26.11.2024

Аналитика

Իշխանափոխության հանրային պահանջին սպասելիս…

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Որեւէ հրատապ օրակարգի նկատմամբ հանրային պահանջի առկայության որոշումը բավական դժվար եւ վիճահարույց է: Չկա հանրային պահանջի չափման հստակ տեխնոլոգիա, իսկ «աչքաչափով» որոշելը հակագիտական մոտեցում է: Փոքրիշատե ճշգրիտ միակ ծանրաչափը սոցիոլոգիական հարցումներն են, ավելի մեծ կտրվածքով` ընտրությունները: Բայց սոցիոլոգիական հետազոտության պարագայում` կախված այն նախաձեռնող անհատի կամ կառույցի քաղաքացիական բարեխղճությունից, գրեթե միշտ արդյունքների հավաստիությունը տարակարծությունների տեղիք է տալիս: Նույն կասկածներն ի հայտ են գալիս նաեւ ընտրությունների արդյունքների նկատմամբ, քանի որ Հայաստանում տարիներ շարունակ ընտրությունները կեղծվում էին` կասկածի տակ դնելով նորընտիր իշխանության օրինակարգությունը: 2018-ի խորհրդարանական ու Երեւանի ավագանու նույն տարվա ընտրությունները, թերեւս, բացառություն էին:

Պետք է ընդունել, որ վերջին այդ ընտրությունների հանգամանքը մի փոքր այլ է` ստի ու կեղծիքների, անարդարությունների ու սոցիալական բեւեռվածության կեղեքիչ բեռը տակավին չթոթափած, մեծ հիասթափություններ ապրած ժողովուրդը հավատաց կամ, ուղղակի, շատ էր ուզում հավատալ «ուսապարկով մարդու» բարձրագոչ խոստումներին եւ ամբոխահաճո հռետորաբանությանը: Հավատաց, կանգնեց նրա կողքին, իսկ ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ իր քվեն` որպես վստահության առհավատչյա, տվեց «թավշյա հեղափոխականներին»: Ժամանակի մթնոլորտը հագեցած էր ժողովրդի հաղթանակի եւ պաթոսի ամենավառ գույներով, չկար թերահավատության ոչ մի նշույլ: Ընտրությունների ելքը կասկած չէր հարուցում, հետեւաբար ընտրակեղծարարության դիմելու իմաստ չկար: Անհնարին թվացող հաղթության, համախմբվածության բարիքի համը քիմքին հաճելիորեն զգացող հասարակությունը, ցավոք, խոր մոլորության մեջ էր:

Անցած երկու-երկուսուկես տարում մարդկանց կյանքում ոչինչ չփոխվեց դեպի լավը, փոխարենը շատ բան փոխվեց նրանց գիտակցականում եւ, ամենից առաջ, ձեւավորվեց համոզմունք, որ «ուսապարկով մարդը» եւ նրա թիմը չունեն ֆիզիկական եւ, առավելեւս, մտավոր այն ներուժը, որն անհրաժեշտ է երկրում բարեփոխումներ իրականացնելու համար: Այդպիսով` շատ արագ պարզվեց եւ հետեւողականորեն ամրապնդվեց մի պարզ ճշմարտություն` «թագավորը մերկ է»: Փաշինյանական կադրերն անարդար ու անարդյունավետ կառավարողներ դուրս եկան: Հետեւանքը եղավ այն, որ երկու տարվա մեջ ձախողվեցին մի շարք կարեւոր ոլորտներ` կորոնավիրուսի դեմ պայքարը, սոցիալ-տնտեսական, արդյունաբերական, գիտակրթական ու մշակութային համակարգերը, զրոյացվեցին Արցախի կարգավորման գործընթացում ձեռք բերված որոշակի բնագծերը, խաթարվեցին արտաքին քաղաքական հարաբերությունները, ներհասարակական համերաշխությունը, մեր ազգային ավանդույթներն ու հոգեւոր արժեքները, խոսքի եւ գործի ներդաշնակությունը:

Իրավիճակը շտկելու ոչ մի ծրագիր, հայեցակարգ կամ ռազմավարություն չունեցող ապաշնորհ կառավարողների ձեռքին մեր պետությունն այսօր հիշեցնում է փոթորկոտ օվկիանոսի ամեհի ալիքներին հանձնված` անղեկ, անդրոշ ու անառագաստ մի նավ, որն ուր-որ է` կուլ կգնա խոլ տարերքին: Միակ բանը, որ այս երկրում, ի հեճուկս բոլոր վտանգների, սրբորեն պահպանվում է, պետական պաշտոնյաներին կանոնավորապես բաժանվող պարգեւավճարներն են, ինչը շատերի կողմից իրավացիորեն բնութագրվում է որպես օրինականացված կաշառք: Այս «սրբազնացած» գործին ոչինչ չեն կարող խանգարել` ոչ կորոնավիրուսն ու աճող արտաքին պարտքերը, ոչ էլ մեծ չափերի հասած գործազրկությունն ու աղքատությունը: Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանի կարծիքով` «Արցախի հարցում պարտվողական քաղաքականության դրսեւորումը, ազգային-հոգեւոր արժեքների ոտնահարումը «լիարժեքորեն բավարար են, որ ՀՀ քաղաքացիները մերժեն Նիկոլ Փաշինյանին»:

Առաջին հարցը, որ կարող է ծագել վերը հպանցիկ նկարագրված իրավիճակի հենքին, հետեւյալն է. կա՞ արդյոք Հայաստանում իշխանափոխության հանրային պահանջ: Անշուշտ, դժվար է միանշանակ պատասխանել այս հարցին, սակայն մեր ձեռքի տակ եղած գործիքակազմի` սոցիոլոգիական ամենաթարմ հարցումների, ինչպեսեւ խնդրին տիրապետող փորձագետների, քաղաքական վերլուծաբանների դիտարկումների հիման վրա կարելի է որոշակի եզրակացությունների հանգել: Նիկոլ Փաշինյանի վարկանիշը, ընդհանուր առմամբ, գնալով ընկնում է, ինչի վկայությունը «ներքին օգտագործման համար» տարբեր կառույցների կողմից պարբերաբար անցկացվող սոցիոլոգիական հարցումներն են: Մամուլի տեղեկությամբ` վերջերս Փաշինյանի վարկանիշի հետ կապված այդպիսի հարցումներ են անցկացրել ԱՄՆ դեսպանատունը, ԱԱԾ-ն եւ ընդդիմադիր ուժերից մեկը։ Բոլոր երեք հարցումների տվյալները, որոնք գրեթե նույնական են, «Իմ քայլի» համար խիստ հիասթափեցնող են` վարչապետի վարկանիշը պատմական հակառեկորդ է սահմանել` հասնելով 17,2%-ի:

Թեմայի անդրադարձում ԶԼՄ-ներն ընդգծում են, որ այս փաստը լուրջ խմորումների պատճառ է դարձել: «Մասնավորաբար` ԱԱԾ-ում եւ ուժային այլ կառույցներում լրջորեն նվազել է «գնացող» Փաշինյանի քմահաճույքները կատարելու էներգիան, ամերիկյան կողմը «նոր ղեկավարով նոր սցենարի» փնտրտուքի մեջ է, իսկ ընդդիմադիր ուժերը նոր թափ են հաղորդում իրենց գործողություններին, այդ թվում` հանրահավաքի տեսքով»,- իր մեկնաբանության մեջ գրում է «Փաստ» թերթը: Հայտնի են դեպքեր, երբ նախարարներն անտեսել, չեն կատարել վարչապետի հանձնարարությունները: «Մեկ Հայաստան» կուսակցության առաջնորդ Արթուր Ղազինյանն ընդունում է, որ այս պահին ՀՀ-ում կա քաղաքական խոր ճգնաժամ, սակայն, ըստ նրա, չի նշանակում, որ դա անպայման հանգեցնելու է արտահերթ ընտրությունների: «Փաշինյանի վարկանիշի անկումը դեռ չի նշանակում, որ մյուսներինը բարձրանում է։ Իսկ կա՞ քաղաքական ուժ, որը կստանձնի Փաշինյանի ընկած վարկանիշը վերցնելու գործը»,- նշում է քաղաքական գործիչը։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի «ընկած վարկանիշը վերցնելուն», այսինքն` պատասխանատվություն ստանձնելու պատրաստ քաղաքական ուժի առկայությանը, ապա հարկ է նկատել, որ այսօրվա դրությամբ արդեն մի քանի ընդդիմադիր բեւեռ է ուրվագծվում: Նրանցից ամենահեռանկարայինը Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունն է` ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի հետ միասին: Եռյակը համատեղ ծրագրեր է իրականացնում, որոնցից է նաեւ հոկտեմբերի 8-ին հրավիրված համահայկական հանրահավաքը, սակայն գլխավորապես հանդես է գալիս առանձին-առանձին` թեպետ ակնհայտ է, որ ռեսուրսներն ու հնարավորությունները մեկտեղելու պարագայում քաղաքական պայքարն ավելի արդյունավետ կլիներ: Երկրորդ բեւեռը, որը տակավին ձեւավորված չէ, Ռոբերտ Քոչարյանն է, ով արդեն քաղաքականություն վերադառնալու հայտ է ներկայացրել` հավելելով, որ պատրաստ է գործակցել քաղաքական այլ ուժերի հետ: Երրորդ բեւեռը ռեւանշի ձգտող ՀՀԿ-ն է` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Վերջինիս միանալու հավանականության առումով շրջանառվում է փեսա Միքայել Մինասյանի անունը` երիտասարդ համախոհներից բաղկացած իր «ենթաբեւեռով»:

Վերոհիշյալ միավորներն այսօր ակտիվ գործունեություն են ծավալում` պարբերաբար հանդես են գալիս ասուլիսներով, հարցազրույցներով ու հայտարարություններով, հեռավար եւ առկա հանդիպումներ են անցկացնում թիմակիցների ու աջակիցների, քաղաքական գործիչների, հայտնի դեմքերի, երիտասարդների, քաղաքագետների եւ հասարակության այլ շերտերի հետ: Ընդդիմադիր դաշտում հարմար տեղավորվելու փորձեր են անում նորահայտ մի շարք քաղաքական ուժեր` «Ազգային օրակարգ», «Ռեֆորմիստներ», «Մեկ Հայաստան», «Հանուն սոցիալական արդարության» եւ այլք: Քաղտեխնոլոգների համոզմամբ` հիմնական հարցը, որը կարող է միավորել այս ուժերին, գործող կառավարության հեռացման ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման պահանջն է: Ակնհայտ է, որ ներկայիս ընդդիմադիր դաշտը` չհաշված խորհրդարանական ընդդիմությունը, բավական բազմաշերտ է եւ գնալով աճում է թե´ քանակապես, թե´ որակապես: 2018-ից ի վեր զգալիորեն մեծացել է Փաշինյանին եւ նրա իշխանության քաղաքական գիծը քննադատողների ու նրանց հրաժարականը պահանջողների թիվը:

Իշխանափոխության հանրային պահանջի լուրջ ազդակներ են հասարակության գրեթե բոլոր շերտերից հաճախացած դժգոհությունները, ինչը լավագույնս երեւում է մամուլում եւ սոցցանցերում: Անձամբ վարչապետից եւ նրա թիմակիցներից դժգոհ են արդեն երկար ժամանակ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիաներ իրականացնող տաքսու վարորդները, հագուստ եւ կոշիկ ներկրող առեւտրականները, ՌԴ մեկնել ցանկացողները, «Ո՛չ վարկային թալանին» նախաձեռնության անդամները, փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներ, բուհերի դասախոսներ, քաղաքացիական ակտիվիստներ, Երեւանի մոտակա մարզերի տարբեր գյուղական համայնքների բնակիչներ: Կառավարող ուժի եւ նրա ղեկավարի գահավիժող վարկանիշը լրջորեն մտահոգում է ոչ միայն Փաշինյանին, այլեւ Կառավարությունում, տարբեր գերատեսչություններում ու ԱԺ-ում բարեհարմար հանգրվանած իմքայլականներին, որոնցից շատերը նոր-նոր են սկսել առանձնատներ կառուցել, արտասահմանյան հայտնի դրամատների հաճախորդներ դառնալ եւ թանկարժեք մեքենաներ ձեռք բերել:

Ինքը` Փաշինյանը, ամեն կերպ ջանում է փրկել ձեռքից գնացող իր երբեմնի իմիջը` նա «Զվարթնոց» տաճարում մրցանակներ է հանձնում «Մեր ժամանակի հերոսներին» («փայ մտնելով» ՀՀ նախագահի լիազորությունների մեջ), խոստանում է երկրի զարգացման մինչեւ 2050 թվականի ռազմավարության շրջանակներում բնակչության թիվը հասցնել 5 միլիոնի, իսկ աշխատողների միջին աշխատավարձը յոթնապատկել: Սակայն անհույս հիվանդի կյանքը դժվար թե հաջողվի փրկել: Նմանապես դժվար է միանշանակ պնդել, թե կա իշխանափոխության հանրային պահանջ: Բայց առանց սխալվելու վախի` կարելի է հաստատապես պնդել, որ Հայաստանում կան իշխանափոխության հանրային պահանջի անհերքելի նախադրյալներ:

 

Գեւորգ Բրուտենց

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.