Saturday, 08 August 2020

F Free Platform

Ինչն է խանգարում զանգվածաբար ՀԴՄ կտրոններ տրամադրելու գործընթացին

User Rating: 5 / 5

Star ActiveStar ActiveStar ActiveStar ActiveStar Active
 

Սույն վերլուծության մեջ մշտադիտարկման ենք ենթարկել ՀՀ կառավարության 2020թ. հունվարի 9-ի նիստի ընթացքում քննարկված  հարցերից մեկը, որը վերաբերում  էր ՀԴՄ կտրոններ տրամադրելու գործընթացի վերահսկողությանը։ Նիստում հնչել էին մի քանի կարծիքներ:

Կարծիք թիվ 1. Առաջարկվեց հարկային բոլոր տեսուչներին անհրաժեշտ տեսախցիկներով ապահովելուց բացի, ներդնել այնպիսի մի համակարգ, որը թույլ կտա յուրաքանչյուր քաղաքացու` նկարահանել եւ ՀԴՄ կտրոն չտրամադրելու պարագայում տեսանյութը տեղադրել իր սոցիալական կայքէջում, ինչին պետք է այդուհետեւ արձագանքեն պատկան մարմինները:

Կարծիք թիվ 1-ի վերլուծություն. Բանն այն է, որ նման  որոշում ընդունելու դեպքում կունենանք լայն արձագանք` պայմանավորված մեր հանրային ընկալումների, աշխարհայացքային չափույթների եւ ընդունված արժեքային նորմերի բախմամբ սույն հավանական որոշման արժեքաբանության հետ։ Եվ այստեղ խնդիրը, այսպես կոչված, «քրեական ենթամշակույթի» տարր հանդիսացող «գործ տվողի» ընկալմամբ բացատրելը հայ ժողովրդի պատմության առնվազն վերջին հազարամյակի խորքային վերլուծության բացակայության վկայությունն է:

Հայ սոցիումը` հարյուրամյակներ գտնվելով օտար պետությունների տիրապետության տակ, ենթարկվելով ամենատարբեր բռնաճնշումների, իր հավաքական ենթագիտակցության մեջ «պետություն» հասկացությունը դիտարկել է իբրեւ օտար, քայքայիչ, բռնաճնշող մի մարմին, երեւույթ, որից սկսել է զգուշանալ, անելիքը թաքցնել, խաբել, ինչպես նաեւ տարբեր ձեւերով պայքար մղել այդ օտար ու թշնամի համարվող համակարգի դեմ։ Այդ գոյապայքարում, բնականաբար, հայ ժողովուրդը պետք է զարգացման նոր մակարդակի հասցներ եւ հենվեր միջանձնային այնպիսի հատկանիշների վրա, ինչպիսիք էին հավատարմությունը, փոխադարձ օգնությունը ընդդեմ օտար համարվող «պետության»։ Պետք է նշել, որ ինչպես խորհրդային իշխանության, այնպես էլ վերջին 30 տարիների ընթացքում, հանրային ենթագիտակցության նման ընկալումը այդպես էլ չփոխվեց, ավելին` վերջին 30 տարիներին պետության գլուխ կանգնած քրեաօլիգարխիկ համակարգը էլ ավելի խորացրեց պետություն եւ ժողովուրդ անջրպետը։ Հետեւաբար, այստեղ խնդիրը ոչ թե հարցի մակերեսային ընկալմամբ «գործ տալու», այլ շատ ավելի խորքային եւ տարասեռ կոնցեպտի մեջ է։

Այդպիսով` քանի դեռ չի հաղթահարվել պետություն-ժողովուրդ անջրպետը, նման որոշումները գործնական որեւէ արդյունք չեն ապահովելու, քանզի բացառիկ քաղաքացիներ են, որ կնկարահանեն ու կտեղադրեն իրենց կայքերում։ Ավելորդ ենք համարում, որ նման քաղաքացիների նկատմամբ կձեւավորվի առանձնահատուկ վերաբերմունք, ինչը ռիսկային է հավանական հաշվեհարդարների, հետեւաբար նաեւ հանցագործությունների մակարդակի բարձրացման տեսանկյունից։

Իսկ եթե այս ամենին գումարենք այն հանգամանքը, որ մարզերում հատկապես առեւտուրը տեղի է ունենում պարտքով կամ, այսպես ասած, «նիսյայով», ապա պարզ է դառնում, որ նման կերպ ՀԴՄ կտրոնների տրամադրման գործընթացը վերահսկելու փորձերն ուղղակի դատապարտված են անհաջողության։

Երկրորդ` եթե պետության հարկային քաղաքականության իրականացման, հասարակական անվտանգության եւ երթեւեկության կանոնների վերահսկողությունը պետք է դրվի շարքային հարկատուների ուսերին, ապա այդ դեպքում հարց է առաջանում՝ ի՞նչ պետք է անեն պատկան մարմինները, որոնք պետական բյուջեից հսկայական ֆինանսավորում են ստանում:

Կարծիք թիվ 2. Խնդրի լուծման առավել հավանական առաջարկը վերաբերում էր, այսպես կոչված, «cash back»-երի համակարգի ներդրմանը, որը ենթադրում է, որ սպառողը տարեվերջում իր ունեցած ՀԴՄ կտրոնների ընդհանուր գումարի որոշակի մաս հետ կստանա։ Սա, իհարկե, առավել իրատեսական ծրագիր է, որն, այնուամենայնիվ, խնդիրը կրկին ամբողջությամբ չի լուծի: Ինչո՞ւ։ Պատճառն, ըստ իս, վերոհիշյալ «նիսյայով» առեւտրի մեջ է։ Քանզի, ինչպես արդեն ասվեց, մարզերում, որտեղ պարտքով առեւտուրը մեծ չափերի է հասնում, ՀԴՄ կտրոն պահանջելը դառնում է խիստ անորոշ։ Եթե վաճառողը կամ որեւէ այլ ծառայություն առաջարկողը  ինքնակամ չի տրամադրում կտրոնը, ապա պարտքով առեւտուր անողը հիմնականում ձեռնպահ կմնա կտրոն պահանջելուց, քանզի կզգուշանա, որ այլեւս իրեն պարտքով ապրանք կամ մեկ այլ ծաայություն չեն մատուցի:

Ինչ վերաբերում է մայրաքաղաք Երեւանին, ապա «cash back»-երի համակարգի` արդյունավետ աշխատելու հավանականությունը կարելի է գնահատել բարձր, քանի որ այստեղ պարտքով առեւտուր հասկացությունը հիմնականում վերացել է։ Մյուս քաղաքների պարագայում նույնպես խիստ վիճահարույց եւ անորոշ է հիշյալ համակարգի արդյունավետությունը, որովհետեւ պարտքով առեւտրի սկզբունքը, գուցեեւ համեստ չափերով, սակայն դեռեւս գործում է։

Առաջարկություն. Կարծում ենք, որպեսզի երկրում ՀԴՄ կտրոն տրամադրելը ձեռք բերի զանգվածային եւ համընդհանուր բնույթ, պետք է շահագրգռել առաջին հերթին ոչ թե սպառողներին, այլ ծառայություն մատուցող կազմակերպություններին, ֆիզիկական եւ այլ կատեգորիայի իրավաբանական անձանց։ Իսկ թե ինչ մեխանիզմներով եւ հարկային գործիքակազմով պետք է դա ապահովել, կարծում ենք, պետք է զբաղվեն բացառապես ոլորտի խորագիտակ մասնագետները։

 

Հայկ Փայտյան

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.