Շաբաթվա անցուդարձը մեկնաբանությամբ
Շաբաթվա կարեւոր իրադարձություններից մեկը, որի շուրջ հակասական կրքերը երկար ժամանակ չէին հանդարտվում, իշխող «Քաղպայմանագիր» կուսակցության՝ սեպտեմբերի 20-ին տեղի ունեցած 7-րդ համագումարն էր: Ավերիչ պատերազմ տանուլ տված, 5 հազար շենշող երիտասարդների կյանքից զրկած, 10 հազարի ճակատագրերը խեղած, ավելի քան 120 հազար արցախցիների շեն օջախները քանդած կուսակցության առաջնորդի մեկժամյա ճոռոմ ելույթից ու բարձր խանդավառությամբ համակված պատվիրակների պահվածքից հակառակ տպավորությունն ես ստանում: Ասես ոչ թե աղետ ու կորուստ են պատճառել այս մարդիկ մեր երկրին, այլ երախտիք եւ բարօրություն են պարգեւել ժողովրդին:
Ամբիոնի մոտ կանգնած առաջնորդը փարիսեցիաբար շնորհակալություն է հայտնում ՔՊ-ական յուրայիններին՝ ցուցաբերած տոկունության համար, որ արեցին անհնարը՝ կրելով ՔՊ անդամ լինելու ծանր բեռը, դիմակայելով տարաբնույթ դավի ու խարդավանքի, ասեկոսի ու թուքումրի: «Եվ ահա՝ Հայաստանի Հանրապետությունը կանգուն ու ծաղկուն է՝ որպես ազատ, ինքնիշխան եւ խաղաղ պետություն»,- հնչեցնում է ամբիոնից: Հետո էլ գովաբանում «իմաստուն» ժողովրդին՝ մանավորապես «սնուցող մայրերին» եւ «նահապետ հայրերին», որոնք լուռումունջ, մռայլ կանգնած են նրանց կողքին: Նկարագրությունն ավելի տպավորիչ դարձնելու համար ամբիոնից բեմ է իջնում եւ ծնկաչոք խոնարհվում, իբր, նրանց առջեւ:
Ինչ-որ առիթով, կարծեմ, բացատրել էր, բայց եւս մեկ անգամ փորձում է լույս սփռել այն հարցի վրա, թե ինչու 2019թ. օգոստոսին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կոկորդով մեկ բղավում էր. «Արցախը Հայաստան է, եւ վե՛րջ»: Պարզվում է՝ այդ պահին խոսել էր իր մեջ կուտակված խորհրդային հայրենասիրության ավելցուկը: Այն ինքը ստացել էր 1980-ականների կինոնկարների, գրքերի, ամսագրերի միջոցով, որոնք էլ վաղ մանկությունից ձեւավորել են «հայրենասիրության իր մոդելը»: Այժմ այդ «մոդելը», իր ասելով, ստանում է «սնուցող մայրերից» ու «նահապետ հայրերից», իսկ խորհրդայինը, որը, ըստ նրա, տանում էր դեպի կործանում, մի կողմ է նետել:
Փաշինյանն ինքնիրեն եւ բոլորիս ուզում է համոզել, թե ՔՊ-ն, իր առաջնորդությամբ, «խաղաղ զարգացման դարաշրջան» է բացել, ինչը նշանակում է, որ ժողովրդի առջեւ ստանձնած կարեւոր պարտավորություններից մեկը կատարված է: Կառավարության 2021-26թթ. ծրագրի մյուս առանցքային հարցը, նրա խոսքով, օրենքի եւ իրավունքի դիկտատուրայի հաստատումն է, որն, իբր, գործողության մեջ է: Ապա խաղաղություն, անկախություն, պետականություն, պատմական-իրական եզրերն իրար խառելուց հետո անդրադառնում է «Սփյուռքի էմիսար միլիարդատերերի թեմային»՝ ընդգծելով, որ նրանք պետք է ՀՀ-ում իրենց պահեն այնպես, ինչպես իրենց բնակության երկրներում:
«Հայաստանի Հանրապետությունը ձեզ համար յախտա կամ սամալյոտ չէ, որ գաք ասեք՝ փաթաթեք, մենք գնում ենք։ Նրանք, ում մտքով նման բան կանցնի, ՀՀ-ն նրանց կփաթաթի եւ կդնի համապատասխան տեղերում։ Այնպես, որ Հայաստանի Հանրապետության համը բերանները մնա»։ Փաշինյանը շատ կափսոսա, եթե հանկարծ ժողովրդավարությունն ու ժողովրդավարական արժեքներին մեր հավատարմությունը վնասվեն, կասկածի տակ դրվեն, թե տնտեսական զարգացումը վնասվի կամ ժողովրդի իշխանությունը հանկարծ վտանգվի։ Իրականում նրա մատնանշած արժեքներից եւ ոչ մեկը ՀՀ-ում չկա: Հետեւաբար՝ ինչպե՞ս կարող են չեղած բաները վնասվել:
