Շաբաթվա անցուդարձը մեկնաբանությամբ
Հոկտեմբերի 7-ին հերթական մամլո ասուլիսն էր հրավիրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ներկայացնելով մեր խառնակ ժամանակների անվտանգության ու ներքաղաքական օրակարգերի հրատապ խնդիրներն ու դրանց լուծման սեփական պատկերացումները: Երեք ժամ տեւած բազմաթեմա ասուլիսից առանձնացրել ենք ամենաարդիական երկու թեմատիկ ուղղություններ, որոնց շուրջ էլ կփորձենք կառուցել մեր հրապարակումը: Եվ այսպես՝ խաղաղության ու օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած՝ Փաշինյան-Թրամփ-Ալիեւ ձեւաչափով ձեռք բերված համաձայնությունների մասին:
Գալիք հունիսին նախատեսվող ԱԺ ընտրություններին ընդառաջ՝ Քոչարյանը կոտրեց, ըստ էության, արդեն նախընտրական քարոզարշավին լծված Նիկոլ Փաշինյանի այն թեզը, թե հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի խաղաղության եւ պատերազմի միջեւ: 2-րդ նախագահն անարժանապատիվ է որակում վերջինիս խոստացած խաղաղությունը եւ, իր հերթին, խոստանում խաղաղություն, որը «թիկունքին» կունենա վերահսկողության իրական մեխանիզմներ ու պատասխանատու երաշխավորներ: Այդ դերի համար ԱՄՆ նախագահը, ըստ Քոչարյանի, ամենահարմար թեկնածուն չէ. «Նրա հովանու ներքո անցած բանակցությունների արդյունքում ՀՀ-ն ստացել է մեկ նկար՝ Թրամփի ստորագրությամբ, եւ իրավական ուժ չունեցող մի թուղթ»,- նշել է նա:
«Փաշինյանի խաղաղության օրակարգը սնանկ է»,- պնդում է 2-րդ նախագահը եւ նկատում. «Օգոստոսին Թրամփը վկայի կարգավիճակով է ստորագրություն դրել հայ-ադրբեջանական փաստաթղթերի տակ՝ չստանձնելով որեւէ պարտավորություն»: Այժմ խաղաղությունը, նրա խոսքով, կախված է մեկ մարդու տրամադրությունից, խղճից ու կամքից, եւ այդ մեկ մարդը Ալիեւն է: Մեկ մարդու ցանկությունից կախված, աներաշխիք խաղաղությունը չի կարող երկար կյանք ունենալ: «Սա ոչ թե խաղաղություն է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, այլ՝ զինադադար»,- հստակեցնում է Քոչարյանը եւ հավելում, որ խաղաղության թեման չպիտի լինի ՔՊ-ի մենաշնորհը, ընդհակառակը՝ այն պետք է լինի ընդդիմության մենաշնորհը:
Ինչ-որ տեղ նա իրավացի է եւ այդպես դատելու բարոյական իրավունք ունի, որովհետեւ իր կառավարման 10 տարիներն ամենախաղաղն են եղել ողջ հետընտրական շրջանում: Քոչարյանը հաստատապես որոշել է մասնակցել 2026-ի խորհրդարանական ընտրությանը եւ վստահություն ունի, որ Նիկոլ Փաշինյանի գրեթե զրոյական վարկանիշի պայմաններում ընդդիմությանը կհաջողվի միասնական ուժերով հաղթել եւ կազմավորել կոալիցիոն կառավարություն: Ընդդիմադիր ճամբարում առաջատար ուժերը, ըստ 2-րդ նախագահի, լինելու են առավել բարձր վարկանիշ ունեցող «Հայաստան» դաշինքը եւ Սամվել Կարապետյանի ու նրա աջակիցների ձեւավորած՝ «Մեր ձեւով» շարժումը, որն իսկապես գնալով թափ է հավաքում:
