Շաբաթվա անցուդարձը մեկնաբանությամբ
Շաբաթվա ընթացքում հանրության ուշադրությունը սեւեռված էր Սահմանադրական դատարանի վրա, որտեղ քննարկվում են հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին յոթ քաղաքական ուժերի հայցադիմումները: Անշուշտ, այնպես չէ, որ ժողովուրդը՝ շունչը պահած, սպասում է ՍԴ-ի արդար դատավճռին, բայց պակաս կարեւոր չէ նաեւ հանրորեն տեսնել ու համոզվել, թե մինչեւ ուր է հերիքում Փաշինյանի «գրպանային» ամենաբարձր իրավապահ ատյանի, այսպես ասած, «դուխը»: Չէ՞ որ քաղաքացիները քաջատեղյակ են այն մանրամասներին, ինչ կատարվեց մասնավորապես հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը, եւ նրանց չես խաբի:
Ասում են՝ հաճելի է լսել սուտը, երբ գիտես ճշմարտությունը: Թերեւս՝ տխրահամբավ ընտրությունների մասին ճշմարտությունը գիտեն բոլորը, բացի հատուկենտ անձանցից, ովքեր ամենաալարկոտն են, անտարբերն ու իրականությունից կտրվածը: Այնպես որ, ՍԴ-ն իր վսեմ առաքելությունն ու մասնագիտական վարկը ուրանալու դեպքում կարող է հանրության սոսկ մի աննշան հատվածի մոլորեցնել: ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում՝ որպես իրավաբան, առայժմ ձեռնպահ է մնում իրավական գնահատականներ տալուց, քանի դեռ դատական գործընթացը չի ավարտվել, բայց որպես քաղաքացի՝ համոզված է, որ ընտրությունները «խայտառակ կերպով» կեղծվել են։
Իրավաբանների ու քաղաքագետների միահամուռ կարծիքով՝ հունիսի 7-8-ին տեղի ունեցածն աննախադեպ երեւույթ է. երբեք չի եղել նման բան, որ ընտրություններից հետո միանգամից յոթ ուժ նույն պահանջով դիմեն Սահմանադրական դատարան: Մանավանդ՝ վստահություն չներշնչող դատական մի ատյան, որտեղ դատավորների առնվազն մեծ մասն անկախ չէ, հետեւաբար՝ մեծ է հավանականությունը, որ իշխանությունների քիմքին հաճո որոշում կկայացվի: Հիրավի՝ դատական նիստերին ուրվագծվեցին ուշագրավ դրվագներ, որոնք հաստատեցին ընդդիմախոսների կանխատեսումները:
Օրինակ՝ դատավոր Սեդա Սաֆարյանը կողմերին հարցեր տալու հնարավորությունը, ինչպես սպասվում էր, օգտագործեց շոշափելու ընտրություններից առաջ ՌԴ նախագահի եւ բարձրաստիճան պաշտոնյաների հնչեցրած այն հայտարարությունները, որոնք, ըստ նրա, պաշտպանում էին որոշակի ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ մասնավորապես առաջատար ընդդիմադիր եռյակի թեկնածուներին: Հարցադրումները փաստաբանների կողմից դիտարկվեցին որպես քաղաքականացված վարքագիծ, ինչին ի պատասխան՝ ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Օրբելյանը հայտարարեց, որ դատավորը քաղաքական հայտարարություններ է անում՝ դրդելով վերանայել դատավարությանն իր մասնակցության հնարավորությունը:
Ի դեպ՝ նախկինում եւս բազմիցս բարձրացվել է Սեդա Սաֆարյանի մասնակցության անթույլատրելիության հարցը՝ հաշվի առնելով նրա ընդգծված իշխանամետ քաղաքական հայացքները։ Ի հակակշիռ դատավորի դիտարկման՝ «Ուժեղ Հայաստան»-ի փաստաբան Արամ Վարդեւանյանը հիշեցրել է ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչների այն հայտարարությունները, որոնք ուղղակիորեն եւ հասցեականորեն աջակցում էին Նիկոլ Փաշինյանին: Մեր կողմից հավելենք Փաշինյանը վերընտրման հարցում Եվրամիության, ինչպես նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի անթաքույց շահագրգռվածությունը: Մախաթը պարկում չես թաքցնի՝ սրանք միանշանակ արտաքին աջակցության փաստեր են:
Արդեն որերորդ օրն է՝ հայկական լրատվամիջոցները կարծիքներ ու դատողություններ են գեներացնում Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման թեմայով, եւ գրեթե բոլոր հրապարակումների առանցքում նույն հարցադրումն է՝ գոհ ու շնորհակա՞լ լինենք Նաթանյահուի կառավարությանը, ի վերջո, Հայոց մեծ ցավը կիսելու համար, թե՞ անտեսենք՝ համարելով, որ մեր ազգային վիշտն ուղղակի՝ որպես հարմար գործիք, պատեհ առիթով օգտագործում են Թուրքիայի դեմ: Այսինքն՝ ծառայեցնում են իրենց պետական շահին:
Իսրայելի քայլը, անշուշտ, իր պետության շահերից է բխում, բայց Հայաստանի ու հայ ժողովրդի ցանկություններին, մտքին ու կամքին նույնպես խորթ չէ. Իսրայելը, եթե չեմ սխալվում, Հայոց ցեղասպանությունը ճանաչած եւ դատապարտած պետությունների ցանկում եղավ 33-րդը, ինչի համար փառք ու պատիվ իրեն: Նախորդ բոլորին մենք խորին երախտագիտություն ենք հայտնել՝ մեկուկես միլիոնից ավելի մեր սուրբ նահատակների հիշատակը հարգելու համար: Պետք չէ հիշաչար ու երախտամոռ լինել՝ ասելով, թե այդ երկիրն ազնիվ չէ կամ ետին նպատակներ է հետապնդում: Եթե անգամ այդպես է, ինչո՞վ «ետին նպատակները» կարող են վնասել Մեծ եղեռնի ճանաչմանը: Ես չունեմ այս հարցի ողջամիտ պատասխանը:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Հուլիսի 1-ին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց ունեցավ ՌԴ պաշտոնակցի՝ Միխայիլ Միշուստինի հետ: Զրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ։ Ավարտին կողմերը նույնաբովանդակ հաղորդում են տարածել, ըստ որի՝ «Քննարկվել են ռուս-հայաստանյան փոխգործակցությունը առեւտրատնտեսական, գիտական, տեխնոլոգիական, մշակութային, հումանիտար ոլորտներում»։ Զրույցը տեղի է ունեցել հայկական ապրանքների ներկրման հարցում Ռուսաստանի սահմանած սահմանափակումների ու հայ-ռուսական լարվածության ֆոնին։ Մոսկվան մի քանի ամիս է՝ հորդորում է Երեւանին ընտրել՝ մնո՞ւմ է Եվրասիական տնտեսական միության անդամ, թե՞ պատրաստվում է անդամակցել Եվրամիությանը։ ՀՀ վարչապետը հակադարձում էր, թե նման ընտրության անհրաժեշտություն այս պահին չի տեսնում, եւ որ խնդիրները կլուծվեն ընտրություններից հետո, երբ ինքը կմեկնի Մոսկվա՝ նախագահ Պուտինի հետ հանդիպման։
Մինչ հուլիսի 1-ին Երեւան ժամանած՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը վարչապետի հետ գործադիրում ելույթով էր հանդես գալիս, «Հայաքվե»-ն ու «Մայր Հայաստանը» իրենց բողոքի ձայնը բարձրացնելու համար փորձում էին մոտենալ կառավարության շենքին։ Ոստիկանական պատը, սակայն, փակել էր դեպի կառավարության շենք ճանապարհը՝ հենց հարակից լուսացույցի մոտից։ Բողոքի դուրս եկած ընդդիմադիրները «Հայ փոստ»-ի շենքի մոտից՝ հայերենով ու անգլերենով իրենց խոսքն ուղղեցին Փաշինյանին ու Ֆոն դեր Լայենին՝ պահանջելով «ազատ արձակել քաղբանտարկյալներին»:
Ալեն Սիմոնյանը չի վերցնելու պատգամավորական մանդատը։ Նա այդ որոշումը հաստատեց լրագրողների հետ հուլիսի 2-ի ճեպազրույցում. «Վարչապետի հետ հարցը քննարկել եմ, չեմ վերցնի մանդատը եւ չեմ գա Ազգային ժողով»,- ասել է նա: Սիմոնյանը հավակնում էր նաեւ նոր խորհրդարանի խոսնակի պաշտոնին, սակայն օրերս իշխող «Քաղպայմանագիր» կուսակցության վարչությունը հաստատեց ոչ թե նրա, այլ ԱԺ ներկայիս փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը։ Առայժմ պարզ չէ, թե ինչով է զբաղվելու 46-ամյա Սիմոնյանն առաջիկայում։ Նա այսօր հերքեց տեղեկություններն առ այն, թե իրեն առաջարկվել է երկրի նախագահի պաշտոնը։ Միաժամանակ վստահեցրեց, որ կուսակցությունից դուրս գալու մտադրություն չունի եւ շարունակելու է պաշտպանել իր թիմին:
«Ուժեղ Հայաստան»-ը սպասում է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ՍԴ-ի որոշմանը՝ հունիսի 30-ին հայտարարել է ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը: «Հույս ունեմ, որ Բարձր դատարանը կա՛մ նոր ընտրություններ, կա՛մ ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու որոշում կկայացնի»,- նշել է նա: Սահմանադրական դատարանի որոշումից հետո, ըստ Կարապետյանի, սպասվում է ընդդիմության լիդերների հանդիպում: Սամվել Կարապետյանը չհամաձայնեց, թե միայն «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն է ողջունել համախմբման իր առաջարկը: Ասաց՝ «շատ ուժեր» են արձագանքել… իսկ մինչեւ հուլիսի վերջ նաեւ որոշում կկայացնեն՝ վերցնե՞լ մանդատները, թե՞ ոչ:
Բաքուն հատուկ մեխանիզմ է ստեղծում, որի միջոցով Ադրբեջանի եւ Հայաստանի քաղաքացիները հնարավորություն կունենան, առանց իրենց ինքնությունը բացահայտելու, տեղեկատվություն տրամադրել ղարաբաղյան պատերազմների ընթացքում անհետ կորած անձանց, ինչպես նաեւ տարածաշրջանում գտնվող զանգվածային հուղարկավորության վայրերի վերաբերյալ։ Այս մասին հունիսի 30-ին հայտարարել է Ադրբեջանի Պետանվտանգության ծառայության փոխտնօրեն Շարաֆաթ Հասանովը։ «Տրամադրված տեղեկատվությունն օգտագործվելու է բացառապես մարդասիրական նպատակներով, իսկ այն տրամադրած անձը որեւէ պարագայում պատասխանատվության չի ենթարկվի»,- նշել է ադրբեջանցի պաշտոնյան։

