Հայկական քաղաքակրթության առանձնահատկությունները քննելիս անհրաժեշտ է առանձին անդրադառնալ նրա պաշտպանական ռազմավարությանը, որը դարերի ընթացքում ձեւավորվել, կատարելագործվել եւ, ի վերջո, կազմակերպվածության բարձր աստիճանի էր հասել։ Թեեւ ռազմավարական ծրագրավորման արդի տեսությունների տեսանկյունից դրա առանձին բաղադրիչներ կարող են գնահատվել որպես խոցելի կամ սահմանափակ արդյունավետություն ունեցող, այն լիովին համապատասխանում էր Հայկական լեռնաշխարհի աշխարհագրական, քաղաքական եւ քաղաքակրթական իրողություններին։ Հենց այդ ռազմավարությունն էր, որ հազարամյակների ընթացքում դարձավ հայ ժողովրդի կենսագործունեության, պետականության պահպանման եւ ազգային ինքնության շարունակականության հիմնական հենասյուներից մեկը։
Մեծ Հայքի պաշտպանական ռազմավարությունը բխում էր հայ ժողովրդի բազմադարյա պատմության ընթացքում ձեւավորված կենսաձեւից եւ քաղաքակրթական զարգացման առանձնահատկություններից։ Հայկական լեռնաշխարհում հազարամյակների ընթացքում ձեւավորվել են տասնյակ պետական կազմավորումներ, որոնք ծաղկել ու զարգացել են նստակյաց բնակչության ինքնակազմակերպման բարձր մակարդակի հիման վրա։ Դրանց անկումը, որպես կանոն, պայմանավորված է եղել արտաքին ներխուժումներով, որոնք հիմնականում իրականացվել են երկու տարբեր տիպի ուժերի կողմից՝ կայսրությունների կամ քոչվոր կենսակերպ ունեցող հանրությունների։
Առաջին դեպքում լավ կազմակերպված, կարգապահ եւ կենտրոնացված կայսերական համակարգերն առանձին ժամանակահատվածներում կարողացել են ռազմական գերազանցության շնորհիվ ծնկի բերել Հայկական լեռնաշխարհում ձեւավորված պետական կազմավորումները։ Երկրորդ դեպքում քոչվոր ցեղային միավորումները հաջողության են հասել բարձր շարժունակության եւ նվաճումների ընթացքում կիրառվող համատարած ավերածությունների միջոցով, որոնք ոչնչացնում էին նստակյաց հանրությունների տնտեսական եւ կառավարչական ենթակառուցվածքները։ Սակայն դրանք այն բացառիկ իրավիճակներն էին, երբ հայկական պետական կազմավորումները ժամանակավորապես դուրս էին մղվում պատմական գործընթացներից։
Մնացած բոլոր ժամանակաշրջաններում հայկական պետական համակարգերը, ինչպիսիք էին Վանի թագավորությունը, Մեծ Հայքը, Փոքր Հայքը, Ծոփքը եւ այլ կազմավորումներ, կարողանում էին պահպանել իրենց տեղն ու նշանակությունը Մերձավոր Արեւելքի քաղաքական համակարգում եւ ազդել տարածաշրջանային գործընթացների վրա։ Այդ կենսունակության հիմքում ընկած էին հայ հանրության ինքնակազմակերպման բարձր նշաձողը, քաղաքական ինքնագիտակցության կայացած համակարգը, սեփական ինքնության լիարժեք ձեւավորված ընկալումը եւ պաշտպանական կարողությունների շարունակական կատարելագործումը։
Հենց այդ պատճառով հազարամյակների ընթացքում նույն քաղաքակրթական հիմքի, կայուն կենսաձեւի, ավանդույթների շարունակականության, Հայկական լեռնաշխարհում հայերենի գերիշխող դիրքի, ինչպես նաեւ տարբեր էթնիկ ծագում ունեցող ցեղախմբերի աստիճանական սերտաճման շնորհիվ ձեւավորվեց հայկական քաղաքակրթությունը։ Այդ ինտեգրումը վերաբերում էր նաեւ այն ցեղերին (կիմերներ, սկյութներ, մարեր եւ այլն), որոնք տարբեր ժամանակներում՝ որպես քոչվորներ, ներխուժել էին Հայկական լեռնաշխարհ եւ երբեմն նույնիսկ տիրացել դրա առանձին հատվածներին, սակայն ժամանակի ընթացքում կորցրել էին իրենց քաղաքական գերիշխանությունը եւ հարմարվել լեռնաշխարհի բնական, տնտեսական ու մշակութային պայմաններին։
Արդյունքում հայկական քաղաքակրթությունը բոլոր ժամանակներում Մերձավոր Արեւելքում ընկալվել է որպես ինքնուրույն եւ յուրահատուկ քաղաքակրթական միավոր։ Եթե փորձենք բացահայտել այդ քաղաքակրթության միջուկը, ապա պարզ կդառնա, որ այն չի սահմանափակվում մեկ քաղաքական կենտրոնով կամ մեկ աշխարհագրական տարածքով, թեեւ այդ կենտրոններից մեկը տարբեր ժամանակներում ունեցել է գերակշռող նշանակություն։ Հայկական քաղաքակրթական միջուկը կազմավորվել է երեք հիմնական տարածական միավորների շուրջ՝ Արարատյան դաշտում, Վանի ավազանում եւ Մշո դաշտում։
Հենց այս տարածաշրջանների միասնությունն է ապահովել հայկական պետականության եւ հայկականության ձեւավորումն ու շարունակական վերարտադրությունը հազարամյակների ընթացքում։ Արարատյան դաշտը, շնորհիվ իր մեծ տարածքի եւ տնտեսական առավել հարուստ ներուժի, շատ դեպքերում դարձել է այդ համակարգի գլխավոր կենտրոնը։ Միեւնույն ժամանակ Հայկական լեռնաշխարհի մյուս աշխարհներն ու գավառները մշտապես ներգրավված են եղել այս քաղաքակրթական միջուկում զարգացող գործընթացների մեջ՝ հանդես գալով որպես այն ամրապնդող եւ լրացնող քաղաքական միավորներ, որոնք ամբողջական էին դարձնում Հայոց պետական կառուցվածքը։
Այս քաղաքակրթական առանձնահատկություններից էլ բխում էին հայկական պաշտպանական ռազմավարության հիմնարար սկզբունքները։ Հայկական քաղաքական համակարգի հիմքում ընկած էր բացառիկ կայուն նստակեցությունը, որի բնականոն ընթացքը խախտվում էր միայն արտաքին կայսերական կամ քոչվոր ներխուժումների հետեւանքով։ Նստակյաց կենսակերպը, քաղաքական ինքնագիտակցությունը եւ անվտանգության կազմակերպման կայացած ձեւերը հնարավորություն էին տալիս ոչ միայն դիմակայել արտաքին սպառնալիքներին, այլեւ պետականության ժամանակավոր կորստից հետո նույնիսկ վերականգնել անկախությունը՝ հենվելով լեռնաշխարհի բնական պայմանների գերազանց իմացության, աշխարհագրական առանձնահատկությունների եւ ներխուժած ուժերին աստիճանաբար դուրս մղելու կամ տեղային միջավայրին ադապտացնելու կարողության վրա։
Միեւնույն ժամանակ այդ համակարգն իր բնույթով զուրկ էր էքսպանսիոնիստական տրամաբանությունից։ Սա հայկական քաղաքակրթության ամենատիպական գծերից էր։ Հայկական պետականությունն իր ամբողջ պատմության ընթացքում գրեթե երբեք չի ձգտել Հայկական լեռնաշխարհից դուրս կայուն տարածքային ընդարձակման։ Այդ հանգամանքը պայմանավորված էր ոչ միայն աշխարհագրական գործոններով, այլեւ քաղաքական մտածողության յուրահատկություններով։
(շարունակությունը՝ հաջորդիվ)
Սարո Սարոյան

