Դոգ, Գուրգեն Սիմոնյան, Էդմոն Մարուքյան, Հայը… Սրանք մի քանիսն են այն շարքից, որոնք, իբր, Նիկոլի դեմ կոշտ խոսող ընդդիմություն են, բայց իրականում ընդդիմության մեջ խցկված «տրոյական ձիեր» են։
Մարդիկ տեսնում են Նիկոլին խիստ քննադատող, «դավաճան» անվանող, իշխանության հանցանքների մասին սենսացիոն բացահայտումներ անող, հաճախ հայհոյող այսպիսի եւ ուրիշ նման երեւույթների ու միամտաբար կարծում, թե հենց սա է իսկական ազգային ընդդիմությունը։
Քաղաքականությունից հեռու, շարքային մարդու համար իսկական ընդդիմությունը պետք է «հեր ու մեր քրֆի Նիկոլին», սպառնալիքներով վախեցնի, թե հենց որ ինքը եկավ իշխանության, բոլոր վատ մարդկանց կախելու է, պատժելու է եւ այլն: Միաժամանակ՝ թեկուզ անպատասխանատու, բայց սկանդալային ազդեցություն ունեցող կոչեր կհնչեցնի։
Մի խոսքով՝ հանրությունը հանդիսատես է, որ ուզում է ձրի ներկայացում դիտել, որի մեջ ընդդիմությունը Ռոբին Հուդ կամ Դոն Կիխոտ է։ Ու երբ այդպիսի անպատասխանատու բաներ չեն ասում հիմնական խոշոր ընդդիմադիր ուժերը, միամիտ մարդիկ սկսում են կասկածել, թե արդյո՞ք դրանք իսկական ազգային ընդդիմություն են։
Եվ հենց այդ ժամանակ Նիկոլը գործի է դնում վերեւում նշված կեղծ ընդդիմադիրներին։
Ասենք, Դոգը ամենավերջին այլասերված հայհոյանքն է հնչեցնում Նիկոլի ու նրա ընտանիքի հասցեին։ Մարդիկ միամտաբար ոգեւորվում ու 2023-ի Երեւանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ ձայն են տալիս դրան, իսկ դա վերջում միանում է Նիկոլի ՔՊ-ին։
Էդմոն Մարուքյանի մասին, կարծում եմ, բան էլ չկա ասելու, թե ինչպես մի քանի ամիս առաջ Նիկոլի աշխատակազմից հերթական անգամ դարձավ «ընդդիմություն», հիմա էլ խոսում է անվտանգությունից ու Նիկոլին մեղադրում մի բանի համար, ինչին նաեւ ինքն է մասնակից եղել։
Գուրգեն Սիմոնյան անունով նորահայտ տղան սրանից ամիներ առաջ Նիկոլին սպասարկող խմբերի հետ եվրոպաներում էր շրջում, հիմա Արարատ լեռան պատկերն է տարածում ու քննադատում Նիկոլին։ Պարզ է, որ այդկերպ փորձ է արվում նրա միջոցով փոշիացնել ընդդիմադիր հանրության զգացմունքային հատվածի ձայները։
Վերջերս ինչ-որ բլոգեր է ի հայտ եկել։ Դեմքը փակած խորհրդավոր կերպար է՝ «Հայը» անունով։ Խոսում է Նիկոլի հանցանքների մասին, բացահայտումներ անում, մարդիկ էլ սկսել են ոգեւորված լսել՝ կարծելով, թե դեմքը փակ է, որ Նիկոլի իշխանությունը չկարողանա գտնել ու պատժել։ Հասարակ մարդիկ միշտ այդպես են տրամադրվում խորհրդավոր կերպարների նկատմամբ։
Բայց երբ ուշադիր նայում ես այդ նորահայտ բլոգերին, հասկանում ես, որ շարքային նիկոլական ծրագիր է, որը սկզբում Նիկոլին էր հայհոյում, իսկ հիմա սահուն անցնում է հիմնական ընդդիմադիր ուժերին եւ նրանց մեղադրում ներքին ու արտաքին թշնամիների հետ համագործակցելու համար։ Ինչո՞ւ։ Պարզ պատճառով՝ որքան քիչ մարդ ընտրի Քոչարյանին կամ Կարապետյանին, այնքան մեծ կլինի Փաշինյանի հաղթելու հավանականությունը։
Այնպես որ, սիրելի հայրենակիցներ, Նիկոլին ուղղված ամեն հայհոյանքի մի վերաբերվեք որպես ընդդիմության։ Ընդհանրապես՝ դադարեք լսել հայհոյանքը, այլ ուշադրություն դարձրեք, թե Նիկոլին քննադատողն ինչ անցյալ ու կենսագրություն ունի։
Նաիրի Հոխիկյան

