընդգրկվեն բոլոր ներկա ուժերը: Պայմանավորվածությունն, ըստ պարբերականի, փոխել է Անդրանիկ Քոչարյանը. նա հանձնաժողովի հետ կապված բոլոր հարցերի համակարգողն է եւ հանձնարարել է, որ ամեն ինչ պետք է արվի փակ-գաղտնի: «ԱԺ կանոնակարգ»-ի համաձայն՝ հանձնաժողովի կազմում պետք է ընդգրկված լինեն նաեւ ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի բոլոր անդամները։ Թեման հուլիսի 26-ին հանգամանորեն քննարկվել էր նաեւ ՔՊ գրասենյակում կուսակցության նորընտիր պատգամավորների հետ Փաշինյանի հանդիպման ժամանակ, որի ավարտից հետո՝ լրագրողներին որոշ պարզաբանումներ էր տվել 8-րդ գումարման ԱԺ նախագահի թեկնածու Ալեն Սիմոնյանը. «Որոշել ենք ստեղծել 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով, որի մեջ կներառվեն նաեւ արտախորհրդարանական ուժերը: Փորձենք հասկանալ՝ օրենսդրական ինչ լուծումներ ենք տալիս, որ ներառված լինեն նաեւ ոչ պառլամենտական ընդդիմության ներկայացուցիչները»,- նշել է Սիմոնյանը։
Պետք է նկատել, որ հանրության մեծամասնությունն այդ գաղափարով, կարծես թե խանդավառված չէ: Դժվար է պատկերացնել, թե ինչպես է իշխանության ստեղծած հանձնաժողովը բացահայտելու նույն իշխանական թիմի արատները, որի առաջնորդին հանրության մի ստված հատված մեղադրում է դավաճանության եւ խայտառակ կապիտուլյացիայի մեջ: Ո՞ւմ համար պարզ չէ, որ ՔՊ-ականներից եւ իշխանամերձ քաղաքական կառույցների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովը, որի համակարգողը (հետագայում՝ գուցե նաեւ նախագահը) Անդրանիկ Քոչարյանն է, հեշտությամբ «կապացուցի» Գերագույն գլխավոր հրամանատարի անմեղությունը եւ պարտությունը կգցի «նախկինների» գրպանը, որոնք 20-30 տարի թալանում էին բանակը, ծախում Արցախը եւ այլն, իսկ Դավիթ Տոնոյանն ու Օնիկ Գասպարյանը վատ ղեկավարեցին մեր զինված ուժերը՝ ահա եւ պարտության պատճառները: Պատահական չէ, որ ԱԺ-ից դուրս ուժերից նախընտրությունը տրվում է Սամվել Բաբայանին, ով ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահների հետ հին հաշիվներ ունի մաքրելու, Դավիթ Սանասարյանին, ում գործը դեռ դատաքննության փուլում է եւ ով Փաշինյանին իր հավատարմությունն ապացուցելու խնդիր ունի, իրավաբան Նորայր Նորիկյանին, ով կարող է հակակշռել ընդդիմության թեւում գործող բավական ուժեղ իրավաբան-մասնագետներին:
Ակնհայտ է, որ իշխանությունն ուզում է նման «փորձագետների» ներգրավվմամբ ավելի մեծացնել իր ներկայությունը ստեղծվելիք հանձնաժողովում, որպեսզի հնարավորինս դյուրացվի պարտության իրական հանգամանքները կոծկելու ցանկությունը: Հունիսի 20-ին Ճիշտ այդպես իշխանությունները խարդախեցին արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ կիրառելով աննախադեպ ծավալի վարչական ռեսուրսներ ու տեխնոլոգիաներ: Ճշմարտության վերհանման անկեղծ մտադրություններ ունեցող իշխանությունը՝ նա, ով վախենալու ոչինչ չունի, առանց այլեւայլության քննիչ հանձնաժողովի գործառույթը կվերապահեր խորհրդարանական ընդդիմությանը, ինչն ավելի տրամաբանական է, այլ ոչ թե «կփախցներ» վերջինիս նախաձեռնությունը, ապաեւ ձեռուոտ ընկած ամեն բան կաներ հանձնաժողովում յուրայինների թվաքանակն ավելացնելու համար: Ինչո՞ւ: Ինչի՞ց է այդքան զգուշանում, եթե չասենք՝ վախենում ժողովրդի անունն իր համար դրոշ դարձրած Փաշինյանը, ում ժողովուրդը «պողպատե» մանդատ է տվել: Այդ ի՞նչ օրի է հասել, որ մնացել է արծրունհովհաննիսյանների հույսին: Այս հարցի պատասխանը մակերեսին է, եւ մեզնից յուրաքանչյուրն ինքը պետք է փորձի այն ձեւակերպել: Որքան էլ ծանր լինի դրա պատասխանը:
