Tuesday, 26 November 2024

F Free Platform

Հաղթողին նույնպես դատում են

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Երբ 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանը պատերազմում էր միանգամից մի քանի բանակների դեմ՝ ադրբեջանական, թուրքական, ռուսական զենքի եւ ՌԴ արտաքին հակահետախուզության, պակիստանցի ու սիրիացի ահաբեկիչների, երբ Հայաստանը աղաղակում էր, որ երկիրը ենթարկվել է ահաբեկչական հարձակման, աշխարհը լուռ էր: Եվրոպայից երեք երկրի ձայնն էր լսվում՝ Ֆրանսիայի, նաեւ՝ Հունաստանի եւ Կիպրոսի:

Մինչդեռ Եվրոպայի բախտը վճռվում էր նաեւ ղարաբաղյան այդ պատերազմում: Հայերի հաղթանակն իրականում Եվրոպայի հաղթանակը կարող էր լինել, քանի որ այդ հաղթանակին դիմակայում էր նաեւ Եվրոպայի համար այսօրվա ամենամեծ վտանգը՝ Ռուսաստանը: Սակայն հայերի հաղթանակը Եվրոպայում ընկալվում էր որպես ռուսական գործոնի մեծացում, քանի որ Հայաստանը, դժբախտաբար, ՌԴ ռազմավարական դաշնակիցն էր: Թեպետ այդ դաշնակիցն էր հայերի համար պարտության վիհը բացել: Ո՛չ Արեւմուտքը հասկացավ, ո՛չ էլ հայկական դիվանագիտությունը կարողացավ դա բացատրել Եվրոպային, քանի որ հենց Երեւանն էր հեռացել Եվրոպայից:

Ռուսաստանը գրավեց Ղարաբաղը՝ նրա մի մասը նվիրելով Ադրբեջանին, հայկական հողերի մասնատման հաշվին առեւտուր անելով Թուրքիայի հետ: Ռուսաստանը հայկական հաղթանակի գերեզմանափորն էր:

Հայ ժողովուրդը ստիպված էր դիմադրել այդ նենգուպատիր բարեկամին եւ հարյուրամյա թշնամուն:

Ղարաբաղի գրավմամբ Մոսկվայի ռազմաքաղաքական ախորժակը բացվեց: Այն, ինչ հաջողվել էր Վրաստանում, Ուկրաինայում՝ Ղրիմում, չէր հաջողվել իրականացնել Հայաստանում ո՛չ 2016թ. Ապրիլյան պատերազմի ժամանակ, ո՛չ դրանից առաջ:

Արեւմուտքը հիմա բախվել է սեփական անվճռականությանը, քաղաք քաղաքի հետեւից ռմբակոծող Ռուսաստանին սպառնում է… տնտեսական պատժամիջոցներով:

Մենք հիշում ենք նաեւ Կիեւի կեցվածքն այդ պատերազմի ժամանակ, բայց հիմա Ուկրաինան դժբախտության մեջ է՝ կանգնած ոչ միայն տարածքային, մարդկային կորուստների, այլեւ պետականության կորստի առջեւ: Կիեւի անկումը նոր դժբախտություններ է բերելու ոչ միայն Արեւելյան Եվրոպային, այլեւ նախկին խորհրդային հանրապետություններին: Կիեւը 2020թ. ղարաբաղյան պատերազմի ժամանակ դա չհասկացավ, բայց Կիեւին ես այսօր լավ եմ հասկանում:

Արեւմուտքը 30 տարի հապաղեց ղարաբաղյան խնդիրը լուծել հայանպաստ տարբերակով, եւ Ռուսաստանը այն լուծեց ադրբեջանական տարբերակով:

Պուտինը կանգ չի առնի: Նա կվերցնի այնքան, որքան կամենա կամ կարողանա: Կվերցնի, քանի դեռ նրան չեն կանգնեցրել ուժով:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Հիտլերը գրավեց ողջ Եվրոպան: Պատերազմի ավարտին նա ինքնասպան եղավ՝ թողնելով պարտված-մասնատված Գերմանիան, արիական ցեղին՝ գլխահակ, Եվրոպան՝ ավերակ եւ Մոսկվայի կողմից արագորեն օկուպացվող:

Ի՞նչ  Ռուսաստան է թողնելու իրենից հետո Պուտինը: Ի՞նչ աշխարհ է նա թողնելու մարդկությանը:

Հաղթողին նույնպես դատում են:

 

Նարինե Մկրտչյան

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.