Tuesday, 16 July 2019

F Free Platform

Պետություն՝ առանց պետական գաղափարախոսության

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

2018 թվականի ապրիլ-մայիսյան իրադարձություններից անցել է մեկ տարի։ Հայ հասարակական եւ քաղաքական շրջանակներում կատարվածին տրվում են ամենատարբեր մեկնաբանություններ։

Պատմաքաղաքագիտական  տեսանկյունից եղելության մասին առավելագույնս անաչառ վերլուծություն կարող է արվել միայն ժամանակի ընթացքում, երբ նվազագույնի կհասցվեն անկանխակալ հետազոտություն կատարելուն խանգարող օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառները։ Հետեւաբար՝ սույն հրապարակման մեջ մենք փորձ չենք անի տեղի ունեցածին պատմագիտական ու քաղաքագիտական վերջնական գնահատական տալու՝ կատարվածը հեղափոխությո՞ւն էր, հեղաշրջո՞ւմ, իշխանափոխությո՞ւն, թե մեկ այլ բան, քանի որ, ինչպես վերը նշեցինք, անցել է ընդամենը մեկ տարի․ շատ հանգամանքներ մնացել են անորոշ, շատ հարցեր դեռ չեն ստացել իրենց պատասխանները։ Սակայն մեկ տարվա հեռավորությունից կփորձենք արձանագրել տեղի ունեցածը, փաստել կատարվածը, պարզել դեպքերի ու երեւույթների պատճառահետեւանքային կապը՝ նպատակ ունենալով առնվազն ուրվագծելու քաղաքական գործընթացների էութենական բովանդակությունը։

Այսպես, իբրեւ թիվ մեկ փաստ՝ կարող ենք արձանագրել, որ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին ՀՀ քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը դուրս եկավ փողոց՝ մերժելու, բողոքի իր ձայնն արտահայտելու երկրում տիրող իրականությանը, որը պարառում էր ներքաղաքական կյանքի գրեթե բոլոր ոլորտները։

Իբրեւ թիվ երկու փաստ՝ կարող ենք արձանագրել այն, որ Հայաստանում նույն ամիսներին կատարվածն ուներ իր տրամաբանական բացատրությունը, քանի որ դրան նախորդող տարիներին հասարակական-քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում ճգնաժամը հասել էր գագաթնակետին։ Եվ, ահա, 2018 թվականի մայիսից սկսած՝ ՀՀ իշխանությունները հայտարարեցին «Նոր Հայաստանի» սկիզբը։ Այստեղ է, որ ի հայտ են գալիս հետեւյալ հարցադրումները. ի՞նչ ասել է «Հին Հայաստան», որո՞նք են դրա բնութագրիչները, ի՞նչ բացթողումների ու սխալների արդյունքում անկում ապրեց «Հին Հայաստանը» եւ, վերջապես, որո՞նք են այն առանցքային, հիմնարար նախադրյալները, որ ապահովելու են «Նոր Հայաստանի» զարգացումն ու հզորացումը։ Եվ արդյո՞ք «Հին Հայաստանից» կար արժանի որեւէ մի մասնիկ, որը պետք է փոխառնվի «Նոր Հայաստանում» կամ հիմք հանդիսանա հետագա զարգացման համար: Թե՞ «Նոր Հայաստանում» ամեն ինչ սկսվելու է «նոր» էջից։

Փաստը, որ քաղաքացիների մեծ մասը դուրս եկավ փողոց, ապացույցն է այն բանի, որ, այսպես կոչված,  «Հին Հայաստանում» «մի բան այն չէր»։ Արդյո՞ք «Հին Հայաստանի» անկման իրական եւ առաջնային պատճառը, ինչպես այսօրվա իշխանության կարկառուն ներկայացուցիչներն են պնդում, կոռուպցիան էր, 50-50-ն էր, կեղծված ընտրություններն էին, խնամի-ծանոթ-բարեկամ (ԽԾԲ) սկզբունքն էր, թե կար շատ ավելի խորքային պատճառ:

Արդեն կայացած եւ ապացուցված այն իրողությունը, որ վերոնշյալ արատավոր երեւույթները «Նոր Հայաստանում» ամենեւին էլ չեն վերացել (բացառությամբ կեղծված ընտրությունների), ավելին՝ դրանք դրսեւորման նոր երանգներ են ստացել (երբեմն նույնիսկ շատ ավելի վառ արտահայտված, քան «Հին Հայաստանում», ինչի փայլուն ապացույցն են Կոտայքի, Արարատի մարզպետների, ՊՎԾ-ի պետի, որոշ նոր կադրերի, Երեւանի քաղաքապետի եւ այլ իշխանավորների գործունեությունը), գալիս է ապացուցելու, որ «Հին Հայաստանի» անկման իրական պատճառը բոլորովին այլ էր, ինչը «Նոր Հայաստանում»  կամ չեն հասկացել, կամ չեն ցանկանում հասկանալ։ Վստահ ենք, որ ե՛ւ «հին», ե՛ւ «նոր» Հայաստանում տեղ գտած վերոշարադրյալ հակոտնյա երեւույթներն ընդամենը հետեւանք են եւ ոչ պատճառ։ Այս դեպքում տրամաբանական հարց է առաջանում՝ իսկ ո՞րն է պատճառը։

Համոզված ենք, որ, ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական բոլոր ձախողումների իրական պատճառը պետական-ազգային գաղափարախոսության բացակայությունն է եւ այնպիսի իշխանությունների ձեւավորումը, որոնք չեն հասկանում պետության կենսունակության համար անհրաժեշտ գաղափարաբանության նշանակությունը եւ ազգային արժեհամակարգի կրողներ չեն, այլ կերպ ասած՝ չեն ներկայացնում իրական ազգային էլիտան։

Ըստ Դանիլեւսկու առաջ քաշած տեսության, քաղաքակրթությունները կարող են ունենալ մի քանի հիմք, որոնք եւ պետք է ապահովեն վերջիններիս կենսունակությունն ու պատմական զարգացումը։ Մերօրյա հետազոտողներից Ալբերտ Ստեփանյանը գտնում է, որ իր պատմության ծիրում հայ ժողովուրդն ունեցել է երկհիմք քաղաքակրթություն՝ իշխանակենտրոն՝ հանձին Արտաշես Ա-ի, եւ մշակութակենտրոն՝ հանձին Մեսրոպ Մաշտոցի։ Մ.թ. IV դարում ուժեղ պետականության խարխլման պայմաններում մեր հանրույթը իշխանակենտրոն ու քաղաքակրթական համակարգից բավական հաջող անցում կատարեց դեպի մշակութակենտրոն քաղաքակրթություն, որն էլ իր հերթին XV դարից թեւակոխեց աստիճանական անկման փուլ։ Մշակութակենտրոն քաղաքակրթական հայեցակարգի անկման պայմաններում նորի տեսլական մշակելու անկարողությունը մեզ կանգնեցրեց քաղաքակրթական բազմաթիվ մարտահրավերների առջեւ, որոնց պատասխաններ չգտնելու արդյունքը, ի վերջո, եղավ հայոց Մեծ եղեռնը։ 1918 թվականին ստեղծված Առաջին հանրապետությունը պարզապես չհասցրեց եւ ի վիճակի էլ չէր զբաղվելու նոր հայեցակարգի մշակմամբ։ Երկրորդ հանրապետությունը՝ ընդգրկվելով ԽՍՀՄ կազմում, բնականաբար, զրկվեց ազգային գաղափարաբանական հայեցակարգ մշակելու հնարավորությունից։ Երրորդ հանրապետության հռչակումով, կարծես թե, համեմատաբար նպաստավոր պայմաններ էին ստեղծվում քաղաքակրթական նոր հայեցակարգ մշակելու կամ առնվազն նախկինում եղածները վերաիմաստավորելու համար։ Սակայն, ինչպես ցույց տվեց ժամանակը, մենք ի զորու չեղանք կատարելու ոչ առաջինը եւ ոչ էլ երկրորդը։

Արցախյան հերոսամարտում տարած փայլուն հաղթանակը բազմադարյան ընդմիջումից հետո աննախադեպ հնարավորություններ էր ստեղծել համազգային համերաշխության մթնոլորտում կոնսոլիդացված ու մոբիլիզացված աշխարհասփյուռ հայության ողջ ներուժն ուղղորդելու այդ կարեւորագույն խնդրի լուծմանը։ Սակայն անկախացումից ի վեր իշխանության եկած ուժերը՝ փոխանակ լծվելու քաղաքակրթական համազգային նոր տեսլականի մշակմանը, պարզապես մսխեցին ընձեռնված գուցեեւ բացառիկ հնարավորությունը։ Արդյունքում շարունակվում է հայ ժողովրդի ինքնութենական ճգնաժամը, ինչն արդի աշխարհի բազում մարտահրավերների խորապատկերին ուղղակի եւ անմիջական սպառնալիք է ստեղծում հայ քաղաքակրթության գոյության ու հետագա զարգացման համար։

Այսպիսով՝ «հին», եթե կուզեք, նաեւ «միջին» Հայաստանի անկման պատճառը, կարծում ենք, քաղաքակրթական հայեցակարգի, ազգային գաղափարախոսության եւ տեսլականի բացակայությունն է, ինչպես նաեւ  իշխանական ու մշակութային (պսեւդո) էլիտայի անկարողությունը՝ լուծելու կենսական նշանակության այդ խնդիրը։

Ահա թե որն է այն իրական, թիվ մեկ մարտահրավերը, որի առջեւ կանգնած են «նոր» Հայաստանի իշխանությունները։ Կախված այն բանից, թե ինչպես վերջիններս կըմբռնեն, կհասկանան խնդրի կարեւորությունը եւ ի զորու կլինեն լուծելու այդ կարեւորագույն խնդիրը, հնարավոր կլինի տալու նրանց գործունեության, իսկ վերջնարդյունքում նաեւ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կատարվածի պատմական գնահատանքը։

Չէինք ցանկանա հոռետես լինել, սակայն այս մեկ տարվա ընթացքում կատարվածը, մեղմ ասած, դրական ակնկալիքների տեղ չի թողնում, քանի որ, ինչպես խոստովանեց «նոր» Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչներից մեկը՝ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը, նորերը շարժվում են հների իներցիայով։

Իսկ ժամանակը չի սպասում։ Մարտահրավերները գալիս են եւ, մնալով անպատասխան, ծանրանում ողջ ժողովրդի, պետության եւ սերունդների ուսերին։

 

Հայկ Փայտյան

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am