Եվրոպացի առաջնորդների՝ Հայաստանում զանգվածային հավաքից եւ այստեղ անցկացված տարբեր միջոցառումներից հետո հայ հանրությունը լի է ենթադրություններով այն մասին, թե ինչ կարող են նշանակել այս աղմկոտ իրադարձությունները: Եվ, ինչպես սպասվում էր, այս կարծիքները հիմնականում սահմանափակվում են երկու հակադիր տեսանկյուններով՝ սկսած Հայաստանի շուրջ միջազգային դավադրությունից մինչեւ մարդկության համար գլոբալ կենտրոն դառնալու համար Հայաստանի ապագայի քաղաքակրթական մոդելները: Ոչ ոք չի համարձակվում իրադարձություններն ընկալել ավելի պարզ ձեւով:
Հայաստանում, որտեղ վաղուց արմատացած է, այսպես կոչված, հայաստանակենտրոն աշխարհայացքը, համաձայն որի՝ «ամբողջ մոլորակը պտտվում է Հայաստանի շուրջ», այլ բան չէր կարելի ակնկալել: Այս մոտեցումը տեղի ունեցող ամեն ինչում տեսնում է միայն Հայաստանը երկինք բարձրացնելու կամ այն կործանման վայր ուղարկելու միտումներ: Հայերի համար իրենց շուրջը տեղի ունեցող ամեն ինչում պետք է լինի որոշակի վեհություն, նույնիսկ եթե դա նշանակում է ճանապարհ դեպի կործանման վայր: 20-րդ դարասկզբի Ցեղասպանության համախտանիշներն անխուսափելի էին: Բայց ավելի համեստ լինելու համար կարելի է դրսից նայել, թե ինչ է կատարվում:
Հեշտ է տեսնել, որ քաղաքակրթական ճգնաժամի պայմաններում քաղաքական աշխարհը վաղուց զբաղված է իր խարխուլ քաղաքական ու իրավական կարգը վերականգնելով։ Եվս մեկ անգամ բոլորը սովորում են ապրել միջազգային կանոնների փլուզվող համակարգի պայմաններում։ Եվ իրենց ճակատագրով մտահոգ տերությունների համար Հայաստանը դիտվում է որպես ճկուն ծեփոնե կտոր՝ նոր ռեսուրսներ գտնելու ճանապարհին։ Ինչպես միջազգային հարաբերություններում բոլոր մյուս զարգացող դերակատարները, իհարկե, իրենց քմահաճույքներով։
Այնուամենայնիվ՝ սա չի նշանակում, որ Հայաստանի նման երկրները ձայն չունեն իրենց ճակատագիրը որոշելու հարցում։ Հույս ունենալը, որ պարզապես հնազանդությունը կփրկի քեզ, արդարացված չէ։ Հայերի շրջանում այս հոգեբանական վիճակը, որը լայն տարածում է գտել վերջին տարիներին, ամենեւին անվնաս չէ։ Եվ սա արժանի է մանրամասն եւ անխոնջ քննարկման։ Բոլոր հաջողություններն ու անհաջողությունները շարունակաբար վերագրել արտաքին ուժերին, բնավ ճիշտ չէ։ Ավելին՝ սեփական ճակատագրի համար պատասխանատվությունից ազատվելը եւս անվնաս չէ։
Ներկայիս համաշխարհային գործընթացների մասին իմ տեսակետը ես մանրամասն ներկայացրել եմ: Առաջիկայում կփորձեմ առաջարկել նաեւ Եվրոպայի կողմից Հայաստանի շուրջ ներգրավվածության աճի հարցի վերաբերյալ տեսակետս։ Բայց առայժմ կցանկանայի կիսվել ներկայիս իրավիճակի միայն մեկ կողմով, որը ինչ-որ կերպ ստվերեց (կամ, ընդհակառակը, լուսավորեց) Երեւանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը։
Հարցն այն է, որ եվրոպացիներն այս ֆորումին ժամանեցին նախնական բանաձեւով՝ կրկին վերահաստատելով իրենց պահանջն առ այն, որ Ադրբեջանն ապահովի Արցախի ժողովրդի՝ արժանապատիվ եւ անվտանգ վերադարձը հայրենիք՝ միջազգային երաշխիքների ներքո։ Ավելին՝ նրանք պահանջեցին ազատ արձակել Բաքվում ապօրինի դատապարտված հայ բանտարկյալներին։ Ինչո՞ւ էր դա նրանց հարկավոր։ Մի՞թե ԵՄ անդամ պետությունները չգիտեին, որ նշյալ մոտեցումը կարող է գրգռել ե՛ւ Ադրբեջանի նախագահին, ե՛ւ Հայաստանի ղեկավարությանը, որոնք հոգնել էին ամեն առիթով հայտարարելուց, որ նման հարցադրումներն ուղղակի վտանգում են Հայաստանի Հանրապետությունը։ Ամենայն հավանականությամբ, նրանք լավ էլ գիտեին։
Այնուամենայնիվ, ԵՄ անդամ երկրներն այժմ ընդունում են իրենց 14-րդ բանաձեւը՝ նույն կետերով։ Ավելին՝ Ադրբեջանի նախագահին, որը չափազանցեց իր դիրքորոշումը ֆորումում, ամենաբարձր մակարդակով ասվեց, որ ԵՄ-ը չի փոխի իր մոտեցումը։ ՀՀ վարչապետին եւս, ըստ էության, հասկացվեց, որ նրա կարծիքը միակը չէ, որով ապահովվում է Հայաստանի անվտանգությունը։ Սա կրկնակի դժվար էր բացատրել, քանի որ նրանք լսեցին վարչապետի հուզիչ հորդորը՝ մոռանալ արցախցիների վերադարձի իրավունքի մասին ՀՀ-ն վտանգող խոսույթը նույնիսկ ԵՄ ամբիոնից։
Կարծում եմ՝ եվրոպական համայնքի մտադրությունների մասին քննարկումները Հայաստանում պետք է սկսվեն հետեւյալ հարցից. մասնավորապես՝ ինչո՞ւ է Եվրախորհրդարանը համառորեն բարձրացնում Լեռնային Ղարաբաղից «տեղահանված» մարդկանց իրավունքների հարցը։ Ի վերջո, թվում է՝ եվրոպացիներին ավելի ձեռնտու է օգտվել այս թեմայի շուրջ լռությունից եւ «իրենց սեփական օրակարգն առաջ մղել»։
Արդյո՞ք որեւէ հայ ունի դրա բացատրությունը։ Պարզապես մի՛ խոսեք «հանուն ժողովրդավարական Հայաստանի արդարության կամ մարդու իրավունքների մասին», որոնք արցախահայերի դեպքում նրանք բոլորով համատեղ ոտնահարել են։
Կարծում եմ՝ այս հարցի պատասխանը կարող է օգնել մեզ հասկանալ, թե ինչ է կատարվում Հայաստանի եւ մեր տարածաշրջանի շուրջ։ Հետեւաբար՝ առայժմ մենք կկենտրոնանանք Հայաստանի շուրջ եվրոպական աշխուժացման նկարագրված կողմի վրա։
Մանվել Սարգսյան