Հիմա անդրադառնանք առանցքային հարցին, թե ինչ ակնկալիք կարող են ունենալ պետությունն ու ժողովուրդը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող այն քննիչ հանձնաժողովից, որի հիմքերն այժմ իր ճաշակին հարիր՝ դնում է կառավարող ՔՊ-ական իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գործուն մասնակցությամբ: Օրեր առաջ «Հ-1»-ին տված հարցազրույցում Փաշինյանն անդրադարձել է հանձնաժողովի թեմային՝ նշելով. «Ես ակնկալում եմ, որ ոչ միայն պետք է բուն պատերազմի դրվագները քննվեն, պետք է քննվի իմ ասած բանակաշինության հարցը… Պետք է ուսումնասիրվի ողջ բանակցային գործընթացը՝ սկսած հրադադարի, հաղթանակի արձանագրումից հետո, որովհետեւ եթե մենք դա չուսումնասիրենք, չենք կարող հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել ի վերջո, ինձ համար շատ կարեւոր է, որ արձանագրվի, թե 2018 թվականին, մենք բանակցային գործընթացն ինչ վիճակում ենք ժառանգել»,- ասել է վարչապետի աթոռը զբաղեցնող անձը՝ բացեիբաց մատնացույց անելով, թե որն է իր համար «շատ կարեւորը»: Փաստորեն՝ նա մտադիր է 44-օրյա պատերազմի հանգամանքների քննության դաշտը հնարավորինս հեռացնել իրենից՝ հասցնելով մինչեւ 1994-2018 թվականները՝ քառորդդարյա մի ժամանակաշրջան, որի ընթացքում մեր հերոսական բանակը երկու փայլուն հաղթանակ էր տարել նույն ոսոխի դեմ:
Զավեշտալի բան է ստացվում. այն անձը, ով ժողովրդի մեծամասնության ընկալմամբ՝ պատերազմի ամոթալի պարտության, դրա ողբերգական հետեւանքների թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն է, իր տգիտության, կազմակերպական ապիկարության, իսկ միգուցե նաեւ դավաճանական վարքագծի պատճառով ազգին պատուհասած 44-օրյա գեհենը թողած՝ պատրաստվում է մեղավորներ փնտրել 27 տարվա հեռուներում: Արդեն պարզից պարզ է, որ ներկայիս խորհրդարանում նման հանձնաժողովը չի տալու եւ ոչ մի հարցի պատասխան, ընդհակառակն՝ այն լինելու է իրականությունը լղոզող, ծածկադմփոց անող հանձնաժողով: Իշխանությունը կնախաձեռնի խնդրո առարկա ուսումնասիրությունը, կտանի իր ցանկալի հունով, ինչը հստակ երեւում է «Հ-1»-ի հարցազրույցից, եւ իրեն ձեռնտու եզրահանգումների կհանգեցնի ոչ անհայտ մանիպուլյատոր Անդրանիկ Քոչարյանի ձեռամբ: «Նիկոլ Փաշինյանն ի՞նչ գործ ունի քննիչ հանձնաժողովի հետ, որ մի հատ էլ որոշի՝ ինչ խնդիրների անդրադառնան, ինչին՝ չանդրադառնան։ Նա պատասխանող կողմ է, թող դրա մասին մտածի»,- 24News-ի հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը: Ըստ նրա, քննիչ հանձնաժողովը պետք է ուսումնասիրի 44-օրյա պատերազմի հանգամանքները, ոչ թե 1994 թվականների գործընթացները:
Կան փորձագիտական տեսակետներ, համաձայն որոնց՝ կազմավորվելիք խորհրդարանական հանձնաժողովի շրջանակներում առարկայական քննարկման խարիսխ հանդիսացող հիմնական հարցերը երկուսն են՝ ա/ խաղաղ բանակցությունները փակուղի բերելը եւ պատերազմի հանգեցնելը, բ/ պատերազմը վաղաժամ դադարեցնելու առաջարկը (առաջարկները) մերժելը։ Այս երկրորդ հարցի առնչությամբ, որը պատերազմի պատմության ամենամութ էջերից է, ըստ էության, կան անառարկելի փաստեր ու լրջագույն դերակատարների հրապարակային հայտարարություններ՝ Վլադիմիր Պուտին, Իլհամ Ալիեւ, ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյան, ԳՇ պետ Օնիկ Գասպարյան եւ այլք: Հետեւաբար՝ ոմանք իրավացիորեն առաջարկում են հանձնաժողովում ուսումնասիրվելիք հարցերի շրջանակն էականորեն նեղացնել. օրինակ՝ «Պատերազմի՝ վաղաժամ դադարեցման առաջարկը (առաջարկները) մերժելու հարցի քննիչ հանձնաժողով»: Մյուս կողմից՝ սա շատ կոնկրետ հարց է, որի խուսանավելու հնարավորությունը քիչ է: Նույնիսկ՝ ամենաուղիղ հարցերից խուսանավելու առումով նմանը չունեցող Նիկոլ Փաշինյանի համար:
Գեւորգ Բրուտենց