Շաբաթվա անցուդարձը մեկնաբանությամբ
Շաբաթվա մամուլի, սոցցանցերի, փորձագիտական եւ հանրային շրջանակների լայն ուշադրության կենտրոնում մի քան տասնյակ երկրների ավելի քան 150 դիվանագետների համար Ադրբեջանի իշխանությունների՝ սեպտեմբերի 12-ին կազմակերպած միջոցառումն էր՝ Բաքվում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների այցելությունը Գանձասար եւ Դադիվանք: Պաշտոնական Բաքուն դրանց անվանումները խեղաթյուրել էր՝ տալով հնարավորինս ադրբեջանական հնչեղություն՝ «Գյանջասար» եւ «Խուդավենգ»: Այդպես էլ աղավաղված օտարերկրյա դիվանագետներին ներկայացնում են 13-րդ դարի հայկական վանական համալիրի «պատմությունը»:
Տեսանյութերը մեկնաբանող Հիքմեթ Հաջիեւը, որ Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավարն է, իր լսարանին ստեպ-ստեպ հիշեցնում է, որ «Գյանջասարը» եւ «Խուդավենգը» ոչ թե հայկական, այլ «հին Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգության անբաժանելի մասն են: Իր հերթին՝ ադրբեջանական APA լրատվական գործակալությունը նույն հակաթեզն է տարփողում, թե «Գյանջասարի» վանքի հիմքերը գցել է, իբր, «աղվանական իշխան Հասան Ջալալը» 1216-1238 թվականներին: Հայ եւ համաշխարհային պատմագիտությունը, սակայն, միանշանակ փաստում է, որ Հասան Ջալալյանների իշխանական եւ մելիքական տոհմը սերում է հայկական Առանշահիկներ թագավորական ճյուղից:
Տոհմի երեւելիներից հիշատակման արժանի անուն է Եսայի Հասան-Ջալալյանը՝ 17-18-րդ դարերի անվանի հոգեւորական, քաղաքական եւ ազգային-ազատագրական պայքարի գործիչ, Գանձասարի կաթողիկոս (1702-1728), ինչպես նաեւ արժեքավոր պատմական ժառանգություն թողած պատմիչ: Նա եղել է Իսրայել Օրու զինակիցն ու գաղափարական աջակիցը: Եվ ինքն էլ այդ ժամանակաշրջանի ու իրադարձությունների վավերագիրն էր: Այս փոքրիկ ակնարկը, թերեւս, բավական է՝ համոզվելու Ջալալյաններ տոհմի ազնվական արմատների ու զտարյուն հայկականության մեջ: Հատկանշական է, որ Հասան-Ջալալին որպես «ազգությամբ հայ» է հիշատակել նաեւ միջնադարյան հայ պատմիչ Կիրակոս Գանձակեցին:
Բայց արի ու տես, որ Ալիեւի օգնական Հաջիեւը Հասան-Ջալալի մասին խոսում է որպես «աղվանական իշխանի», ապա պնդում, թե «օկուպացիայի տարիներին» երկու պատմական հուշարձանները «ռեստավրացիայի» անվան տակ արտաքին տարբեր միջամտությունների են ենթարկվել, ինչի արդյունքում «խախտվել են նրանց ճարտարապետական իսկությունն ու սկզբնական տեսքը»: Ավելին՝ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան նաեւ ծաղրել է հայերին: Նա Գանձասարի Մատենադարանի ցուցասրահում դիվանագետներին պատմում էր, թե հայերն այստեղ հին գրքերի ցուցադրություն են կազմակերպել: Ապա՝ բացելով ձեռագրերի մակետները, դիվանագետներին ցույց էր տվել այդ գրքերի դատարկ էջերը, ինչին ներկա պաշտոնյաներն արձագանքել էին ծիծաղով:
«Սա հին քրիստոնեական գիրք է, բացում եմ այն, միայն մեկ էջն է գրված, մնացածը դատարկ է: Եվ սա քրիստոնեական ժառանգությունն է, ինչը դուք կարող եք տեսնել»,- չարախնդում էր Հաջիեւը: Հայազգի Հասան Ջալալյանին աղվան համարելու եւ հայկական ձեռագիր մատյանների մակետները «քրիստոնեական ժառանգության դատարկ էջեր» ներկայացնելու՝ Հաջիեւի փորձերը իր արձագանքում «պարզ մանիպուլյացիա» է որակել Արցախի մշակույթի նախկին նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ արժեքավոր գրքերը դեռեւս 44-օրյայի ժամանակ էին Գանձասարից տեղափոխվել ապահով վայր: «Ցուցասրահում մնացել էին միայն ձեռագրերի մակետները»,- պարզաբանել է Արցախի մշակույթի նախկին նախարարը:
Բաքվում հավատարմագրված օտարերկրացի դիվանագետների տարակուսանքը Հաջիեւի անհեթեթ դատողություններից դեռ չփարատված՝ նա հաջորդն է մատուցում, վստահեցնելով իր հյուրերին, թե ադրբեջանական պետությունը նվիրված է պատմական, մշակութային եւ կրոնական հուշարձանների պահպանմանը, պաշտպանությանը եւ վերականգնմանը՝ անկախ դրանց ծագումից եւ կրոնական պատկանելիությունից, եւ որ այդ ոլորտում Ադրբեջանի փորձը, իբր, «միջազգային ճանաչում է ձեռք բերել». «Մենք պատրաստ ենք այդ փորձը կիսել այլ երկրների հետ, այդ թվում՝ մեր հարեւանների»,- հայտարարել է Հաջիեւը:
Ալիեւի օգնականն ակնհայտորեն «ձեռ է առնում» ոչ միայն հայերին, այլեւ մյուս բոլոր այն երկրներին, որոնց հետ պատրաստվում է կիսել ուրիշների պատմամշակութային ժառանգությունը աչքի լույսի պես պահպանելու, վերականգնելու ոլորտում Ադրբեջանի «փորձը», որը, բա չեք ասի, «միջազգային ճանաչում է ձեռք բերել», իսկ մենք՝ միամիտներս, բանից անտեղյակ: Հիմա հարց Հիքմեթ մուալիմին. «Ասացեք, խնդրեմ, միջազգայնորեն ճանաչված ձեր «փորձի՞ց» է բխում Արցախում պետական մակարդակով իրականացվող հայկական պատմամշակութային եւ կրոնական հուշարձանների զանգվածային սպանդը»:
Մերկապարանոց չլինելու համար կբերենք մեր ձեռքի տակ եղած բազում օրինակներից մի քանիսը: Մեջբերվող բոլոր դրվագների իսկությունը հաստատված է արբանյակային լուսանկարներով: Սկսենք ամենաթարմ օրինակից: Այսպես՝ սեպտեմբերի 10, ադրբեջանցի բարբարոսների ձեռքով հողին են հավասարեցված Շուշիի արեւելյան կամ, ինչպես տեղացիներն էին անվանում, Հայ-ռուսական գերեզմանոցի պատմական տապանաքարերն ու 12-13-րդ դարերի խաչքարերը: Այդտեղով հիմա Ադրբեջանի իշխանությունը կոյուղու խողովակներ է անցկացնում: Ապրիլի 19, 2024թ., նույն վայրագ ցեղը, որի ներկայացուցիչն է այսօր փողկապ կապած ու մեծ-մեծ բռթող Հիքմեթ Հաջիեւը, Շուշիում քարուքանդ է արել իրական շուշվեցիների ամենասիրելի վայրերից մեկը՝ «Կանաչ ժամ» եկեղեցին:
Հիմա գանք Ստեփանակերտ: Դարձյալ՝ ապրիլ, 2024թ.: Ձեռք բերված արբանյակային լուսանկարները հաստատում են՝ այդտեղ քանդվել են Սուրբ Աստվածածնի Մայր տաճարն ու Սուրբ Հակոբ եկեղեցին։ Ազերի իշխանությունը անսքող լպիրշությամբ հիմնավորում է՝ այդ 2 եկեղեցին «օկուպացիայի խորհրդանիշ» էին։ Սա նույնն է՝ քանդես ողջ Ադրբեջանն իր Բաքու մայրաքաղաքով, եւ հիմնավորես, թե ինքը «չարիքի խորհրդանիշ է»: 44-օրյայից եւ, հատկապես, 2023թ. Արցախի հայաթափումից հետո Մայր Աթոռն ու պատմամշակութային ժառանգությամբ զբաղվող մասնագետներն անվերջ ահազանգում էին ԼՂ-ում հայկական եկեղեցիների, գերեզմանատների, այլ հուշարձանների ոչնչացման ու փոփոխման՝ այդ թվում աղվանականացման մասին:
Անցնենք հաջորդ ցավալի դրվագին, որը թվագրված է 2022թ. մարտի 24-ին: Թշնամու ագրեսիայի հետեւանքով, երբ նրա բռնազավթման տակ էին անցել Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի շրջակայքը, նախկին Քարագլուխ բնակավայրն ու համանուն բարձունքը, ադրբեջանական զինուժը միանգամից ձեռնամուխ եղավ այդ տարածքում հայկական պատմամշակութային հարուստ ժառանգության ոչնչացման գործին՝ դա նրա հայտնի ձեռագիրն է: Տարածքը նշանավորվում էր ոչ միայն ռազմավարական իր բնույթով, այլեւ պատմամշակութային ու բնապատմական միջավայրով: Այդ հատվածը նախկինում էլ թշնամու թիրախում է գտնվել: Ադրբեջանը երբեք չի թաքցրել Արցախի հայկական հետքը ոչնչացնելու իր մարմաջը:
Վերոնշյալ տարածքներում այդ խնդիրը խիստ ընդգծված արտահայտություն ունի, քանի որ «հայկական հետքի» առումով Փառուխի եւ նախկին Քարագլխի շրջակայքերը, թերեւս, ամենաբեղունն են: Պատմության եւ մշակույթի հուշարձանների պետական պահպանման ցուցակի համաձայն՝ այդ վայրում պաշտոնապես գրանցված են շուրջ քսան «հայախոս» հուշարձան, այդ թվում՝ երկու եկեղեցի (ներառյալ «Սուրբ Աստվածածին»-ը, 13-րդ դար), Շիկաքար-Քարագլուխ ամրոցը, հնագիտական մեծ արժեք ունեցող այլ հուշարձաններ, գերեզմանոցներ, խաչքարեր, տապանաքարեր, ինչպես նաեւ Շիկաքարի հանրահայտ քարանձավը, որտեղ, ի դեպ, 2011թ.-ին հետազոտություն էր կատարել Ազոխի միջազգային հնագիտական արշավախումբը:
Այսպիսով՝ անկախ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի՝ Գանձասարում արած պնդումներից եւ սնամեջ մեկնաբանություններից, վերջին շրջանում Բաքվի կողմից հայկական հուշարձանների վնասման, դրանց նկատմամբ բարբարոսական վարմունքի մի քանի տասնյակ դեպքեր են արձանագրվել: Մայր աթոռը եւ Արցախը դատապարտել են ԼՂՀ-ի հոգեւոր եւ մշակութային ժառանգության ոչնչացումը, հայկական կոթողների ինքնությունը փոխելու՝ Բաքվի քայլը: Բողոքի եւ ընդվզումի իր խոսքն է ասել ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղհասարակությունը: Փոխարենը բերանները ջուր են առել ու լռել ԱԳՆ-ն եւ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը՝ իր անգյալ թիմով:
Սրանք անգամ Իլհամ Ալիեւի օգնականին վախեցան պատասխանել եւ ընդամենն ասել, որ Գանձասարն ու Դադիվանքը հայկական եկեղեցիներ են: Չնայած ումի՞ց ինչ ենք ակնկալում՝ անգամ այսօրվա Տիգրանակերտն ուրացողները «տիրություն» կանե՞ն 13-րդ դարի Գանձասարին կամ, առավել եւս, 5-րդ դարավերջին հիմնադրված Դադիվանքին: Պարզ է, որ չեն անի:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Հայ Առաքելական եկեղեցին այս տարի սեպտեմբերի 13-ին նշեց Խաչվերաց տոնը: Խաչվերացը Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է, Խաչին նվիրված տոներից ամենակարեւորը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ եւ փառաբանություն Հիսուս Քրիստոսի խաչափայտի՝ պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի եւ Գողգոթայում կանգնեցման (վերացման): Հայաստանյայց եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ը հանդիպող կիրակի օրը: Խաչվերացի հաջորդ օրը մեռելոց է:
Արցախցի գործիչ Արթուր Օսիպյանի գործը հասել է դատարան։ Նա մեղադրյալի կարգավիճակում հայտնվեց խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի թեժ շրջանում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպից հետո։ Քարոզարշավի ժամանակ Օսիպյանը մոտեցել էր Փաշինյանին եւ Արցախի վերաբերյալ հարցեր ուղղել։ Նրանց միջեւ վիճաբանություն էր սկսվել, որի ընթացքում վարչապետը նաեւ հարցրել էր՝ ինչո՞ւ Օսիպյանը չի զոհվել պատերազմի ժամանակ։ Դրանից մի քանի ժամ անց Օսիպյանը ձերբակալվեց, ապա՝ կալանավորվեց։ Նրան մեղադրանք առաջադրեցին խուլիգանության, բռնության կոչ տարածելու եւ նախընտրական քարոզարշավը խոչընդոտելու համար։ Օսիպյանը բանտում անցկացրեց 3 շաբաթ՝ հացադուլի պայմաններում, սակայն հանրության պահանջից հետո փոխվեց նրա կալանքը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այս օրերին ընթանում է Գերագույն հոգեւոր խորհրդի քառօրյա ժողովը՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախագահությամբ։ Օրակարգում եկեղեցու ներքին ու կանոնական հարցերից բացի ընդգրկված են նաեւ եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա խնդիրները։ Վարչապետ Փաշինյանը մեկ տարուց ավելի է՝ փորձում է գահընկեց անել Գարեգին երկրորդին, այդ նպատակն ամրագրված է նաեւ նրա կառավարության նոր ծրագրում: Նշվում է, որ «ապահովվելու է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացումը (հանգստի կոչումը), եւ սահմանված կարգով իրականացվելու է Կաթողիկոսական տեղապահի ընտրություն»:
«Ուժեղ Հայաստանը» մասնակցելու է ՏԻՄ ընտրություններին. այս մասին սեպտեմբերի 15-ին հայտարարել է խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը: «Իհարկե, մասնակցելու ենք, մի քանի օր է մնացել, կներկայացնենք մանրամասները»,- նշեց Կարապետյանը: «Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջնորդը դեռ երեք ամիս առաջ էր ընտրողներին խոստանում՝ իշխանության դեմ պայքարը հունիսի 7-ով չի ավարտվի, կշարունակեն աշնանը համայնքներում։ Չնայած այս պնդումներին՝ Լոռու մարզի Թումանյան համայնքում երկու շաբաթից նախատեսված ավագանու ընտրություններին մասնակցում է միայն իշխող ՔՊ-ն: Ընդդիմադիրները չկան։ Ընտրությունները Թումանյան համայնքում նախատեսված են սեպտեմբերի 27-ին:
Ազգային ժողովը 62 կողմ ձայներով սեպտեմբերի 15-ին ընդունեց «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը: Այս փոփոխությամբ փոխվեց կառավարության անդամների երդման տեքստը. երդման նոր տեքստում կիրառվելու է «հանուն Հայաստանի Հանրապետության հարատեւության, ինքնիշխանության եւ զարգացման» ձեւակերպումը, մինչդեռ արդեն տեքստում ասվում էր. «Հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման»: Պատգամավորները 61 կողմ ձայներով կողմ քվեարկեցին նաեւ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի նախագծին: Այս փոփոխությամբ էլ համայնքային ընտրություններից առաջ կխոշորացվեն Վանաձոր ու Փամբակ, ինչպես եւ Արարատ ու Վեդի համայնքները:
Սեպտեմբերի 15-ից 25-ը Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի, հայտնում է «Գազպրոմ Արմենիա»-ն։ Ընկերության փոխանցմամբ՝ պատճառը Ռուսաստանի տարածքում «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի վրա նախատեսված պրոֆիլակտիկ եւ վերանորոգման աշխատանքներն են, իսկ տասնօրյա դադարը սպառողների վրա չի ազդի. Հայաստանում գազամատակարարումը կշարունակվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների եւ Իրանից ստացվող լրացուցիչ գազի հաշվին։