Մեծ հաշվով՝ ՔՊԿ առաջնորդի ելույթը նախընտրական ուղերձ է՝ հասցեագրված ավելի լայն լսարանի: Նման դեպքերում, որպես կանոն, մեծ ուշադրություն են դարձնում տեքստի որակին ու կառուցիկությանը, ինչը տվյալ դեպքում չես ասի: Նրա ամեն նախադասություն ապշեցնող է կեղծիքի, մանիպուլյացիայի, երեսպաշտության, իրականությունը «ծուռ հայելու» մեջ ներկայացնելու առումով: Էությամբ դժխեմ, հոգեպես անհավասարակշիռ եւ ազգուրաց անձը հանդես է գալիս բարեգործի, ճշմարտախոսի ու հայրենասերի քղամիդով: Եվ դա նկատում են բոլորը, որոնք լավ գիտեն՝ այս մարդն է, ով բերտավորներին հրաման էր տալիս նռնակ նետել խաղաղ ցուցարարների ոտքերի տակ կամ Եռաբլուրում քաշքշել սեւազգեստ մեր «սնուցող մայրերին»:
Եվ վերջում ամենահետաքրքիրը. Փաշինյանը ՔՊ կուսակցության 7-րդ համաժողովի ժամանակ հայտարարեց, որ հռչակվում է 4-րդ հանրապետության հաստատումը՝ որպես առաջիկա ռազմավարական անելիք։ Այս նպատակով ՔՊԿ-ն 2026-ի խորհրդարանական հերթական ընտրություններում կառավարման իր մանդատը եւս 5 տարով երկարաձգելու հարցով դիմելու է ժողովրդին: «Մեր նոր ծրագիրը երազանքների հայրենիքի փնտրտուքը դադարեցնելու մասին է, որովհետեւ այսօր մենք գտնվում ենք մեր երազանքների հայրենիքում»,– նշել է Փաշինյանը՝ հավանաբար նկատի ունենալով ՔՊ-ականների երազանքները:
Սեպտեմբերի 23-ի գիշերն արյունոտ միջադեպ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Գիշերակեսին դիմակավորված անհայտ անձը հարձակվել է Փարաքարի ընդդիմադիր համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի ու նրա ընկերոջ՝ ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանի վրա եւ սպանել նրանց: Դեպքի վայրը համայնքապետի տան բակն էր, որտեղ այդ պահին մեքենայից իջել ու հրաժեշտից առաջ երկու խոսք էին փոխանակում ընկերները: Կրակոցների հետեւանքով եւս մեկ անձ ծանր վիրավորվել ու տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղից ավելի ուշ հայտնել էին, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Յոթ տարի առաջ նույն վայրում դարձյալ մահացու ելքով վիճաբանություն էր տեղի ունեցել, եւ կա վարկած, որ վերջին դիպվածը, հնարավոր է, առնչակցություն ունի կամ շարունակությունն է 2018թ.-ի փետրվարյան իրադարձության, որի ժամանակ մեկական զոհ եւ վիրավոր էր եղել: Ամեն դեպքում այս սպանություններում քաղաքական բաղադրիչն աչքի է զարնում: ՏԻՄ վերջին ընտրություններում Փարաքարի խոշորացված համայնքում իշխանական թեկնածուի հանդեպ համոզիչ հաղթանակ տարավ ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչ Վալոդյա Գրիգորյանը, ինչը լրջորեն մտահոգում էր իշխող ՔՊ-ական շրջանակներին:
Հաջորդ օրն առավոտ կանուխ ֆեյսբուքյան իր էջում սպանությունը դատապարտել եւ Գրիգորյանի ընտանիքին ցավակցություն է հայտնել Նիկոլ Փաշինյանը, սակայն առայժմ քննիչներին ուղղորդող իր վարկածը չի շտապում առաջինը ներկայացնել, ինչպես Ազատ գյուղի հրդեհի ճարակ դարձած զինվորական կացարանի դեպքում, որը շուրջ մեկուկես տասնյակ զինծառայողների մահվան պատճառ եղավ: Սակայն, միեւնույն է, հանրային պարսավանքի կենտրոնում այդ անձն է, որը պատրաստ է 2026-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ իր ճանապարհից հեռացնել ցանկացած ընդդիմադիր գործչի՝ առանց միջոցների մեջ խտրականություն դնելու:
Եվ պատահական չէ, որ Ֆեյսբուքի նրա առավոտյան գրառումը մեկնաբանողների մեծ մասը, եթե չասենք բոլորը, նրան է մեղադրում սպանության համար՝ հատկապես երկրում նրա ստեղծած «բարդակի» եւ ամենաթողության մթնոլորտի պատճառով: Ակնհայտորեն երկրում նոր թափ է ստանում բռնությամբ հարցեր լուծելու արատավոր երեւույթը։ Ոստիկանության եւ պարեկային ծառայության հիմնական ուժերը զբաղված են Փաշինյանի տարաբնույթ հրահանգների կատարմամբ ու անձնական անվտանգության պահպանմամբ, ինչով էլ մեծապես պայմանավորված է հանցագործությունների աննախադեպ աճը: «Հայացքը» առանձնացրել է բազմաթիվ բացասական մեկնություններից մի քանի պատառիկներ։ Ահավասիկ.
«Իշխանությունը ցնցված է օրվա բոթից. իզուր եք ցնցվում… Փողոցում տիրող քաոսը ձեր կառավարման անխուսափելի հետեւանքներից մեկն է։ Ցնցվելու փոխարեն այս երկիրը հանգիստ թողեք, վերադարձեք ձեր սիրած փաբերի պատերի տակ». Երվանդ Վարոսյան: «Սա փաստացի հանցակցություն է երկրում տեղի ունեցող հանցագործություններին: Երբ իշխանությունն իրական հանցագործությունների ծրագրերը բացահայտելու փոխարեն զբաղված է ձայնագրություններ կտրել-կպցնելով, 18-ամյա քաղաքացու կալանավորելով, Վեհարան մտնելով, բարերարից վրեժ լուծելով, արդյունքը սա է». Քրիստինե Վարդանյան: «Քանի որ ՀՀ-ում այսօր ուրանում են ազգային նպատակները, քայքայում հայկական ինքնիշխան պետականությունը, մաքրում հայի ինքնությունը ձեւավորող արժեքները՝ դրա տեղը լրացնելու են գալու գանգստերությունը, բանդիտիզմը, թմրամոլությունը, ղումարբազությունն ու տարատեսակ խարդախությունները». Արտակ Զաքարյան:
«Հայացքի» խմբագրակազմը ցավակցություն է հայտնում սպանության զոհ դարձած երկու անձանց ընտանիքների անդամներին ու հարազատներին, իսկ դեպքի ժամանակ ծանր վիրավորում ստացած երրորդ անձին մաղթում է շուտափույթ ապաքինում:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Սեպտեմբերի 23-ին Հայաստանը նշեց Անկախության օրը` ՀՀ 34-րդ տարեդարձն է: 1991թ. սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու եւ անկախ պետություն ստեղծելու օգտին: Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահը եւ այլք: «Տառապանքների ու զոհողությունների միջով անցնելով՝ այսօր, ահա, մենք այս կետին ենք հասել եւ սրա մասին է 4-րդ Հանրապետության հաստատման օրակարգը, երազանքի կատարման հնարավորությունն այլեւս երբեք բաց չթողնելու մասին»,- մասնավորապես ասված է Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձում։
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 25-ին աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստան՝ մասնակցելու «Համաշխարհային ատոմային շաբաթ» խորագրով համաժողովին: Նա այստեղ ելույթով հանդես կգա: Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում վարչապետին դիմավորել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Դմիտրի Լյուբինսկին: Նախատեսվում է Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպում՝ հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Այս այցից հետո վարչապետը մեկնելու է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի գագաթնաժողովին, որտեղ նախատեսվում է նրա ելույթը:
Նյու Յորքում ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակում՝ սեպտեմբերի 23-ին, հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Զրույցի ընթացքում նախարարները քննարկել են խաղաղության օրակարգի առաջմղման հնարավոր ուղիները՝ հիմնվելով այս տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած Խաղաղության գագաթաժողովի արդյունքների վրա՝ փոխանցում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։ Կողմերը նաեւ պայմանավորվել են շարունակել երկխոսությունը՝ ուղղված երկկողմ հարաբերությունների կարգավորմանը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ-ի ՔՊ-ական կառավարիչն ամսական ստանում է 5. 200 000 ՀՀ դրամ, տարեկան 62. 400 000 ՀՀ դրամ: Այս մասին տեղեկացնում են «ՀԷՑ վերահսկողական կոմիտե»–ից։ «Ընդհանուր առմամբ՝ ՀԷՑ-ում ՔՊ-ական եւ էներգետիկայի հետ կապ չունեցող 8 նշանակվածների տարեկան աշխատավարձը կազմում է 212. 976 000 ՀՀ դրամ։ 7 տարվա հաշվարկով այդ թիվը կկազմի 1. 490 832 000 ՀՀ դրամ։ Ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն արդեն 2-րդ սխալ տեղեկատվությունն է տարածում, թե ՀԷՑ տնօրենների խորհրդի աշխատավարձն ազդում է սակագնի վրա: «Նորաթուխ էներգետի’կ, Տնօրենների խորհրդի աշխատավարձը տալիս է սեփականատերը՝ իր գրպանից, եւ այն որեւիցե կերպ չի ազդում սակագնի վրա»,- Ռոմանոսին սթափեցնում են ՀԷՑ տնօրենների խորհրդից։