Երբ լուր տարածվեց, որ ձերբակալված արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը հացադուլ է հայտարարել կալանավայրում, հասկացողը հասկացավ, որ իրավիճակը շատ լուրջ շրջադարձ է ստանում: Հայաստանում քչերը գիտեն, թե ով է Արթուր Օսիպյանը, ուստի ցանկալի է նրանց բացատրել, թե ինչ կարող է նշանակել Նիկոլ Փաշինյանի հետ նրա բախումը: Պատահական չէր, որ Փաշինյանը «պայթեց» փողոցային միջադեպի ժամանակ՝ անսպասելիորեն լսելով, թե ինչպես է Արթուրն արտաբերում խոսքեր, որոնք միայն նա էր հասկանում: Հետագա հիստերիան եւ ձերբակալությունը պարզապես Փաշինյանի «հայտնության» ածանցյալն էին:
Անկասկած՝ գնալով Նիկոլ Փաշինյանն ավելի է խճճվում իր երեւակայությունների սարդոստայնում: Առնվազն նկատելի է, որ նրա համար հետզհետե դժվարանում է դասակարգել որոշ քաղաքացիների, ովքեր համաձայն չեն իր հետ, որպես «իրական Հայաստանի եւ խաղաղության թշնամիներ»: Բանն այն է, որ թշնամիներ գտնելու՝ «ղարաբաղյան կլան», «նախկիններ», «ՊԱԿ գործակալներ» կամ, ավելի պարզ ասած, «կոռումպացված ռուս գործակալներ», պարզ քարոզչական սխեման սկսում է խափանվել:
Պատահեց այնպես, որ այս անգամ ճակատագիրը Փաշինյանին դեմ առ դեմ բերեց մի անձի, որը չէր կարող տեղավորվել հիշյալ սխեմայի մեջ: Արդյունքում Արթուր Օսիպյանը հրապարակավ մեղադրեց Փաշինյանին, որ Հայաստանի վարչապետ ընտրվելուց ի վեր նա ընտրել է Արցախում «ղարաբաղյան կլանի» հետ համագործակցությունը, որն ուղեկցվել է լայնածավալ ֆինանսական խարդախությամբ եւ հակապետական գործունեությամբ։
Փաշինյանին մեղադրեցին Արցախի ժողովրդի եւ նրա կոռումպացված էլիտայի միջեւ անձամբ ընտրություն կատարելու մեջ՝ կանխելով իշխանությունից վերջինիս հեռացումը 2020 թվականի համապետական ընտրությունների ժամանակ: Սա մասամբ արվել էր Արայիկ Հարությունյանի գլխավորած՝ Արցախի կոռումպացված էլիտային տրամադրված զանգվածային ֆինանսական աջակցության միջոցով։
Բնական է, որ Փաշինյանը կորցրեց ինքնատիրապետումը եւ հոգու խորքից պոռթկաց, թե՝ «ինչո՞ւ չմահացար պատերազմում»։ Եվ դա բոլորին, կարծես թե, հասկացրեց, որ Արթուր Օսիպյանի ձերբակալությունը սովորական երեւույթ չէ։ Սա փորձ էր հաշիվ մաքրելու այն մարդու հետ, ով համարձակվել էր բացահայտել ՀՀ վարչապետի քաղաքականության գաղտնիքը, որով դրվեց Արցախի հետագա ոչնչացման հիմքը։ Այստեղ արժե քննարկել իրավիճակի որոշ նրբություններ։
Ինքս անձամբ ականատես եմ եղել եւ մասնակցել եմ 2020-2022 թթ. Արցախում տեղի ունեցած բազմաթիվ իրադարձությունների՝ մասնավորապես 2020-ի համապետական ընտրություններին։ Իրավիճակի հեգնանքն այն է, որ իմ նկատմամբ քրեական մեղադրանք էր առաջադրել նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը՝ համարելով, որ ես իմ վերլուծական հոդվածներով վարկաբեկում եմ իրեն։ Եվ նույն կերպ, այս ամբողջ հետապնդումն ու դատավարությունը ուղեկցվում էին «սորոսականների» եւ Արցախի թշնամիների մասին քարոզչական կարգախոսներով։ Իհարկե, ես չհաշտվեցի այս անարգանքի հետ եւ պայքարեցի այնքան, որքան կարող էի։ Այնուհետեւ Արայիկը ժամանակին հանձնվեց եւ ետ վերցրեց իր հայցը։ Այսպիսով՝ այս աշխարհում ոչ մի նոր բան չկա։ Հենց այդ ժամանակվանից է, որ ես մոտիկից ծանոթացա Արթուր Օսիպյանի հետ եւ լավ եմ ճանաչում նրան՝ որպես հասարակական եւ քաղաքական գործիչ։
Հետեւաբար, կարող եմ ինձ թույլ տալ քննարկել Արթուր Օսիպյանի այսօրվա վիճակի լրջությունը։ Եվ որպեսզի այն լինի հակիրճ եւ բավականաչափ ազդու, կփորձեմ դա անել հնարավորինս պարզեցված։ Քանի որ Արթուրը քիչ է հայտնի հայ հանրությանը, կուզեի նրան համեմատել հետխորհրդային տարածքում ավելի հայտնի գործչի՝ Ալեքսեյ Նավալնիի հետ։ Ինչպես այդ ռուս գործիչը, որ ողբերգականորեն մահացավ բանտում, Օսիպյանը նույնպես իր գործունեությունը սկսեց Արցախում՝ պայքարելով համակարգային կոռուպցիայի դեմ եւ դառնալով իշխանությունների դեմ զանգվածային բողոքի ցույցերի ու պետական հանցագործությունների համակարգված հետաքննությունների կազմակերպման ռահվիրա։
Ռուսաստանի իշխանությունները խիստ են վարվել իրենց համակարգային թշնամու՝ Նավալնիի հետ։ Ռուսաստանի եւ Հայաստանի ծավալները, անշուշտ, տարբեր են։ Բայց դա չի նշանակում, որ քաղաքական էլիտաների հնարքները եւ բարոյականությունը մեծապես տարբերվում են։ Շատերը կարող են հիմա ասել, որ մենք հեղափոխություն ենք իրականացրել եւ ազատվել նման բարոյականությունից՝ մենք կառուցում ենք ժողովրդավարություն եւ խաղաղություն։ Նրանք կարող են դա ասել, բայց ոչ բոլորն են հասկանում, որ ժողովրդավարությունն ու խաղաղությունը համակարգային երեւույթներ են, որոնք պահանջում են մեծ համառություն, ինքնատիրապետում եւ ինքնազոհաբերություն։
Մենք պետք է սովորենք լսել տարբեր կարծիքներ՝ այստեղից է սկսվում ժողովրդավարության ճանապարհը։ Եվ ամենակարեւորը՝ սովորենք ճանաչել այն մարդկանց, որոնց հետ գործ ունենք։ Սա առաջին հերթին վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, որը կրկին ձգտում է դառնալ Հայաստանի վարչապետ։ Արթուր Օսիպյանը, ով ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի մաթեմատիկայի ասպիրանտուրան եւ դասախոս էր Արցախի պետական համալսարանում, սկսեց ցուցադրել իրեն Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում կոռուպցիայի դեմ պայքարի ակտիվիզմով։ ԱՀ ժողովրդի՝ նման ազատությունների անսովոր լինելու հանգամանքով պայմանավորված՝ իշխանությունները նրան շատ արագ ազատեցին պաշտոնից եւ բանտարկեցին Շուշիում, որտեղ նա անցկացրեց մի քանի ամիս։
Բանտից հարկադիր ազատ արձակվելուց հետո Արթուրը շարունակեց իր գործունեությունը։ 2018 թվականին Հայաստանում իշխանափոխությունից հետո նա ստեղծեց կուսակցություն եւ սկսեց Արցախի կոռումպացված իշխող վերնախավի տապալման ուղին։ Նրա կուսակցությունը մասնակցեց 2020 թվականի Արցախում կայացած ընտրություններին։ Արթուրը ԱՀ-ում միակ քաղաքական գործիչն էր, որը հրապարակավ կոչ արեց Նիկոլ Փաշինյանին դադարեցնել կոռումպացված վերնախավին աջակցելը։ Արցախի իշխանությունները պետք է ապահովեին Հայաստանի կողմից Արցախին տրամադրվող ֆինանսական օգնության վերաբերյալ հանրային հաշվետվողականությունը։
Հարկ է նաեւ նշել, որ 2020թ. պատերազմի ժամանակ (ավելի վաղ՝ 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ նույնպես) նա իր կյանքի ամեն վայրկյանն անցկացրել է խրամատներում։ Հրամանատարությունը նրան սերժանտի կոչում էր շնորհել իր բացառիկ ռազմական գործունեության համար։ Պատերազմից հետո Արթուր Օսիպյանը գլխավորեց հանրային նախաձեռնություն՝ Հադրութից եւ Շուշիից արտաքսված Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին գեներալների եւ կոռումպացված պաշտոնյաների առանձնատներում տեղավորելու համար։
Արցախի պաշարումից հետո Արթուրն Արցախում միակ ակտիվիստն էր, որ ռուս խաղաղապահների թույլտվությամբ շարժում սկսեց՝ ստիպելու համար ռուսական զորքերին կատարել իրենց պարտականությունները։ Նա պահանջեց (այդ թվում՝ ռուսական ռազմական շտաբը շրջափակելով), որ նրանք բացեն Լաչինի ճանապարհը, այլ ոչ թե փող աշխատեն՝ անօրինական կերպով սննդամթերք մատակարարելով Արցախի ժողովրդին։ Ավելին՝ Արթուրն այն գործիչներից մեկն էր, որը կոչ արեց Արցախի ժողովրդին զանգվածային հանրահավաքների միջոցով ստիպել ԼՂ իշխանություններին՝ պաշտպանել իրենց շահերը։ Մասնավորապես՝ կոչ արեց Արցախի եւ Հայաստանի հանրությանը՝ փակել կամուրջը, որտեղ ադրբեջանական զորքերը դիրք էին հիմնել եւ ստիպել թշնամուն բացել կամուրջը դեպի Հայաստան։ Նա այնպիսի գործիչ էր, որը ոչինչ չգիտեր «հանձնվել» հասկացության մասին։ Եվ սրտում մեծ տխրությամբ նա վերջիններից մեկն էր, ով լքեց Արցախը։
Պետք է ասել, որ 2020թ. նոյեմբերի 9-ի հրադադարից հետո ողջ ժամանակահատվածում Արցախի իշխանություններն ամեն կերպ փորձել են վարկաբեկել Արթուրին՝ նրան պիտակավորելով հայ հասարակությանը չափազանց ծանոթ տարբեր կլիշեներով, ինչպիսիք են՝ «սորոսական», «հակառուս» եւ նույնիսկ «նիկոլական»։ Վերջին հանգամանքը թվում է չափազանց ծիծաղելի։ Եվ հիմա Հայաստանում պարզ է, որ Արթուր Օսիպյանը հարձակման է ենթարկվում ինչպես Հայաստանի իշխանությունների, այնպես էլ նրանց «կատաղի թշնամիների»՝ Արցախի քաղաքական վերնախավի կողմից։
Ընդհանուր առմամբ՝ Հայաստանի իշխանությունները պետք է ավելի լուրջ վերաբերվեն Օսիպյանի հետ կապված իրավիճակին։ Հակառակ դեպքում Հայաստանի վարչապետն ավելի կխճճվի իր երեւակայությունների բավիղներում՝ ստիպված լինելով հետեւել իր դաշնակից Պուտինի ճանապարհին։ Այդ դեպքում բոլոր հայ արեւմտամետ ժողովրդավարների մոտ կսպառվեն գաղափարները։
Մանվել Սարգսյան

