Իշխանության բոլոր ջանքերին հակառակ՝ Արցախի եւ Հայաստանի վերամիավորման մասին ՀՀ Գերագույն խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը շարունակում է մնալ ուժի մեջ։ Այլապես Բաքուն այսօր կաշվից դուրս չէր գա պարտադրելու Երեւանին՝ հրաժարվել Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղում անելուց: Սա փաստում է, որ Արցախի հարցն այնքան էլ փակ չէ, ինչպես ջանում են մեզ համոզել ՔՊ-ականներն իրենց առաջնորդի գլխավորությամբ։
Այո, իշխանությունները որդեգրել են արցախյան հարցը փակելու քաղաքական ուղեգիծ, իսկ ընդդիմախոսներին հորդորում են՝ եթե համաձայն չեք, գնացեք հեղափոխություն արեք։ Այսինքն՝ ժողովրդի առջեւ այդ հարցը կտրուկ է դրված։ Մյուս կողմից էլ՝ Ադրբեջանը պահանջում է հանրաքվեի միջոցով հրաժարվել Անկախության հռչակագրից, որպեսզի իրենք փաստ ունենան հայտարարելու, որ Հայաստանի ժողովուրդն է հրաժարվել ԼՂՀ-ից, ոչ թե այս կամ այն իշխանությունը։ Այստեղից էլ գալիս է Ադրբեջանի համար այդ խնդրի հրատապությունը, եւ Բաքուն ցանկանում է, որ հայ ժողովուրդն ինքը քվեարկությամբ հրաժարվի Արցախից, այլ ոչ թե կասկածելի օրինակարգություն ունեցող վարչապետը:
Խնդիրը յուրովի կարեւոր է նաեւ ՀՀ իշխանությունների համար, որոնք համարում են, որ դա Ադրբեջանի հետ «խաղաղություն հաստատելու» միակ ձեւն է: Փաշինյանը քանիցս հայտարարել է, որ Հայաստանի Անկախության հռչակագիրը «կոնֆլիկտային» է, եւ խնդրո առարկա հղումը չպետք է արտացոլվի Սահմանադրության տեքստում: Այսինքն՝ այստեղ մենք գործ ունենք ոչ թե պատմական ինչ-որ փաստի, այլ իրականության մեջ գործող քաղաքական ֆենոմենի հետ: Համոզված եմ, որ Հայաստանում շատերը խորապես չեն հասկացել «Միացում» գաղափարի իմաստը, հասկացողներից շատերն էլ հենց 1988-ից չէին ընդունում այդ գաղափարը: Ադրբեջանում, ընդհակառակը, բոլորը՝ սկսած նախագահից, շատ լուրջ էին (եւ են) վերաբերվում «Միացում»-ին:
Ալիեւն այդ մասին անընդհատ խոսում էր: Երբ ադրբեջանցիները փակել էին Լաչինի ճանապարհը, նա ելույթ էր ունեցել հենց Լաչինում եւ, դիմելով ՀՀ իշխանություններին, ասել էր՝ ««Միացում» գրքի վերջին էջը փակված է, դա լուրջ հասկացեք, որովհետեւ մենք այստեղ նստած ենք ու նայում ենք ձեր գյուղերին։ Եթե ուզում եք հանգիստ ապրել, ուրեմն, լուրջ վերաբերվեք իմ խոսքին»։ Դրանից հետո Ադրբեջանի բազմաթիվ պաշտոնյաներ սկսեցին անդրադառնալ այդ հարցին, որի առանցքում «Միացումն» էր: ««Միացումը» պետք է հայ ժողովրդի գլխից դուրս գա»,- Ալիեւին կրկնում էին ազերի պաշտոնյաները՝ սպառնալով, թե հակառակ դեպքում «երկաթե բռունցքով» հայերին կստիպեն մեկընդմիշտ հրաժարվել այդ գաղափարից։
Այժմ կփորձեմ մանրամասնել, թե ինչպես ծնվեց «Միացումի» գաղափարը: Երբ անցած 80-90 ականներից ԽՍՀՄ-ը սկսել էր քայքայվել, ասպարեզ էր իջել գորբաչյովյան հանրահայտ «Պերեստրոյկան», որն, ըստ էության, կոչված էր արագացնելու Խորհրդային միության փլուզման գործընթացը: Հսկա կայսրությունը գաղափարապես ճաք էր տվել, եւ ժամանակը բավական նպաստավոր էր հերթական անգամ բարձրացնելու Ղարաբաղի հիմնահարցը եւ նախաձեռնելու Ղարաբաղյան շարժում: Դա 1987 թվականին էր: Աշխարհն արմատապես փոխվում էր, պատմության գիրկն էին անցնում «Սառը պատերազմի» ժամանակները, եւ Խորհրդային միության քայքայումը, փաստորեն, դրա բաղկացուցիչ մասն էր: Շատ դժվար էր այն ժամանակ ընկալել, թե ինչ է նշանակում ԽՍՀՄ-ի քայքայում։
Ապաքաղաքական մի պարզունակ մոտեցում էր շրջանառվում՝ իբր կապիտալիզմն ու կոմունիզմը բախվել են եւ, ի վերջո, Խորհրդային միությունն այդ առճակատման մեջ պարտվել է, դրա համար էլ քայքայվում է, կապիտալիզմը հաղթեց, աշխարհը դարձավ միաբեւեռ։ Մոտավորապես այդպիսի պատկերացում ուներ նաեւ հայաստանցիների մեծամասնությունը։ Ասված խոսք կա՝ «եզը որ ընկնում է, դանակավորները շատանում են»: ԽՍՀՄ-ի անկումը, պարզվում է, շատերի սրտովն է. երբեմնի Սովետմիությունը, որ միշտ ուժ, կայունություն եւ ապահովություն էր խորհրդանշում, շատերի համար դառնում է «Չարիքի կայսրություն», նրա շուրջը լայն տարածում են գտնում այլախոհական տարբեր շարժումներ:
Այլախոհական շարժումներն ու դրանց հարող խմբերն աշխուժանում են 1988-ին, երբ արդեն պարզ երեւում էր Սովետմիության ճաքը: Այդ շարժումներն էլ նոր գաղափարներ են հանում մեջտեղ: Օրինակ՝ հայ ժողովրդին առաջարկվում է ամեն կերպ նպաստել, որ Արեւմուտքի ճնշման պայմաններում ԽՍՀՄ-ը «խելոքանա» կամ վերանա, եւ խորհրդային ժողովուրդները՝ ձեռք-ձեռքի տված, գնան դեպի Արեւմուտք: Կար եւս մեկ գաղափար՝ ԽՍՀՄ-ի քայքայման պահից հաշտվել հարեւանների հետ եւ համատեղ լուծել ծագած հարցերը: «Չարիքի կայսրության» դեմ բարձրաձայնելն ու դրա վախճանին սպասելը դարձել էր ինչ-որ միստիկ երեւույթ:
Այդ օրերին ծագեց նաեւ մեկ պետության մեջ հայկական երկու կազմավորումների միավորման գաղափարը՝ հետագայում անկախության գնալու բավական հրապուրիչ հեռանկարով: Այդ տարբերակը մեզ ամենահամոզիչը թվաց, եւ մենք համախմբվեցինք «Ղարաբաղ» կոմիտեի շուրջ, «Միացում» գաղափարի շուրջ: Բայց զուգահեռ գոյություն ուներ նաեւ թուրքերի հետ հաշտվելու հայեցակարգ։ Երկու գաղափարն էլ 1988-ից զուգահեռ աշխատում էին, բայց ինչ-որ ներքին պայքար կար դրանց միջեւ։ Մինչ օրս էլ այդպես է։ Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ու թուրքերն այդքան մտահոգված «Միացումի» գաղափարով. որովհետեւ կոնկրետության մեջ որպես քաղաքականություն՝ խնդիրը եղել է Արցախի եւ Հայաստանի միացումը:
Այս ամենի խորությունը՝ այս ռազմավարության էությունն էր, որ հայերը ԽՍՀՄ-ը քանդվելուց հետո «Միացումի» համահայկական գաղափար դրեցին, Շարժումն էլ այդպես սկսվեց՝ Հայոց համազգային շարժում։ Չնայած մեծ մասը դեմ էր դրան, բայց այդ անունով կուսակցություն ստեղծեցին: Սա նշանակում էր, որ հայերն իսկապես գնում են Հայոց ցեղասպանության հետեւանքները վերացնելու ճանապարհով։ Դա ունիկալ խնդիր էր թուրքերի եւ ադրբեջանցիների համար՝ ավելի խորքային, քան կոնկրետ Արցախի հարցը։
1989թ. դեկտեմբերի 1-ին ընդունվեց Արցախի եւ Հայաստանի վերամիավորման մասին որոշումը։ 1990-ին միասնական պառլամետ ընտրվեց, եւ նույն պառլամենտը՝ ներառյալ արցախցի պատգամավորները, ընդունեցին Հռչակագիր, որն Անկախության հռչակագիր էր կոչվում, բայց Անկախության հռչակագիր չէր։
Այդպիսով՝ 1990թ. ընդունված Հռչակագիրը՝ դա անկախության մասին չէ, դա պետություն ստեղծելու մասին է։ Այնտեղ գրված է, որ սրանով դրվում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը։ Ընդամենն այդքանը։ 1991-ին Սովետմիությունը վերջնականապես քայքայվեց։ Ի՞նչ եղավ Հայաստանի հետ. անցկացվեց հանրաքվե, որի ժամանակ ՀՀ-ն առաջին անգամ ետ քաշվեց «Միացումի» գաղափարից: Հայտարարեցին, որ միայն Խորհրդային Հայաստանի տարածքում են անելու հանրաքվե։ Արցախին էլ ասացին՝ գնացեք, դուք ձեր համար Հանրապետություն հռչակեք։ Մինչ այդ, Արցախն արդեն Հանրապետություն էր հռչակել, հետո դեկտեմբերի 10-ին հանրաքվե անցկացրեց։
Հանրաքվեից հետո Հայաստանի իշխանությունները պետք է ընդունեին Անկախության հռչակագիր, բայց Հայաստանը դա չարեց։ Մինչեւ հիմա ոչ ոք չգիտի՝ ինչո՞ւ Հայաստանը դա չարեց, չէ՞ որ դուք ուրիշ տարածքում եք հանրաքվե արել, դրա հիմքով անկախ պետություն ստեղծել, եւ պետք էր Անկախության հռչակագիր ընդունել։ Բայց Հայաստանն ընդամենը պառլամենտում հայտարարեց, որ մենք հավատարիմ ենք մնում 1990 թվականի Անկախության հռչակագրին, որը, ինչպես ես արդեն ասացի, Անկախության հռչակագիր չէ։ Հայաստանը մինչ օրս չունի Անկախության հռչակագիր։ Արցախն Անկախության հռչակագիր ընդունեց՝ այն էլ մի կերպ, Հայաստանի իշխանություններին համոզելով։
Լավ, Արցախը գնաց անկախության, ի՞նչ պետք է աներ Հայաստանը: Անշուշտ՝ պետք է ճանաչեր այդ անկախությունը։ Հարցն այդպես էլ դրված էր, որ ՀՀ-ն ճանաչում է Արցախի անկախությունը։ Բայց դա էլ չարեցին։ Հայաստանի իրավաքաղաքական հիմքերը լրիվ լղոզվեցին, «Միացումը» ոչ միայն անջատումի վերածվեց, այլեւ շատ ավելի վատ երեւույթի, որը ես անվանել եմ Միացում՝ «ազնիվ խոսքի» հիման վրա, ոչ իրավական հիմքով։ Դա քանդեց հայ ժողովրդի հոգեբանությունը, այսինքն՝ «Միացումից» հեռանալը չհանգեցրեց որեւէ կառուցողական, իրավական գաղափարի, այլ բերեց ավտորիտար, քրեական, մաֆիոզ գաղափարի։ Սա հիմք դրեց նրան, որ ՀՀ-ն արդեն կորցրեց այն իրավական հիմքը, որով պետք է վերածվեր իրավական պետության։
Բայց եղավ այն, ինչ եղավ: Սփյուռքը սկսեց ջլատվել, հակադրվել ՀՀ իշխանություններին։ Քաղաքական միտքն ու էլիտաները սկսեցին այլասերվել։ Ի վերջո, 2003 թվականից այդ այլասերումը բերեց նրան, որ ամբողջ ազգային հարստությունը կենտրոնացավ ինչ-որ մարդկանց ձեռքում, ովքեր իրավունքի մասին էին խոսում։ Այդ մարդիկ ստեղծեցին պայմանագրային օլիգարխիա, ամեն գաղափար վերացավ, բացարձակ ոչ մի գաղափար չէր աշխատում։ Այդ օլիգարխիան հաստատեց իր օրենքն այս երկրում, մեծահարուստների ակումբի միջոցով պետության զավթում տեղի ունեցավ։ «Միացումի» դուրս գալուց հետո մնաց օլիգարխիան, այսինքն՝ կատարյալ ապագաղափարական պետություն, որտեղ աշխատում է այդ օլիգարխիկ քրեական օրենքը։ Եվ հետո մենք տեսանք 2018 թվական։
2018-ը, կարծես թե, օլիգարխիկ համակարգի ապամոնտաժման հեղափոխություն էր, ժողովուրդը դուրս է եկել փողի իշխանության դեմ եւ փլուզել այդ իշխանությունը, բոլորին շպրտել է փողոց։ Ի՞նչ է եկել դրա տեղը, ոչ մի բան։ Դուրս է եկել մի ուժ, որն ընդամենը հակաօլիգարխիկ ուժ էր եւ ասել է՝ բոլորի թալանածը բերելու ենք, տանք ժողովրդին։ Մի կես բերան էլ խոստացել է, որ լինելու են խոսքի ազատություն եւ ազատ ընտրություններ։ Այսինքն՝ շատ ընդհանուր ասվել է, որ այս երկրում լինելու են ազատ ընտրություններ եւ խոսքի ազատություն։ Բայց համախմբման գաղափարը ո՞րն էր՝ չկա «Միացումը»։ Եվ մի քանի տարի հետո՝ Արցախյան պատերազմ, Արցախի վերացում եւ հայտարարություն, որ չի շարունակվելու Ղարաբաղյան շարժումը։ Այսինքն՝ «Միացում» չի լինելու, այդ գաղափարը վերանում է, դեմ եք՝ հեղափոխություն արեք։
Սա ֆունդամենտալ հայտարարություն է, ինչո՞ւ է հենց դրա վրա կանգ առնում Նիկոլ Փաշինյանը։ Ըստ իրեն՝ ինքն անում է այն, ինչը կնպաստի, որ ինքը հարաբերություններ ստեղծի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։ Բայց ո՞ւր կտանի դա. միակ փաստաթուղթը, որը մի բան ներկայացնում է Հայաստան պետության համար, նրա իրավաքաղաքական հիմքն է՝ 1990թ. Հռչակագիրը։ Որեւէ ուրիշ փաստաթուղթ չկա, բավական է հրաժարվես այդ փաստաթղթից, վաղը ցանկացած պետություն կասի՝ մենք ձեզ չենք ճանաչում։ Իրենք դա ինչ-որ պահի հասկացել են, դրա համար են ասում՝ մենք ձեռք չենք տալիս Անկախության հռչակագրին, ընդամենը Սահմանադրության նախաբանում դրան հղում չենք անելու։ Ադրբեջանցիներն ասել են՝ ոչինչ, մենք դրան էլ ենք համաձայն, միայն թող ժողովուրդն իր համաձայնությունը տա։
ՔՊ-ն նախանցյալ տարի հայտարարեց, թե չորրորդ հանրապետության հիմքն է դնում։ Այդ չորրորդ հանրապետությունը պետք է լիներ «Միացումից» դուրս ինչ-որ մի բան, իրենք կոչել են Իրական Հայաստան։ Բայց այդ Իրական Հայաստանը մոբիլիզացնող գաղափար չէ, Իրական Հայաստանի համար ժողովուրդը գնալո՞ւ է կռվի։ Միացյալ Հայաստանի համար հայերը գնացել, կռվել են, հազարավոր մարդիկ իրենց կյանքը տվել են, իսկ այս մեկի համար ո՞վ է գնալու կռիվ։ Սրանք հիմնարար հարցեր են։ Ես չեմ տեսնում, որ իշխանությունների մեջ համոզմունք կա, որովհետեւ Ադրբեջանն անընդհատ ուրիշ պայմաններ է դնում, ինքն ուզում է հասնել նրան, որ ժողովուրդը հրաժարվի։
Դրան զուգահեռ՝ հայերի միջեւ պառակտում է գցվում. մենք ուրիշ ենք, դրսի հայն ուրիշ է, արցախցիների նկատմամբ ատելություն է գեներացվում։ Արցախցիներին ատում են, որովհետեւ «Միացումի» խորհրդանիշ են, չեն ենթարկվում թուրքերին, մարդկանց ասում են՝ գնայիք Աղդամով բերված հացը վերցնեիք, ուտեիք։ Եվ ստեղծել են մթնոլորտ, որ ամբողջ ժողովուրդն ատի նման երեւույթը, թուրքերի հետ չբարիշողին պետք է ատել։ Մարդկանց ներարկում են՝ տեղներդ վեր ընկեք, սսկվեք, պայքարել եք, դրա համար այս է եղել, այն է եղել։ Տեսեք, թե այդ գաղափարական խառնաշփոթը որքան խորն է թափանցել, որ այսօր սկսել է վարակել ողջ ազգին։
Մանվել Սարգսյան