Ի տարբերություն Փաշինյանի, ով վաղուց նախընտրական տվայտանքների մեջ է, 2-րդ նախագահը դեռ չի շտապում, իր ասելով՝ նախընտրական տրամադրության մեկնարկը կտրվի եկող հունվար-փետրվար ամիսներից: 71-ամյա Քոչարյանը, որը ոչ միանշանակ է ընկալվում հանրության եւ քաղաքագիտական համայնքի կողմից, անվարան մտնում է գրեթե անհույս, անուղղելի մի գործընթացի մեջ, որից ավելի երիտասարդ շատ գործիչներ խույս են տալիս: Փաշինյանը քանդել է ամեն ինչ՝ բանակը, տնտեսությունը, սոցիալական ոլորտը, կրթությունը, դատաիրավական համակարգը… Հիմա էլ՝ Մեղրիի միջանցքը կամ, այսպես կոչված, «Թրամփի ուղին», որն անորոշությունների մի մեծ կծիկ է:
Գանք «միջանցքի» թեմային՝ այն ասուլիսի առանցքային նյութերից է: Քոչարյանի պնդմամբ՝ Հայաստան-ԱՄՆ-Ադրբեջան ստորագրված փաստաթղթերով ԱՄՆ-ը ստանում է վերահսկողություն Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ, մենք չենք ստանում ոչինչ, թեեւ իշխանությունը պնդում է՝ ճանապարհի վերահսկողությունը ամբողջությամբ Հայաստանի իրավազորության ներքո է լինելու. «Դուք մտածում եք, որ այդ ճանապարհի վրա, որի հետեւում կանգնած է Միացյալ Նահանգները, Երեւանն ի վիճակի՞ է լինելու ինչ-որ բան թելադրել. ստախոսության բիոսարք է այդ ասողը, ուղղակի ստում է»,- ընդգծել է 2-րդ նախագահը:
Սյունիքով անցնող ճանապարհի շուրջ առանձին պայմանավորվածությունները միայն հուշում են, որ խոսքն այստեղ սովորական ուղու մասին չէ, այլապես չէր առանձնացվի բացվող այլ ճանապարհներից: Լրագրողներից մեկը հիշեցնում է բանախոսին, որ նա տարիներ առաջ Քի Ուեսթում հայր Ալիեւի հետ բանակցությունների ժամանակ ցանկացել է հանձնել այդ ճանապարհը, ինչին ի պատասխան՝ Քոչարյանն ասել է. «Բայց այդ ժամանակ ճանապարհի դիմաց ԼՂ-ն Լաչինի միջանցքով միացվում էր Հայաստանին… Ես գիտեի՝ ինչի դիմաց եմ դա տալիս»: Երկրորդ նախագահն այն կարծիքին է, որ «Թրամփի ուղին» կարող է աղետ դառնալ Հայաստանի գլխին, քանի որ այս ծրագրում անտեսված է հարեւան Իրանի շահը:
«Ի՞նչ արձագանք մենք կունենանք Իրանից, ի՞նչ քաղաքականություն Իրանը կորդեգրի այն բանից հետո, երբ սահմանին հայտնվի Միացյալ Նահանգների ընկերությունը: Այ, սա հասկանալի չէ, սա իսկապես ռիսկային է, որը վտանգում է, ընդհանրապես, այդ սահմանի գոյությունը»,- նշել է Քոչարյանը: Նրա դիտարկմամբ՝ մեր երկրի հարավով անցնելիս «Թրամփի ուղին» կարող է շահեկան դառնալ նաեւ Հայաստանի համար: 2-րդ նախագահը երկու գործոն է նշում՝ ա/ երբ Երասխ-Ջուլֆա երկաթուղին սկսի աշխատել, եւ բ/ երբ Հայաստանն Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապ ստանա Ռուսաստանի հետ: «Եթե այդ երկու բանը Հայաստանը չի ստանում, ամբողջ նախագիծն անիմաստ ու վտանգավոր է դառնում»,- համոզված է օրվա բանախոսը:
Ըստ նրա, այս երկու կետերի մասին տեղեկություններ չկան, փոխարենը խոսվում է Կարս-Իգդիր-Նախիջեւան երկաթուղու կառուցման մասին: Բայց եթե այդ երկաթուղու մի հատվածը չհասնի Երասխ, Հայաստանը, ինչպես նշվեց վերը, ոչինչ չի ստանա այդ նախագծից: Քոչարյանի հավաստմամբ՝ իրավիճակը հնարավոր էր փրկել Վաշինգտոնում, եթե Փաշինյանն առաջարկեր, որ միջանցքը լինի ոչ թե 43 կմ, այլ առնվազն 4-5 անգամ ավելի երկար՝ մինչեւ Երասխ: Քոչարյանը վստահեցնում է, որ դա դիվանագիտական «շախեւմատ» կլիներ Ալիեւի համար: Նա կփորձեր այդ գործարքից գլուխը պրծացնելու ելքեր որոնել:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
