Monday, 25 November 2024

C Center in the Press

«Ադրբեջանը բարդ վիճակում է, որովհետև հայկական կողմը պահանջում է, որ Արցախի ղեկավարությունը մասնակցի բանակցություններին» (Medialab.am)

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը:

- Պարո՛ն Սարգսյան, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անընդհատ փորձում է տապալել ԼՂ բանակցային գործընթացը: Ի՞նչ են նշանակում այս փուլում Բաքվի այս մեղադրանքները:

- Հայտարարություններ եղել են, ռուսական «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրին և իր հստակ դիրքորոշումը կրկնել է: Նա նաև ասել է, որ ապագայում Արցախը տեսնում է որպես Հայաստանի մաս: Ադրբեջանն ի՞նչ պետք է անի, Ադրբեջանը բավական բարդ վիճակում է, որովհետև հայկական կողմը փաստորեն պահանջում է, որ Արցախի ղեկավարությունը մասնակցի բանակցություններին և հրաժարվում է առանց Արցախի բանակցելուց:

Սա բավական բարդ վիճակում է դրել Ադրբեջանին, որովհետև Ադրբեջանը չի ուզում նման պայմաններով գնալ բանակցությունների: Բայց մյուս կողմից էլ՝ բավական դժվար է ասել, թե ինչու չի ուզում գնալ բանակցությունների: Եվ հիմա Ադրբեջանը փորձում է բառերից, խոսքերից կառչելով գանգատվել՝ փորձելով ԵԱՀԿ համանախագահող երկրներին ներքաշել գործընթացի մեջ, որ նրանք ինչ-որ ձևով պարտադրեն Հայաստանին հրաժարվել այդ դիրքորոշումից: Ես սա եմ տեսնում Ալիևի այդ հայտարարության մեջ:

- Իսկ կլինե՞ն Հայաստանի նկատմամբ պարտադրանքի քայլեր:

- Չեն լինի, որովհետև երկրի ղեկավարն ասել է, որ ինքը Հայաստանի ժողովրդի անունից է խոսում, և Հայաստանի սահմանադրական տարածքից դուրս տարածքները գնահատել է որպես ԼՂՀ Սահմանադրությամբ ամրագրված տարածքներ: Ինքը չի էլ շոշափում այդ խնդիրները, Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը պետք է շոշափի: Ո՞վ կարող է ինչ-որ բան ասել՝ ոչ ոք:

- Ընդհանուր առմամբ ԼՂ հարցով ի՞նչ իրավիճակ է այս փուլում: Կա՞ արդյոք պատերազմական գործողությունների վերսկսման վտանգ, որովհետև ժամանակ առ ժամանակ նման կանխատեսումներ են լինում:

- Այդ խոսակցություններն անընդհատ կան: Հայաստանում թավշյա հեղափոխության ընթացքում և դրանից հետո երկար ժամանակ Ադրբեջանը ոգևորված էր, մտածելով, թե իրավիճակ է փոխվում, իրենք հանկարծ կարող են Ռուսաստանին պետք գալ, հիշել էին Վրաստանի և Ուկրաինայի դեպքերը:

Փորձել են դեպքերը նմանեցնել, զորքեր հանեցին, մոտեցրին սահմանին, զորավարժություններ և այլն, հույս ունենալով, թե Ռուսաստանն իրենց ինչ-որ դեր կտա, բայց հետո շատ շուտ հասկացան, որ որևէ մեկը ոչ միայն Ադրբեջանին նման դեր չի ուզում տալ, այլ նաև կտրուկ վերաբերմունք են ցուցաբերել:

Ադրբեջանը, չգիտես ինչու, մի խավարի մեջ հայտնվեց, հավաքեց զորքերն ու հետ տարավ: Ադրբեջանը հասկացավ, որ որևէ փոփոխություն չի լինում, իրեն որևէ ռազմաքաղաքական առավելություն չի տրվում:

- Ռուսաստանն ի՞նչ դերակատարություն ունի այս փուլում ԼՂ հիմնախնդրի հարցում, Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ ակնարկեց, որ եթե ՌԴ նախագահը չուզենա՝ պատերազմ չի լինի, կարող է զսպել պատերազմի վերսկսումը:

- Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի վրա պատասխանատվության խնդիր է դրել, հիշեցնելով, որ ռազմավարական գործընկեր է և բոլոր հնարավորություններն ունի՝ Ադրբեջանին համոզելու, որ ավելորդ քայլեր չանի: Դա այդպես էլ կա, առանց Ռուսաստանի դաբրոյի Ադրբեջանն այսօր որևէ քայլ չի կարող անել:

- Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո հայ-ռուսական հարաբերություններում ի՞նչ է փոխվել: Նախքան հանդիպումը վերլուծություններ կային, թե կողմերի հարաբերություններում բազմաթիվ խնդիրներ են ծագել: Սեպտեմբերի 8-ի հանդիպումից հետո երկու երկրների ղեկավարները հայտարարեցին, որ հարաբերությունները բոլոր ուղղություններով զարգանում են:

- Ի՞նչ պետք է փոխվեր, ռուսական մամուլը մի քիչ լռեց, նախքան հանդիպումը շատ էին աղմկոտ հրապարակումներ հորինում: Բայց թե՛ ռուսական կողմի պաշտոնական հայտարարությունից, թե՛ Փաշինյանի բացատրություններից հետո բոլորը կարծես թե մի քիչ հանգստացել են, հասկանալով, որ որևէ էական խնդիր գոյություն չունի: Անընդհատ բոլորը տպավորություն էին ստեղծել, որ Մոսկվայում այս կլինի, այն կլինի, բայց ոչ մի բան էլ չեղավ: Գնացին, խոսեցին ու եկան, որևէ արտառոց բան չեն արել, բայց բացասական բաներ էլ մենք չտեսանք:

- Իսկ ընդհանուր եթե դիտարկենք հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս վիճակը, ինչպիսի՞ն է այն:

- Հայ-ռուսական հարաբերությունները պետք է կառուցել: Ռուսաստանի կողմից այս ջղաձիգ քայլերը կապված էին այն բանի հետ, որ հին վիճակը, որը Հայաստանում նախկինում եղել է, վերացել է, փլուզվել է նախկին իշխանությունների հեռանալուց հետո, եթե, իհարկե, հարաբերություններ եղել են: Հարաբերությունները լինում են երկու հավասար կողմերի միջև: Նրանք Հայաստանին նայում էին որպես վասալի, վասալային իշխանություն էր, թելադրանքի տակ որոշումներն այնտեղ ընդունվում էին, այստեղ՝ կատարվում:

Այսօր ստեղծված իրավիճակում դա արդեն հնարավոր չէ շարունակել: Ռուսաստանն ինքն էլ ըստ երևույթին չի կարողանում կողմնորոշվել, թե ի՛նչ հարաբերություններ պետք է անել, ի՛նչ պետք է կառուցել: Բոլորն էլ պետք է հասկանան, որ պետք է սկսել կառուցել նորը: Ռուսաստանում հասկանում են, որ նրանք հիմա չեն կարող այստեղ որոշումներ պարտադրել, ինչ-որ ուրիշ մեխանիզմներ են պետք:

Փաշինյանն այնտեղ հարց դրեց, որ որպես սուվերեն պետություններ պետք է նայել խնդիրներին և չմիջամտել ներքին գործերին: Հիմա նրանք որևէ արտառոց բան չեն պատասխանել այս ամենին:

- Այսինքն՝ փորձում են համակերպվե՞լ ստեղծված իրավիճակի հետ:

- Բնական է, նրանք չեն ուզում հաշվի նստել, բայց գիտեն, որ Հայաստանը կկորցնեն, Ադրբեջանն էլ չի լինի Ռուսաստանի բարեկամը: Պետք է ինտենսիվ աշխատել, լուրջ քաղաքականություն վարել ու նոր հարաբերություններ առաջարկել, վերանայել ամեն ինչ: Ինչը խնդրահարույց է, այդ հարցերը պետք է վերանայել: Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ, ԵԱՏՄ անդամ, որևէ բան այստեղ չի փոխվել, Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է:

Այս ամենը մնացել է նույնը, պրոբլեմները դրանից այն կողմ են ծագել, այսինքն՝ ո՞վ է ընդունում որոշումներ: Մինչև հիմա Մոսկվան էր ընդունում որոշումները, պարտադրում Հայաստանին, այստեղ էլ խելոք կատարում էին: Հենց սա է խնդիրը՝ ո՞նց կարգավորել սա:

- Մոտ ապագայում հնարավո՞ր է այդ նոր հարաբերությունների կառուցման ուղղության աշխատանք սկսվի:

- Ամեն ինչ էլ հնարավոր է, եթե Հայաստանի նոր իշխանությունները ճիշտ աշխատեն: Պետք է ճիշտ աշխատել, նախկին սխալները շտկել, լուրջ վերաբերվել ամեն ինչին, հենց այնպես դա չի ստացվի, դա լուրջ աշխատանք է: Նոր հարաբերություններ ստեղծելն ընդհանրապես լուրջ հարց է, եթե այդ հարաբերությունների նախադեպը չունես:

- Բայց ռուսական կողմից այս փուլում էլ կարծես ճնշման փորձեր են արվում Հայաստանի նկատմամբ: Օրինակ՝ նրանք հայտարարեցին, որ իրենց տարածքում չեղարկում են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը:

- Նրանք փրփուրներից են կախվում, փորձում են ցույց տալ, որ իրենց խոսքի տերն են, ինչ կուզեն՝ կանեն: Իրականում նրանք հաշվի են նստում ստեղծված իրավիճակի հետ: Եթե կանչում են Հայաստանի վարչապետին և ասում են՝ հարցեր ունենք և բացատրություն ենք ուզում, թե ո՛ւր է գնում Հայաստանը, ի՛նչ զարգացումներ են սպասվում, նշանակում է, որ այդ մարդիկ ավելի լուրջ են վերաբերվում:

Ռոզա Հովհաննիսյան

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.