Tuesday, 26 November 2024

W Weekly Update

Հոկտեմբերի 14-21

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայրում հոկտեմբերի 16-ին մեկնարկեցին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների բանակցությունները: Հանդիպումը տեղի է ունենում երկու երկրների ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի մասնակցությամբ:

Հանդիպումից հետո կայացավ նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի առանձնազրույցը: Երկու նախագահների հանդիպման արդյունքով համատեղ հայտարարություն են տարածել ԵԱՀԿ ՄԽ համանախագահները եւ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները՝ արձանագրելով, որ երկու նախագահների հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում, «նախագահները համաձայնել են ձեռք առնել միջոցներ՝ բանակցային գործընթացն ավելի ինտենսիվ դարձնելու համար եւ լրացուցիչ քայլեր կատարել՝ ուղղված շփման գծում լարվածության նվազեցմանը»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ երկուշաբթի օրը Ժնեւում կայացած հանդիպումը: Գուտերեշը ոգեւորված է բանակցային գործընթացի աշխուժացման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու եւ շփման գծում լարվածությունը թուլացնելու համար հավելյալ քայլեր իրականացնելու՝ նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությամբ: Գլխավոր քարտուղարը վերահաստատել է ՄԱԿ-ի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին եւ կողմերին կոչ է արել օգտագործել ժնեւյան հանդիպման ստեղծած դրական դինամիկան՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ բանակցված կարգավորման հասնելու համար»:

Բակո Սահակյանը հոկտեմբերի 18-ին Բրյուսելում մասնակցել է Եվրոպական  4-րդ հայկական համագումարի բացմանը եւ հանդես եկել ողջույնի խոսքով: Նա նշել է, որ նման միջոցառումները լավ հարթակ են՝ քննարկելու համազգային խնդիրները, նախանշելու դրանց լուծման ուղիներն ու հետագա անելիքները, մշակելու եւ իրականացնելու տարբեր ծրագրեր սփյուռքի հայկական համայնքների, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի շարունակական զարգացման ու զորացման ուղղությամբ: «Չափազանց կարեւոր է, որպեսզի ընդունվեն փոխհամաձայնեցված որոշումներ՝ առաջին հերթին գերնպատակ ունենալով միավորել մեր ժողովրդի տարբեր հատվածները համազգային ծրագրերի իրականացման շուրջ»,- ընդգծել է ԼՂ նախագահը: Համագումարին ներկա են եղել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինը, Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք:

Ղազախստանի Իլիյսկի զինափորձարանում հոկտեմբերի 16-20-ն անցկացվեցին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ ուժերի «Անխախտ եղբայրություն-2017» զորավարժությունները: Ինչպես հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, վարժանքներին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի խաղաղապահ զորակազմերն ու ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի կազմի մեջ մտնող ոստիկանական ստորաբաժանումները:

Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Տիգրան Արմենի Խաչատրյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:

Հոկտեմբերի 17-18-ը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում կայացել է «Նարեկացիական ընթերցումներ» 3-րդ միջազգային գիտաժողովը: Ամենամյա գիտաժողովը նվիրված է Տիեզերական վարդապետ Գրիգոր Նարեկացու գրական ժառանգությանը, մասնավորապես՝ հոգեւոր գանձերին եւ տաղերին: Երկու օրերի ընթացքում ելույթ են ունենցել նարեկացիագիտության ոլորտի հայ եւ այլազգի գիտնականներ: Նախատեսված են նաեւ Հրաչյա Թամրազյանի «Գրիգոր Նարեկացին եւ Նարեկյան դպրոցը» աշխատության երրորդ հատորի, Աբրահամ Տերյանի «Սուրբ Գրիգոր Նարեկացու տոնական ստեղծագործությունները» գրքի անգլերեն թարգմանության եւ Վալդա Սալմինայի՝ Գրիգոր Նարեկացու «Մատյան»-ի լատիշերեն թարգմանության շնորհանդեսները:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.