Պատմական զուգահեռի սկզբունքով դիտարկելիս՝ ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը 2020թ. սեպտեմբերյան 44-օրյայից ի վեր Հայաստանի առջեւ դնում է ճիշտ նույնպիսի պահանջներ, որպիսիք Առաջին աշխարհամարտում՝ 1914-ին, Ավստրիան առաջադրում էր Սերբիային։ Ընդ որում՝ պահանջներ ներկայացնելուն համընթաց՝ Ադրբեջանը, Ավստրիայի օրինակով, օգտագործում է որոշակի բառապաշար, որն ունի միջազգային հենք: Օրինակ՝ Արցախի պատերազմը դիտարկում է որպես Հատուկ ռազմական գործողություն (ՀՌԳ): Այդ բառեզրը հետագայում Ռուսաստանը կիրառեց Ուկրաինայի դեմ պատերազմում: Շատ ավելի վաղ Միացյալ Նահանգներն այն օգտագործում էր Աֆղանստանի, Իրաքի, Սիրիայի նկատմամբ եւ այլն:
Ադրբեջանը՝ իրականում լինելով ագրեսոր պետություն, շրջանառության մեջ էր դրել նաեւ Հայրենական պատերազմ եզրը, իսկ պատերազմից հետո պահանջում էր Հայաստանի ապազգայնացումը (դենացիֆիկացիա) եւ ապառազմականացումը (դեմիլիտարիզացիա): Սա եւս միջազգային դիվանագիտական պատմության բառապաշար է, որն օգտագործվում էր Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Շատ կարեւոր է հասկանալ, թե ինչ քաղաքականություն է վարում Ադրբեջանը, ինչ քաղաքականություն է փորձում վարել Հայաստանի ներկայիս ղեկավարությունը եւ արդյո՞ք սա ունի նախադեպեր միջազգային պատմության մեջ: Պատասխանի համար ստիպված ենք անդրադառնալ Առաջին համաշխարհային պատերազմի իրադարձություններին եւ դրանից առաջ տեղի ունեցած մի քանի կարեւոր դրվագների:
Առաջին համաշխարհայինից առաջ պարզ էր, որ մեծ պատերազմ է տեղի ունենալու, այսինքն՝ կայսրությունները մտնելու են պատերազմի մեջ, եւ կազմավորվելու են նոր դաշինքներ: Արդեն ստեղծվում էր Անտանտան, մյուս կողմից էլ՝ Գերմանիա-Իտալիա-Ավստրո-Հունգարիա եռակողմ կոալիցիան: Ռուսաստանի ցարը չէր ցանկանում, որ այդ պատերազմը տեղի ունենա եւ հանդես է գալիս մի քանի նախաձեռնություններով, որոնք կարեւոր դերակատարություն էին ունենալու հետագա աշխարհակարգի ձեւավորման գործում: 1899թ.-ին նա առաջարկում է միջազգային կոնֆերանս հրավիրել Հաագայում եւ ընդունել մի քանի կարեւոր կոնվենցիաներ ու որոշումներ:
Այդ որոշումները վերաբերում էին պատերազմի վարման կանոններին, զինվորականներին եւ ոչ զինվորականներին, այսինքն՝ կոմբատանտներին եւ ոչ կոմբատանտներին, վիրավորների նկատմամբ մարդկային վերաբերմունքին, գերի ընկածների նկատմամբ որոշակի զինատեսակների, փամփուշտների եւ թունավոր նյութերի չօգտագործմանը, որոնք օգտագործվել էին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Եվ ամենակարեւորը՝ Հաագայում ստեղծվեց միջազգային դատարան: Այսինքն՝ եթե պետությունների միջեւ վեճեր են ծագում, մինչեւ պատերազմ սկսելը, փորձել այդ վեճերը կարգավորել խաղաղ դատական կարգով: Հետո 1907թ.-ին 2-րդ կոնֆերանսն է հրավիրվում ռուսական ցարի նախաձեռնությամբ՝ ինչպես Հաագայում, եւ այդ երկու կոնֆերանսները դառնում են հիմք ապագա աշխարհակարգի ժամանակ:
Այս ամենն ասում ենք մի կարեւորագույն դրվագի համար, որը հատկանշական է այսօրվա հայ-ադրբեջանական հարաբերություններին: Եվ կարծում ենք, որ Ադրբեջանը՝ վարելով իր քաղաքականությունը, հենց սա նկատի ունի: Ինչի՞ մասին է խոսքը: Հիշում ենք, որ Առաջին համաշխարհային պատերազմը սկսվեց, երբ Սարաեւոյում իր տիկնոջ հետ սպանվեց Ավստրիայի արքայազն Ֆրանս Ֆերդինանտը, ինչն էլ դարձավ Առաջին համաշխարհային պատերազմի պատճառը: Երբ որ սպանությունը տեղի ունեցավ, Ավստրիան Սերբիային ներկայացրեց 10 կետից բաղկացած վերջնագիր, որի հիմնական կետերին համառոտակի կանդրադառնանք:
