Երբ Արցախի բարբառն է թեւածում մեր շուրջը՝ «Յէ՛կ նախշուն զո'ւրո'ւց անէնք», ողջունելի է, բայց նաեւ՝ զարմանալի։ Վերջին ամիսներին «Արցախ» անունից խուսափող, անգամ այդ անվան գործածության համար ներողություն խնդրող իշխանական թիմը՝ հանձին ԿԳՄՍ նախարարության, հայտարարել է Մայրենիի միջազգային օրվան նվիրված մրցույթ։
Արցախի բարբառի պահպանմանն է նվիրված այն եւ նախատեսվում է կազմակերպել Հայաստանի կրթական հաստատություններում՝ արցախցի սովորողների ուժերով։
Նկատելի է, որ «Յէ՛կ նախշուն զո'ւրո'ւց անէնք» տեսանյութերի մրցույթը թեւածում է նաեւ ՖԲ հարթակում։ Տարբեր են դրանք, որտեղ Արցախի բարբառ կա երգ ու պարում, ավանդական արցախյան խոհանոցում, տարբեր ներկայացումներում…
Արցախյան մշակույթը որքա՜ն համով-հոտով է, ամեն արարում թարմ ու հարազատ` արցախցի դպրոցականների, ուսանողների անկաշկանդ բարբառով։
Արցախի մեր բառ ու բանը մտել է կրթական օջախներ, միջին եւ բարձրագույն ուսումնական հաստատություններ: Թվում է՝ ի ծնե տաղանդներ են այդ փոքր տեսանյութերում ի տես դառնում, որոնց միավորում է սերը, պաշտամունքը հայրենի երկրի, նրա բարբառի հանդեպ։ Ոչ այնքան մրցույթում հաղթողներին եմ կարեւորում, որքան այն աշխուժությանը, որ տիրում է մեր շուրջը։
Արցախցիներս հոգեւոր, մշակութային, բարոյական աջակցության կարիք ունենք, որտեղ հայրենին է խոսում, մեր ավանդական «թուռնավ» հացը, կանաչեղենով համեմված մեր ժենգյալով հացը, խաշիլը, կուրկուտը, ազգային բազում ուտեստներ… Երբ արվեստը շնչում է Արցախով, մեր առօրյա խոսք ու զրույցով, զգում ենք, որ մեր երկրից մեզ պոկելուց հետո կարողանում ենք ամուր պահել մեր բարբառը, սովորությունները, ավանդական ու հայեցի այն ամենը, որով ապրել ենք ու փոխանցել սերունդներին։
Քանի դեռ Արցախը խոսում է մեր մեծ ու փոքրերի շուրթերին, այն հավերժական է իր հնամենի պատմությամբ, իր ստեղծած մշակութային արժեքներով, իր հայկական արմատներով, ազգային խոհանոցով, արարող ժողովրդով, ով հայրենազուրկ է դարձել, բազում դառնություններով անցել, բայց չի կորցրել հավատը, այն հույսը, որ մի օր տուն է վերադառնալու՝ հարազատ բնօրրանի գիրկը, որի աչքը մեր ճամփին է:
Նատաշա Պողոսյան