1996 թվականի փետրվարի 6-ին, երբ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ձեւավորվեց Սահմանադրական դատարանի առաջին կազմը՝ Գագիկ Հարությունյանի նախագահությամբ, Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն Ազգային ժողովի փետրվարի 6-ի նիստի իր ելույթում ընդգծեց. «Սահմանադրական դատարանի կազմավորումը կարեւորագույն քայլ է իրավական պետության ճանապարհին: Սա այն օղակն է, ուր քաղաքական կրքերը պետք է ստանան իրավական լուծում»:
Սակայն նույն թվականի սեպտեմբերին նախագահական ընտրությունների արդյունքների վիճարկումից մինչեւ 2026-ի հունիսյան վիճարկումներ՝ 30 տարի շարունակ, ՍԴ-ն երբեւէ չի իրականացրել սահմանադրական արդարադատություն, ավելին՝ ուղղակի ոտնահարել է այն՝ կատարելով նախկին եւ ներկա իշխանությունների քաղաքական պատվերները։
…2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ ես ընտրագրավի իրավաչափության վիճարկման հարցով դիմել էի Սահմանադրական դատարան եւ տեսել եմ, թե ինչպես էին ընդմիջումից վերադարձած ՍԴ դատավորներն անտարբեր, ատամների արանքում մնացած ուտելիքի մնացորդները քչփորելով նիստ անցկացնում եւ որոշում ընդունում։ Ես լուսաբանել եմ ընտրությունների արդյունքների վիճարկման բազմաթիվ նիստեր, տեսել եմ, թե ինչպես են անկհայտ ու աղաղակող ընտրակեղծիքներն անտեսվում եւ ինչպես է ՍԴ-ն դակում գործադիր իշխանության քաղաքական որոշումները։
Բարձր դատարանի՝ անգամ չքմեղ ձեւացող որոշումները չէին կատարվում: Օրինակ՝ 2003 թվականին ՍԴ-ն առաջարկեց ընտրություններից մեկ տարի անց վստահության հանրաքվե անցկացնել, որը ոչ մի իրավական հետեւանք չէր կարող ունենալ ընտրությունների արդյունքները կեղծած Ռոբերտ Քոչարյանի համար, սակայն այդ հանրաքվեն էլ չկայացավ։
Ինչպես երեկ, այնպես էլ այսօր Սահմանադրական դատարանն իրականացրել եւ իրականացնում է գործադիր իշխանության քաղաքական պատվերը: Հետեւություն՝ ՍԴ-ն եղել եւ մնում է գործադիր իշխանության կցորդը։
ՀՀ իշխանությունները Սահմանադրական դատարանը հենց այդպես էլ ընկալում են՝ որպես կցորդ, այլ ոչ թե սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմին։ Եվ ՍԴ դատավորները դարձել են ոչ թե արդարադատության մունետիկներ, այլ վերածվել են իշխանության կամակատարների։
Լեւոն Տեր-Պետրոսյանի կանխատեսումը չիրականացավ. քաղաքական կրքերը Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանում իրավական լուծում երբեւէ չստացան, դրա համար էլ այդ կրքերը տեղափոխվում էին եւ են փողոցներ ու հրապարակներ։
2018 թվականին Սահմանադրությունը փոխելով՝ Սերժ Սարգսյանը, որպես հակազդեցություն, ստացավ «փողոցի շարժումը»։ Եվ 2018-ի հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն արդեն վարչապետի պաշտոնում՝ օգտվելով Սարգսյանի՝ հանրության կողմից մերժված Սահմանադրության վերառաջադրման ժամկետի արգելքի չեղարկումից, ձգտելու է այնպիսի Սահմանադրության նախագիծ հանրաքվեի դնել, որ իշխանության բոլոր ճյուղերի յուրացումն իր կողմից իրավական լուծում ստանա։
Ոչինչ նոր չէ այս լուսնի տակ, բոլոր բռնապետությունների եւ բռնապետների ձգտումները նույնն են, տարբեր են միայն արդյունքներն ու հետեւանքները։
Նարինե Մկրտչյան

