Շաբաթվա անցուդարձը մեկնաբանությամբ
Մոսկվայում Պուտին-Փաշինյան ապրիլմեկյան հանդիպման արձագանքներն այնքան բուռն էին, որ տեղ գտան նաեւ «Հայացք»-ի ընթացիկ շաբաթվա մեկնաբանության էջում: Հատկանշական է, որ Մոսկվա կատարած այցի հաջորդ օրը ՏԱՍՍ գործակալությունը հրապարակեց ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի բավական համապարփակ, լուրջ, կարելի է ասել՝ ծրագրային հարցազրույցը: Դրանում Օվերչուկը շատ հստակ եւ հիմնավոր փաստերով բացատրում է ռուսական դիրքորոշումը հայկական ղեկավարության վերջին քաղաքական աճպարարությունների վերաբերյալ:
Հարցազրույցի կարճ ամփոփումը կհանգեցնի մոտավորապես այսպիսի հետեւության. Մոսկվան հոգնել է հայկական ղեկավարության դատարկ խոսքերից ու կենցաղային խորամանկություններից։ Տարիներ շարունակ Հայաստանին զգուշացնում էին, որ երկու աթոռի վրա նստել չի ստացվի, որ հակառուսական քաղաքականությունն ու Ռուսաստանի թշնամիների հետ մերձեցումը չեն կարող աննկատ մնալ։ Հիմա այդ նախազգուշացումները դարձել են ավելի կոշտ եւ կոնկրետ։ Մոսկվայի համբերությունը մոտենում է ավարտին. Ահա եւ Օվերչուկի հարցազրույցի լեյտմոտիվը:
Հայաստանը, ըստ ՌԴ փոխվարչապետի, շատ է մոտեցել այն կետին, որից հետո ՌԴ-ն «ստիպված կլինի նրա հետ տնտեսական հարաբերություններն այլ կերպ կառուցել»։ Սա շատ պարզ եւ հստակ նախազգուշացում է։ Հետագա խոսակցությունն Օվերչուկն ավելի է որոշակիացնում. «Ակնհայտ գրգռվածությամբ ընկալված հիմնական հարցերից մեկը Հայաստանում ռուսական բիզնեսի շահերի դեմ ուղղորդված հարձակումն էր։ Դա վերաբերում է ե՛ւ երկաթուղիներին, ե՛ւ ատոմակայանին, ե՛ւ ռուսական բիզնեսների բռնագրավումներին։ Եվ սա կարժանանա Մոսկվայի արձագանքին, ինչն էլ իր հերթին կանդրադառնա Ռուսաստանում գործող հայկական բիզնեսների վրա»:
Այստեղ պարոն Օվերչուկը սխալվում է՝ կարծելով, թե ՌԴ-ում գործող հայկական բիզնեսների համար Փաշինյանը մտահոգությունից հալումաշ է լինելու: Իրականում նրա հեչ պետքը չէ, թե ինչ տեղի կունենա հայկական բիզնեսների հետ: Աշխարհում նրա միակ մտահոգությունը սեփական աթոռի անառիկությունն է: Մեծ հաշվով՝ Փաշինյանը հունիսին կայանալիք ընտրություններում վերարտադրվելու հարցով էր ընդունելություն խնդրել ՌԴ նախագահից՝ ակնկալելով նրա աջակցությունը, բայց, ինչպես ասում են, գործերը թարս գնացին: Նույն հարցադրումներին ու կշտամբանքներին բախվեց Փաշինյանը Պուտինի հետ բանակցություններում, ինչ՝ Օվերչուկի հարցազրույցում: Դեռ մի բան էլ ավելի:
Այժմ համառոտակի կներկայացնենք Պուտին-Փաշինյան հանդիպման հիմնական շեշտադրումներն՝ ըստ «Հայկական ժամ» լրատվամիջոցի.
Ուղերձ առաջին. Հայաստանը այլեւս չի կարող խաղալ երկու ճակատով. նա պետք է ընտրություն անի ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ։ ՀՀ-ի շուրջ ձեւավորվող աշխարհաքաղաքական իրավիճակը հասել է մի կետի, որտեղ խուսափել հստակ որոշումից այլեւս հնարավոր չէ։ Մոսկվայում կայացած բանակցությունները Պուտինի եւ Փաշինյանի միջեւ հենց այդ մասին էին՝ ուղիղ, կոշտ եւ առանց դիվանագիտական փաթեթավորման։ Եվ որքան էլ իշխանությունները փորձեն ներկայացնել իրավիճակը որպես «բազմավեկտոր քաղաքականություն», իրականում խոսքը վտանգավոր երկիմաստության մասին է, որի գինը կարող են վճարել ամբողջ պետությունն ու Հայ ժողովուրդը:
Ուղերձ երկրորդ. Մոսկվայից հնչած 2-րդ ուղերձը վերաբերում էր Հայաստանի ներսում ձեւավորվող քաղաքական մթնոլորտին։ Այն, որ իշխանությունները սահմանափակում են այն ուժերի գործունեությունը, որոնք հանդես են գալիս Ռուսաստանի հետ ավելի սերտ հարաբերությունների օգտին, արդեն նկատվում է ոչ միայն ներսում, այլ նաեւ դրսում։ Սա այլեւս ներքին քաղաքականության հարց չէ. սա ազդակ է գործընկերներին, թե իրականում ինչ ուղղությամբ է շարժվում երկիրը։ Երբ քաղաքական մրցակցությունը փոխարինվում է ընտրովի արդարադատությամբ, իսկ այլ կարծիքները՝ ճնշմամբ, պետությունը կորցնում է իր կայունության հիմքերը։ Եվ այդ իրավիճակում որեւէ արտաքին գործընկեր չի կարող վստահ լինել Հայաստանի կանխատեսելիության վրա։
Ուղերձ երրորդ եւ, թերեւս, ամենացավոտը՝ Ղարաբաղի հարցը. Տարիներ շարունակ իշխանությունները փորձել են պատասխանատվությունը բարդել արտաքին ուժերի վրա՝ մեղադրելով թե՛ Ռուսաստանին, թե՛ ՀԱՊԿ-ին։ Սակայն իրականությունը շատ ավելի անհարմար է՝ Հայաստանը երբեք պաշտոնապես չի ճանաչել ԼՂարաբաղն՝ իբրեւ իր մաս։ Իսկ 2022թ.-ին ազգադավ Փաշինյանի արված հայտարարություններից հետո այդ թեման փաստացի փակվեց նաեւ միջազգային մակարդակում։ Այս պայմաններում պահանջել արտաքին ռազմական միջամտություն՝ առանց իրավական հիմքի, ե՛ւ անիրատեսական էր, ե՛ւ վտանգավոր։ Արդյունքում ստացվեց այն, ինչ տեսանք՝ ոչ միայն կորուստներ, այլեւ վստահության ճգնաժամ դաշնակիցների հետ հարաբերություններում։
Ուղերձ չորրորդ. Իսկ հիմա ամենագլխավոր թեման, որը անմիջապես կապ ունի հայ ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակի հետ: Դա գազի հարցն է՝ ամենահասկանալի ու ամենացավոտ իրականությունը: Մանավանդ՝ եթե խոսքը կոնկրետ թվերի մասին է: Եվ մանավանդ՝ գազի թեմայի մասին: Եթե գազի գինը լինի ոչ թե արտոնյալ, այլ մոտենա շուկայականին, օրինակ՝ ոչ թե 177.5 դոլար, այլ թեկուզ 400 կամ ավելի՝ ի՞նչ կլինի։ Թող տնտեսագետները պարզ, մատների վրա, առանց բարդ բառեզրերի բացատրեն մարդկանց․
ա/ ինչքա՞ն կվճարի միջին ընտանիքը կոմունալների համար. բ/ որքանո՞վ կթանկանա հացը. գ/ ի՞նչ կլինի ձվի, կաթնամթերքի, մսի գների հետ, ինչքա՞ն կթանկանան ջերմոցային մրգերն ու բանջարեղենը. դ/ ինչպե՞ս կաճեն տրանսպորտային եւ լոգիստիկ ծախսերը. ե/ ինչպե՞ս կազդի դա շինարարության ու առօրյա ապրանքների վրա եւ զ/ ինչքա՞ն կկազմի նվազագույն սպառողական զամբյուղը:
Սա արդեն քաղաքականություն չէ, սա յուրաքանչյուր ընտանիքի սառնարանի պարունակությունն է, սեղանը եւ գոյությունը։ Եվ այստեղ պետք է վերջ դնել նաեւ մի շարք մոլորություններին։ «Ադրբեջանից գազ կգնենք», «Իրանը մեզ կփրկի» թեզերը ավելի շատ հեքիաթների ժանրից են, քան իրական քաղաքականությունից։ Էներգետիկան աշխարհում ամենախիստ հաշվարկվող ոլորտներից է, որտեղ ոչ թե ցանկությունն է աշխատում, այլ ռեսուրսը, ենթակառուցվածքները, քաղաքական պայմանավորվածությունները։ Ուստի այս հարցում հասարակությանը պետք է ներկայացվի ճշմարտությունը՝ առանց փաթեթավորման ու առանց մանիպուլյացիաների.
Մենք կամ պահում ենք մեր իրական դաշնակցին եւ մեր տնտեսական ողնաշարը, կամ գնում ենք անորոշության ու թանկ կյանքի ճանապարհով։ Խնդիրն արդեն, «Հպարտ քաղաքացի», քո ընտանիքի վաղվա հացն է։
Ընտրություններին ընդառաջ իշխանության փոքրոգության մասին են շաբաթամիջում գրել առաջատար լրատվամիջոցները՝ անդրադառնալով ապրիլի 7-ին ԱԺ-ում արտահերթ ռեժիմով քննարկվող՝ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծի վերաբերյալ հարցին, որը խորհրդարանի դատին էր ներկայացրել ՔՊ կուսակցության խմբակցությունը: Եթե իրերն իրենց անունով անվանենք՝ իշխանականների այդ նախաձեռնությունը «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի վարչապետի թեկնածուին ընտրվելու հնարավորությունից զրկելու նախագիծ է: Այն առաջարկվում է ԱԺ ընտրություններից ընդամենը երկու ամիս առաջ, ինչը ներհակ է ԵԽ Վենետիկի հանձնաժողովի պահանջին:
Օրինագծով, մասնավորապես, առաջարկվում է արգելել դաշինքների անվանումներում անձնանունների օգտագործումը։ Դիտորդները մատնանշում են, որ նախաձեռնությունն ակնհայտորեն ուղղված է ընդդեմ «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար, գործարար Սամվել Կարապետյանի, որի անունը նշված է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անվան մեջ։ ՔՊ-ական պատգամավորներն «ատամներով» պաշտպանում են նախաձեռնությունը, իսկ առավել լկտիները հեգնանքով արձագանքում հակաճառողներին: Այս մարդիկ մոռանում են, որ իրենք Նիկոլ Փաշինյանի անունով են մասնակցել նախորդ բոլոր համապետական ընտրություններին: «Սա պրիմիտիվ վախի դրսեւորում է»,- ասում է դաշինիքի» անդամ Արամ Վարդեւանյանը։
Նշենք, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի անվան մեջ Կարապետյանի անունը հավելվել էր մեկ շաբաթ առաջ, երբ միլիարդատերը որոշեց ընտրությունների գնալ դաշինքով եւ իր կազմում միավորեց հանրությանն անհայտ «Նոր դարաշրջան» եւ «Միավորված հայեր» կուսակցություններին: Դրանից հետո «Ուժեղ Հայաստանը» վերաձեւակերպվեց «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի: Սա նշանակում է՝ նախընտրական ցուցակները ԿԸՀ ներկայացնելուց ուղիղ մեկ շաբաթ առաջ ընդդիմադիր դաշինքը պետք է վերանայի իր անվանումը՝ զեղչելով Սամվել Կարապետյան անունը: Ի դեպ, վերջինս մինչ այդ, մերժել էր ՀԱԿ-ի հետ դաշինք կազմելու առաջարկը, ինչպես նաեւ հայտարարել էր, որ չի միանա 2-րդ նախագահին:
Հանրությանն անհայտ երկու ուժի հետ դաշնակցային հարաբերություններ հաստատելը շատերի համար հանելուկ է: «Ուժեղ Հայաստան» դաշինքի քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը պարզաբանում է. «Մենք պետք է նոր հնարավորություն ընձեռենք երիտասարդ եւ մեծ պոտենցիալ ունեցող ուժերին»: Նարեկի խոսքով՝ կուսակցությունների ընտրության հարցում հաշվի են առել արհեստավարժությունն ու մասնագիտական կարողությունները: «Հենց պրոֆեսիոնալիզմի հիմքի վրա էլ մենք ստեղծել ենք մեր միավորման տեսլականը»,- հավելել է նա:
Պարզվում է՝«Միավորված հայեր»-ը դեռեւս 2016-ին ակտիվորեն համագործակցում էր ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանի հետ, իսկ մյուսը նորաստեղծ քաղաքական ուժ է, որի ղեկավարը՝ Հարություն Հարությունյանը, մասնագիտությամբ իրավաբան է, փաստաբանների պալատի անդամ:
Լավ, այդ ո՞ւր են հասել Նիկոլի վախերը, որ հատուկ, հրատապ կերպով ընտրական օրենսգրքի փոփոխություն է հրահանգում անել՝ զուտ Սամվել Կարապետյանի անունը քվեաթերթիկից հանելու համար: Շատերը կհիշեն, երբ փոքր խմբակը Կարապետյանի նկարների դեմ էր պայքարում՝ դրանք հանելով «ՀԷՑ»-ի տարածքից, մայրաքաղաքի այլ վայրերից: Հիմա էլ նրա անվան դեմ է պայքար ծավալել: Հավանաբար՝ տեղեկացված է, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի հեղինակությունը բարձրանում է՝ պայմանավորված նաեւ բարերարի անձով, եւ որոշել է դրա դեմն առնել: Տեսնես վա՞ղը ում կամ ինչի դեմ է պայքարելու: Ավելի ստույգ՝ ոչ թե վաղը, այլ հունիսի 8-ին…
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Հայ Առաքելական եկեղեցին ապրիլի 4-ին նշեց Հիսուս Քրիստոսի Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը: Կաթողիկոսը Էջմիածնի մայր տաճարում մատուցել է Ճրագալույցի պատարագը, Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում է ներկա եղել Գարեգին Երկրորդի հրաժարականի պահանջին միացած Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի մատուցած պատարագին: Հիսուս Քրիստոսի Հարության տոնը որոշակի օրացույցային ամրագրում չունի, այն շարժական է: Յուրաքանչյուր տարի տոնի օրը փոխվում է։ Հայ Առաքելական եկեղեցին Զատիկը նշում է գարնանային գիշերահավասարին հաջորդող առաջին լիալուսնի կիրակի օրը: Զատկին նախորդում է Ավագ շաբաթը։
Հայաստանի ԱԳՆ-ում ապրիլի 9-ին տեղի է ունեցել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի եւ Ղազախստանի իր գործընկերոջ՝ Երմեկ Կոշերբաեւի առանձնազրույցը: Այս մասին հայտնում է հայկական արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ առանց այլ մանրամասների: Ղազախստանի ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաեւը եւ տրանսպորտի նախարար Նուրլան Սաուրանբաեւը նախօրեին էլ Ադրբեջանում հանդիպել էին Իլհամ Ալիեւի հետ: Ադրբեջանի նախագահը ապրիլի 8-ին Բաքու ժամանած ղազախական պատվիրակության հետ քննարկել է տարածաշրջանային տրանսպորտային նախագծերի, այդ թվում՝ «Թրամփի ուղու» իրագործման հեռանկարները:
