Շաբաթվա անցուդարձը մեկնաբանությամբ
Ո՞ւմ մտքով կանցներ, որ ՀՀ Սահմանադրության օրը՝ հուլիսի 5-ը, երբեւէ կարող էր նշանավորվել սահմանադրական կարգի կոպտագույն տապալմամբ, որպիսին եղավ երկրի Հիմնական օրենքի 31-րդ տարեդարձի նախօրյակին, երբ Սահմանադրական դատարանն անփոփոխ թողեց հունիսի 7-ի ԱԺ ընտրությունների արդյունքների մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) հունիսի 14-ի թիվ 259-Ա որոշումը: Ըստ այդմ՝ ՍԴ այդ որոշմամբ պաշտոնապես հաստատում է, որ իններորդ գումարման նորընտիր Ազգային ժողովում ներկայացված կլինի քաղաքական երեք ուժ՝ ՔՊ-ն (64 մանդատ), «Ուժեղ Հայաստան» դաշինքը (29 մանդատ) եւ «Հայաստան» դաշինքը (12 մանդատ)։
Թե ապիկար իշխանության կողմից ինչպիսի աննախադեպ ընտրախախտումներով են անցկացվել հունիսյան ընտրությունները՝ շատ է ասվել ու գրվել: Քանիցս հիշատակվել է նաեւ իշխանության «գրպանում» գտնվող պետական կարեւոր հաստատությունների՝ ԿԸՀ-ի ու ՍԴ-ի ապօրինությունների, մեքենայությունների եւ քաղաքական խարդավանքների մասին: Այդ ամենը աղետալի հետեւանքներ ունեցան պետության ու ժողովրդի համար եւ դեռ կունենան: Փաստացի՝ ԿԸՀ-ն Նիկոլ Փաշինյանի պատվերով կեղծեց ընտրությունների արդյունքները՝ հօգուտ ՔՊ-ական իշխանության, իսկ ՍԴ-ն հաստատեց ՔՊ-ի կողմից իշխանության բռնազավթումը՝ մերժելով քաղաքական 7 ուժերի հայցադիմումները:
Դժվար է պատկերացնել, թե ինչ կաներ Փաշինյանը «Հայկական ժամանակ» օրաթերթի իր նախկին աշխատակցին՝ Վահագն Հովակիմյանին, եթե վերջինս չապահովեր երբեմնի խմբագրի հույժ ցանկությունը, ինչի համար նրան բավական հարմար վարձատրությամբ եւ այլեւայլ արտոնություններով տեղավորել էր ԿԸՀ ղեկավարի պաշտոնում: Լիներ ՀՀ-ն իրապես ժողովրդավարական երկիր՝ նման կարգի պաշտոններում կնշանակվեին ոչ թե յուրայիններ, այլ ընդդիմադիր գործիչներ: Հովակիմյանը հնարամիտ գտնվեց. նա երկու ընտրատեղամասում, որտեղ Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն բավականաչափ ձայներ ուներ, անվավեր ճանաչեց ընտրության արդյունքները, բայց չնշանակեց վերաքվեարկություն՝ խախտելով օրենքի պահանջը:
Այդպիսով՝ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին տրված քվեների որոշակի նվազեցման արդյունքում վերջնական ցուցանիշն իջեցվեց 3.9893%-ի եւ չհասավ 4% անցողիկ շեմին: Չհերիքեց ընդամենը մի քանի տասնյակ ձայն, որը հաստատ կլրացվեր օրինական վերաքվեարկության դեպքում: Անվավեր ճանաչված տեղամասերում, ի դեպ, ԲՀԿ-ն միասին ուներ 200-ից ավելի ձայն։ Այսինքն՝ այդ ձայները հաշվվելու դեպքում կուսակցությունը հաղթահարում էր անցողիկ շեմը եւ մտնում ԱԺ, իսկ ՔՊ-ն զրկվում էր խորհրդարանում 3/5-րդ մեծամասնություն ունենալուց, ինչը իշխող քաղաքական ուժին թույլ կտար միայնակ ընդունել կամ փոփոխել սահմանադրական օրենքներ, ընդունել ընտրական, դատական օրենսգրքեր, ընտրել ՄԻՊ, ՍԴ-ի ու Վճռաբեկ դատարանի դատավորներ եւ այլն:
Երբ ԿԸՀ նախագահն ասում է, թե խնդրո առարկա տեղամասերում վերաքվեարկության անցկացումը էական ազդեցություն չէր ունենալու վերջնական արդյունքների վրա, պարզ է, որ ստում էր: Հովակիմյանը եթե շարժվեր օրենքով, «Բարգավաճ Հայաստանը» կմտներ խորհրդարան, Փաշինյանն էլ, լավագույն դեպքում, կմնար 61 մանդատի հույսին, որը, ինչպես ասում են, ոչ վեր է, ոչ՝ վար: Իսկ ամենամեծ տուժողը, թերեւս, ինքը լիներ՝ Վահագն Հովակիմյանը: Նրա բախտն ուղղակի բերեց:
Փոխարենը շաբաթն անբարեհաջող էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի համար, եւ ոչ միայն հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների հետ կապված ձախողումների առումով: Ընտրական թնջուկին անմիջապես հաջորդեցին իշխանական այն բռնաճնշումները, որոնք նախընտրական քարոզարշավի ժամանակներից խոստանում էր Նիկոլ Փաշինյանը, այսպես կոչված, «Պատերազմի եռագլուխ կուսակցությանը», ավելի ստույգ՝ այդ կուսակցության առաջնորդներին: Իրավապահ մարմինները Ծառուկյանի դեմ գործողությունները սկսեցին հուլիսի 6-ի վաղ առավոտյան՝ լույսը հազիվ բացված: Այդ օրը լայնածավալ խուզարկություններ տեղի ունեցան Ծառուկյանի առանձնատանը եւ նրա մի քանի տասնյակ ընկերություններում:
12-ժամյա խուզարկություններից իրենց ուզածը հավանաբար չստանալուց հետո իրավապահներն առգրավեցին գրասենյակային պիտույքներ, համակարգիչներ, հեռախոսներ եւ այլն: Այդ օրը կաթվածահար եղան աշխատանքները «Մուլտի գրուպի» գրեթե բոլոր գործարաններում, հիմնարկ-ձեռնարկություններում, հազարավոր բանվոր-ծառայողներ անգործ էին մնացել «Արարատ-ցեմենտ» գործարանում, Երեւանի գինու-կոնյակի կոմբինատում եւ այլուր: Ծառուկյանին մեղադրեցին առանձնապես խոշոր չափերով խարդախության եւ փողերի լվացման համար: «Մեղադրանքը լրիվ սարքած է, սուտ է, փուչիկ, ճիշտ բան չկա, ամեն ինչ կպարզվի՝ կտեսնեք»,- ասել է «մեղադրյալը»:
Հանրության շրջանում սուր արձագանք են առաջացրել Ծառուկյանի առանձնատուն ԱԱԾ-ական դիմակավորների ներխուժումը եւ անհամաչափ ուժի գործադրմամբ նրան բերման ենթարկելու տեսարանները: Քաղաքական շատ գործիչներ, փաստաբաններ, քաղհասարակության ներկայացուցիչներ այդ գործողությունները որակել են որպես անիմաստ ցուցադրական շոու, որը միայն Նիկոլ Փաշինյանի հիվանդ երեւակայությունը կարող էր մոգոնել: Ասում են՝ իբր Ծառուկյանն Իրանի քաղաքացիներից խարդախությամբ գումար է շորթել, փողերի լվացում արել եւ այլն, բայց պարզվել է, որ պարտապանը ոչ թե Ծառուկյանն է, այլ իրանական կողմը:
Իսկ Փաշինյանը լավ կանի՝ ոչ թե Իրանի քաղաքացու շահը պաշտպանի Ծառուկյանից, այլ ՀՀ-ի շահը՝ Թուրքիայից ու Ադրբեջանից, ինչը շատ ավելի տրամաբանական կլիներ: Բանը հասել է այնտեղ, որ Ծառուկյանին բերման ենթարկելու տեսանյութերից վրդովվել է անգամ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ արձանագրելով, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառվել է անհամաչափ ֆիզիկական ուժ: Ըստ նրա, եթե անձը դիմադրություն ցույց չի տվել, ագրեսիա չի ցուցաբերել, ի՞նչ կարիք կար 8 հոգով վրա տալ եւ մարդուն բերանքսիվայր պառկեցնել գետնին: Այդքանը գնա շեֆիդ հասկացրու, հարգելի ՄԻՊ: Իհարկե, եթե քեզ հաջողվի:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Դատարանը հուլիսի 9-ին ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգեց եւս 2 ամսով: Դատական նիստի սկզբում մեղադրող կողմը եւս 3 ամսվա տնային կալանքի միջնորդություն էր ներկայացրել: Միլիարդատեր գործարարը մեղադրվում է իշխանության զավթման կոչի, փողերի լվացման, հարկերից խուսափելու ու խարդախության հոդվածներով: Նա մեղադրանքը քաղաքական է համարում: Կարապետյանն անցած ամռանը ազատազրկվեց, երբ հայտարարեց Հայ առաքելական եկեղեցին «իր ձեւով պաշտպանելու» մասին: Իրավապահներն այս արտահայտությունն էին որակել իբրեւ իշխանության զավթման կոչ:
Հայաստանում 15.898 քաղաքացի գտնվում է քրեական վերահսկողության տակ: Համաձայն ԵԽ տարեկան զեկույցի՝ սա կալանավորվածների, դատապարտյալների եւ պրոբացիոն վերահսկողության տակ գտնվող անձանց ընդհանուր թիվն է: Ընդհանուր առմամբ՝ 2025-ի դեկտեմբերի դրությամբ ՀՀ բանտերում պահվել է 2.686 դատապարտյալ եւ կալանավոր: Պրոբացիայի տակ է 13.212-ը: «Պրոբացիան եւ բանտերը Եվրոպայում» վերնագրված զեկույցում նաեւ մահացության վերաբերյալ տվյալներ կան: Ըստ այդմ՝ 2024-ին պրոբացիայի հսկողության տակ գտնվող անձանց շրջանում մահացության մակարդակը կազմել է 43.1 մահ՝ 10 հազար մարդու հաշվով, իսկ բանտերում արձանագրվել է 37.2 մահ՝ 10 հազար կալանավորի/դատապարտյալի հաշվով: Հայաստանը պրոբացիայի շահառուների բարձր ցուցանիշ ունեցող երկրների թվում է՝ 429 մարդ 100 հազար բնակչի հաշվով:
Նիկոլ Փաշինյանը հուլիսի 6-ին աշխատանքային այցով ժամանել է ՌԴ: Եկատերինբուրգում նախատեսված էր հանդիպում Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ՝ հայտնել են ՀՀ կառավարությունից: Փաշինյանը մասնակցեց «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստին։ Այցի մասին ռուսական կողմը հուլիսի 5-ին էր հաղորդել: Նշվում էր, որ ՌԴ վարչապետն առանձին հանդիպումներ կունենա նաեւ Բելառուսի եւ Ղրղզստանի վարչապետների հետ։ Հայկական կողմի նախաձեռնությամբ հուլիսի սկզբին Նիկոլ Փաշինյանի եւ Միխայիլ Միշուստինի միջեւ հեռախոսազրույց էր կայացել:
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից հօգուտ Հայաստանի կբռնագանձվի շուրջ 630 միլիոն դրամ. այդ մասին հաղորդում է Գլխավոր դատախազությունը: Հակակոռուպցիոն դատարանը հուլիսի 3-ին մասնակի բավարարել է Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցն ընդդեմ Սերժ Սարգսյանի եւ նրա հետ փոխկապակցված անձանց: Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, հօգուտ ՀՀ-ի ենթակա են բռնագանձման Երեւանում գտնվող մի շարք անշարժ գույքեր, բանկում ներդրված ընդհանուր 202 միլիոն 998 հազար դրամ ավանդներ, այդ ավանդներից կուտակված ընդհանուր 74 միլիոն 716 հազար դրամ տոկոսագումարներ եւ այլն: 3-րդ նախագահի փաստաբանն ավելի վաղ մամուլի հետ զույցում ապօրինի ու արհեստածին էր որակել Սարգսյանի եւ նրա դստրերի դեմ Հակակոռուպցիոն դատարան ներկայացված դիմումը:
Ծառուկյանի 9 կոկորդիլոսները հուլիսի 9-ին տեղափոխվել են Կենդանաբանական այգի։ Տեղափոխության ընթացքում կոկորդիլոսներից մեկը վնասել է այգու աշխատակցին։ «Ազատություն»-ը Երեւանի քաղաքապետարանից տեղեկացավ, որ վնասվածքը հոնքի շրջանում է, աշխատակիցը բուժօգնություն է ստացել եւ տուն գնացել։ Քննչական կոմիտեն էր որոշել, որ Ծառուկյանի այգու բոլոր «բնակիչները» իրեղեն ապացույցներ են ապօրինի որսի դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում ու պիտի առգրավվեն: Կոկորդիլոսը իրեղեն ապացո՞ւյց…