Այսպես՝ առաջին կետով Ավստրիան Սերբիայից պահանջում էր իր նկատմամբ երբեք չներկայացնել տարածքային խնդիր եւ Սերբիայի տարածքում մեկընդմիշտ արգելվի տարածքային պահանջի քարոզչությունը: Հաջորդ կետով արգելվում էին Սերբիայի տարածքում ազգայնական կազմակերպությունները, որոնք Ավստրիայի նկատմամբ թշնամական գործողություններ էին իրականացնում: Հաջորդիվ դրվում էր Սերբիայի կրթական համակարգն արմատապես նորացնելու պահանջ՝ փոխել դասագրքերը, վերապատրաստել ուսուցիչներին, արգելել Ավստրիայի դեմ քարոզչությունը եւ այլն: Պահանջվում էր ԶՈՒ-ից հեռացնել այն զինվորականներին, պետական պաշտոնյաներին, որոնք հանդես են եկել Ավստրիայի դեմ՝ զենքով, թե քարոզչությամբ:
Մեկ այլ կետով պետք է թույլատրվել Ավստրիայի համապատասխան ծառայողներին՝ աշխատելու Սերբիայի տարածքում եւ հետաքննելու վերոնշյալ միջադեպերը: Կար հատուկ կետ, որով թիրախավորվում էին այն կոնկրետ անձինք, որոնք այս կամ այն կերպ մասնակցություն էին ունեցել Սարաեւոյում կատարված սպանությանը. նրանք պետք է ձերբակալվեին ու դատվեին: Հետաքննության ու քրեական պատասխանատվության էին ենթակա մասնավորապես Սերբիայից Ավստրիայի տարածք տեւական ժամանակ ապօրինաբար ռազմամթերք տեղափոխած անձինք, այդ թվում՝ սերբ սահմանապահները: Վերջնագրի կատարման ընթացքի մասին Սերբիան պիտի Ավստրիայի կառավարությանը պարբերաբար հաշվետվություն ներկայացներ:
Սրանք, ըստ էության, մեկառմեկ այն կետերն են, որ Ադրբեջանը ներկայացնում է ՀՀ-ին, եւ վերջինս անմռունչ կատարում է: Գործող վարչապետը խոստացել է փոխել ՀՀ պետական խորհրդանիշները՝ զինանշանը, օրհներգը, Սահմանադրությունը, որոնք, իբր, Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջների տարրեր են պարունակում: Ի դեպ՝ Ադրբեջանը տեղ-տեղ հանդես է գալիս նաեւ Թուրքիայի անունից: Արդեն ազգայնական կազմակերպությունների արգելանքի մասով քայլեր են արվել կամ արվում են՝ առաջին հերթին սահմանափակելով հայաթափված Արցախի եւ արցախահայերի իրավունքները: Չի թույլատրվում, որպեսզի Արցախի ԱԺ-ն կամ պետական որեւէ կառույց Երեւանում գործի որպես վտարանդի մարմին: Անգամ Արցախ բառն է արգելվում արտաբերել:
Մայր հայրենիքում ապաստան գտած արցախցիների նկատմամբ հալածանքները չեն դադարեցվում՝ իշխանությունները նախ առգրավեցին Արցախի ներկայացուցչության երեւանյան շենքը, որտեղ հավաքվում, քննարկումներ էին անցկացնում, այնուհետեւ սկսեցին առգրավել նախկին պաշտոնյաների ավտոմեքենաները, սաստկացնել արցախցի-երեւանցի ոչ վաղ անցյալի արհեստական հակադրությունը եւ ատելության խոսքը մեր տուժած հայրենակիցների նկատմամբ: Ինչպես ժամանակին Սարաեւոյում էր, Ալիեւի պահանջած փոփոխությունները ՀՀ-ում մեկնարկեցին կրթական համակարգից եւ շարունակվում են ճիշտ այն դիպաշարով, ինչպես Ավստրիայի ճնշմամբ իրագործվել էին Սերբիայում:
Ամեն ինչ Հայաստանում կատարվում է հրապարակավ, որպեսզի «պահանջատերն» իր աչքով տեսնի՝ գոհանա: Հայկական կողմի պարտաճանաչությունը մի բան էլ ավելին է: Դասագրքերը փոխվել են ըստ պատվիրատուի ճաշակի, ուսումնական ծրագրից հանվել է «Հայ եկեղեցու պատմություն» առարկան, «Հայոց լեզվի» եւ «Հայ գրականության» դասաժամերը կրճատվել են, «Հայոց պատմություն» դասագիրքը վերանվանվել է շատ քիչ բան ասող՝ «Հայաստանի պատմություն»: Արարատ լեռան փառահեղ լուսանկարն ու վեհաշուք անունը արգելվել են: Փոփոխությունների գործընթացին լծվել է նաեւ Նիկոլ Փաշինյանը՝ հեղինակելով «Իրական Հայաստան»-ի եւ «Պատմական Հայաստան»-ի վերաբերյալ իր անշուք «տրակտատները»:
Այդ անհայրենիք անձնավորությունը հայկական ինքնության դեմ պայքարում է ե՛ւ խոսքով, ե՛ւ գրչով: Ազգին «սովորեցնում» է, որ Հայոց ցեղասպանության հարցը դեռ պարզաբանման կարիք ունի, եւ պետք է հասկանանք, թե ինչ է իրականում տեղի ունեցել 1915-ին: Ըստ նրա, Արեւմտյան Հայաստանը Արարատի, Շիրակի մարզերն են, ուրիշ Արեւմտյան Հայաստան գոյություն չունի: Փաշինյանն ուզում է մեր պատմությունը սրբագրել, պատմական դեմքերն ու դեպքերը, հերոսների անունները ջնջել մեկընդմիշտ, որ «հանգիստ ապրենք»: Նույնիսկ դպրոցների «Փառքի անկյուններից» հեռացնել է տալիս զոհված ազատամարտիկների մասին պատմություններն ու նրանց լուսանկարները: Իսկ չհնազանդվող դպրոցների տնօրեններին հրահանգում էր ազատել պաշտոնից:
Փաշինյանի գործողությունները Բաքվում եւ Անկարայում հավանության են արժանանում: Քիչ է ասել, թե նա Էրդողան-Ալիեւ զույգին բաժին հասած թանկագին մի նվեր է: Քանի դեռ պաշտոնավարում է եւ կատարում զույգի բոլոր պահանջները, Նիկոլն ուղղակի Աստծո պարգեւ է թուրք եւ ազերի առաջնորդների համար՝ նրանց «ոսկե ձկնիկը»: Վերջինս Ալիեւի պահանջով է թուլացրել բանակը, ձերբակալել զինվորականներին կամ հեռացրել Զինված ուժերից: Թիրախում հատկապես հերոսի կոչում ստացած լավագույն գեներալներն էին միշտ հայտնվում, քանի որ պաշտոնական Բաքվի տրամաբանությամբ՝ նրանք ռազմական հանցագործներ են, անջատողականներ, եւ Հայաստանը նրանց պետք է պատժի: Այսինքն՝ ինչպես Ավստրիայի ու Սերբիայի օրինակն էր:
Բայց հարց է առաջանում՝ արդյո՞ք Ավստրիայի առաջադրած վերջնագրի բոլոր կետերի ընդունումն ու կատարումը Սերբիային փրկեցին պատերազմից: Բնավ՝ ո՛չ: Պատերազմը, այնուամենայնիվ, տեղի ունեցավ, որովհետեւ միջազգային իրավիճակն այնպես փոխվեց, որ պատերազմը պետք է լիներ: Ադրբեջանում, անշուշտ, լավ են հասկանում առկա աշխարհաքաղաքական զարգացումները, որոնց պայմաններում Հայաստանի նկատմամբ պատերազմն իրենց համար ուղղակի անհրաժեշտություն է, քանի դեռ հակառակորդը մարտականորեն այնքան էլ լավ վիճակում չէ: Եվ հետո, որ պակաս կարեւոր չէ, թույլ գերագույն գլխավոր հրամանատարի գործոնը կա: Այլ հարց է՝ կօգտվի՞ թշնամին այդ պատեհությունից, թե՝ ոչ:
Այդպիսով՝ Սերբիայի դեպքում հարձակումը տեղի ունեցավ, երկիրը մեծ զրկանքներ կրեց, բայց պատերազմի ընթացքում իրավիճակը փոխվեց. Ավստրիան եւ Գերմանիան դարձան պարտված երկրներ: Սերբիան, ըստ էության, կարողացավ փոքրիկ կայսրություն ստեղծել՝ խոսքը Հարավսլավիայի մասին է: Հիմա Ադրբեջանը՝ լավ թե վատ, փորձում է հենվել արդի դիվանագիտության պատմության ու առանձնահատկությունների վրա եւ խոսել այնպիսի լեզվով, որը հասկանալի է, այսպես կոչված, միջազգային հանրությանը: Նրանք այսօր, ի տարբերություն Հայաստանի, խաղի մեջ են, նստած են սեղանի շուրջ եւ վարում են իրենց խաղը: Իսկ Հայաստա՞նը…
Տեսնո՞ւմ են արդյոք գործող իշխանությունները, թե ինչ է կատարվում շուրջը՝ ո՞ւր է գնում աշխարհը, ունե՞ն արդյոք արտաքին սպառնալիքին դիմակայելու ռազմավարություն ու մարտավարություն: Ունե՞ն տեսլական: Հասկանո՞ւմ են, որ խաղադրույքի վրա դրված է Հայաստանի գոյության եւ չգոյության հարցը: Թե՞ իշխանական բարձունքում վերարտադրվելու մոլուցքը խանգարում է որեւէ այլ բան տեսնել, առավել եւս՝ հասկանալ:
Ստեփան Դանիելյան
Գեւորգ Բրուտենց