ԱՄՆ նախագահի՝ «Իրանում քաղաքակրթության ոչնչացման» մասին հայտարարությունից ժամուկես հետո Հայաստանում ԱԽ նիստ է հրավիրվել, սակայն դրա մասին չի հայտարարվել: Այս մասին ապրիլի 9-ին հայտնել է Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա՝ տարածաշրջանում իրադրությունը քննարկվել է այդ նիստին: Վարչապետը հավելել է, որ ամեն ամիս Անվտանգության խորհրդի մոտավորապես 5-6 նիստ են գումարում: Թրամփն ապրիլի 7-ին վերջնաժամկետ էր տվել Իրանին, մինչեւ այդ ժամկետի լրանալը, սակայն, կողմերը հրադադարի շուրջ համաձայնություն էին ձեռք բերել: Փաշինյանը ողջունել էր պայմանավորվածությունը:
ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրում ԶՈՒ-ում իր որդու ծառայության վերաբերյալ հայտարարությունների համար: Լրագրողի հարցին, թե ինչու չի ծառայել իր որդին, Քոչարյանն պատասխանել էր. «Իմ տղան շատ բարձրակարգ տղա է, դու նրա գիտելիքների չափ որ ունենաս, դու էլ չես ծառայի»: Ապրիլի 7-ին ֆեյսբուքյան գրառման մեջ պատգամավորը նշել է, որ ավագ որդու ծառայության չանցնելու մասին հարցին պատասխանով՝ նպատակ է ունեցել ընդգծել, թե ՀՀ օրենսդրությամբ որքան են արժեւորվում կրթությունը եւ գիտական գործունեությամբ զբաղվելը, որ անձանց, ովքեր ունեն պետությանն իրենց գիտական ներուժով ծառայելու պատրաստակամություն, նման հնարավորություն տրված է։ Ցավում եմ, որ պատասխանս տարակարծությունների եւ շահարկումների տեղիք է տվել, ինչի համար ներողություն եմ խնդրում»,- գրել է նա։
Կոռուպցիոն հանցագործության՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ փողերի լվացման հոդվածներով անցնող Արման Սահակյանին իրավապահներն ապրիլի 8-ին նոր մեղադրանք են առաջադրել: Բարձրաստիճան նախկին պաշտոնյայի փաստաբան Էմին Խաչատրյանը հրաժարվեց մանրամասներ փոխանցել, քանի որ զգուշացվել է չհրապարակել նախաքննական գաղտնիք, միայն հայտնեց, որ գործը 10 տարվա վաղեմություն ունի: Սահակյանն առավոտից ձերբակալված է: Հայտնի չէ՝ արդյո՞ք Հակակոռուպցիոն կոմիտեն մտադիր է նրա նկատմամբ խափանման միջոց սահմանել: Սահակյանը Հանրապետական կուսակցության անդամ է, 2011-ից մինչեւ 2018 թվականը ղեկավարել է պետական գույքի կառավարման վարչությունը:
Եթե Ադրբեջանն ու Հայաստանը հասնեն խաղաղության եւ երկարաժամկետ կարգավորման, Թուրքիա–Հայաստան սահմանները կբացվեն։ APA գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Թուրքիա–Ադրբեջան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Շամիլ Այրմը, որ Միլի Մեջլիսում մասնակացում էր Ադրբեջանի, Թուրքիայի եւ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության խորհրդարանների աշխատանքային խմբերի համատեղ նիստին: Նրա խոսքով՝ Թուրքիա–Ադրբեջան միջխորհրդարանական համագործակցությունը ռազմավարական նշանակություն ունի ինչպես տարածաշրջանային մակարդակով, այնպես էլ թուրքական աշխարհի շրջանակում։

