02.05.2024

Еженедельный Обзор

17-24 դեկտեմբերի

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

ՌԴ պաշտպանության նախարարության դեկտեմբերի 19-ին տարածած հաղորդագրության համաձայն՝ ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է հայկական եւ ադրբեջանական կողմերի հետ բանակցային գործընթացը, որն առնչվում է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անխոչընդոտ երթեւեկությունը վերսկսելու խնդրին: Ըստ այդմ՝ երեք երթուղիներով պարեկություն է իրականացվել Լաչինի միջանցքում, Մարտունու եւ Մարտակերտի շրջաններում։ Ապահովվել է ուխտավորների ուղեկցումը Ամարասի եւ Գանձասարի վանքեր։ «Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ կամ սադրանքներ չեն արձանագրվել»,- մասնավորապես ասվում է հաղորդագրության մեջ:

 

Մեկնաբանությունը

Տեղական լրատվամիջոցները, որոնք գրեթե ամենօրյա ռեժիմով անդրադառնում են թեմային, մի քանի օր առաջ գրել էին, որ ճանապարհի հետ կապված բանակցությունները ձախողվել են, եւ ռուս խաղաղապահների մասնակցությամբ մեկնարկած գործընթացը մտել է փակուղի, իսկ ճանապարհի ապաշրջափակումը՝ հետաձգվել անորոշ ժամանակով: Ըստ «Հրապարակ» օրաթերթի՝ ադրբեջանական կողմը չի համաձայնել հայկական կողմի առաջարկին, վերջինս էլ մերժել է ադրբեջանական կողմի առաջարկը: Ի՞նչ առաջարկներ են դրանք, որոնց շուրջ փոխհամաձայնություն չի կայացել:

Պարզվում է՝ խնդիրը առաջարկների հերթականության մեջ է. հայկական կողմն առաջարկել է բացել ճանապարհը, ինչից հետո «բնապահպանների» մի փոքր խմբի թույլ կտան մտնել հանքավայրի տարածք եւ «մոնիթորինգ» անցկացնել: Ադրբեջանցիների ինքնասիրությունը, ըստ երեւույթին, խոցվել է, եւ նրանք պահանջել են, որ նախ՝ իրենց խումբը կմտնի տարածք, կիրականացնի պլանավորված դիտարկումները եւ միայն դրանից հետո կբացեն մայրուղին: Այսինքն՝ պահանջների մեջ սկզբունքային տարբերություն չկա. պարզապես խանգարել է փոխադարձ անվստահությունը: Կամ ավելի շուտ՝ կամակորությունը: Ազերիներին տարածք չթույլատրելու դեպքում նրանք կարող էին կրկին արգելափակել մայրուղին՝ ի՞նչ խնդիր կար:

Արցախի իշխանությունները գոնե խելամտություն ունեցան չհամաձայնվելու ազերիների պահանջին՝ դա կարեւոր էր երկու պատճառով. ա/ մեկ անգամ նրանց ցանկությանը տեղի տալուց հետո կստեղծվեր վատ նախադեպ եւ նույն հնարքի կիրառմամբ հետագայում անընդհատ նորանոր զիջումներ կպարտադրեին; բ/ հարցը զգայուն է, եւ հասարակական կարծիքը կարող էր շատ կոշտ լինել. մարդիկ ուղղակի փողոց դուրս կգային ու կվերցնեին իշխանությունն իրենց ձեռքը: Առկա իրավիճակի հանգուցալուծումը երկու տարբերակ ունի՝ կա՛մ հանրային ուժգին ճնշման տակ Ադրբեջանը հոժարակամ ետ է քաշվում՝ բացելով ճանապարհը, կա՛մ շրջափակումը երկարում է, եւ մարդիկ ստիպված համաձայնում են 4-5 հոգանոց մի խմբի թույլ տալ Կաշեն մտնել:

Այժմ արդեն բոլորի համար ակնհայտ է, որ սա Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից լավ ծրագրված, հաշվարկված ու դերաբաշխված բազմանպատակ գործողություն է: Հայտնի է նույնիսկ հարյուրից անցնող մասնակիցների կազմը, որոնց մեջ հազիվ 2-3 բնապահպան կա: Նրանցից մեկը՝ «Էկոֆրոնտ» ՀԿ ղեկավար Ջավիդ Գարան, Լաչին մեկնելու նախօրեին ՖԲ իր էջում ուշագրավ գրառում էր կատարել. «Ակնհայտ է, որ ԼՂ-ում «էկոակտիվիստների» բողոքը կեղծ խոսակցություն է. սրանք պատվերով շոու կատարողներ են»,- գրել է նա: Խմբում մեծիմասամբ իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության անդամներ են, Իլհամի վերահսկողության տակ գտնվող ՀԿ-ների ակտիվիստներ, Ալիեւների ընտանիքի մերձավորներ, «գորշգայլականներ» եւ այլք:

Միակ հետեւությունը, որին կարելի է հանգել բանակցությունների տապալման մասով, հետեւյալն է. Ադրբեջանի ու Արցախի միջեւ երկխոսություն, գոնե այս պահին, հնարավոր չէ, քանի որ կողմերից մեկը սեղանին դնում է իր ուժը, իսկ մյուսը դնելու ոչինչ չունի: Արցախն այս օրերին խնամքով թաքցնում է իր անօգնական վիճակը, բայց մենք հո գիտե՞նք, որ մեր հայրենակիցները հուսահատ վիճակում են: Հայաստանի թուլամորթ իշխանություններից սպասելիք չունեն, Ռուսաստանի համար շատ ծանր օրեր են՝ կապված ռուս-ուկրաինական պատերազմի հետ, Պուտինի խոսքն արդեն չի անցնում Էրդողան-Ալիեւ տանդեմի մոտ, Արեւմուտքն էլ բավարարվում է «մտահոգություն» հայտնելով եւ «կողմերին» զսպվածության ու սթափության կոչեր հնչեցնելով:

Բերձորի միջանցքը ապաշրջափակելու խնդրանքով մարդիկ ճարահատյալ դիմում են միջազգային կառույցների, ատյանների եւ մի շարք ազդեցիկ գործիչների օգնությանը: Քանի օր շարունակ ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի առջեւ՝ ի պաշտպանություն Արցախի, բողոքի ակցիաներ էին իրականացնում Արցախի նախկին պետնախարար, այժմ՝ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, պետական, քաղաքական այրեր, որոնց սատարում էին ՀՀ մտավորականության ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ, ուսանողներ: Երբ գրվում էին այս տողերը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հայաստանի դիմումի հիման վրա քննարկվում էր Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը:

Քննարկման ընդհանուր պատկերը հետեւյալ տեսքն ուներ. Ֆրանսիան, Իռլանդիան եւ ԱՄՆ-ն Ադրբեջանից հասցեական պահանջեցին բացել ճանապարհը: Մեծ Բրիտանիան ու Նորվեգիան եւս նույնը պահանջեցին, բայց ավելի զուսպ: ՌԴ-ն կոչ արեց հավատարիմ մնալ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությանը եւ մյուս հարակից փաստաթղթերին՝ չհնչեցնելով որեւէ ուղիղ կոչ: Չինաստանը մի տեսակ սեթեւեթանքով պաշտպանեց ՌԴ-ին, Բրազիլիան, Մեքսիկան, Գանան եւ Գաբոնը՝ զուսպ, Քենիան՝ լուրջ տագնապով արձագանքեցին մեր վիճակին, Հնդկաստանը, Ալբանիան եւ ԱՄԷ-ն հերթապահ հայտարարություններ արեցին՝ կեսբերան հայտնելով իրենց անհանգստությունը: Մեր ներկայացուցիչը լավ խոսեց, Բաքվի խոսնակն ասելիք չուներ, եւ թուրքական ծանոթ ու ծեծված ստերն էր վերամատուցում:

Բերձորի ճանապարհի արգելափակման համատեքստում «Այլընտրանքային նախագծեր» խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանը տեսնում 1988թ.-ի աշխարհայացքի վերադարձը: Դեսպանատների ու միջազգային հանրության խղճին ապավինելը, ըստ նրա, պետություն չունեցող ժողովրդի վարքագիծ է. «Կար ժամանակ՝ Լաչինի ճանապարհը բաց էր, ապահով էր, դրան զուգահեռ ունեինք Սոթք-Քարվաճառ նոր ճանապարհը, որովհետեւ ունեինք պետականություն։ Մենք մեր ձեռքով քանդեցինք պետականությունը, հիմա գլուխներս կախ, խեղճացած՝ թղթից ինքնաթիռներ ենք նետում»,- գրում է փորձագետը:

Երիցս իրավացի եք, հարգելի Վահե, կար այդպիսի ժամանակ, որ ունեինք պետություն, եւ որեւէ դեսպանատան առջեւ նստացույցի խնդիր չունեինք։ Այո, լիներ ուժեղ պետություն՝ այս հարցը կլուծեինք պետական լծակներով, ինչպես եղել է գոնե մինչեւ 2018-ի նզովյալ «թավիշը»:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Դեկտեմբերի 23-ին Մոսկվայում կայացավ ՌԴ-ի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի ու Ջեյհուն Բայրամովի հանդիպումը՝ առանց հայ գործընկերոջ: Հայկական կողմը նախապես խնդրել էր հետաձգել հանդիպումը՝ ընդգծելով, որ այս պահին նախարար Միրզոյանի առաջնահերթությունը Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման եւ ԼՂ-ում հայտնի ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է։ Նախօրեին տեղի ունեցած՝ Լավրով-Բայրամով հեռախոսազրույցում կողմերն ափսոսանք էին հայտնել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ Մոսկվայում նախատեսված բանակցություններին մասնակցելուց հրաժարվելու՝ ՀՀ-ի որոշման առնչությամբ։

Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 20-ին Ջերմուկում հանդիպում է ունեցել ԱԳ նախարարության կենտրոնական ապարատի եւ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների հետ: Վարչապետը ողջունել է նախաձեռնությունը, անդրադարձել Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին, առկա մարտահրավերներին, խնդիրներին, դրանց դիմագրավելու հնարավորություններին, ինչպես նաեւ խոսել դիվանագետների գործունեության ու նրանցից ունեցած ակնկալիքների մասին:

Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 21-ին դադարեցրել է ավելի քան մեկ շաբաթ տեւած նստացույցը Երեւանում՝ ՄԱԿ-ի գրասենյակի առջեւ: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում Բեգլարյանը ողջունել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների հայտարարությունները, որոնցում նրանց մեծ մասը պահանջեց ապաշրջափակել Լաչինի միջանցքը: Միաժամանակ արցախցի պաշտոնյան նշել է, որ սա չի նշանակում իրենց առաքելության ավարտ: «Մենք հորդորում ենք չդադարեցնել բողոքի ակցիաները՝ հաջակցություն Արցախի, գտնել ոչ ստանդարտ լուծումներ եւ հնարավորինս ակտիվորեն տարբեր ձեւերով ձայն բարձրացնել»,- ասել է Բեգլարյանը:

Մշակութային գործիչները դեկտեմբերի 20-ին Ազատության հրապարակից երթ են իրականացրել դեպի դեսպանատներ: Բազմաթիվ քաղաքացիների ուղեկցությամբ «Բացե՛ք կյանքի ճանապարհը», «Արցախը ես եմ» վանկարկումներով նրանք քայլել են դեպի տարբեր դեսպանատների շենքեր: Ըստ նախաձեռնության հեղինակների՝ իրենց նպատակն է տեղեկացնել միջազգային հանրությանը, որ Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհը Ադրբեջանը փակ է պահում արդեն ինը օր: «Մենք պահանջում ենք եւ խնդրում ենք բացել կյանքի ճանապարհը: Ո՛չ ցեղասպանությանը»,- վանկարկում էին նրանք:

Տիգրան Խաչատրյանն ազատվել է ֆինանսների նախարարի պաշտոնից եւ նշանակվել ՀՀ փոխվարչապետ: Նախագահը հրամանագրերը ստորագրել է դեկտեմբերի 19-ին. այս մասին հայտնում է նախագահի կայքէջը: Նիկոլ Փաշինյանի կառավարությունում Խաչատրյանը նախ զբաղեցրեց էկոնոմիկայի, ապա ֆինանսների նախարարի պաշտոնը։ Խաչատրյանը փոխարինում է մեկ շաբաթ առաջ պաշտոնից ազատված ՔՊ-ական Համբարձում Մաթեւոսյանին, որն այդ պաշտոնը զբաղեցրեց ընդամենը մեկ տարի: Վարչապետի նախաձեռնած փոխատեղումներն ավարտվեցին, ՀՀ կառավարությունում այլեւս թափուր աթոռներ չկան։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը դեկտեմբերի 19-ին հայտարարել է, որ պատրաստ է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման։ Զասի խոսքով՝ նման առաքելություն ուղարկելու առաջարկն ընդգրկված էր ՀԱՊԿ-ի՝ վերջին գագաթաժողովի ընթացքում շրջանառության մեջ դրված առաջարկների ցանկում։ «Եթե Հայաստանը նպատակահարմար գտնի որոշում կայացնել վեց կետանոց այդ գործողությունների փաթեթի մասով կամ էլ ըստ առանձին կետերի, այդ թվում՝ առաքելության մեկնարկի առումով, դա կարելի է կազմակերպել, այն էլ բավական օպերատիվ կերպով», - հայտարարել է Զասը՝ պնդելով, որ դաշինքի՝ Երեւանին ուղղված առաջարկները մնում են ուժի մեջ:

20 апреля 2024
25 декабря 2022
18 декабря 2022
11 декабря 2022
27 ноября 2022
20 ноября 2022
13 ноября 2022

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.