Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ
Վերջին օրերի լրատվական թողարկումների առանցքում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական, անվտանգային և արտաքին քաղաքական ընթացիկ զարգացումներն են։ Իշխանության նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները, ԵԱՏՄ-ՀԱՊԿ տնտեսական ճնշումները, դեպի Եվրոպական միություն քայլելու միտումները, ընդդիմադիր խոշոր գործարարների ձերբակալությունները և խաղաղ պայմաններում բանակում արձանագրվող մահվան դեպքերը դարձել են մամուլի ու հանրային լայն քննարկման առարկա։
Ինչպես հայտնի է՝ ներկա իշխող քաղաքական ուժը վարչապետի գլխավորությամբ ակտիվորեն առաջ է մղում նոր Սահմանադրության ընդունման հարցը, որի առանցքում Անկախության հռչակագրին հղումը հանելն է։ Իշխանության պնդմամբ՝ սա ներքին օրակարգ է և պետականության ամրապնդման քայլ, մինչդեռ ընդդիմադիր ճամբարը համոզմունքով հայտարարում է, որ փոփոխությունը կատարվում է Բաքվի ուղղակի պահանջով՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու նախապայմանով։
Խորհրդարանում նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ է պատգամավորների 2/3-ի քվեն։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն այդ շեմը հաղթահարելու համար պակասում է 6 ձայն։ Փաշինյանը զգուշացրեց, որ եթե ընդդիմությունը կասեցնի նախագծի ընդունումը, ապա նրանց նկատմամբ հանրային ճնշում կգեներացվի։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կոշտ հայտարարություններով («գլուխները պատին են տալիս») քննադատեց ընդդիմադիրներին։ Զուգահեռաբար, արտգործնախարար Միրզոյանը առաջարկեց Սահմանադրության հանրաքվեն վերածել վարչապետին վստահության հանրաքվեի՝ ակնարկելով, որ նախագծի տապալման դեպքում իշխանությունը հրաժարական կտա։ Ի պատասխան սրան՝ 12 ընդդիմադիր ուժեր (այդ թվում՝ «Ուժեղ Հայաստան», ԲՀԿ, «Հայաստան» դաշինք, ՀՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ) ձևավորել են միասնական ճակատ՝ տապալելու նոր Սահմանադրության ընդունումը։
Սահմանադրական փոփոխությունների շուրջ ստեղծված այս իրավիճակը խորը քաղաքական ճգնաժամի մասին է խոսում։
Ռուսաստանը նախագիծ է ներկայացրել ՀԱՊԿ-ում Երևանին ձայնի իրավունքից և պաշտոններում թեկնածուներ առաջադրելու հնարավորությունից զրկելու վերաբերյալ այն հիմնավորմամբ, որ վերջինս կառույցին անդամակցությունը սառեցրել է և անդամավճարները չի փոխանցել։ Ըստ ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովայի՝ Հայաստանին բռնի ուժով պահել չեն պատրաստվում, իսկ հայկական կողմը վերահաստատել է, որ ՀԱՊԿ վերադառնալու մտադրություն չունի։
Այս ամենի ֆոնին Մոսկվան տարեսկզբից արգելափակել է հայկական գյուղմթերքի, ալկոհոլի և ձկնամթերքի արտահանումը ռուսական շուկա։ ԵԱՏՄ զեկույցում նշվում է, որ Միությունից Հայաստանի դուրս գալու դեպքում երկրի ՀՆԱ-ն կնվազի 15.6%-ով, իսկ գազը կթանկանա 69%-ով։ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հակադարձում է՝ չափազանցված է։ Կենտրոնական բանկի հաշվարկներով՝ գազի 10% թանկացումը գնաճի վրա կազդի 0.8%-ով, իսկ սահմանին գազի գնի 30% աճը ($174.4-ից դառնալով $226.8) էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրացնի 1.4 դրամով (մինչդեռ 69% թանկացումը ենթադրում է 3.3 դրամ)։ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանը ԵԱՏՄ-ից դուրս գալ չի պատրաստվում, բայց նաև մերժում է Մոսկվայի պահանջը՝ արտաքին վեկտորի շուրջ հանրաքվե անցկացնելու վերաբերյալ։
Կառավարության ղեկավարը վերջին օրերին մասնակցեց Բրյուսելում ընթացող ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին, որտեղ հայտարարեց՝ Հայաստանը կարող է Եվրոպական միությանը լիարժեք անդամակցության հայտ ներկայացնել 2027 կամ 2028 թվականին։ Նա կարևոր համարեց նաև 2029 թվականին ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման համաձայնագրի ձեռքբերումը։
Այս շաբաթ իրավապահները ձերբակալեցին և 1 ամսով կալանավորեցին «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր ուժի առաջնորդ, միլիարդատեր Սամվել Կարապետյանին և ևս 35 անձանց։ Նրանք մեղադրվում են Հայաստանի էլեկտրական ցանցերին (ՀԷՑ) 64.5 միլիարդ դրամի (~$180 մլն) վնաս պատճառելու, յուրացումների և փողերի լվացման մեջ։ Կարապետյանը տեղի ունեցածը դատարանում որակեց «իրավական խայտառակություն», իսկ ընդդիմադիր դաշտը պնդում է, որ սա քաղաքական հետապնդում է՝ նոր Սահմանադրության դեմ հանդես գալու և ընդդիմադիր ճակատ ձևավորելու պատճառով։
Դատարանը ևս 3 ամսով երկարեցրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքը (նա անազատության մեջ է արդեն 4 ամիս)։ Նրա ընտանիքին պատկանող ընկերությունները («ՄուլտիՏոբակ», «Եվրոմոտորս» և այլն) շարունակում են արգելափակված մնալ՝ կրելով միլիարդավոր դրամների վնասներ։
Հասարակական մեծ վրդովմունք է առաջացրել բանակում զինծառայողների մահվան դեպքերի աճը։
2026 թվականին խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների թիվը հասել է 17-ի, ինչը 7-ով գերազանցում է նախորդ ողջ տարվա ցուցանիշը։ Վերջին դեպքը 19-ամյա ժամկետային զինծառայող Տիգրան Ստեփանյանի մահն էր Սևանում։ Թե որ հոդվածով կամ հոդվածներով է քրեական գործ հարուցվել, իրավապահները և ՊՆ-ն լռում են։ Նախարար Սուրեն Պապիկյանը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին, իսկ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը նշել է, որ դեռ պետք է հասկանան, թե ինչն է զինծառայողներին հասցնում ինքնասպանության։
Բանակում ոչ մարտական զոհերի աճը և ռազմական ղեկավարության՝ հստակ պարզաբանումներ չտալը խորացնում են հանրային անվստահությունն այս կառույցի նկատմամբ։ Սա խոսում է զինված ուժերում ներքին բարոյահոգեբանական մթնոլորտի և վերահսկողության համակարգային թերացումների մասին։

