Վերջին խորհրդարանական ընտրությունները քիչ բան փոխեցին ՀՀ քաղաքական համակարգում. խորհրդարանում կրկին հաստատվեց «նորի ու հնի» միջեւ դիմակայության ձանձրալի «սեւ-սպիտակ» մոդելը: Ճիշտ է, որոշ գործիչներ փորձում են այս ընտրություններում տեսնել Հայաստանի համար ինքնիշխանության եւ ժողովրդավարության ուղղությամբ եւս մեկ «ցատկ»: Այն իմաստով, որ Հայաստանի պետական համակարգի նկատմամբ վերահսկողությունը պահպանելու՝ Ռուսաստանի փորձերը հաղթահարվել են: Արդյո՞ք սա ճիշտ է, թե՝ ոչ, շուտով պարզ կդառնա։
Այժմ կուզենայի համառոտակի քննարկել ինքնիշխանության եւ ժողովրդավարության վերաբերյալ Հայաստանի քաղաքական շրջանակներում տարածված ընկալումը: Նախ՝ անդրադառնանք այն թյուր կարծիքին, թե Ռուսաստանից Պուտինի հեռանալն ինքնին պայմաններ կստեղծի Հայաստանի՝ ժողովրդավարական պետություն դառնալուն: Միտքը, թե ձեռք բերված ազգային ինքնիշխանությունը կարող է վերածվել ավելի զարմանալի բանի, քան նախկինում էր, բացարձակապես անհեթեթ է թվում: Այն ինքնիշխանությունը, որն ազգային իշխանությունները կարող է դիտարկել որպես երկիրն ասիական «զնդանի» վերածելու հնարավորություն ցանկացած քաղաքացու համար, ով ավելորդ հարցեր է տալիս, շատերի մտքով չի անցնում:
Կարծիք կա, որ «սրանից ավելի վատ չի կարող լինել»: Բայց ապարդյուն. ազգային ինքնիշխանության սխալ պատկերացումը միշտ հակված է պետության թշնամիներ փնտրելու ցանկացած անհարմար անհատի տեսքով: Եվ հետո նրանց միշտ կարելի է անվանել «ինքնիշխանության եւ ժողովրդավարության թշնամիներ»: Բոլորին կարելի է խմբավորել մի կեղծ սանդղակով, իսկ ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները՝ մի փոքր կողմ դնել: Սա, հավանաբար, չի խանգարի Եվրամիությանը միանալու հայտարարված ուղղությանը։ Սակայն հարց է առաջանում. արդյո՞ք դա իսկապես չի խանգարի: Բավարա՞ր է արդյոք Ռուսաստանից հեռու մնալը։
Հիշում եմ՝ տասնհինգ տարի առաջ մի ֆորումում եվրոպացի դեսպաններից մեկը հայ մասնակիցներին պարզ ճշմարտություն ասաց. «Դուք բոլորդ խոսում եք Եվրոպայի մաս կազմելու ձեր ցանկության մասին, բայց արդյո՞ք գիտեք, թե ինչ է եվրոպական մշակույթը»: Եվ բացատրեց. եթե ուզում եք դառնալ Եվրոպայի մաս, սովորեք միասին քննարկել ընդհանուր խնդիրներ՝ հարգելով բոլորի կարծիքը, ներկայացնել առաջարկներ, համաձայնության գալ, ընտրել առկա առաջարկներից, համատեղ որոշումներ կայացնել, պարտավորվել դրանք կենսագործել եւ հաշվետու լինել բոլորի առջեւ:
Ու եզրակացրեց. «Սա է Եվրոպան: Կարո՞ղ եք դա անել Հայաստանում: Ես տեսնում եմ, որ դեռ չեք կարող: Այնպես որ, սովորեք: Առանց դրա դուք երբեք Եվրոպա չեք հասնի: Ցավոք»։ Մարդը պարզ հասկացրեց, որ Եվրոպա գնալու համար հայերը դեռ շատ հաց ու պանիր պիտի ուտեն:
Հասկանալի է, որ որոշեցի գրել այս հոդվածը՝ հաշվի առնելով փաստը, որ այսօր մեկ հայ մարդ, որը որոշել էր օգտվել Հայաստանի վարչապետի թեկնածուին ազատորեն հարցեր տալու իր իրավունքից, ստիպված էր պաշտպանել իր արժանապատվությունը Հայաստանի «զնդաններից» մեկում քսաներեք օր հացադուլ անելու գնով։ Խոսքս, անշուշտ, Արթուր Օսիպյանի մասին է։ Ի՞նչ պետք է պատահի նրա հետ, որպեսզի մարդիկ հասկանան, թե ուր է գնում Հայաստանը։
Ուրիշ ի՞նչ կարելի է ակնկալել երրորդ վարչապետության համար կենացմահու կռիվ տվող մարդուց, որի համար կա միայն մեկ ճշմարտություն՝ անձնապես իրենը։ Եվ մեկ իրավունք՝ դարձյալ իրենը։ Խոսքս գիտեք ում մասին է։ Իմ կարծիքով, սա երկար-բարակ բացատրելու կարիք չունի. հստակ կարող ենք ակնկալել ոչ թե երթ դեպի Եվրոպա, այլ կողմնորոշում դեպի Հայաստանը շրջապատող բռնապետեր եւ ուղղություն դեպի Հայաստանը «մեծ զնդանի» վերածելու կողմը։
Մանվել Սարգսյան

