Tuesday, 26 November 2024

F Free Platform

Թող կարդա՛ն վիճող ամուսինները…

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Վիճեցին երիտասարդ ամուսինները երեկոյան եւ միմյանց ասացին շատ կտրուկ ու վիրավորական արտահայտություններ։ Վիճաբանության սրացման պատճառով չէին հասկանում միմյանց, եւ նրանք մոռացան այն սիրո մասին, որ ունեին։ Առավոտյան վաղ  ամուսինը պետք է գնար աշխատանքի, սակայն սրտում ծանրացած բեռ կար եւ կար մեծ տխրություն։ Գիշերվա ընթացքում հասկացել էր սխալը, մոտեցավ կնոջը համբուրելու՝ տնից դուրս գալուց առաջ։ Կինը քնած չէր, բայց ձեւացրեց եւ շրջեց դեմքը։ Վիրավորանքը խորն էր նաեւ կնոջ սրտում։

Լսվեց դռան ձայնը, եւ հրաժեշտի ո՛չ մի խոսք չհնչեց։ Տան բակից ամուսինը վեր նայեց պատուհանին եւ շտապեց աշխատանքի։ Եթե միայն նրանք իմանայի՛ն։ Եթե միայն իմանային, որ նա հեռացավ տնից ընդմիշտ…

Կինը սովորականի պես անցավ իր կենցաղային գործերին։ Երեխաների հագուստները լվաց, ընթրիքի համար ճաշ պատրաստեց, տունը կարգի բերեց եւ այլն։ Ամեն ինչ պատրաստ էր ամուսնուն դիմավորելու համար։ Սակայն սիրտը պատրաստ չէ՛ր նրան դիմավորելու, ներելու, մինչեւ որ նա ներողություն չխնդրի։ Այս միտքը հանգիստ չէր տալիս կնոջը, ուզում էր, որ ամուսինը զղջա եւ միմյանց հասկանան վերադարձից հետո։ Հպարտությունը պատել էր նրա սիրտը եւ ամենաբարձր կետում էր գտնվում՝ որոշում կայացնելու պահին։

Կինը որոշեց, որ առաջինը չի գնա ընդառաջ ամուսնուն։ Այսպես են լինում չարի առաջարկած բոլոր խարդավանքների կայացրած որոշումները։ Այստեղ է, որ  մարդը տեղի է տալիս սատանային։

Ժամացույցը լռության մեջ ցույց է տալիս ամուսնու աշխատանքի ավարտի ժամը։ Անցնում է կես ժամ, մեկ ժամ, երկու ժամ։ Դուռը նույնպես լուռ է… Բայց ինչ որ տագնապ ճմլում է կնոջ սիրտը, եւ նա անհանգիստ էր ամուսնու ուշացումից։ Երբեք չեն եղել պատահական ուշացումներ։

Հանկարծ բակից լսվում է լացի ու աղաղակի ձայն։ Հարեւանի տղան տագնապահար լացով բղավում էր. «Մե՛ծ պայթյուն եղավ հանքերից մեկում»։ Պայթյո՞ւն։ Այս կարճ բառից կնոջ սրտում կարծես պայթյուն տեղի ունեցավ։ Ո՛չ, նա պատրաստ չէր այդ լուրին, եւ անվերջ կրկնում էր, գուցե նա ողջ է, գուցե հաջողվել է փրկվել… Արցունքները խեղդում էին կոկորդը՝ փողոցով վազելու ժամանակ, մտքից չէր հեռանում երեկվա վեճը։

Զգում է, որ վիրավորանքից բանականությունը իր տեղը զիջել էր չարությանը՝ վեճի ժամանակ։ Ուժ չկար ոտքերի մեջ, միայն լարած տիկնիկի պես կրկնում էր. «Ի՛մ հարազատ, միայն ո՛չ դու… ես պատրաստ եմ հիմա քո ոտքերի առջեւ ընկնել եւ ասել՝ ների՛ր, ների՛ր»։

Միայն թե երեկ իմանային, թե ի՛նչ է լինելու վաղը, գուցե ամեն ինչ այլ կերպ ընթանար։

Մենք համոզված չենք դրանում, որ եթե նախապես իմանայինք, թե ի՛նչ է պատահելու մեզ վաղը, մեր կյանքը ավելի խաղաղ կլիներ, կամ հանգիստ կապրեինք։ Եթե այդպես լիներ, Աստված կբացեր այդ դուռը, եւ մենք կտեսնեինք: Բայց Աստված պատվիրում է՝ այսօ՛րը շիտակ ապրել։

Մահը գողի պես հանկարծակի է գալիս, եւ հնարավորություն չի տալիս նույնիսկ հարաբերություններ շտկելու։ Սխալը ուղղելու համար արդեն շատ ուշ էր։ Կինը դատապարտված էր իր մնացած կյանքը ապրել այդ ցավի եւ մեղքի զգացումով։

Մարդի՛կ,  միմյանց հետ եղեք մեղմ, վարվեք բարությամբ։ Որովհետեւ շատ ծանր է այն զգացողությունը, երբ քեզ ասում են. «Արդեն ո՛ւշ է»։

Ավետարանը ամեն օր աղաղակում է այդ մասին՝ ասելով. «Թէ բարկանաք էլ, մեղք մի՛ գործէք. արեգակը ձեր բարկութեան վրայ թող մայր չմտնի, եւ Սատանային տեղի մի՛ տուէք։ Ո՛չ մի տգեղ խօսք ձեր բերանից թող չելնի, այլ միայն բարի խօսքը, որ շինիչ է։ Միմեանց հետ եղէ՛ք քաղցր, գթած՝ ներելով միմեանց, ինչպէս որ Աստուած ներեց մեզ Քրիստոսով»։

Մենք ոչինչ չգիտենք մեր վաղվա օրվա մասին եւ մեզ պահում ենք իմաստունների պես։ Իսկ Նա, ով պարգեւում մեզ ամեն օրը, տալիս է նաեւ օրվա ապրելու բանաձեւը։ Այստեղ էլ ծույլ ենք, ու հպարտ՝ կարդալու մեջ։ Սովորենք ապրել այսօ՛ր, որովհետեւ երբեմն շատերը չեն տեսնում իրենց սպասող «վաղը», որպեսզի զղջան սխալի համար:

 

Ծովիկ Դավթյան

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.