ՀՀ կառավարությունը հուլիսի 16-ի նիստում հավանություն էր տվել TRIPP նախագծով Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին։ Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ միջազգային պայմանագրով ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Մայր օրենքին, ապա Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վավերացման համար:
Խոշոր հաշվով՝ ծրագրում ընդգրկված կողմերից յուրաքանչյուրը հույսը դրել է ապագա զարգացումների վրա: Հայաստանը առավել եւս սպասողական վիճակում է: Ինչպես հայտնի է, TRIPP-ի զարգացման ընկերությունում ԱՄՆ-ին կպատկանի 74%, Հայաստանին՝ 26% բաժնեմաս: Ընդհանուր առմամբ՝ անցած տարվա օգոստոսին Վաշինգտոնում կնքված համաձայնագիրը հայ-ադրբեջանական հարաբերությունների անվտանգության հետ է կապված: Այն ժամանակ էլ, հետո էլ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն ասում էր, թե իրենք կարողացան Հայաստանին փրկել Ադրբեջանի հարձակումից:
Փաստորեն ստացվել է այնպես, որ այդ միջանցքը կամ ճանապարհը անմիջապես կապված է Հայաստանի անվտանգության հետ, այսինքն՝ TRIPP-ի նախագիծը մշակվել է, որպեսզի Ադրբեջանը չհարձակվի Հայաստանի վրա: Այդ պայմանն այժմ էլ աշխատում է: Ստացվում է, որ եթե որեւէ բան չզարգանա այնպես, ինչպես պետք է, անմիջապես ի հայտ է գալու Ադրբեջանի հարձակման խնդիրը: ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը, որ տեսնում ենք նաեւ Իրանում, ստիպում է մի փոքր խորը մտածել. գուցե դա ընդամենը շանտա՞ժ էր, այսինքն՝ շանտաժի միջոցով ԱՄՆ նախագահը պարտադրել է Հայաստանին նման որոշում ընդունել:
Կարծում եմ՝ Հայաստանն ուղղակի ենթարկվեց Թրամփի շանտաժին ու գնաց այդ քայլին՝ հավատալով, որ իսկապես Ադրբեջանը պատրաստվում է հարձակման: Խնդիրն այն է, որ մենք չենք կարող պաշտպանել մեր իրավունքները. ա՛յ, ինչո՞ւ, օրինակ, Հայաստանին 26 տոկոս բաժնեմաս է հատկացվում, իսկ ԱՄՆ-ին՝ 74: Կարող ենք չկասկածել՝ եթե անգամ 1 տոկոս բաժնեմաս տային Հայաստանին, նա դարձյալ համաձայնելու էր: Հետեւաբար՝ որեւէ բանի վրա զարմանալ պետք չէ, իսկ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ պետք է արդարացնեն, ինչպես մինչեւ հիմա են արել, ասելով՝ այլընտրանք չկա, այլընտրանքը պատերազմն է:
ԱՄՆ-Իրան պատերազմական հարաբերությունների խորապատկերին ոմանք թերահավատորեն են վերաբերվում TRIPP-ի նախագծի կենսագործման հաջողությանը՝ մինչդեռ փոփոխությունների այս դարաշրջանում, ինչպես տեսնում ենք, ամեն մեկն իր գործն անում է: Ակնհայտ է, որ քաղաքականությունը տարվում է մեկ ոճով. ստեղծել խնդիրներ ուրիշների համար եւ պարտադրել, որ այդ ուրիշները զիջեն: Ադրբեջանի վերջին տարիների քաղաքականությունը հենց այս մասին է՝ խնդիրներ ստեղծել Հայաստանի համար ու ստիպել զիջումների գնալ:
Նույնը նաեւ ԱՄՆ-ն է անում, հիմա Իրանը նույնպես սկսել է դա անել: Հայաստանն էլ որոշել է խնդիրներ չստեղծել, ուրիշ տրամաբանությամբ գնալ՝ շատ ենթարկվել ու գնալ ոչ թե հիմնախնդիրները լուծելու ճանապարհով, այլ դրանք ասպարեզից հանելու՝ զիջելու միջոցով: Սրա համար միանգամայն տեղին պետք է համարել, որ ՀՀ-ին պարտադրել են նման պայմաններով այդպիսի նախագիծ ընդունել:
Երբ Իրանում պատերազմն սկսվեց, ու Նախիջեւանում հարված եղավ, մենք տեսանք Ադրբեջանի նախագահի սարսափահար վիճակը, խնդիր լուծողն այստեղ Թրամփը չէր ու Ալիեւն էլ չէր, Իրանն էր, հիմա առավելեւս Իրանն է: Իրանն է որոշողը՝ այս ճանապարհը կաշխատի՞, թե՝ ոչ: Բնական է, որ ամեն մեկը հույսը դրել է հետագա զարգացումների վրա՝ հօգուտ իրեն ինչ-որ դրական փոփոխություն ակնկալելով: Հայաստանն, ինչպես նշվեց վերը, առավելեւս սպասում է, որովհետեւ ինքն արդեն ընդունել է բոլոր պայմանները, փաստաթղթեր է ստորագրել ու պետք է դրանք իրականություն դարձնի:
Իսկ այս նախագծի իրականացումն այնպիսի պայմաններով է ընդունվել, որ ազդելու ձեւերը շատ քիչ են, ինչը մտահոգիչ է: Եթե այդ ճանապարհին ինչ-որ խնդիրներ ստեղծվեն, ապա հայկական կողմը կարող է իր իրավապահ մարմիններին ուղարկել այդտեղ բոլոր կողմերի հետ համաձայնեցնելուց հետո: Ստացվում է, որ դու քո տարածքում չես կարող որոշում ընդունել, որքան էլ ուզում են համոզել, թե ամեն ինչ ինքնիշխանության տիրույթում է, բայց այդ փաստաթղթի կետերում ամեն բան հստակ գրված է: Վաղն էլ ով գիտի, թե քանի նման կետեր առաջ կգան:
TRIPP-ի իրականացումը մեծ, խնդրահարույց հարց է, թե ինչպես կզարգանան գործընթացները եւ ովքեր կլինեն որոշում կայացնողները. այդ նախնական տեքստերում գրված է, որ երրորդ կողմ եւս ներգրավվելու է: Ի՞նչ պայմաններով են ներգրավվելու այս նախագծի մեջ, արդյոք ունենալո՞ւ են որոշում ընդունելու իրավունք, թե՞ ոչ: Հստակեցումներ չկան բազմաթիվ հարցերի վերաբերյալ, ինչը, անշուշտ, խնդիրներ է առաջացնելու: Կապրենք՝ կտեսնենք:
Մանվել Սարգսյան

