Հարցազրույց քաղաքագետ, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանի հետ
- Հայաստանի կառավարման համակարգում փոփոխություններ են կատարվում: Արդենհայտարարվել է, որ ուժային կառույցներն անցնելու են վարչապետի ենթակայությանտակ, որ վարչապետի նստավայրը Բաղրամյան 26-ն է լինելու, որ նաունենալու է ինքնաթիռ ու ուղղաթիռ, անձնական բժիշկ: Նոր օրինագծի համաձայն՝կառավարության նիստերը դռնփակ են անցկացվելու: Այս փոխությունները դեպի ո՞ւրեն տանում:
- Այդ փոփոխություններն ընդամենը նրա համար են, որ Սերժ Սարգսյանն իր համար ուզում է ապահովել նույն լիազորությունները վարչապետի պաշտոնում, ինչ ունեցել է նախագահի պաշտոնում: Ուրիշ բան չկա այստեղ, մի քիչ էլ ճոխացնի իր կյանքը, որովհետև ֆինանսատնտեսական համակարգը ստիպված էր հանձնել Կարեն Կարապետյանին և նրա շուրջ գտնվող մոսկովյան միլիարդատերերին:
2016-ից հստակ երևում էր, որ սնանկացրել են երկիրը, բերել են քաղաքական ճգնաժամի, պատերազմի, բյուջեի փլուզման և այլն, դա շատ պարզ էր, և Սերժ Սարգսյանը ստիպված էր բոլորից ազատվել: 2014-ից ստեղծված կառավարության ամբողջ օլիգարխիկ համակարգը լքված էր և՛ կադրային առումով, և՛ խոշոր կոռուպցիոներներով: 2 տարում դա բերեց լիակատար ճգնաժամի, երկիրը սնանկացնելուն, և Սերժ Սարգսյանն այն պահին, երբ լիազորություններն ավարտվում են, նրանց բոլորին «փուռը տվեց», երկիրը հանձնեց Ռուսաստանի միլիարդատերերին:
Հիմա երկրորդ խնդիրն է լուծում, որ այսքանն անելուց հետո մնա, բայց նոր վիճակում՝ բոլոր լիազորությունները պահելով իր ձեռքում, առաջին հերթին՝ արտաքին քաղաքականությունն ու ուժային կառույցները, դրանով փորձելով ապահովել այն վիճակը, որ եղել է մինչև 2016 թ:
Դրա համար կոմեդիայի հասնող բաներ էլ է անում՝ իր կերպարը պահում է, շենքը պահում է, որ ինքը նույնն է, չի փոխվել: Շատ ցինիկ է այդ ամենը, շատ անհասկանալի է, այդ մարդը պիտի հասկանա, որ ինքն է բերել երկիրն այս վիճակին:
1997-98 թթ.-ից մինչև այսօր տեսնում ենք, որ նմանատիպ բաներ էին փորձում անել: Այն ժամանակվա ֆիգուրներին հիշում եք, չէ՞: Նոր մարդկանց էին ներքաշում, այն ժամանակ էլ փորձեցին Արմեն Սարգսյանին ներքաշել, Քոչարյան Ռոբերտ էին բերում... Իրականում տեսանք, թե ներիշխանական ինչ փլուզումներ եղան, նույնն էլ հիմա է՝ Սերժ Սարգսյանը մոտավորապես նույն խնդիրների առաջ է կանգնած: Քաղաքական համակարգը լրիվ սնանկացած է, որևէ դիմադրություն չի կարող ցույց տալ այն պահանջներին, որոնք ստեղծվում են երկրի առաջ:
- Հաջորդ ամիս ԱԺ-ում նախագահական նոր ընտրություններ են անցկացվելու: Համամի՞տ եք այն կարծիքին, որ Հայաստանն ունենալու է «թագուհու» կարգավիճակով նախագահ:
- «Թագուհու» կարգավիճակի խնդիր չէ, խնդիրն այն է, թե Սերժ Սարգսյանն ինչի համար է փորձում հաջողեցնել այս ամենը: Արդեն գոյություն ունեցող մի մեծ կորպուս է ստեղծվել կուսակցականների, դեպուտատների, այն մարդկանց շուրջ, որոնք պատրաստ են ցանկացած որոշում ընդունելու, այդ նոր վիճակում նույնպես դրսևորվելու: Կապ չունի, թե ով ինչ է կոչում իրեն՝ ընդդիմադիր, ալտերնատիվ, իշխող, բոլորը նույն որակի են, գումարած այդ ակադեմիական, դասախոսական շրջանակները:
Մի անգամ ասել եմ, որ հերիք է՝ հիմա կամ հետո Կարեն Կարապետյանը կամ Արմեն Սարգսյանը կես բերան ասեն, որ Սերժ Սարգսյանն այս երկրին խոչընդոտ է, ամբողջ այդ կորպուսն առնելու է դրա տակ՝ թե՛ ուժայինները, թե՛ մյուսները: Սերժ Սարգսյանի հույսն ընդամենն այն է, որ որևէ մեկը նման բան չի անի: Ցանկացածը, անգամ միլիարդատեր Սամվել Կարապետյանը հայտարարի նման բան, Սերժ Սարգսյանը՝ որպես ֆիգուր, վերջանալու է: Այս տրագիկոմեդիան դրա համար է:
Հիշեք այն ժամանակվա ներիշխանական առաջին փոփոխությունը. համարյա այս նույն բաներն էին: Կյանքը հնարավորություն է տվել, որ իրենք հանգիստ հեռանան, բայց այդ մարդը չի ուզում հեռանալ, կյանքի ուրիշ ձևեր է գտնում, բայց քո համակարգն այդպես չի կարող աշխատել:
- Մարտից հետո ի՞նչ է փոխվելու Հայաստանի քաղաքացու կյանքում:
- Երբ նման օլիգարխիկ համակարգ գոյություն ունի, որն անընդհատ ներքաշվում է միջազգային ֆինանսական, տնտեսական թոհուբոհերի մեջ, երբևէ չեք կարող հասկանալ, թե ինչ կարող է լինել: Ասում են, չէ՞, որ Արմեն Սարգսյանն այն ֆիգուրն է, որը պիտի ներքաշվի միջազգային ինչ-որ ոլորտներում, խոսում են, չէ՞, որ սա է անելու, նա է անելու, այդ մարդը չի էլ հասկանում, որ իրեն բերում են նախագահ, ոչ թե լավ, հարուստ բարեկամ, որ փող բերի, պահի: Պրիմիտիվ, աֆրիկյան մակարդակի զրույցներ են:
- Այսինքն՝ քաղաքական անկայունությո՞ւն է լինելու:
- Քաղաքական անկայունություն ցանկացած պահի կարող է լինել, որովհետև այս ստեղծվող համակարգը որևէ իմունիտետ չունի, դա ընդամենը պիտի գործի, երբ լրիվ մեռյալ վիճակ է, երբ ո՛չ դրսից, ո՛չ ներսից որևէ շարժ չկա: Հերիք է՝ ցանկացած ազդեցություն լինի ներսից կամ դրսից, ոչ ոք չի կարող իմանալ, թե ինչ կլինի:
- Պարոն Սարգսյան, Ձեզ համար զարմանալի չէ՞, որ նույնիսկ ձևական դիմադրություն չկա ներքաղաքական փոփոխություններին:
- Ոչ, այդ կասկածանքները վերջացել են 2015 թվականի այն ողբերգական դեպքերով, երբ ռուս զինվորը սպանեց ամբողջ ընտանիքին: Այն ժամանակ տեսա, որ անգամ նման հրեշավոր երևույթը մեկին տեղից չի շարժել. սկսած նախագահից, վերջրացրած ցանկացած կուսակցության վերջին պահակից: Բոլորը վերմակի տակ են, քաղաքականացված խավը կորել է: Այդքան խոսվեց այդ մասին, բայց ոչ մի կուսակցություն ոչ մի հայտարարություն չարեց: Այն ժամանակ հասկացա, որ հոգեպես մեռյալ մի խավ է, որի վրա էլ հիմնվում են այս աֆյորաները: