Հայաստանի եւ Ադրբեջանի հանրությունները հերթական անգամ ապրում են իրենց նախագահների բանակցությունների սպասումներով: Միաժամանակ, ինչպես տեսնում ենք քննարկումներից, ոչ ոք ոչինչ չի ակնկալում այս հանդիպումից: Եվ դա պատահական չէ: Դժվար թե որեւէ մեկը կասկածի նրանում, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրն աստիճանաբար վերածվում է տերությունների փոխհարաբերությունների կարգավորման գործիքակազմի: Կարգավորման առարկան ամբողջությամբ բխում է միջազգային քննարկումներից: Արդյո՞ք սա պատահական է: Ըստ երեւույթին՝ ոչ: Համենայնդեպս, ավելի ու ավելի շատ հարցեր են ծագում, թե ինչու հակամարտող կողմերը եւ շահագրգիռ ատյանները նման բանակցությունների կարիք ունեն: Բոլորը հասկանում են, որ բանակցությունների միջոցով որեւէ կարգավորման հնարավոր չէ հասնել: Այդ դեպքում ո՞րն է բանակցությունների իմաստը:
Իմաստ, իհարկե, կա, այն էլ՝ շատ նշանակալի: Այս բանակցությունների միջոցով մեծ խնդիրներ են լուծվում, չնայած դրանք կապ չունեն բանակցությունների առարկայի հետ: Ադրբեջանի վերաբերմամբ որեւիցե գաղտնիք չկա: Այս երկիրը շարունակում է լուծել միայն մեկ խնդիր` պահպանել Արցախի կողմից վերահսկվող տարածքների նկատմամբ միջազգայնորեն ճանաչված իր իրավունքը: Մինսկի խմբի առաջարկած բանակցային գծապատկերը լիովին բավարարում է Ադրբեջանի ցանկությունը: Բանակցությունների ընթացքում այս երկիրը կարող է հանգիստ խոսել Արցախի դեմ օրինական ուժի կիրառման իր իրավունքի մասին: Նա խոսում եւ ինտենսիվ կերպով պատրաստվում է դրան: Նույնքան թափանցիկ են Ռուսաստանի շահերը՝ պահպանել տարածաշրջանում իրենց ազդեցությունը եւ, հնարավորության դեպքում, հասնել հակամարտության գոտում ռազմական վերահսկողության:
Բայց ի՞նչ ակնկալիքներ ունի բանակցություններից հայկական կողմը: Պաշտոնյաներն այս հարցին պատասխան չունեն: Փոխարենը նրանք կրկնում են երկու թեզիսներ. ա/ «մեր դիրքորոշումը համընկնում է միջազգային հանրության տեսակետի հետ», եւ բ/ «բանակցություններին այլընտրանք չկա»:
Ստացվում է, որ բանակցություններին մասնակցելու միակ շարժառիթը Հայաստանի դիրքորոշման նկատմամբ միջազգային հանրության հավատարմության ապահովումն է: Այն դիրքորոշման, որի մեջ սեփական իրավունքի պահպանման ու ճանաչման որեւիցե ռազմավարություն չկա: Ինչպես ասում են՝ «դարձյալ ամբողջ հույսը Աստծո վրա է»: Նույնիսկ երբեմն հայտարարվող «ահարկու» մտադրությունները շատ արագ մոռացվում են՝ հանուն շարունակվող անիմաստ բանակցությունների:
Բայց ո՞ւր է տանում այս իրավիճակը: Ո՞րն է հայերի՝ «Աստծու վրա հույս դնելու» իմաստը: Ամենայն հավանականությամբ՝ այն, որ միջազգային հանրությունը թույլ չի տա Ադրբեջանին ուժ կիրառել, եթե Հայաստանն «իրեն շատ հնազանդ պահի»: Համենայնդեպս՝ այս աշխարհընկալումը հայկական քաղաքականության մեջ վաղուց ակնհայտ է. հույսը դնել ուրիշների վրա՝ հրաժարվելով սեփական իրավունքներից հանուն այդ ուրիշների: Ինչպես ասում են՝ մի բան իմացանք, բայց, ինչպես միշտ, չհասկացանք:
Պարզ է, որ 21-րդ դարի պայմաններում դժվար է ռազմական գործողություններ իրականացնել` տարածք բռնագրավելու նպատակով: Դա դժվար է նույնիսկ այն պայմաններում, երբ այդ տարածքը միջազգայնորեն ճանաչված է ուժ կիրառելու ցանկություն ունեցող պետության կազմի մեջ: Նման պետությունը զսպված է արտաքին ուժերի կողմից, որոնք իրենց զինանոցում ունեն նրա պարտավորությունը, համաձայն որի նա հրաժարվում է ուժի կիրառումից՝ վիճահարույց հարցերի լուծման համար: Այսինքն՝ ուժ կիրառելու ցանկություն ունեցող սուբյեկտը միշտ կանգնած է որեւէ այլ սուբյեկտի կողմից պատժվելու սպառնալիքի առջեւ:
Ադրբեջանը գիտի, որ չի կարող Արցախը ուժով բռնազավթել, եթե չլինի զգալի քաղաքական աջակցություն ուժեղ տերությունների կողմից: Նա հիմա նման աջակցություն չունի: Այստեղից է սկսվում Ադրբեջանի քաղաքականությունը, որը միտված է ցանկացած գնով պահպանել Արցախի նկատմամբ միջազգայնորեն ճանաչված իր իրավունքը: Բայցեւայնպես՝ շարունակվող սրընթաց քաղաքական փոփոխությունների պայմաններում միշտ էլ կարող է առաջանալ այնպիսի իրավիճակ, երբ Ադրբեջանը կստանա անհրաժեշտ աջակցություն եւ ուժ կիրառելու արտոնություն:
Հայաստանն ու Արցախը այս վերջին հանգամանքի մասին պետք է մտածեն: Եվ անիմաստ բանակցությունները շարունակելու փոխարեն զինվեն Արցախի նկատմամբ ունեցած իրավունքից Ադրբեջանին զրկելու ռազմավարությամբ, որն իրականում Արցախի հանդեպ իրավունքների հարցում միջազգային հանրության դիրքորոշման փոփոխման ռազմավարությունն է: Ավելին՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչվել է առաջատար արեւմտյան տերությունների եւ Ռուսաստանի կողմից: Բավական է գիտակացել նման ռազմավարության էությունն ու քաղաքական իմաստը՝ բանակցությունները միանգամից նպատակ եւ նշանակություն ձեռք կբերեն: