Monday, 07 October 2024

W Weekly Update

24-31 օգոստոսի 2024թ.

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Անցած կիրակի օրն արտառոց դեպք է գրանցվել Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։ Ըստ ArmLur.am-ի՝ Ռուբինյանց 2 հասցեի շենքերից մեկի 9-րդ հարկից խնձոր են նետել Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ, որն այդ պահին թիկնապահների մի խմբով այցի էր եկել այդ շենքում բնակվող հարազատին։ 9-րդ հարկի բնակիչը՝ 71-ամյա արցախցի Ալբերտ Առուստամյանը, շենքի բակում տեսնելով նրան, ձեռքին եղած խնձորը պատուհանից նետել է ներքեւում հավաքվածների կողմը, որոնց կենտրոնում Փաշինյանն էր: Ականատեսների պատմելով՝ միջադեպի առաջին վայրկյաններին թիկնազորայիններն անմիջապես պառկել են գետնին՝ մարմիններով ծածկելով գլխավոր թիրախին:

Տարեց տղամարդն անհապաղ ձերբակալվել, տարվել է ոստիկանության բաժանմունք: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն): Խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: Հաջորդ օրը, երբ Առուստամյանը արգելանքից ազատված տուն էր վերադառնում, մուտքին չհասած՝ շենքի կատակասեր տղաները հարցրել են՝ «Ալբերտ պապի, բայց ինչո՞ւ հենց խնձոր»: Պապն իրեն չէր կորցրել, թե՝ «բալա ջան, ձեռքիս տակ էդ պահին խնձոր էր՝ խնձոր շպրտեցի, ուրիշ բան լիներ` էդ ուրիշ բանը կշպրտեի»:

Չկայացած այս «մահափորձի» մեջ ամենահետաքրքիրն իրավապահ մարմինների իրարանցումն էր, արագ արձագանքը եւ նույնքան արագ էլ մարդուն մեղադրանք ու քրեական հոդված կպցնելը: Երկիրը երկիր կդառնար, եթե նույնպիսի ջանասիրություն դրսեւորվեր Ալեն Սիմոնյանի նկատմամբ, երբ նա թքում էր ձեռքերը ոլորած քաղաքացու դեմքին, ՔՊ-ական պատգամավորի նկատմամբ, երբ ձեռքերին ազատություն տալով՝ ԱԺ դահլիճում անկարգություններ եւ ծեծկռտուք էր հրահրում, սպառնալիքներ ու սեռական բնույթի հայհոյանք հնչեցնում ընդդիմադիր գործընկերոջ հասցեին եւ, վերջապես, խաղաղ ցուցարարի դեմ արգելված զենք կիրառող ոստիկանի կամ Եռաբլուրում սեւազգեստ մորը քաշքշող բերետավորի նկատմամբ:

Ցավոք, ունենք այն, ինչ ունենք եւ ինչի անունն է՝ ընտրովի արդարադատություն: Ասել է թե՝ իշխող ուժի եւ նրա համախոհների դեպքում օրենքը լռում է, իսկ հակառակ կարծիք ունեցողների դեպքում՝ «խոսում»։ Երբեմն նույնիսկ՝ «ճչում»: «Այստեղ մենք գործ ունենք օրենքի կիրառելիության ակնհայտ տարբերակված մոտեցման ցայտուն օրինակի հետ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Իհարկե, չարդարացնելով տարեց արցախցու արածը, պետք է հասկանալ, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, առավել եւս պետական բարձրաստիճան պաշտոնյաների՝ այդպիսի իրավիճակներում հայտնվելու հավանականությունը մեծ է:

Դե, իսկ Փաշինյանի կարգի գործչի վերաբերմամբ հանրային դժգոհության գործակիցը, թերեւս, կհատի հարյուր տոկոսի նշագիծը: Այնպես որ, նման իրավիճակին պաշտոնյան պետք է ուղղակի հարմարվի: Մարդու սիրտը վառված է՝ Փաշինյանի պատճառով հայրենիք է կորցրել, տուն-տեղ, ունեցվածք, գերեզմաններ: Բա ի՞նչ պիտի աներ, վարդե՞ր պիտի փռեր նրա ոտքերի տակ: Մարդկային բարոյականություն գոյություն ունի. առաջին հերթին հենց Փաշինյանն ինքը պիտի դա գիտակցի, փորձի հասկանալ, թե ինչու դարձավ արցախցի «մեր քույրերի ու եղբայրների» աչքի փուշը: Եթե չասենք՝ դարավոր թշնամին:

 

Բան է՝ եթե Փաշինյանը մտնի հայ ժողովրդի պատմության մեջ, գրեթե անկասկած է, որ սերնդեսերունդ հիշվելու է որպես պետության հերն անիծած, բյուջեն մսխած, անկյալ ու թուլամորթ մի ղեկավար, որը կործանման եզրին գտնվող երկիրը օրհասական վիճակում թողած՝ օրերով հեծանիվ է քշում, անտաղանդ ոտանավորներ հորինում, իսկ երեկոները իրեն տալիս գինարբուքների: Շաբաթվա ընթացքում ակտիվորեն քննարկվող թեմաներից մեկը նրա կողմից անկարեւոր, ավելորդ ծախսերով պետբյուջեի ծանրաբեռնումն է: Միայն Սեւանա լճի շուրջ «փաշինյանական» երկօրյա հեծանվավազքը, մամուլի տեղեկացմամբ, ՀՀ պետական բյուջեի վրա արժեցել է գրեթե 15 մլն դրամ կամ ԱՄՆ 40 հազար դոլար։

Կասկածահարույց է՝ ինչպե՞ս կարող է հեծանվորդների 40-50 անդամից բաղկացած մի խմբի 2 օրվա հանգստի ու զվարճանքների համար այդքան գումար ծախսվել: Պարզվում է՝ պետության գրպանից հնարավոր է: «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունները հետաքրքիր փաստեր են ի հայտ բերել: Այսպես՝ վարչապետի աշխատակազմի եւ «Էլյա Ավագյան» ԱՁ-ի միջեւ կնքվել է միջոցառումների համար ծառայությունների մատուցման երկու պայմանագիր: Օգոստոսի 24-25-ը առաջին պայմանագրով ծախսվել է 9 մլն 604 հազար դրամ, 2-րդ պայմանագրով՝ 5 մլն 34 հազար դրամ։ Հաշվարկները ցույց են տալիս, որ գրեթե բոլոր ծառայությունների գծով չարդարացված ծախսերն ահռելի թիվ են կազմում:

Բերենք ընդամենը երկու փաստ. Փաշինյանի ՖԲ էջում տեղադրված տեսանյութը հստակ ցույց է տալիս ողջ խմբի տեղաշարժը եւ ապացուցում, որ հեծանվավազքի մասնակիցները հազիվ 50 հոգի են՝ ներառյալ անվտանգության եւ շտապօգնության աշխատակիցները։ Այդ դեպքում հարց. ո՞ւմ համար էր գնվել 110 անձրեւապաշտպան, 200 վերնաշապիկ եւ այլն: Ճիշտ է՝ բյուջեից 15 միլիոնը դուրս էր գրվել 100 մարդու հաշվով, սակայն փաստացի մասնակիցների թիվը չէր գերազանցում 50-ը: Երկրորդ պայմանագրով, որի արժեքը 5 մլն 34 հազար դրամ էր, նախատեսված է եղել 100 անձի սնունդ մատուցելու սպասարկման համար՝ նախաճաշ, ճաշ 2 օր եւ ընթրիք՝ 1 օր։

Հաջորդ հարցն է ծագում. որքանո՞վ է արդարացված 100 անձի 2 օրվա սննդի համար ծախսել 5 մլն դրամ: Սա յուրաքանչյուր անձի սննդի համար կազմում է 50 հազար դրամ: Դրսում՝ վրանի տակ, 50.000 դրամ՝ միայն սննդի համար: Այդքան գումարով Սեւանա լճի շատ հյուրանոցներից կամ հյուրատներից կարելի էր լիուլի օգտվել: Իսկ Երեւանի միջին գնային սանդղակ ունեցող յուրաքանչյուր ռեստորանում 100 հոգու համար 5 մլն դրամը կծախսվի առնվազն 5, գուցեեւ՝ ավելի օրում: Չմոռանանք, որ մեր դեպքում ոչ թե 100, այլ 50 հոգի է:

«Հեղափոխական» իշխանությունը խոստանում էր բաց եւ թափանցիկ աշխատել, բայց, կարծես թե, չի ստացվում։ Ընդհանրապես՝ ոչ մի խոստում չի ստացվում: Ավելին՝ խոստացվածի ճիշտ հակառակն է իրականացվում: Մեր բերած օրինակը ծավալային առումով, թերեւս, տպավորիչ չէ, սակայն բավական խոսուն է. այն ցույց է տալիս պետական բյուջեի սուղ միջոցների նկատմամբ պետության առաջին դեմքի քամահրական վերաբերմունքը: Այդ վերաբերմունքն է, որ ընդամենը 6 տարում Հայաստանի արտաքին պարտքը 6 միլիարդ դոլարից հասել է 12, 5 միլիարդ դոլարի:

Արդարեւ՝ քամուն տված փողեր:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Անկախության օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 24-ին շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն: Ուղերձում, որի տեքստը հրապարակված է Հայաստանի կառավարության պաշտոնական կայքում, ասված է. «Լիահույս եմ, որ մեր համատեղ ջանքերն իրենց նպաստը կբերեն Հայաստանի եւ Ուկրաինայի հարաբերությունների շարունակական զարգացմանը եւ փոխշահավետ համագործակցության բարձրացմանը որակապես նոր մակարդակի»: Ուկրաինայի պետական տոնի կապակցությամբ ուկրաինացի գործընկերներին ու ժողովրդին շնորհավորել են նաեւ ՀՀ ԱԺ նախագահը եւ ԱԳ նախարարը:

Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի զգալի մասը համաձայնեցված է. օգոստոսի 27-ին Թուրքիայում այսպիսի հայտարարություն է արել Ադրբեջանի ԱԳ խարարը։ Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսին Ջեյհուն Բայրամովն ասել է. «Չնայած հանգամանքին, որ բանակցային գործընթացում նկատվում է դրական դինամիկա եւ համաձայնեցված է պայմանագրի նախագծի զգալի մասը, Հայաստանի Սահմանադրության եւ մի շարք այլ իրավական ակտերում Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջները դեռ պահպանվում են»։

Փաշինյանը օգոստոսի 29-ին հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող՝ Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերային: ՀՀ գործադիրի ղեկավարը եւ Ուրուգվայի խորհրդարանի նախագահը անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին, ԼՂ-ից տեղահանված անձանց բնակարանային ապահովման Կառավարության ծրագրին: Ըստ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության՝ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ուրուգվայ համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր:

Օգոստոսի 28-29-ին Դիլիջանում շարունակվել են ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի եւ արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների աշխատանքային քննարկումները։ Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային տարբեր ուղղություններով երկրների ու միջազգային կառույցների հետ փոխգործակցության ընդլայնման, նոր հնարավորությունների առավելագույնս իրացման հեռանկարների շուրջ, ինչպես նաեւ արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կադրային համալրման, բյուջետային ու վարչատնտեսական հարցեր։ Աշխատաժողովը եզրափակվել է Կիրանց բնակավայր, մասնավորապես Հայաստանի եւ Ադրբեջանի միջպետական սահման այցելությամբ:

Ադրբեջանն ու Ուզբեկստանը Ստեփանակերտում (որն ադրբեջանցիները Խանքենդի են կոչում) թեթեւ արդյունաբերության ձեռնարկություն են հիմնելու։ Այդ մասին օգոստոսի 24-ին Տաշքենդում կայացած ասուլիսում հայտնել է Իլհամ Ալիեւը։ Ադրբեջանի նախագահը հիշեցրել է, որ Ուզբեկստանն իր միջոցներով Ֆիզուլիում միջնակարգ դպրոց է կառուցել, գովաբանել է երկու երկրների բարեկամությունը եւ ասել, թե Ադրբեջանը միշտ զգացել է ուզբեկ ժողովրդի եղբայրական աջակցությունը։ Ալիեւն Ուզբեկստան էր մեկնել երկօրյա պետական այցով։

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.