«Մենք հավակնում ենք իշխանություն ձեւավորելուն, ես հավակնում եմ ՀՀ վարչապետի պաշտոնին: Մենք՝ որպես ինքնուրույն քաղաքական ուժ, այդ օրակարգով ենք շարժվելու, բնականաբար, նաեւ այս հիմնախնդիրները լուծելու հարցում միասնական ուժերով շարժվելուն, այսինքն՝ հասարակության միասնություն»,- հայտարարել է Արման Թաթոյանը: ՄԻ նախկին պաշտպանը հոկտեմբերի 9-ին խախտեց լռությունը՝ արդեն պաշտոնապես ազդարարելով «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության մասին, որը նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրապայքարին մասնակցելու հայտ կներկայացնի՝ ենթադրաբար որպես կուսակցություն: 43-ամյա Թաթոյանը իր գործունեությունը սկսել է պետական ապարատից՝ 2003-ին, 13 տարի անց նա Հայաստանի օմբուդսմենն էր:
Հոկտեմբերի 7-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կառավարության փոխանցմամբ՝ Փաշինյանը շնորհավորել է Պուտինին՝ ծննդյան օրվա առիթով: «Կարեւորելով երկու երկրների միջեւ հարաբերությունների հետագա զարգացումը` Փաշինյանը բարձր է գնահատել այդ զարգացման գործում ՌԴ նախագահի անձնական ներդրումը»,- ասված է հաղորդագրությունում: Նույն օրը՝ ավելի վաղ, հաղորդվեց, որ հեռախոսազրույց է տեղի ունեցել նաեւ Ալիեւի եւ Պուտինի միջեւ: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի փոխանցմամբ՝ զրույցի ընթացքում երկու նախագահները քննարկել են ռուս-ադրբեջանական երկկողմ հարաբերությունների ներկա վիճակն ու դրանց զարգացման հեռանկարները։
Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 8-ին աշխատանքային երկօրյա այցով մեկնել է Տաջիկստան: Դուշանբեում նա մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Տաջիկստանի մայրաքաղաքում էին նաեւ Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները: Կլինե՞ն արդյոք երկկողմ կամ եռակողմ հանդիպումներ՝ պաշտոնապես չի հաղորդվել: Մամուլի մեկ այլ տեղեկացմամբ՝ Փաշինյանը նույն օրերին՝ հոկտեմբերի 8-9-ը աշխատանքային այցով գտնվում էր Բրյուսելում, որտեղ մասնակցում էր «Համաշխարհային դարպասներ» (Global Gateway) միջազգային երկրորդ համաժողովին։ Մի փոքր տարօրինակ է, այդպես չէ՞:
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՔՊ-ն հոկտեմբերի 6-ին մերժել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին հայտարարության ընդունումը։ 3 կողմ, 6 դեմ ձայներով հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացրած՝ «Ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին» հայտարարության նախագծին: Դրա ընդունմանը դեմ էին հանձնաժողովի ՔՊ-ական անդամները, հենց նրանք էլ մեծամասնություն են հանձնաժողովում: