Շաբաթվա անցուդարձը մեկնաբանությամբ
Այս շաբաթվա հայաստանյան գլխավոր իրադարձություններից մեկը շարունակում է մնալ COP17 համաժողովը։ Այս միջոցառման շրջանակներում Արցախի Հանրային խորհուրդը կոչով դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ դատապարտելով նրա լռությունը COP17 համաժողովի ընթացքում։ Խորհուրդը շեշտում է, որ ավելի քան 100 հազար արցախահայերի բռնի տեղահանումն անտեսելով՝ անհնար է խոսել բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանության մասին։ Հանրային խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ին վերահաստատել արցախցիների անվտանգ, արժանապատիվ ու կամավոր վերադարձի իրավունքը և աջակցել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. նոյեմբերի 17-ի որոշման կատարմանը։
Քանի որ Արցախ վերադարձի հարցը դուրս է մնացել COP17-ի պաշտոնական օրակարգից, քաղաքացիական ակտիվիստներն ու հասարակական գործիչները բողոքի ակցիաներ են իրականացրել Ֆրանսիայի և այլ երկրների դեսպանատների առջև՝ պահանջելով միջազգային իրավական գնահատական տալ Ադրբեջանի ցեղասպանական գործողություններին։
ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի Երրորդ կոմիտեում ՀՀ մշտական ներկայացուցչությունը վերահաստատել է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը հիմնարար նշանակություն ունի հակամարտությունների կանխարգելման և տևական խաղաղության հաստատման գործում։
Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը սոցիալական ցանցերում հայտարարում է, որ Արցախի կորուստը չի կարող արդարացվել ո՛չ պատերազմով, ո՛չ աշխարհաքաղաքական իրավիճակով, և ոչ մի իշխանություն իրավունք չունի հրաժարվելու հայրենիք վերադառնալու պայքարից։
Մամուլում ակտիվորեն քննարկվում են ինչպես Ադրբեջանի կողմից Արցախի բնության դեմ իրականացվող հանցագործությունները, այնպես էլ Հայաստանի տարածքում առկա բնապահպանական մարտահրավերները։
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը փաստագրում է Ադրբեջանի կողմից իրականացվող լայնածավալ անտառահատումները, էկոհամակարգերի ոչնչացումը և քաղաքաշինական աշխատանքների անվան տակ պատմամշակութային արժեքների ավերումը։ Հատկապես նշվում են Սղնախ գյուղի 18-րդ դարի գերեզմանոցի և Մեխակավանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու՝ հիմնովին ոչնչացման փաստերը։
Արբանյակային լուսանկարներն արձանագրել են, որ ադրբեջանցի զինվորականները Սյունիքի մարզի Շիկահողի պետական արգելոցում հատել են շուրջ 60 հեկտար անտառ։ Հարցին, թե արդյոք ՀՀ իշխանությունները պատրաստվում են այս բնապահպանական աղետը բարձրաձայնել COP17-ի ընթացքում, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը խուսափել է հստակ պատասխանից։
COP17 համաժողովի մեկնարկի հետ համընկավ Ամուլսարի հանքավայրի բացման մասին հայտարարությունը։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը պնդում է, որ պատասխանատու հանքարդյունաբերությունը ապահովելու է տարեկան 130 մլն դոլարի հարկային եկամուտներ և հազարավոր աշխատատեղեր։ Ի հակադրություն սրան՝ բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը ահազանգում է, որ ընկերությունը չունի գործող ՇՄԱԳ (շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում) և նոր փորձաքննական եզրակացություն։
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը նշել է, որ 2 տարով COP17-ի նախագահությունը ստանձնելը Հայաստանին դարձնում է գլոբալ բնապահպանական որոշումների կայացման կենտրոններից մեկը։
Մամուլի ուշադրության կենտրոնում են հայտնվել Ադրբեջանում ապօրինաբար պահվող՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործերի, մեղադրական եզրակացությունների և դատավճիռների մասնագիտական վերլուծությունները, որոնք ներկայացնում է միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյանը:
Բաքվի դատարանը Վարդանյանին մեղադրում է «Սինգապուր-Հելսինկի» չվերթի օդանավը խլացնելու և ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) համալիրների շահագործման մեջ։ Իրավական վերլուծությունը ցույց է տալիս, որ գործում չկա որևէ ապացույց, որը կկապի Վարդանյանին այդ համալիրների հետ։ Ադրբեջանական կողմը Վարդանյանին վերագրում է նաև 1988–2023 թթ. ընթացքում 308 ահաբեկչական դրվագ։ Տարոն Սիմոնյանն ընդգծում է, որ 35 տարվա զինված հակամարտության ընթացքում զինված ուժերի գործողությունները կարգավորվում են միջազգային մարդասիրական իրավունքով և դուրս են «ահաբեկչություն» հասկացությունից։ Իսկ ահաբեկչության ֆինանսավորման (214-1 հոդված) մեղադրանքի հիմքում դրված է «Մենք ենք մեր սարերը» կազմակերպության հավաքագրած 212,000 դոլարը, որը փոխանցվել է պաշտոնական բանկային հաշիվներով՝ օգտագործվելով դպրոցականների մրցույթներ կազմակերպելու համար։
Ամենացնցող ապօրինություններից է 214-2 հոդվածով (ահաբեկչության հրապարակային կոչեր) 14 տարվա ազատազրկում նշանակելը, այն դեպքում, երբ այս հոդվածով Վարդանյանին երբեք մեղադրանք չի առաջադրվել, քննություն չի իրականացվել, և նա զրկված է եղել պաշտպանվելու հնարավորությունից։
2022–2023 թթ. ընդամենը 3,5 ամիս տևած պետնախարարի պաշտոնավարումը Բաքուն որակել է որպես «իշխանության բռնի զավթում»՝ առանց որևէ բռնի գործողության ապացույցի։ Իսկ Արցախի Պաշտպանության բանակի «ստեղծման» համար 20 տարվա ազատազրկում սահմանելը ժամանակագրական անհեթեթություն է, քանի որ ՊԲ-ն գոյություն ուներ դեռևս 1992 թվականից։
Տարածաշրջանային զարգացումներում նկատվում են նոր վտանգավոր միտումներ, ինչպես նաև՝ դաշնակցային հարաբերությունների վերանայումներ։
Թուրքիայի դպրոցներում ներդրված «Թյուրքական աշխարհի մշակութային ատլաս» նոր դասագրքում Հայաստանի Հանրապետության ողջ ինքնիշխան տարածքը ներկայացվում է որպես թուրքական կամ ադրբեջանական պատմական բնակատեղի՝ շրջանառելով «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզը։ Ավելին, Իրանի հյուսիսարևմտյան նահանգները ներկայացված են որպես «Հարավային Ադրբեջան»։ Չնայած դրան՝ BBC-ի թուրքական ծառայության անդրադարձը փաստում է, որ «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով առաջնորդվող Անկարայի և Բաքվի միջև ի հայտ են եկել արտաքին քաղաքական խորքային տարաձայնություններ (այդ թվում՝ Իսրայելի նախագահի այցի և դպրոցներում գլխաշորի արգելքի շուրջ)։
Մյուս նորությունները՝ հակիրճ ձևակերպումներով
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը հայտարարել է, որ Հայաստանը փաստացի արդեն դուրս է եկել ՀԱՊԿ-ից, քանի որ չի մասնակցում քննարկումներին ու որոշումների ընդունմանը։ Ի պատասխան ԵԱՏՄ զեկույցներին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ԵԱՏՄ անդամ երկրներն իրավունք չունեն Հայաստանին հեռացնել կազմակերպությունից՝ զուգահեռ հարցադրում անելով, թե ինչու Երևանին չեն հեռացնում ՀԱՊԿ-ից։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտնել է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության փաստաթուղթ մշակելու շուրջ քննարկումների մասին։
Ադրբեջանական վերլուծական շրջանակներն անդրադառնում են սահմանազատման հարցերին՝ նշելով, որ Հայաստանի վերահսկողության տակ են Ղազախի և Նախիջևանի գյուղերը (Յուխարի Ասկիպարա, Բարխուդարլի, Սոֆուլու, Քյարքի/Տիգրանաշեն), մինչդեռ Արծվաշենը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո։

