Սեպտեմբերի 18-20-ը Երեւանում անցկացված Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի թերեւս ամենաքննարկվող նյութը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի ելույթն էր: «Հայաստանը զբոսավայր չէ, Հայաստանը բիզնեսի շուկա չէ, Հայաստանն անցագիր չէ: Վայ մեզի, երբ միայն այսպես մոտենանք Հայաստանին… Մի կողմեն բարեսիրական գործերով, մյուս կողմեն՝ «եկեք բիզնես արեք» ըսելով, որքան էլ գնահատելի ըլլան նման նախաձեռնություններն ու կոչերը, չենք կըրնա հզոր Հայաստան կերտել: Սփյուռքը պատահական ներդրումներեն անդին կոչված է լայնածավալ ծրագրերով մասնակից դառնալու, կշեշտեմ՝ մասնակից դառնալու, Հայաստանի տնտեսության աճմանը: Սփյուռքի տնտեսական ներուժի արդյունավետ օգտագործումը եւ Հայաստան-Սփյուռք գործակցության ծավալումը կենթադրեն սովորական ներդրումներեն անդին գործակցության դինամիկ մեխանիզմներու ստեղծում, համաշխարհայնացած տնտեսության ընձեռած լայն կարողություններու ճիշտ օգտագործում»,- մասնավորապես ասել է Արամ Առաջինը:
Սեպտեմբերի 19-ին Սերժ Սարգսյանը մասնակցեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին եւ հանդես եկավ ելույթով: Այն, ի մասնավորի, շեշտադրումներ է պարունակում՝ կապված արցախյան հիմնախնդրի, Հայոց ցեղասպանության, հայ-թուրքական հարաբերությունների հետ: Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, Սարգսյանն ասել է, որ Ադրբեջանը չունի որեւէ հիմք հավակնություն ներկայացնելու Արցախի հանդեպ: Ելույթի ադրբեջանական արձագանքը չի ուշացել. պատասխան խոսքում Իլհամ Ալիեւը մեղադրանքներ է հնչեցրել ինչպես միջազգային հանրության, այնպես էլ Հայաստանի նախագահի հասցեին՝ վերջինիս անվանելով պատերազմի հանցագործ։ Ալիեւը նաեւ սպառնացել է, որ դարձյալ կդիմի ուժի, եթե չվերադարձվեն Ադրբեջանի «օկուպացված» տարածքները:
ՀՀ անկախության 26-րդ տարեդարձի տոնակատարության շրջանակներում գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի, մշակույթի ու սպորտի ոլորտներում ունեցած նշանակալի ավանդի համար մի խումբ գործիչներ, զինված ուժերի եւ իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, մտավորականներ պարգեւատրվեցին Հայաստանի Հանրապետության շքանշաններով ու մեդալներով: Շնորհվեցին նաեւ պատվավոր կոչումներ:
Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը սեպտեմբերի 22-23-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ու Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին: Այս հանդիպմանը նախորդել էին արտգործնախարարների հետ առանձին-առանձին հանդիպումները: Խորհրդակցությունների հիմնական նպատակը, ըստ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածած հայտարարության, հակամարտության գոտում այժմ տիրող իրավիճակի քննարկումն էր, բանակցային գործընթացն աշխուժացնելու ճանապարհների որոնումը եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջեւ հանդիպման նախապատրաստումը:
«Համանախագահներն ակնկալում են, որ այդ հանդիպումը կնպաստի կողմերի միջեւ վստահության աճին, եւ նրանք քաղաքական կամք կդրսեւորեն՝ խնդրի առանցքային հարցերի փոխզիջումային լուծումներ գտնելու համար: Նախարարները պատրաստակամություն հայտնեցին աշխատելու համանախագահների հետ՝ մոտ ապագայում արդյունավետ հանդիպում կազմակերպելու համար»,- ասված է հայտարարությունում:
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) փրկարարները ներգրավված են սեպտեմբերի 24-30-ը Բոսնիա եւ Հերցեգովինայում անցկացվող ՆԱՏՕ-ի միջազգային դաշտային վարժանքին: «Բոսնիա եւ Հերցեգովինա 2017» խորագրով վարժանքը կազմակերպվել է ՆԱՏՕ-ի Աղետների արձագանքման համակարգման եվրատլանտյան կենտրոնի (EADRCC) կողմից: ՀՀ ԱԻՆ հաղորդագրության համաձայն՝ տարերային աղետների հետեւանքների վերացման 18-րդ միջազգային դաշտային վարժանքին այս տարի մասնակցում է 30 երկիր: Հայկական պատվիրակության կազմում կա 22 փրկարար: