Նախընտրական տարվա հեւքը, կարծես թե, տարբեր դրսեւորումներով սկսել է զգացնել իր ներկայությունը, որի նախանշանները տեսանելի են անգամ քաղաքական աստառից զերծ այնպիսի կառույցի խորապատկերին, ինչպիսին է 2023թ. հոկտեմբերին ստեղծված՝ ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը (ԱՀԾ): Երկրի արտաքին անվտանգության ռիսկերի վերաբերյալ առաջին՝ 2025 թվականի կանխատեսում-զեկույցում հիշատակվում է, որ դրսի որոշ ուժեր ուզում են ազդեցություն ունենալ Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա՝ այստեղ «իրենց հարմար» իշխանություն ձեւավորելու նպատակով:
Զեկույցից, որի կանխատեսումները հիմնված են 2023-2024 թվականների քաղաքական վայրիվերումների գնահատանքի վրա, ակնհայտ է դառնում, որ այն նախընտրական տարվա տրամաբանության համատեքստում է եւ առաջին հերթին ուղղված է արտաքին խաղացողներին: Չի բացառվում, որ զեկույցի այս հատվածի եթե ոչ հեղինակը, ապա առնվազն պատվիրատուն ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձն է, որը նախընտրական գործընթացների թիվ մեկ շահառուն լինելուց բացի, ասելիք շատ ունի արտաքին դերակատարներին, հատկապես՝ Ռուսաստանին եւ հատկապես՝ միջնորդավորված ձեւով:
«2025-ի՝ նախընտրական տարի լինելու հանգամանքով պայմանավորված՝ որոշ երկրներ կփորձեն ՀՀ-ի տնտեսական կախվածությունն է՛լ ավելի ընդգծված ու ակնհայտ կերպով օգտագործել իբրեւ քաղաքական ազդեցության, Երեւանի ներքին գործերին միջամտելու եւ հանրային լայն շերտերի վրա ազդելու հնարավորություն։ Ներքին ապակայունացման ու հանրային կարծիքի վրա բացասաբար ազդելու նպատակով տարածաշրջանում սեփական ռազմավարական շահեր սպասարկող դերակատարները կփորձեն ստեղծել արհեստական լոգիստիկ խոչընդոտներ, վարչարարության անտեղի բարդացումներ, պայմանագրային պարտավորությունների կամայական մեկնաբանություններ»,- ասված է զեկույցում։
Դե, իհարկե, խոսքը միանշանակ ՌԴ-ի մասին է, որից Հայաստանը տնտեսական մեծ կախվածություն ունի, եւ Ռուսաստանը, իբր, փորձելու է՝ օգտվելով հանգամանքից, սոցիալական դժգոհություններ հրահրել ու սրել ներքաղաքական իրավիճակը երկրում՝ ընդդեմ իշխանությունների: Զեկույցի մանրամասներին անդրադառնալու առիթ մենք դեռ կունենանք, բայց մինչ այդ քննական մի հայացք ձգենք Հայաստանի վերջին 30 տարվա ներքաղաքական եւ արտաքին քաղաքական անցուդարձի հանգրվանային դրվագներին՝ հասկանալու համար ներկայիս նախընտրական զարգացումների տրամաբանությունը: Դրանք երեքն են:
Առաջին դրվագը 1996-ի նախագահական ընտրություններն են: Այդ ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանն ուզում էր ընտրարշավի ռազմավարությունը կառուցել ՌԴ-ում ավելի վաղ անցկացված ընտրությունների ոգով՝ ժողովրդավարական ուժերի եւ կոմունիստների (կամ ռեւանշիստների) հակադրման տարբերակով: Մրցապայքարի առաջին ճակատում Ելցինն էր՝ որպես ժողովրդավար ուժերի առաջնորդ, մյուսում՝ կոմունիստ Գենադի Զյուգանովը՝ տապալված նախկին համակարգի իր աջակիցներով: ԱՄՆ-ն եւ Եվրոպան, բնականաբար, սատարում էին Ելցինին, եւ Տեր-Պետրոսյանին հենց դա էր գայթակղում, ուստի վերջինիս թիմը ջանք չէր խնայում, որպեսզի Առաջին նախագահի հիմնական մրցակիցը լինի հայ կոմունիստների առաջնորդ Սերգեյ Բադալյանը:
Սակայն Տեր-Պետրոսյանի նախագիծը ինչ-ինչ պատճառներով ձախողվեց, եւ նրա գլխավոր մրցակիցն ընտրություններում դարձավ Վազգեն Մանուկյանը: Ընտրապայքարը փաստացի տեղափոխվեց 88-ի Արցախյան շարժման երկու առաջնորդների մրցահարթակ, եւ Տեր-Պետրոսյանն, ըստ էության, չստացավ Արեւմուտքի աջակցությունը: Տեղի ունեցան դարի ամենախայտառակ ընտրությունները՝ ծեծուջարդ, կրակոցներ, ձերբակալություններ, գրոհ ԱԺ շենքի վրա եւ այլն, այս ամենի մասին լայն հանրությունը քաջատեղյակ է, չարժե մանրամասնել: Հանրային դժգոհությունների ալիք բարձրացավ՝ վերածվելով սոցիալական բունտի եւ ներքաղաքական անկայունության:
Նախքան երկրորդ դրվագին անցնելը՝ կարեւոր մի պարզաբանում մտցնենք, որի մասին քչերը գիտեն: Համապետական ընտրություններին մասնակցող արեւմտյան դիտորդներն իրենց հետ կնիք ունեն, որով հաստատում են (կամ չեն հաստատում) ընտրությունները՝ որպես միջազգային չափանիշներին համապատասխանող: Դիտորդական առաքելության կլոր կնիքով, որին այստեղ ուղղակի «փեչատ» են անվանում, ընտրությունները ճանաչված երկիրը որոշակի առավելություններ էր ստանում՝ վարկերի տրամադրում, միջազգային աջակցության ցուցաբերում, զարգացման հնարավորությունների ընձեռում եւ այլն (մեր դեպքում նաեւ Արցախի խնդիրը կար): 1996-ի ընտրությունների արդյունքները, սակայն, Արեւմուտքը չճանաչեց:
Հիմա գանք երկրորդ դրվագին՝ 2008-ի նախագահական ընտրությունների հետընտրական սրացումներին, որոնք հանգեցրին «Մարտի 1»-ի ողբերգական դեպքերին: Սարգսյան-Տեր-Պետրոսյան ընտրապայքարի սուր դիմակայության հետեւանքները ցավալիորեն ծանր եղան՝ 10 զոհ, մի քանի տասնյակ վիրավորներ, տուժածներ ու կալանավորվածներ: Իսկ Երեւանում արտակարգ դրություն մտցվեց: Բանն այն էր, որ ընդդիմությունը չէր ճանաչում ընտրությունների արդյունքները՝ համարելով կեղծված, իսկ ոստիկանությունը ամբոխի ցասումը զսպելու եւ պատշաճ կարգուկանոն հաստատելու համար կոշտ եղանակների էր անցել ցուցարարների շարքերում սադրանքներ հրահրող կարգազանց խմբերի դեմ: Վերջնարդյունքը եղավ այն, ինչ եղավ:
Չնայած ողբերգական հետեւանքներին, 2008-ի ընտրություններն Արեւմուտքը ճանաչեց իբրեւ միջազգային չափանիշներին համապատասխանող: Սերժ Սարգսյանին հաջողվել էր Արեւմուտքի կողմից օրինակարգություն ստանալ՝ «փեչատի» ուժով: Այն ժամանակ Սերժ Սարգսյանը բավական բարձր հեղինակություն վայելող գործիչ էր: Այդ առնչությամբ մի փոքր դիպված հիշեցի. 2008-ի ընտրություններից մոտավորապես 2 շաբաթ առաջ տողերիս հեղինակը ներկա էր Եվրամիության դեսպանի հետ մի քանի հոգանոց փակ հանդիպմանը, երբ ներկաներից մեկը հարցրեց, թե դուք ինչու չեք աջակցում Տեր-Պետրոսյանին, որն ավելի ժողովրդավար գործիչ է: Եվ դեսպանը բացեիբաց ասաց. «Սարգսյանի հետ մենք պայմանավորվածություններ ունենք»:
Դրանից հետո սկսվեց Թուրքիայի հետ «ֆուտբոլային դիվանագիտության» ոդիսականը, որի շնորհիվ Թուրքիան առաջին քայլն արեց հարավկովկասյան տարածագոտի, ապա առաջարկեց Հայոց ցեղասպանության հարցը թողնել պատմաբաններին՝ ստեղծելով մասնագիտական հանձնաժողով: Այսինքն՝ Ցեղասպանությունը, ըստ էության, կասկածի տակ դրվեց: Դրան էլ հետեւեց ԵՄ-ին Հայաստանի ասոցացման գործընթացը: Սխալվելու չնչին հավանականությամբ՝ կարելի է ենթադրել, որ սրանք այն պայմաններն էին, որ Սերժ Սարգսյանն ընդունել էր Արեւմուտքի կողմից իր իշխանությունը ճանաչելու դիմաց: Իսկ դուք ասում եք՝ Եվրո՜պա, վսեմ արժեհամակա՜րգ, ժողովրդավարությո՜ւն…
Երրորդ դրվագ. սա 2018-ի «թավշյա» կոչված իշխանափոխանցումից մինչեւ մեր օրերն ընկած ժամանակաշրջանն է: Երրորդ դրվագն ամենայուրահատուկն է՝ այն իմաստով, որ առաջին երկուսի ծնունդն է հանդիսանում: Ավելի պարզ ասած՝ առաջին եւ երկրորդ դրվագներն են հետագա փուլերում խթանել երրորդի առաջացումը: Օրինակ՝ 2008-ին ի շահ սեփական իշխանության ճանաչման՝ Արեւմուտքի պայմանների կատարումը ծնեց 2018-ի «թավշյան», ապաեւ՝ հանգեցրեց 44-օրյա պատերազմին, մեր պարտությանը, ինչպեսեւ Հարավային Կովկաս Թուրքիայի մուտքին: Սա չափազանցում չէ՝ չարաբաստիկ «թավշյայով» են պայմանավորված 2018-ից այսկողմ արցախահայությանը եւ Հայաստանին պատուհասած բոլոր մեծ ու փոքր արհավիրքները:
Հիմա ԱԺ առաջիկա արտահերթ, կամ հերթական ընտրություններին ընդառաջ, կարծես թե, Փաշինյանն ընդօրինակում է երկդիմի խաղեր ցուցադրելու՝ Սերժ Սարգսյանի սիրած դիպաշարը, որը երկրի համար վտանգավոր է, իր անձի ու աթոռի համար՝ շահեկան: Այդ խաղի անունն է՝ «Ինչպե՞ս անվնաս խուսանավել Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ»: Գծապատկերը (սխեմա) պարզ է՝ ներքաղաքական դաշտում աջակցում ես արեւմտամետ ուժերին, իսկ լրատվական դաշտում առաջացնում ես կառավարելի հակառուսական տրամադրություններ: Արեւմուտքը տեսնում, զգացվում է, որ նախընտրում ես իրեն հլու արեւմտամետ ընդդիմություն «աճեցնել», իսկ ՌԴ-ին ամեն կերպ վստահեցնում ես, որ եթե չլիներ իշխանության ջանադրությունը, քաղհասարակությունը հակառուսականության «կարմիր գծերը» վաղուց հատած կլիներ:
Այսպիսի կամ մոտավորապես այսպիսի ռազմավարություն է Փաշինյանը մտմտում արտաքին աջակցություն ստանալու համար, որովհետեւ ներսում աննախադեպ մեծ է հանրային ատելությունը ՔՊ կոչվող թյուրիմացության ու անձամբ նրա հիմնադիր-առաջնորդի նկատմամբ: Նա ակնարկում է, որ գերտերությունների շահերը սպասարկելու համար պատրաստ է մինչեւիսկ բռնաճնշումների գնալ: Այս մարդը խոր տագնապների մեջ է՝ վերարտադրվելն իր համար կենացմահու խնդիր է: Բայց դեռ հարց է՝ բանը կհասնի՞ ընտրություններին, թե՞…
Ստեփան Դանիելյան
Գեւորգ Բրուտենց