Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-5-ը աշխատանքային այցով Բելգիայում էր: Հայաստանի վարչապետը Բրյուսելում բարձր մակարդակի հանդիպումներ է ունեցել Եվրոպական միության կառույցների ղեկավարների՝ Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի, Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերի Բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Հանդիպումներից հետո Նիկոլ Փաշինյանը եւ Դոնալդ Տուսկը հանդես են եկել ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարությամբ, իսկ Եվրահանձնաժողովի նախագահի հետ վարչապետն ունեցել է համատեղ մամուլի ասուլիս: Փաշինյանն այցելել է նաեւ Եվրոպական խորհրդարան, որտեղ հանդես է եկել ելույթով ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում:
…Վարչապետի այցի առաջին հանգրվանը Բելգիայի Ֆլանդրիայի տարածաշրջանի Լյովեն քաղաքն էր, որը համարվում է երկրի համալսարանական կենտրոններից մեկը: Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Լյովենի կրթական եւ գիտահետազոտական հաստատությունների՝ Կաթոլիկ համալսարանի, Հետազոտությունների եւ զարգացման տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակի, «IMEC» գիտահետազոտական կենտրոնի, «Առողջության կենտրոնի» գործունեությանն ու ծրագրերին: ՀՀ վարչապետի ներկայությամբ նախ ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության եւ Ֆլանդրիայի արտաքին գործերի դեպարտամենտի, ապա՝ համանման փաստաթուղթ նաեւ «IMEC» գիտահետազոտական կենտրոնի եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի միջեւ: Հուշագրերի համաձայն՝ կողմերը համագործակցություն են ծավալելու բարձր տեխնոլոգիաների ու նորարարությունների ոլորտում փորձի փոխանակման, կրթական ծրագրերի իրականացման եւ գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման ուղղությամբ:
Մարտի 4-ին Փաշինյանը ելույթով հանդես է եկել Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում՝ ի մասնավորի կենտրոնանալով երկրում տեղի ունեցող հիմնարար փոփոխությունների վրա, որոնք, ըստ նրա, լիովին փոխում են մեր քաղաքական եւ տնտեսական լանդշաֆտը: Փաշինյանը խոսել է նաեւ այսօրվա մարտահրավերների եւ ապագայի նպատակների ու ծրագրերի մասին: Նրա ներկայացմամբ՝ ՀՀ կառավարության առաջնահերթություններից են կոռուպցիայի դեմ պայքարը, մենաշնորհների վերացումը, աղքատության հաղթահարումը, անկախ դատական համակարգի համախմբումը, օրենքի գերակայության հաստատումը եւ բոլոր տնտեսվարողների ու քաղաքական դերակատարների համար խաղի հավասար կանոնների ապահովումը: Վարչապետի հավաստմամբ՝ միջոցներ կձեռնարկվեն հարկային եւ մաքսային համակարգերի, ինչպեսեւ կրթական ոլորտի բարեփոխման ուղղությամբ: Մարդիկ, Փաշինյանի խոսքով, պետք է կարողանան ապրել ու արարել արագ զարգացող եւ անընդհատ փոքրացող աշխարհում, որտեղ գիտելիքով է պայմանավորված առաջընթացը: Ելույթի շարունակության մեջ ՀՀ կառավարության ղեկավարը կարեւորել է Եվրամիության ֆինանսատեխնիկական օժանդակությունը մեր երկրի համար: «Մենք ձեր աջակցության կարիքն ունենք` բարեփոխումների իրականացման ուղղությամբ կտրուկ քայլեր կատարելու համար: Ակնհայտ է, որ Եվրամիության ընդլայնված աջակցությունը կօգնի մեզ առաջ շարժվել ավելի վճռականորեն: Որքան մեծ լինի օգնության ծավալը, այնքան ավելի արագ եւ սահուն կընթանան բարեփոխումները»,- ասել է Հայաստանի վարչապետը:
Բելգիայի Թագավորություն աշխատանքային այցի առաջին օրվա ավարտին Նիկոլ Փաշինյանը հանդիպել է հայ համայնքի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ, որոնք գործունեություն են ծավալում ադամանդագործության, անշարժ գույքի, բեռնափոխադրումների ոլորտներում: Աշխատանքային ընթրիքի շուրջ քննարկվել են հայ-բելգիական գործարար կապերի ընդլայնմանը վերաբերող հարցեր: Վարչապետը ներկայացրել է տնտեսական արմատական բարեփոխումների ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, ինչպեսեւ բիզնես միջավայրի շարունակական լավացման, ներդրումների ներգրավման, կարգավորումների դյուրացման, օրենսդրական դաշտի բարելավման, հակակոռուպցիոն պայքարի շրջանակում տարվող աշխատանքները: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը շահագրգռված է խորացնել երկկողմ տնտեսական համագործակցությունը եւ իրականացնել համատեղ ծրագրեր:
Մարտի 5-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եվրոպական խորհուրդ, որտեղ նրան դիմավորել է ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:
Մարտի 3-ին` հյուրընկալվելով Համլետ Ղուշչյանի «Բաց օրը» հաղորդմանը, ճանաչված երգիչ-երգահան, բանաստեղծ Ռուբեն Հախվերդյանն արցախցիների հասցեին կոպիտ արտահայտություններ է արել` ինչպես միշտ, օգտագործելով ոչ նորմատիվային բառապաշար: «Վաբշե մաքրվեք ստեղից, վեկալեք, գնացեք ձեր մշակույթով, ձեր մուղամներով, ձեր նամազներով։ Հազիվ Երեւանը մի քիչ մաքրվել, քաղաք էր դարձել էս քաղաքը, բայց Ղարաբաղից թուրքական երաժշտությունը եկավ ու արմատակալեց»,- մասնավորապես ասել է Հախվերդյանը։ Ավելի ուշ, երբ Արցախի եւ Հայաստանի մտավորականության, հանրային շրջանակներում դժգոհությունների ու զայրույթի ալիք էր բարձրացել, երգահանը հանդես եկավ իր անվայելուչ խոսքերի մեկնաբանությամբ` փորձելով հավաստիացնել, որ իր քննադատության թիրախը ոչ թե Արցախի շարքային քաղաքացին էր, այլ` վերնախավը: Սակայն դրանից կրքերը չեն հանդարտվել:
…Սկանդալային հարցազրույցը, հիրավի, բուռն արձագանք է գտել։ Պաշտոնական մակարդակով այն դատապարտել են Հայաստանի եւ Արցախի մարդու իրավունքների պաշտպանները, Բակո Սահակյանի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը եւ այլք: Իր անդրադարձում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրել է. «Խիստ դատապարտելի եմ համարում մեր հայրենիքի արցախյան հատվածի մասին այսպիսի վիրավորական գնահատականները եւ այն էլ` հանրային ճանաչում ունեցող մարդկանց կողմից»։ Հարցազրույցում, ըստ Թաթոյանի, արվել են խտրական եւ, անգամ, ներքին թշնամանք հրահրող արտահայտություններ, ինչը չի կարող ընդունելի լինել։ Արցախահայության բարձր արժանապատվությունն ու պատիվը, օմբուդսմենի կարծիքով, համայն հայության միասնության լուսավոր խորհրդանիշներից է։ «Բաց օրը» հաղորդման ժամանակ արցախցիների մասին երգչի արտահայտած մտքերը «խիստ խտրական» ու «վիրավորական» է որակել նաեւ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ ամոթանք տալով Ռուբեն Հախվերդյանին ու նրա «դամը պահող» Համլետ Ղուշչյանին. «Ցավում եմ, որ մեր ազգի մեջ այդպես մտածող «մտավորականներ» կան, որոնք ի վիճակի են հայության շրջանում տարանջատում մտցնել այդ կարգի վիրավորական ընդհանրացումներով: Հուսամ՝ նրանք վաղ թե ուշ կգիտակցեն իրենց ասածների վտանգավորությունն ու դատարկությունը»,- նշել է Բեգլարյանը: Շատ ավելի շեշտակի էր Արցախի Հանրապետության նախագահի մամլո խոսնակի հակազդեցությունը: «Բարոյապես եւ ստեղծագործական առումով վաղուց սպառված՝ նախկին երգահան ու երգիչ ռուբեն հախվերդյանը, ով արդեն որեւէ արժեքավոր գործ ստեղծելու ունակ չէ, կրկին վիրավորանքների հեղեղ է թափում հայ ժողովրդի վրա՝ հայհոյելով արցախահայությանը: Այս ամենից ապշերոնյան էժանագին խավիարի գարշելի հոտ է փչում: Նրա նմաններով պետք է զբաղվեն համապատասխան կառույցները՝ ԱԱԾ-ն, Առողջապահության նախարարությունը, ավելի կոնկրետ՝ որեւէ հոգեբուժարան»,- գրել է Դավիթ Բաբայանը:
