Friday, 04 October 2024

C Center in the Press

«Թուրքերի հետ խոսելու մի ձեւ կա` դա պատժելն է» (Aravot.am)

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

ՌԱՀՀԿ ծրագրերի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը` Սերժ Սարգսյանի մյունխենյան ելույթի եւ Ալիեւի հոխորտանքների մասին

 

«Երբ այդ մարդուն հարցեր տվեցին, պարզվեց, որ նա ի վիճակի չէ ոչ մի հարցի պատասխանելու». սա Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ծրագրերի տնօրեն Մանվել Սարգսյանի գնահատականն է Մյունխենի անվտանգության կոնֆերանսում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին:

Հիշեցնենք, կոնֆերանսը տեղի էր ունեցել անցած շաբաթվա վերջում: Սերժ Սարգսյանը խոսել էր Արցախյան հարցի եւ Ադրբեջանի նախագահի հոխորտանքների մասին: Այս առումով ահազանգ էր հնչեցրել միջազգային հանրությանը: Խոսել էր նաեւ հայ-թուրքական արձանագրությունների եւ հայ-թուրքական հարաբերությունների մասին` ասելով, որ նոր իրավիճակում նոր պայմաններ պետք է բանակցվեն:

Խոսել էր նաեւ Հայաստանի` ԵԱՏՄ-ին անդամակցելու մասին: Այդ կոնֆերանսում նախագահ Սարգսյանի ելույթը իշխող ուժի ներկայացուցիչները եւ շատ վերլուծաբաններ դարակազմիկ որակեցին: Մինչդեռ Մանվել Սարգսյանը կարծում է, որ հայկական իրականությանը վերաբերող զրույցներ էին: Ոչ ավելին: «Մարդուն հարց են տվել` դուք որոշում եք ընդունել մտնել ԵԱՏՄ եւ ասել եք աշխարհին, որ դա անվտանգության թեմայի հետ է կապված: Հիմա ձեր անվտանգությունն ապահովվե՞լ է, եւ ի՞նչ է եղել ապրիլյան պատերազմից հետո: Այդ մարդը լռել է»:

«Առավոտի» դիտարկմանը՝ պատասխան հնչեց, Մանվել Սարգսյանը պատասխանեց. «Բայց ի՞նչ պատասխան է հնչում: Մարդիկ պարզ տեսնում են` դու եկել ես ու մտել ես պատերազմի մեջ ու տանուլ ես տվել այդ պատերազմը: Սովորել ենք` հենց էնպես գնանք, հենց էնպես խոսենք… Ամեն անգամ հենց էնպես գնում ենք բանակցությունների ու ամեն անգամ գնալով` 2-3 զինվոր է զոհվում: «Հենց էնպեսը» գալիս է ստրատեգիայի բացակայությունից: Այս երկիրը չունի եւ չի ունեցել ստրատեգիա: Չի էլ ինքնորոշվել: Անգամ Անկախության հռչակագիր չունի: Ղարաբաղը ունի, Հայաստանը չունի»: Հիշեցրինք 1990 թվականի օգոստոսի 23-ի Անկախության հռչակագրի մասին: Ասաց. «Դա Անկախության հռչակագիր չէ: Պառլամենտը կարող է շաբաթը մեկ մի հռչակագիր ընդունել: Դա հանրապետություն ստեղծելու հռչակագիր է, ի՞նչ կապ ունի անկախության հետ: Անկախության հանրաքվեն լրիվ ուրիշ տարածքում է արվել, պիտի հայտարարվեր: Չի հայտարարվել: Էդ էլ են մարդիկ վախեցել հայտարարել, ճիշտ էնպես, ինչպես 18 թվականին դաշնակցական կառավարությունը սարսափեց: Մի օր այս հարցերն էլ կտան իրեն, մի օր պիտի ասեն` ո՞ւր է Անկախության հռչակագիրը, ո՞րն է քո երկրի տարածքը: Սրանք լուրջ հարցեր են: Սա ընդդիմադիր քննադատություն չէ: Սրանք խնդիրներ են, որոնք դրված են սեղանին, եւ այս մարդիկ ցանկություն չունեն դրանք լուծելու: Սարսափում են ցանկացած սուվերեն քայլից: Միակ սուվերեն որոշումը, որը եղել է, 1989 թվականի դեկտեմբերի 1-ինն էր (Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի միավորման որոշումը նկատի ունի- Ն. Գ.). երկու տարուց շուտափույթ, սարսափահար հրաժարվեցին: Սա է մեր ողբերգությունը` մարդիկ սարսափում են սուվերեն քայլերից, սարսափում են ինքնորոշումից»: Մանվել Սարգսյանը ցավով նկատում է, որ երեսուն տարի անց Հայաստանում չի ստեղծվել որեւէ քաղաքական խավ, որը կդնի եւ կլուծի վերոնշյալ խնդիրները. «Մեզ մոտ որդեգրվել է «ծածուկ, սրա-նրա հետ խոսելով» քաղաքականությունը: Հանկարծ սրան չջղայնացնենք, հանկարծ նրան չջղայնացնենք, սուվերեն քայլը միայն վտանգ է, մենք ուժ չունենք, աշխարհը մեր դեմ է, մենք հովանավոր չունենք, պետք է համապատասխան այդ շրջանակում էլ գործենք` սրա-նրա հետ խոսենք, ինչ որ իրենք չեն ուզում` չանենք… ծանոթ բաներ են, չէ՞: Սա քաղաքական գիծ է, որը, կարելի է ասել, ցույց է տալիս, որ դու չունես պետական գիծ: Սա համայնքային մտածողության արտահայտություն է:

Եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը. նույնն է, ոչինչ չի փոխվել: Այս շարքում հիմա էլ Սերժ Սարգսյանն է դասականը: Սերժ Սարգսյանը, որպես գործիչ, այդ փիլիսոփայության կրողն է, ինքն այդպես կայացել է` կոմսոմոլ մարդ է ու կայացել է Հայաստանում հովանավորներ փնտրելով: Ինչո՞ւ են հիմա էլ բոլորն ասում` առանց Սերժ Սարգսյանի չենք կարող լինել: Որովհետեւ որեւէ մեկն այդքան շնորհք չունի՝ դրսեւորվել այդ հովանավորչական քաղաքականության մեջ»: Հետաքրքրվեցինք` ինչպե՞ս համադրել այս ամենն ու Ալիեւի կողմից շարունակվող հոխորտանքները պատերազմի վերսկսման մասին: «Խնդիրը մեր վերաբերմունքն է: Փաստն ընդամենը փաստ է, իրականությունը` ընդամենը իրականություն, իսկ մարդու, հասարակության համար էականը վերաբերմունքն է: Ինչ վերաբերմունք ունես, այն էլ ստանալու ես: Ալիեւը կատակ է անո՞ւմ, թե՞ Էրդողանն է կատակ անում: Մենք գիտենք, չէ՞, ի՞նչ ազգեր են, ի՞նչ մտածողություն ունեն: Թուրքական ժողովուրդներին միացնող գաղափարը տարածքային էքսպանսիան է: Այդ ազգը ստեղծվել է դրա վրա: Այդ մարդիկ տոնում են Անիի գրավումը, Ստամբուլի գրավումը: Նույնն էլ Ադրբեջանը:

Իսկ Հայաստանում ինչի՞ մասին են խոսում: Երբեւէ մեզ մոտ թուրքագիտություն եղե՞լ է: Դրա համար էլ ասում են` լավ է, խոսում է, միջազգային հանրությունը չի թողնի, միջազգային հանրությունը դեմ է` պիտի հանձնենք»,- իր վրդովմունքը արտահայտեց մեր զրուցակիցը` փաստելով, որ, ըստ էության, հույսներս դրել ենք Աստծո վրա: Նա հարցն այն չի համարում, որ «իրենք իրենցից ինչ-որ բան են ներկայացնում», քան որ «այդ ժողովուրդը երբեւէ ի վիճակի էլ չի պաշտպանվելու»: Հիշեցնում է Հեյդար Ալիեւի նախկին մերձավորներից Ռասուլ Գուլիեւի 2007 թվականին տպագրված հարցազրույցը, որտեղ նա ուղիղ ասում է այդ մասին: «Հենց այնպես թողել են երկրի կեսն ու փախել, ոչ ոք չի կրակել: Սա էլ պիտի հասկանանք, չէ՞»,- ասում է Մանվել Սարգսյանը` հավելելով. «Բայց այդ ժողովուրդը հոխորտում է նախագահի մակարդակով: Համապատասխան պետք է վերաբերվենք: Ես բազմաթիվ անգամներ ասել եմ` թուրքերի հետ խոսելու մի ձեւ կա` դա պատժելն է»:

Արցախյան շարժման 30-ամյակի միջոցառումներ են ընթանում տարբեր ֆորմատներով, բայց պետական մակարդակով կարծես այս իրողությունը չի արժանանում ուշադրության: Մանվել Սարգսյաից հետաքրքրվեցինք` իր կարծիքով՝ ինչո՞ւ են իշխանավորները մի կողմ քաշվել: «Ցանկացած շարժում ամբողջ աշխարհում ունի մեկ ունիվերսալ բանաձեւ` դրված խնդիրը լուծելու համար ժողովրդի մեծ մասը գնում է ինքնազոհության: Դրան զուգահեռ, մի փոքր մասը գնում է օգտվելու, ինքնահաստատվելու: Մեր իշխանությունում շատ վաղուց օգտվողներն են: Իրենք սարսափում են այդ շարժումից»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2018/02/26/939295/ 

© 1998 - 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.