Tuesday, 26 November 2024

B Book Review

Սոֆյա Հակոբյան, «Սասուն. 100-ամյա դիմադրություն»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Սոֆյա Հակոբյան, «Սասուն. 100-ամյա դիմադրություն», հայագիտական հետազոտություն, «Գեւորգ Վիրաց» հրատարակչություն, 282 էջ, 2021թ.:

Մեծարժեք, շատ հետաքրքիր այս գիրքը պատմում է մինչ օրս Սասունի լեռներում մնացած արաբախոս, քրդախոս եւ հայախոս հայերի, 1915-ից ի վեր նրանց ցույց տված դիմադրության, հույսի ու միայնության, ինքնության արդի ընկալումների, ինչպես նաեւ բուն ժամանակակից Սասունի մասին։

Հեղինակի առաջին գիրքն է, որի մեջ ամփոփված են անցած 10 տարվա ընթացքում Սասունի եւ տեղի հայերի մասին հատիկ-հատիկ հավաքված եզակի տեղեկություններն ու տարբեր տարիների հրապարակումները մեկ հատորի մեջ: «Սասունի ինքնապաշտպանություն» ասելով` միանգամից մտաբերում ենք 1894, 1904 եւ 1915 թվականները: Մինչդեռ Սասունում հայերի դիմադրությունը չի ավարտվել 1915-ով, այլ տեւել է մոտ 100 տարի՝ 1890-ականների վերջից մինչեւ 1990-ականներ:

Տասնամյակներ շարունակ մեզ պարտադրված` «Հայ ազգը ամբողջովին բնաջնջվեց իր պատմական հայրենիքում» տողերը, ցավոք, շարունակում են տեղ գտնել պատմության դասագրքերում նաեւ ՀՀ-ի անկախացումից հետո: Սա գուցե բնական է այն պարագայում, երբ 70 տարի արհեստականորեն մեկուսացված ու որոշակի շրջանակներում սահմանափակված հասարակությունը Արեւմտյան Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններից ո՛չ գաղափար ուներ, ո՛չ էլ ուսումնասիրելու հնարավորություն:

Հայերն այս քաղաքականության զոհն են դարձել Հայաստանի ե՛ւ արեւելյան, ե՛ւ արեւմտյան հատվածներում: Մինչ Արեւելյան Հայաստանում խորհրդային կառավարությունը քարոզում էր մոռանալ անցյալը, աքսորում եւ նույնիսկ գնդակահարում էր հայրենիքի մասին անգամ երգեր երգողներին, Արեւմտյան Հայաստանում կրկնակի կոտորածների, իրավազրկումների, խտրականության ու ամեն կողմից մեկուսացման ենթարկվող հայերը չէին էլ համարձակվում մտածել, թե ինչ եղան սահմանից այն կողմ գաղթած իրենց ազգականները:

Հեղինակի մասին. Ծնվել է 1993թ., Կիեւում: Արմատները Սասունից, Մուշից եւ Կ. Պոլսից են: Սոֆյան թուրքագետ, լրագրող, Թուրքիայում ապրող հայերի գծով հետազոտող է, մի շարք հոդվածների հեղինակ: Մասնագիտացած է հատկապես մերօրյա Սասունի ուսումնասիրման ուղղությամբ։

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.