26.11.2024

Еженедельный Обзор

1-8 հուլիսի 2023թ.

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Հայաստանի՝ «ժողովրդավարության բաստիոն» լինելու շուրջ հյուսված առասպելներն իրար հետեւից ի դերեւ են ելնում: Հերթական «փուչիկը» պայթեց այս աշխատանքային շաբաթվա առաջին օրը՝ հուլիսի 3-ին, երբ Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) լրագրողներին արգելեցին ներկա գտնվել Սամվել Թադեւոսյանին, Աստղիկ Խառատյանին, Արտակ Բարսեղյանին, Տիգրան Պետրոսյանին, Դավիթ Հարությունյանին եւ մյուս անկախ, անաչառ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկող որոշման հրապարակմանը: Կարգադրիչները փակել էին նիստերի դահլիճի մուտքը լրագրողների առջեւ եւ թույլ չէին տալիս ներս մտնել՝ կատարելու իրենց աշխատանքային ու մասնագիտական առաքելությունը:

Լրագրողի աշխատանքի խոչընդոտման վերաբերյալ ԲԴԽ-ից հստակ հիմնավորում գրչի մշակներն այդպես էլ չստացան, թեեւ ամեն ինչ պարզ էր: Դռնբաց նիստերը լուսաբանելու՝ կանխավ տարածված հայտարարությունը, ըստ էության, մարդկանց աչքերին «թոզ փչելու» համար էր. իշխանությունները գործնականապես ջանում էին սահմանափակել ազատ խոսքը՝ ճնշում գործադրելով ազատ մամուլի նկատմամբ: Այդ մասին նախապես հոգացել էր գերատեսչության իշխանահաճո ղեկավար Կարեն Անդրեասյանը, որը դահլիճը լցրել էր դատական դեպարտամենտի աշխատակիցներով ու իր թիմի մտերիմներով, որպեսզի դահլիճում ազատ տեղ չլինելու պատճառաբանությամբ մերժվի լրագրողների մուտքը:

Եվ, չնայած լրագրողները համաձայն էին բարձրանալ դահլիճ ու, թեկուզ կանգնած, լուսաբանել նիստը, շենքի մուտքի մոտ «կենդանի պատ» կազմած կարգադրիչներին համոզել չհաջողվեց: Նրանք, փաստացի, հանրության աչքից թաքցնում էին իրենց տերերի ամոթը: ՀՀ ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտել է ԲԴԽ-ում լրագրողների աշխատանքը «միտումնավոր, առանց բավարար հիմքերի խոչընդոտելու դեպքը»: Դեպարտամենտը, ըստ լրագրողական համայնքի, պարտավոր էր ապահովել աշխատելու համար ԲԴԽ եկած լրագրողների անխոչընդոտ մուտքը նիստերի դահլիճ:

Հատկանշական է, որ ՀՀ «ժողովրդավար» իշխանությունները չեն հանդուրժում դատաիրավական համակարգում նույնիսկ մի քանի ինքնուրույն, անկողմնակալ դատավորների առկայությունը: Հիշենք, որ պաշտոնավարման արշալույսին՝ 2019-ի մայիսին, Փաշինյանը հայտարարել էր, որ իշխանությունը դատական համակարգի գործերին չի խառնվում, այլ առաջնորդվում է ոլորտի անկախության սկզբունքով՝ «բացառելով հրահանգավորման որեւէ մեխանիզմի կամ դրսեւորման գոյությունը»:

Այս հայտարարության թանաքը դեռ չչորացած՝ գործող վարչապետը կոչ էր անում ՀՀ քաղաքացիներին՝ հաջորդ օրվա առավոտյան փակել բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը, իսկ եւս երկու շաբաթ անց հայտարարում էր. «Հայաստանում կա՞ տենց մի դատավոր, որ իմ ասածը չանի»: Օրըստօրե, ինչպես ասում են, ոտքի տակը պնդացնելով, Փաշինյանը սկսեց ժողովրդավարության հերն անիծել՝ ինչքան կարող էր: Ընդ որում, որքան էլ տարօրինակ հնչի, դա արեց «ժողովրդավարության բաստիոն»-ի հնչեղ կարգախոսի ներքո՝ չնայած փաշինյանական Հայաստանի դեպքում ավելի տեղին կլիներ «բռնապետության բաստիոն» բնորոշումը:

Թվարկենք վերջին 5 տարում բռնապետության ի հայտ եկած մի քանի հատկանշական տարրեր, որոնց միջով անցել եւ շարունակում է անցնել երկիրը. ա/ հանրության մեջ փոխադարձ ատելության, թշնամանքի սերմանում; բ/ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության յուրացում; գ/ ոստիկանապետության դե-ֆակտո կազմավորում; դ/ ՀՀ-ում քաղբանտարկյալների թվի մեծացում; ե/ ազատ մամուլի եւ ազատ կամարտահայտության հետապնդում; զ/ ԱԺ պատգամավորների անձեռնմխելիության ոտնահարում; է/ հետընթաց «Freedom House»-ի ազատության վարկանիշային աղյուսակում եւ այլն:

Այսպիսով՝ իշխանությունները հասան իրենց կարճաժամկետ նպատակին՝ ԲԴԽ կոչվող կառույցն ապօրինաբար դադարեցրեց 20-ից ավելի դատավորների լիազորությունները, այդ թվում՝ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանինը, որը ՀՀ լավագույն դատավորներից է եւ որի լիազորությունների դադարեցման պատճառը ապրիլի 7-ին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցն էր, որտեղ սուր եւ արդարացի քննադատության էր ենթարկվել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը: Վերջինս էլ, ի տրիտուր, ամեն ջանք գործադրեց՝ խանգարելու համար նիստին որեւէ լրագրողի հասանելիությունը: Այսինքն՝ հակաժողովրդավար արարքը փակեց հակաժողովրդավար միջոցով:

 

Շաբաթվա ուշագրավ քննարկումների շարքում էր ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի՝ հուլիսի 4-ի անդրադարձը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի հայտնի դիտարկումներին: Թվարկելով վերջինիս դիվանագիտական սխալներն ու անճարակությունը, Օսկանյանը հրապարակավ պատրաստակամություն հայտնեց ստանձնել բանակցային գործընթացը վարելու ողջ պատասխանատվությունը եւ միջազգային իրավունքի նորմերի հիման վրա օգտագործելով հակամարտության նախընթաց շրջանի անհերքելի փաստերը, փոխել հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգը եւ, հօգուտ ՀՀ-ի, բեկում մտցնել բանակցային գործընթացում:

Օսկանյանի խոսքով՝ Հայաստանի նախկին որեւէ նախագահ, իշխանություն երբեք Արցախն Ադրբեջանի կազմում չի ճանաչել. անկախ նրանից, թե Փաշինյանն ինչ կասի, ինչպես կմեկնաբանի՝ այդպիսի բան չի եղել, Փաշինյանն, ըստ նրա, ՀՀ առաջին ղեկավարն է, որ նման բան ասել է եւ հիմա փորձում է դա պաշտոնականացնել՝ ստորագրելով համապատասխան փաստաթղթեր: «Դա չպետք է թույլ տալ, այդ արարքի համար մենք սերունդներով կզղջանք»,- հայտարարել է ԱԳ նախկին նախարարը:

Ինչ վերաբերում է այժմ ստեղծված իրավիճակից հնարավոր ելքերին, նա համոզմունք հայտնեց, որ այսօր կա լրջագույն այլընտրանք նրան, ինչը Փաշինյանը փորձում է անել: «Հիմա փորձում են ներկայացնել, թե պատերազմն անխուսափելի էր: Ոչ միայն անխուսափելի չէր, այլեւ պատերազմը բացառված էր: Պատերազմը Փաշինյանը բերեց մեր ժողովրդի գլխին իր սխալների պատճառով: Դրա փաստերը բոլորի համար ակնհայտ են: Հիմա էլ նույնկերպ ասվում է, որ այն, ինչ արվում է, դրան այլընտրանք չկա, ինչն այդպես չէ»,- համոզված է Օսկանյանը:

Հաշվի առնելով իրավիճակի պատմական կարեւորությունը, ԱԳ նախկին նախարարի առաջարկությունը պետք է բնութագրել որպես երկրի ապագայով մտահոգ քաղաքական գործչի քաղաքական աննախադեպ խիզախություն: Իհարկե, կարող է հարց առաջանալ՝ կարելի՞ է վստահել այդչափ պատասխանատու առաքելությունը Օսկանյանին: Ըստ մեկ այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյայի՝ Խոսրով Հարությունյանի, պատասխանն առավել քան ակնհայտ է, եթե հաշվի առնվի Օսկանյանի բացառիկ դերակատարումը Լիսաբոնից հետո ընկած ժամանակաշրջանում հակամարտությունը երկրների միջեւ տարածքային վեճից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման խնդրին փոխակերպելու եւ այդ հիմքով միջազգային հանրության կողմից հակամարտության առարկան վերաիմաստավորելու գործում:

Անկասկած՝ Վարդան Օսկանյանը հակամարտության կարգավորման «մադրիդյան» մոդելի հիմնական, եթե ոչ գլխավոր ճարտարապետն է: Այդ ձեռքբերումները վկայում են նաեւ միջազգային շրջանակներում՝ թե՛ Արեւմուտքում եւ թե՛ ՌԴ-ում նրա անվերապահ հեղինակության մասին: Իսկ հեղինակությունը նման իրավիճակներում քաղաքական լուրջ կապիտալ է: «Եթե Նիկոլ Փաշինյանն իրավամբ ձգտում է ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը՝ առանց հայկական շահի անտեսման, ապա նա պետք է համաձայնի Օսկանյանի առաջարկությանը եւ օգտվի նրա ծառայություններից»,- վստահ է ՀՀ նախկին վարչապետը:

Ցավոք, գլխավոր ու ածանցյալ ՔՊ-ականների նպատակը բոլորովին այլ է, նրանք հայտնի կենդանու համառությամբ իրենց չիմացածն են առաջ տանում եւ չեն ուզում անսալ առողջ ձայնին: Իսկ Օսկանյանի ասածները ոչ այլ ինչ են, քան հայ դիվանագիտական մտքի ու բանակցային կարողությունների էական համալրում, ինչը չպետք է աչքաթող անել:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Հայկական կողմի նախաձեռնությամբ հուլիսի 5-ին հեռախոսազրույց է կայացել ՌԴ եւ ՀՀ ղեկավարների միջեւ։ Վլադիմիր Պուտինը եւ Նիկոլ Փաշինյանը քննարկել են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը եւ այն հաղթահարելու ուղիները: Կրեմլի հաղորդագրության համաձայն` երկու երկրների առաջնորդներն անդրադարձել են Լաչինի միջանցքով անխոչընդոտ տրանսպորտային կապի ապահովման հարցերին։ «Ընդգծվել է 2020-2022 թթ. Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ պայմանավորվածությունների ամբողջ փաթեթի հետեւողական իրականացման սկզբունքային նշանակությունը»,- ասվում է Կրեմլի հաղորդագրությունում։

Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 4-6-ն աշխատանքային այցով Վաշինգտոնում էր: ԱԽ գրասենյակի հաղորդման համաձայն՝ տեղի են ունեցել հանդիպումներ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ ԱԽ քարտուղարը հուլիսի 5-ին Վաշինգտոնում հանդիպել է Ատլանտյան խորհրդի ուղեղային կենտրոնի փորձագետների, նախկին դեսպանների եւ այլ ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը քննարկվել է նաեւ Հարավային Կովկասի եւ ՀՀ-ի անվտանգային միջավայրը: Գրիգորյանը ներկայացրել է ապաշրջափակման, Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջազգային մեխանիզմի եւ Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցությունների վերաբերյալ ՀՀ դիրքորոշումները:

Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհված երկու զինծառայողների՝ Երվանդ Թադեւոսյանի ու Սամվել Թորոսյանի մարմինները հուլիսի 1-ին ԿԽՄԿ-ի կողմից տեղափոխվել են Հայաստան՝ ծնողների ցանկությանը համապատասխան «Եռաբլուր»-ում հուղարկավորելու նպատակով: Այս մասին հայտնել է Արցախի ՄԻ պաշտպան Գեղամ Ստեփանյանը: «Ադրբեջանը շարունակում է կեղծ պնդումները, թե զոհված անձինք ՀՀ ԶՈԻ զինծառայողներ են՝ հող նախապատրաստելով նոր հարձակումների համար: Արցախի ՄԻՊ հաստատության կողմից արդեն հավաքագրվել են անհրաժեշտ փաստեր ու փաստաթղթեր, որոնք շուտով կհրապարակվեն՝ եւս մեկ անգամ ապացուցելով ադրբեջանական պնդումների կեղծ եւ շինծու լինելը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Ստեփանյանը:

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին հուլիսի 4-ին անդրադարձել են Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատման՝ երկու երկրների տեսլականին, այդ ուղղությամբ իրականացվող ջանքերին: Ըստ ՀՀ ԱԳ նախարարության, հանդիպմանն ընդգծվել է, որ երկու երկրների փոխգործակցությունը բխում է ինչպես տարածաշրջանային մարտահրավերներին դիմակայելու հրամայականից, այնպես էլ ժողովուրդների միջեւ պատմականորեն ձեւավորված բարեկամական կապերից: Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական համագործակցության օրակարգային տարբեր հարցեր՝ երկուստեք գոհունակությամբ արձանագրելով երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը:

Վարչապետ Փաշինյանին հեռացնելու նպատակով ընդդիմադիր գործիչ Էդգար Ղազարյանը մի խումբ քաղաքացիների հետ հուլիսի 5-ից բողոքի ակցիա է սկսել։ «Արժանապատվության հեղափոխություն» խորագրով շարժումը նախաձեռնած Ղազարյանը Փաշինյանին հեռացնելու անհաջող փորձ էր արել նաեւ մեկ տարի առաջ: Այս անգամ որոշել է բողոքի ակցիան իրականացնել նախագահական նստավայրի մոտ։ Նրա պնդմամբ՝ պահն օրհասական է. եթե հիմա քաղաքացիները Փաշինյանի իշխանությանը չհեռացնեն, ապա հայ-ադրբեջանական նոր ռազմական էսկալացիայի վտանգը կմեծանա։

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.