Թեժ քննարկումներ եղան եւ դրանք շարունակվում են նաեւ սոցցանցերում: Եվ դա պատահական չէ, Հախվերդյան-Ղուշչյան զույգի մատուցածը, խոշոր հաշվով, հենց այն է, ինչի մասին երազում է Ադրբեջանը` հայության երկու հատվածների պառակտումը: Պատվերով, թե անգիտակցաբար` այս զույգը կատարեց առաջին վտանգավոր քայլը, որի հետեւորդներ ֆեյսբուքյան տիրույթում, դժբախտաբար, գտնվեցին: Մխիթարում է միայն այն է, որ սթափ դատող, խնդրի վտանգավորությունը գիտակցող՝ ֆեյսբուքյան օգտատերերի թիվն ավելի մեծ է: Հակիրճ ներկայացնենք թեմայի վերաբերյալ մի քանի գրառումներ. Ռուբեն Մելիքյան- Արցախի նախկին օմբուդսմեն. «Արցախը գոնե մի քիչ ճանաչող մարդկանց համար, վստահ եմ, պետք է լիովին պարզ լինի, թե ինչ ցասում ու վիրավորանք են զգում այն մարդիկ, ովքեր ամեն ինչ վտանգելով՝ կենացմահու կռիվ են տվել մեր ինքնության ու արժանապատվության համար ու հիմա էլ ամեն օր ապրում են ադրբեջանական հոխորտանքների ներքո: Եվ ահա՝ նման թշնամանք ու մաղձ»: Արմեն Խաչատրյան- «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր. «Անիմաստ եմ համարում Հախվերդյանին ներկայացնելը, բոլորս գիտենք՝ նա ով է եղել եւ ով է հիմա, բայց չեմ կարող չանդրադառնալ Համլետ Ղուշչյանին, ով կազմակերպեց, դրդեց եւ օժանդակեց ազգադավ այդ «միջոցառումը»: Զարմանում եմ, Համլետ Ղուշչյան, գոնե գիտակցո՞ւմ եք Ձեր արարքները, հաշիվ տալի՞ս եք դրանց համար, հասկանո՞ւմ եք, որ թշնամիների համար այս պահին Ձեր սարքածից ձեռնտու բան չկա: Հայրենիքի դավաճանությունը հո միայն լրտեսություն անելո՞վ չէ»: Նաիրա Զոհրաբյան- ԲՀԿ խմբակցության պատգամավոր. «Տաղանդավոր երգահան ու «երեւանցի տղա» լինելը որեւէ մեկին իրավունք չի տալիս վիրավորելու Արցախի մեր հայրենակիցներին: Սա այն թեման չէ, որի դեպքում կարելի է «էպատաժային քաղաքի տղա» խաղալ: Հայաստանցի եւ արցախցի անթույլատրելի բաժանումը ամենամեծ թրքությունն է, որ կարելի է անել: Ու երեւի ես համաձայնեմ իմ ընկեր Կարեն Քոչարյանի հետ, որ որոշ մարդիկ պետք է շուտ հեռանան, որ ԼԵԳԵՆԴԸ չդառնա դատարկ տարածություն: Ցավում եմ շատ եւ ներողություն եմ խնդրում Արցախի իմ բոլոր հայրենակիցներից»: Նազիկ Ավդալյան- ծանրամարտի աշխարհի եւ եվրոպայի չեմպիոնուհի. «Պարոն Հախվերդյան, Ձեր անձը ձեր երգերի ճիշտ հակադարձությունն է: Ես անընդհատ մտածում եմ՝ փորձում եմ հասկանալ, դուք գիտակցո՞ւմ եք ձեր խոսքերի իմաստը: Գիտակցո՞ւմ եք, որ ներքին թշնամանք եք քարոզում: Չեմ զարմանա, որ ներողություն խնդրեք եւ, ինչպես միշտ, ասեք, որ ալկոհոլի ազդեցության տակ եք եղել: Բայց առավել եւս չեմ կարող հասկանալ այն զանգվածին, որոնք նորմալ են վերաբերվում ձեր այդ հայտարարություններին, մի բան էլ՝ պաշտպանում են: Ես ներողություն եմ խնդրում Արցախի ժողովրդից՝ այդ անհեթեթ արտահայտությունների համար»: Արգիշտի Կիվիրյան- քաղաքացիական ակտիվիստ, վերլուծաբան. «Ժողովուրդ ջան, հանգիստ տարեք, ցավոք՝ բնությունն է այդպես ստեղծել, որ հաճախ նույն մարդու մեջ տաղանդն ու խելապակասությունը քայլում են ձեռք ձեռքի տված...»:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը