Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ
Երեւանի կենտրոնում՝ Ֆրանսիայի հրապարակում, մայիսի 1-ին մեկնարկեց ընդդիմության հանրահավաքը, որին միացան քայլերթով չորս խորհրդանշական վայրերից Երեւան ժամանած խմբերը։ Քայլերթին մասնակցում էր նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ընտանիքի անդամների հետ։ Հանրահավաքի բացման ելույթով հանդես եկավ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը, որին հաջորդեցին մայրաքաղաք հասած չորս խմբերի ղեկավարների, ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների, այդ թվում՝ երկու շաբաթ առաջ Ազատության հրապարակում նստացույց սկսած «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի ելույթները։ Այնուհետեւ կրկին հանդես գալով՝ Սաղաթելյանը հայտարարեց, որ գիշերը մնում են Ֆրանսիայի հրապարակում, իսկ առավոտյան ժամը 8։30-ից սկսում խաղաղ անհնազանդության ակցիաներ։
Մեկնաբանությունը
Այս փողոցային պայքարը սկսվեց եւ ուժգնացավ այն բանից հետո, երբ ապրիլի 13-ին Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում՝ ամփոփելով ապրիլի 6-7-ը Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիեւ-Միշել հանդիպման արդյունքները, հայտարարեց Արցախի կարգավիճակի նշաձողը «մի փոքր» իջեցնելու մասին: Սա փաստացի նշանակում էր Արցախի հանձնում Ադրբեջանին։ Ընդդիմադիրների պնդմամբ՝ իշխանության ազգադավ մտադրությունները հնարավոր է վիժեցնել հանրային ճնշման ներքո Փաշինյանին իշխանությունից հեռացնելով։ Նրանք վստահ են, որ օրեօր թափ հավաքող փողոցային պայքարը հաջողությամբ կպսակվի:
Վարչապետի հրաժարականի պահանջով երկու շաբաթ Ազատության հրապարակում նստացույց հայտարարած՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը հանրահավաքի նախօրեին հրավիրված ասուլիսում վերստին համոզմունք է հայտնել, որ ընդդիմությանը կհաջողվի հանրային մեծ ճնշման միջոցով հասնել իշխանափոխության: «Սա համազգային շարժում է եւ կտա իր պտուղները»,- լրագրողներին հավաստիացրել է Վանեցյանը: Ըստ նրա, մայիսի 1-ի հանրահավաքով ընդդիմության պայքարը թեւակոխում է վճռական փուլ:
Ուշագրավ է, որ ԱԺ ընդդիմության եւ նրան հարող արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի ծավալած մեկշաբաթյա բողոքի տարբեր գործողությունների՝ անհնազանդության խաղաղ ակցիաների, երթերի ու հավաքների հենքին ԱԱԾ-ն հանրահավաքին ընդառաջ ապրիլի 30-ին տարածել էր հաղորդագրություն՝ հորդորելով «տուրք չտալ երկրի ներքին անվտանգությունն ապակայունացնող սադրիչ կոչերին, զերծ մնալ հանրության շրջանում ատելության, թշնամանքի տարածման, հրապարակային ելույթներում բռնության գործադրման կոչեր հնչեցնելու անթույլատրելի գործելաոճից»։ Թե ում էր ուղղված այս հորդորը, ԱԱԾ-ն չի հստակեցրել։
Չնայած ում համար պարզ չէ, որ սադրիչ կոչեր տարածելու եւ հանրության մեջ ատելություն ու թշնամանք, երկպառակություն ու գժտություն առաջացնելու գործում իշխանությունն իրեն հավասարը չունի: 2018-ին իշխանության գալուց հետո ՔՊ-ի առաջին գործը «նախկիններին» թիրախավորելն էր, հանրության ներսում բաժանարար գծեր անցկացնելը: Ինչ վերաբերում է սադրանքներ հրահրելուն՝ բավական է հիշեցնել կառավարող քաղաքական ուժի, անձամբ նրա առաջնորդի քավորությամբ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքների, փոխադարձ վիրավորանքների բազմաթիվ դեպքերը: Այնպես որ, ԱԱԾ-ի հորդորի հասցեատերը միանշանակ իշխանությունն է, թեպետ հայ «չեկիստների» համարձակությունը չբավեց դա ինչ-որ կերպ արձանագրել:
Բայց վերադառնանք մայիսմեկի հանրահավաքին, որն, ի դեպ, բավական բազմամարդ էր, եւ գնալով ավելի ու ավելի են ստվարանում ցուցարարների շարքերը: Ընդդիմությունը գտնում է, որ գործող վարչակարգի իշխանավարման յուրաքանչյուր օր վատնված ժամանակ է, ինչը նվազագույնի է հասցնում կորցրածը գոնե մասամբ ետ բերելու հնարավորությունը: Արցախի կարգավիճակի հարցը, ըստ ընդդիմադիր գործիչների, իրենց օրակարգում է, եւ դիրքորոշումն այն է, որ Արցախը երբեք չպետք է լինի Ադրբեջանի կազմում: Դրան հասնելու համար ընդդիմությունը կարեւորում է երկու համաժամանակյա գործընթացների հրատապությունը՝ ՀՀ զինված ուժերի արագ վերականգնում եւ դիվանագիտական աշխատանքի ակտիվացում:
Հանրահավաքում ամենաշատը հնչած կոչերն ու թեզերն էին. «Հայաստան՝ ոտքի՛, Արցախ՝ ոտքի՛», «Զարթնիր, հավատա հայի ուժին», «Սա պայքար է՝ հանուն իրական խաղաղության», «Մեր պայքարը անկասելի է. հայ ազգը միավորվում է՝ դառնալով մի բռունցք», «Նիկոլ Փաշինյանի հրաժարականը համազգային պահանջ է», «Կապիտուլյանտին ենթարկենք կապիտուլյացիայի», «ՀՀ-ում իշխանությունը Ֆրանսիայի հրապարակն է եւ ժողովուրդը», «Թուրքի առաջ ծնկածների դատաստանի օրը գալու է» եւ այլն: Ոստիկաններին ուղղված ամենահաճախ կրկնվող հորդորը՝ «Մի կատարեք այս խելագարի հրամաններն ու ապօրինի հրահանգները»: Բայց ոստիկանական աննախադեպ բռնությունների թեման, թերեւս, հատուկ հետազոտության կարիք ունի:
Հանրությանը հետաքրքրող թիվ մեկ հարցն այն է, թե ով է լինելու ընդդիմության առաջնորդը եւ ով՝ հաջորդ կառավարությունը: Ընդդիմադիր գործիչների պարզաբանմամբ՝ առաջնորդի հարց առայժմ չի քննարկվում, եւ տվյալ փուլում հիմնական խնդիրն այս կացությունից Հայաստանի դուրսբերումն է: «Նիկոլին հեռացնելուց հետո ձեւավորվելու է ազգային համաձայնության կառավարություն։ Այն լինելու է ժամանակավոր։ Դա որեւէ կուսակցության, որեւէ անհատի կառավարություն չի լինելու՝ ոչ ՀՅԴ-ական, ոչ ՀՀԿ-ական, ոչ քոչարյանական։ Դա լինելու է հայ ժողովրդի կարող ուժերից բաղկացած ազգային կառավարություն»,- հայտարարել է Իշխան Սաղաթելյանը: Նրա խոսքով՝ ժամանակավոր կառավարության կազմում ընդգրկվելու են փորձառու, կարող մարդիկ, ովքեր ի զորու են երկիրը դուրս բերել ստեղծված վիճակից։
Անշուշտ՝ ժողովուրդն արագ եւ արդյունավետ փոփոխություններ է ուզում, պատրաստ է իր նպաստը բերել հանուն լավ ապագայի մղվող պայքարի գործին, բայց, այդուհանդերձ, հանրության մեջ կա մի հատված, որը դեռ չի շտապում փողոց դուրս գալ: Քաղտեխնոլոգները երկու հիմնական պատճառ են մատնանշում. ա/ ոմանք չեն ուզում ընդունել, որ 2018-ին սխալվել են՝ ընտրելով Փաշինյանին, եւ բ/ խնդիրը փողոցին առաջարկվող պայքարի հստակ բովանդակության բացակայությունն է. ըստ այդմ՝ մինչեւ մարդիկ չտեսնեն իրենց առաջարկվող՝ վաղվա օրվա ամբողջական պատկերը, չեն դառնալու իշխանությունների հեռացման գործընթացի մասնակից։
Զուտ տեխնոլոգիապես՝ դատելով ընթացող զարգացումներից, փորձագետ Վահե Հովհաննիսյանը չի կարծում, որ մոտակա օրերին կամ շաբաթներին երկրում իշխանափոխություն կլինի, թեեւ հասարակության մեջ, ըստ նրա, կուտակված էներգիայի զգալի պաշար կա, եւ կուտակման միտումը մեծանում է: «Փողոցային պրոցեսների շուրջ որոշումներ կայացնողները կա՛մ չեն տեսնում, կա՛մ չեն կարեւորում փողոցում առկա բովանդակային ճգնաժամը։ Եվ կա սեղմվող ներհասարակական էներգիա, որը մի պահի պայթելու է»,- գրում է փորձագետը՝ կարծիք հայտնելով, որ երկրում բովանդակային ճգնաժամ սկսվեց այն պահից, երբ ԱԺ դահլիճում հնչեց Երրորդ հանրապետության ամենավտանգավոր ելույթը, եւ դահլիճն այն ծափահարեց:
Կզարթնի՞ արդյոք լաոն կամ ինչո՞վ կավարտվեն վարչապետի հրաժարականի պահանջով բողոքի գործողությունները, դժվար է ասել, բայց մի բան պարզ է՝ այս գործընթացը ձախողվելու դեպքում ՀՀ-ում հետապնդումների մի մեծ արշավ կսկսվի՝ միտված հանրահավաքային միջոցառումների ամենաակտիվ մասնակիցների չեզոքացմանը: Սա կլինի վատթարագույն հանգուցալուծումը, ինչը չպետք է թույլ տալ:
Վարչապետի հրաժարականի պահանջով փողոցային պայքարի ելած եւ օրեր շարունակ ԱԺ նիստերը բոյկոտած ընդդիմադիրները մայիսի 4-ին եկել էին խորհրդարան՝ մասնակցելու այդ օրը նախատեսված ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին եւ հատուկ ներկայացնելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջը: Տեքստը ընթերցելուց հետո ընդդիմադիրները լքեցին նիստերի դահլիճը, որովհետեւ վարչապետի աթոռին գամված անձը, ինչպես միշտ, փորձում էր մանիպուլացնել իրեն ներկայացված պահանջը, իսկ իշխանական պատգամավորները հեգնաբար նրանց ճանապարհեցին ծափահարություններով՝ ջանալով այդկերպ անլրջացնել հրաժարականի պահանջը, որն ընթերցեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը: Տեքստում շարադրված էր Փաշինյանի չկատարած խոստումների, ձախողումների տխուր հետեւանքների, ինչպեսեւ նաեւ սպասվելիք վտանգների հակիրճ ամփոփագիրը։
Մեկնաբանությունը
Մինչ ընդդիմադիր պատգամավորները ԱԺ նիստերի դահլիճում սպասում էին վարչապետի պատասխանին, Ֆրանսիայի հրապարակից ցուցարարները ոստիկանների ուղեկցությամբ հասել էին Ազգային ժողովի տարածք եւ Փաշինյանի հեռացման կոչեր էին վանկարկում: Ոստիկանները մի քանի շարքով շրջափակել էին ԱԺ մուտքերը. շենքի ներսում կարմիր բերետավորների հոծ խմբերն էին տեղավորվել, տանիքում՝ դիպուկահարները: Վաղ առավոտից ԱԺ-ում մեկ մարդու համար ձեռնարկվել էին անվտանգային արտառոց միջոցառումներ, տեսախցիկները ֆիքսել էին նույնիսկ լուսաձայնային նռնակների առկայությունը: Ավելին՝ ամբիոնից պատգամավորների հարցերին պատասխանելիս Փաշինյանը խորհրդարանի դահլիճում շրջապատված էր թիկնապահներով: Իշխանության վախերը կասկածի տեղ չեն թողնում:
Կառավարության հրաժարականի տեքստում մասնավորապես շեշտադրված են Արցախի խնդրի, երկրի տնտեսական հետընթացի, սոցիալական ոլորտի, աղքատության աճի, պետական պարտքի հետ կապված ձախողումները: «Փաստացի իրականացվում է «Ղարաբաղն Ադրբեջան է եւ վերջ» հակահայ քարոզը, այն է՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու թուրք-ադրբեջանական տեսակետը: Խոստացել է թռիչքաձեւ տնտեսական աճ, բայց աճում են աղքատությունը, պետական պարտքը, գները եւ մահերը»,- ի թիվս այլոց՝ ասված է հրաժարականի տեքստում: Փաշինյանի խոստմնազանցության ողբերգական հետեւանքներից էր նաեւ մի քանի օր առաջ տեղի ունեցած ավտովթարը, որին զոհ գնաց երիտասարդ հղի կինը:
«Պադավատապետության» դեմ ժամանակին ըմբոստացող Փաշինյանի ավտոշարասյունը սպանեց կնոջը եւ նրա դեռ չծնված երեխային: Սա այն Փաշինյանն է, ով վարչապետության սկզբնական շրջանում որպես չլսված ձեռքբերում էր ներկայացնում կարմիր լույսի տակ իր ավտոշարասյան կանգնեցնելն ու ճանապարհը հետիոտնին զիջելը, բայց հիմա անգամ հարկ չհամարեց կանգնեցնել մեծ արագությամբ սլացող ավտոշարասյունը տուժածին հիվանդանոց տեղափոխելու համար: «Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ, չունի մեր պետությունը նոր զիջումների տանելու մանդատ եւ պետք է հրաժարական տա»,- եզրակացրել է Ռուստամյանը:
Փաշինյանն ամբիոնի մոտ խոստացավ կետ առ կետ անդրադառնալ հրաժարականի պահանջին եւ իր պատասխանը սկսեց բանակցային գործընթացը տապալելու մեղադրանքից։ Նա պնդեց, որ բանակցությունները ոչ թե ինքն է ձախողել, այլ ՀՀ երրորդ նախագահը։ «Եվ Սերժ Սարգսյանն է այս ամբիոնից հայտարարել ապագա պատերազմի մասին՝ ասելով, որ «այլեւս երկար ժամանակ մենք չպետք է հույս ունենանք, որ Ադրբեջանը չի փորձի պատերազմի ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը»,- ՀՀ երրորդ նախագահից մեջբերեց Փաշինյանը՝ չհիմնավորելով, սակայն, թե ինչ կապ կա Սարգսյանի ասածի եւ բանակցային գործընթացի ձախողման միջեւ:
Կամ՝ մեկ այլ հակափաստարկ. եթե ունեիք հստակ համոզում, որ Արցախը վաղուց կորցրել էր Ադրբեջանի կազմից դուրս լինելու նույնիսկ տեսական հնարավորությունը,- սա ձեր սիրած թեզերից է,- ապա ինչի՞ վրա էիք հույս դնում, երբ 2019թ. օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կոկորդով մեկ բղավում էիք, թե «Արցախը Հայաստան է, եւ վե՛րջ»:
Հիմա՝ ինչ վերաբերվում է Սերժ Սարգսյանին. եթե նա առնվազն 4-5 տարի առաջ զգուշացնում էր Ադրբեջանից սպասվող պատերազմի վտանգից, ուրեմն ապրի նա՝ անսխալ կանխագուշակելու համար: ՔՊ-ական իշխանությունը 2-2,5 տարի ունեցել է պատշաճ կերպով պատրաստվելու, բանակը զինելու, արդիականացնելու, զինված ուժերի մարտունակությունը բարձրացնելու համար: Իսկ ի՞նչ է արել «թավշյա» կառավարությունը: Բավարարվել է այնքանով, որ զինվորներին ելակ է մատակարարել, տվել «մայկա-տռուսիկ», գնել չկրակող երկու «Սու-30» կործանիչ, որը տավուշյան մարտերի ժամանակ ընդամենը մեկ անգամ օդ էր բարձրացել, այն էլ՝ առանց սպառազինության:
Ռուստամյանի արձագանքից առաջ Փաշինյանն ազդարարեց, թե շատ կարեւոր բացահայտում է անելու, բայց պատգամավորի արձագանքի ընթացքում ընդդիմադիրներն արդեն պատրաստվում էին դուրս գալ նիստերի դահլիճից, որովհետեւ «մինչեւ կոկորդները» կուշտ էին Նիկոլ Փաշինյանի մանիպուլյատիվ հնարքներից, ինչը նա ցանկանում էր մատուցել «շատ կարեւոր բացահայտման» շղարշի տակ: Փաշինյանը առիթը բաց չթողեց մանիպուլացնելու ընդդիմադիրների բուն բոյկոտը, թե՝ «Հենց ասացի, որ բացահայտում է հնչելու, թողեցին փախան»: Մինչդեռ ընդդիմադիրները չէին փախել՝ մի մասը դահլիճում ինչ-որ պարզաբանումներ էր տալիս, մյուսները դահլիճից դուրս զրույցի էին բռնվել լրագրողների հետ: Իրականում «փախչողը» հենց Նիկոլ Փաշինյանը եղավ, ով բոլորից շուտ լքեց ԱԺ շենքը՝ հազարավոր ուժայինների կուռ օղակում:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Աշխատանքի միջազգային օրվա՝ Մայիսի 1-ի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել պետության ղեկավարները: «Երկրի առջեւ ծառացած բարդ խնդիրները լուծելու եւ աշխարհաքաղաքական լուրջ մարտահրավերներին դիմագրավելու համար մեծապես կարեւոր է յուրաքանչյուրի անխոնջ աշխատանքը՝ քաղաքական, տնտեսական, ռազմական, դիվանագիտական, կրթական, գիտական, մշակութային եւ մնացյալ բոլոր բնագավառներում»,- ասված է Նիկոլ Փաշինյանի խոսքում։ Գործադիրի ղեկավարը վստահեցնում է, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է աշխատանքը եւ ստեղծագործականությունը քաջալերելուն միտված քաղաքականությունը՝ յուրաքանչյուրի համար ստեղծելու, կրթվելու, գիտելիքներ ձեռք բերելու եւ հմտություններ զարգացնելու հնարավորություն:
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ապրիլի 30-ին հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Երկու ղեկավարներն անդրադարձել են ներքին եւ արտաքին քաղաքական հարցերին, արցախահայության առջեւ ծառացած մարտահրավերներին, Արցախի անվտանգ ու կայուն ապագային միտված ծրագրերին, Արցախի հայության իրավունքների պաշտպանությանը, անվտանգության խնդիրներին եւ մի շարք այլ հարցերի: Խաչատուրյանը՝ իր աջակցությունը հայտնելով Արցախին, կարեւորել է բոլոր հայերի միասնականությունն ու նվիրվածությունը: Իր հերթին՝ Հարությունյանը շնորհավորել է Խաչատուրյանին ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ վստահություն հայտնել, որ նա իր ողջ ուժն ու եռանդը, փորձն ու գիտելիքները կծառայեցնի ՀՀ-ի զարգացման գործին:
Մայիսի 2-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը։ Այս մասին իր ՖԲ գրառմամբ հայտնել է արտգործնախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը: Միրզոյանը ԱՄՆ-ում է մայիսի 2-6-ը աշխատանքային այցով՝ մասնակցելու Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպել է նաեւ ամերիկացի մի շարք պաշտոնատար անձանց հետ:
Վրաստանի Պնախարար Ջուանշեր Բուրչուլաձեի հրավերով մայիսի 4-ին երկօրյա պաշտոնական այցով Վրաստան էր մեկնել Հայաստանի Պնախարար Սուրեն Պապիկյանը: Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները ռազմակրթության, փորձի փոխանակման, բարեվարքության ու մարդու իրավունքների, սոցիալական ապահովման եւ այլ ուղղություններով: Հանդիպման ավարտին ստորագրվել է Հայաստանի եւ Վրաստանի Պնախարարությունների միջեւ 2022թ. ռազմական համագործակցության ծրագիր: